հին բեմի նոր հնչյունները

Վերականգնվող Բարեկամության այգում
Գյումրին կունենա երիտասարդ ստեղծագործողների համար բացօթյա ազատ հարթակ։
Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակը քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է, որտեղ մինչ վերջերս ավերիչ երկրաշարժի հետքերը պարզ երևում էին։
Մինչև Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկը, շատ երիտասարդ գյումրեցիներ դժվարությամբ կպատասխանեին այն հարցին, թե որտեղ է Բարեկամության այգին կամ «Անտառի սադը»՝ ինչպես այն անվանում էին ավագ սերնդի ներկայացուցիչները։

«..․Կարելի է ասել՝ ողջ Գյումրին մեր մանկության տարիներին անսովոր խառը միջավայր էր։ Երևի խոսացել են, օր այգի եղել է, բայց չի տպավորվել։ Տարիների ընթացքում երևի ավելի սկսեցինք սիրել մեր ունեցածն ու ուշադիր էղնել ու երևի էդ ժամանակ պարզեցինք մեզի համար տվյալ տարածքի այգի լինելը», - նկատում է «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանը։

Թերևս, վերջին երկու տարիներին այգում մեկնարկած բարեկարգման և վերակառուցման աշխատանքների շնորհիվ հենց երիտասարդները բացահայտեցին տասը պրոֆեսիոնալ ֆուտբոլային դաշտի մակերես ունեցող տարածքի անցյալը: Իսկ ավագ սերնդի համար այգու յուրաքանչյուր հիշատակում դառնում է վառ հիշողությունների աղբյուր։
Արմինե ՊԵտրոսյան
Կարեն Խաչատրյան,
դերասան և բեմադրիչ
Жанна Эдуардовна
Գրեթե բոլոր ականատեսները նշում են, որ այգու բեմն ու դրան հարող պարահրապարակը աչքի էին ընկնում յուրահատուկ ակուստիկայով։ Բեմահարթակում ելույթ էին ունենում ինչպես անվանի, այնպես էլ՝ սկսնակ երաժիշտներ։

Մկրտիչ Սիմոնյանը 1981թ. «Իլյոնա» խմբի կազմում գրեթե ամեն շաբաթ ելույթ էր ունենում Բարեկամության այգու բեմահարթակում։ Խումբը ձևավորվել էր 1977 թվականին և հիմնականում նվագում էին գործարաններին կից մշակույթի տների բեմերում։ Սկզբում կոչվում էր «Փայլող աստղեր», ապա տղաներից մեկի սիրած աղջկա պատվին վերանվանվել էր «Իլյոնա»։ Ծանոթների միջոցով երիտասարդներին հաջողվել էր հանդիպել այգու երկարամյա տնօրեն, իր խստությամբ հայտնի Խաչիկ Ազարյանի հետ, որը, լսելով նրանց կատարումը, առաջարկել էր նոր համերգաշրջանին ելույթ ունենալ այգում։

«Համերգները տեղի էին ունենում հանգստյան օրերին։ Բեմի և պարահրապարակի հատվածն այգուց առանձնացված էր, և մուտքը տոմսերով էր։ Նվագում էինք «Deep Purple» և «Smokie», ազգային երգերին տալիս էինք մեր մշակումները։ Այն ժամանակ քաղաքում անգլերեն լավ իմացող չկար, իսկ երգերի բառերի բօրինակները գտնել անհնարին էր։ Մեր սիրված երգերը կատարում էինք՝ ինչպես լսում էինք՝ նույնիսկ չիմանալով բառերի իմաստը», - պատմում է Մկրտիչ Սիմոնյանը։
Յուրաքանչյուր համերգից քառյակը ստանում էր 60-80 ռուբլի։ Մկրտիչ Սիմոնյանի խոսքով գումարը չէր, որ իրենց ոգևորում էր, այլ՝ երաժշտությունը, ինքնաարտահայտման հնարավորությունը: Երիտասարդներին դուր էր գալիս, երբ անցորդներն ասում էին. «Վա՜յ, սադի նվագող տղերքն են»։ Այդ տարի նույնիսկ հաջողվել էր ձայնագրել խմբի միակ ձայներիզը, որտեղ տեղ էին գտել երաժիշտների հեղինակային երգերը։ Սակայն տարեվերջին տղաներից շատերը մեկնեցին ծառայության, դրանով խմբի գործունեությունը եզրափակվեց։
Այգին դադարեց հնչել 1988-ի երկրաշարժից հետո: Վնասվել էր բեմի կառույցը, իսկ տարածքը երկար տարիներ հյուրընկալեց հարևան շենքերի փլուզումից տնանկ դարձած մարդկանց ժամանակավոր կացարանները։

Այսօր Բարեկամության այգում ընթանում են վերակառուցման աշխատանքներ, որն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը մասնավոր-հանրային համագործակցության ձևաչափով։
Բարեկամության այգու ամբողջական դիզայն-կոնցեպտը մշակել է Pomp & circumstance lab (P&C Lab) ճարտարապետական բյուրոն: Բարեկամության այգու կոնցեպտուալ նախագծի մշակման թիմի ղեկավար Մարգարիտա Ասիրյանն ասում է, որ նախագիծը մասնակցային բնույթ ունի, և տեղանքի ու մարդկանց հիշողությունների ուսումնասիրությունը ճարտարապետներին հուշել է նախկին բեմի կարևորության մասին։
Մարգարիտա Ասիրյան
Բարեկամության այգու կոնցեպտուալ նախագծի մշակման թիմի ղեկավար
Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի գնահատմամբ՝ այսօր քաղաքում քիչ են երաժշտական հանրային հարթակները, իսկ բացօթյա հանրային բեմ ընդհանրապես չկա։

«Քաղաքում չկա հարթակ, որտեղ վստահաբար, առանց մասնավոր սեկտորի հետ բանակցելու, առանց կոմերցիոն բովանդակության հնարավոր է կազմակերպել միջոցառումներ, որոնք կդառնան հարթակներ երիտասարդ ստեղծագործողների և կատարողների համար։ Այս բեմահարթակի վերականգնումը մեծապես նպաստելու է Գյումրիում երաժշտական միջոցառումների անցկացմանը եւ դառնալու է լրացուցիչ խթան երիտասարդ ստեղծագործողների և երաժշտական խմբերի համար», - ասում է Լիլիթ Թովմասյանը։

Հաշվի առնելով համայնքի կարիքները և այն, որ գյումրեցիների ամենավառ հիշողությունները կապված են հենց այգու բեմահարթակի, այնտեղ անցկացված համերգների հետ՝ TUF հիմնադրամը որոշեց պահպանել և վերականգնել բեմը՝ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում մեկնարկելով հանրային արշավ։
Դրամահավաքի նպատակն է հավաքել 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Յուրաքանչյուրը Հայաստանից, Սփյուռքից և ամբողջ աշխարհից կարող է միանալ հանգանակությանը և իր ներդրումն ունենալ Գյումրիի պատմամշակութային ժառանգության վերականգման գործում։ Արշավն ընթանալու է մինչև 2022 թ․ հոկտեմբերի կեսը։

«Բեմի վերականգնումը ոչ միայն կնպաստի մշակութային կյանքի զարգացմանը, այլ նաև կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճն ու գրավչությունը։ Մենք որոշեցինք հայտարարել հանրային դրամահավաք, քանի որ կարևոր է մարդկանց գիտակցության մեջ բարձրացնել սեփականության զգացումը, որ սա իրենց սեփական այգին է, իրենց բեմը, ուստի յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է սեփական հիշողությունների այգում առանձնակի հոգատարություն ցուցաբերելու համար»,-ասում է Ելենա Մուրադյանը՝ նշելով, որ կարևոր չէ գումարի չափը, կարևորը ներգրավվածությունն է և մասնակցությունը իրենց քաղաքի, իրենց պատմության և մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման գործում։
Արիկ Գրիգորյան
«ԹմբաԹա» ֆոլկ-ռոք խմբի ղեկավար
Էմմա Բաղդասարյան
Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի Գյումրու համակարգող
Բեմահարթակի վերականգման անհրաժեշտության ազդարարման լավագույն մեկնարկը «Գյումրի՝ բարեկամության քաղաք» նախաձեռնությունն էր։ Երբ աշխարհը փակ էր կարանտինի պատճառով, և համավարակը երիտասարդ ստեղծագործողներին թույլ չէր տալիս բեմ դուրս գալ, մեկնարկեց «Գյումրի՝ բարեկամության քաղաք» նախաձեռնությունը, որի շրջանակներում Բարեկամության այգու կիսավեր բեմահարթակից քսան համերգային ելույթներ նկարահանվեցին: Ստեղծագործ երիտասարդներն այդ տեսագրություններով մասնակցեցին մի շարք միջազգային փառատոնների և մրցույթների։
Բեմի վերականգման նախագծի հեղինակն է «Polyline» ճարտարապետական արվեստանոցը։ Նախագիծը մշակել են P&C Lab-ի դիզայն կոնցեպտի հիմքի վրա։

Ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր-ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը ուսանողական տարիներից մասնակցել է Գյումրիի վերակառուցման ուսումնասիրություններին և նախագծերին: Ճարտարապետը նշում է, որ հաշվի առնելով 1970-ականներին կառուցված բեմի տեխնիկական վիճակը՝ շատերը կնախընտրեին քանդել այն և կառուցել նորը։

«Մեր առջև դրված էր նպատակ ամեն կերպ պահպանել կառույցը, ինչը կկատարվի իտալական մեթոդով, երբ վերակառուցված հատվածները ակնառու տարբերվում են պահպանված մասերից։ Իսկ շինության ծածկին ամրություն տալու համար կտեղադրվեն հենասյուններ, որոնց քողարկման համար էլ նախատեսված է բեմը խնամքով «ծածկել» մետաղական ցանցով», - բացատրում է Լուսինե Մարտիրոսյանը՝ ըդնգծելով, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ ձգտում են գալ, տեսնել ու շոշափել հենց մշակութային հնությունը, այն, ինչն իր ետևում ունի պատմություն, որի վառ օրինակն է սովետական մոդեռնիզմից ծնված այս բեմը։
Սկզբնական փուլում ամրակայվելու են բեմի բետոնե ծածկը եւ բուն բեմահարթակը, գոյություն ունեցող պատերը ներկվելու են ակրիլային հիմքով ջրադիսպերսիոն ներկով: Ամրակայման աշխատանքներից հետո բեմի վրա տեղակայվելու է նուրբ ցանցային «վարագույր», որը տանիքից հոսելով ընդգծելու է կիսավեր կառույցի փխրունությունը: Գիշերային ժամերին ցանցը լուսավորվելու է։

«Տարածքի հատուկ լուսավորությունը թույլ կտա լուսավորել կամ բեմը, կամ ցանցը՝ կախված նպատակից: Օրինակ՝ համերգների ժամանակ հնարավոր կլինի լուսավորել բեմը, իսկ սովորական օրերին՝ ցանցային «վարագույրը»՝ վերածելով այն յուրօրինակ արտ օբյեկտի զբոսայգու տարածքում», - ասում է Բարեկամության այգու շինարարական աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։
Դրամահավաքը նախաձեռնողների կարծիքով, հոգեբանորեն մեծ տարբերություն կա ամբողջությամբ նվիրաբերված տարածքը կամ օբյեկտը օգտագործողների և այն մարդկանց միջև, ովքեր դառնում են տվյալ տարածքի կամ օբյեկտի ստեղծման կամ վերականգման մասնակիցը։

«Բարեկամության այգու բեմը տեղացիների հիշողությունների մեջ զբաղեցնում է ամենամեծ հատվածը, դրա վերակառուցման համար որոշվել է մեկնարկել դրամահավաք՝ հնարավորություն տալով մարդկանց զուտ շահագործողից դառնալ պատմական, մշակութային ժառանգության վերականգման և քաղաքում բացակայող բացօթյա հանրային բեմի ստեղծման մասնակից։ Այսպես, յուրաքանչյուր անձ կօգնի սկսնակ երաժիշտներին և Գյումրիի բնակիչներին ունենալ ինքնաարտահայտման ազատ հարթակ», - նշեց Լուսինե Մարտիրոսյանը։
Պահպանելով իր արտաքին պատմական տեսքը՝ բեմն ավելի արդի և նորարարական կառույց կդառնա՝ դեպի իրեն ձգելով անգամ անցորդներին։ Վերականգնումից հետո այստեղ կկազմակերպվեն բազմաթիվ համերգներ, ներկայացումներ, հանդիպումներ և միջոցառումներ, որոնց կարելի է մասնակցել ընկերների, ընտանիքի անդամների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների հետ։
~
Հոդվածը պատրաստվել «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։