Հին, բարի ռոքը
մոդեռնիստական
տանիքի տակ

Hard Rock Cafe®-ն իր դռներն է բացում
Երևանի ամենառոքային վայրերից մեկում:
Արա Հարությունյանի էսքիզը
Հին Երևանի պատառիկներ պահպանած հատվածներից մեկում՝ Աբովյան ու Նալբանդյան փողոցների միջակայքից սկսվում է Պուշկինի փողոցը։ Եթե ամառային օրերին հարևան Աբովյան փողոցը լի է զբոսաշրջիկներով, ապա բավական է թեքվել Սախարովի հրապարակ տանող Պուշկինի հատվածը, մարդկանց հոսքը կտրուկ նվազում է։
Պատմական նշանակության միջավայրը նաև ներկայացնում է վերջին 100 տարիների ճարտարապետությունը: Կենտրոնում, հարգանքով մեկ քայլ հետ կանգնած է հայկական մոդեռնիզմի նմուշ հանդիսացող Ժուռնալիստների տան բարձրահարկը՝ դիմացի հանրային տարածքով։ Մայթին տեղադրված Միության դահլիճի բուրգը, որը տարբեր ժամանակներ երաժշտությամբ է լցվել, շուտով համաշխարհային մակարդակի վայր կդառնա երաժշտասերների համար։
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի արխիվից:
  • Ճարտարապետությունը
1970-ականների սկզբում տիպային մոդելով, բայց անհատական նախագծով կառուցվեց բնակելի շենքը։

«Պատմական միջավայրի մեջ նմանատիպ ներխուժումը բավականին համարձակ քայլ է։ Այն սահուն կերպով է ինտեգրվում միջավայրում՝ առանձնանալով, սակայն չառաջացնելով դիսոնանս։ Մոդեռնիզմը փորձ էր անում ժամանակային առումով ներմուծվեր, ներթափանցվեր գոյություն ունեցող քաղաքային գործվածքի մեջ։ Եվ, չկորցնելով իր ակցենտայնությունը, միևնույն ժամանակ ձևավորեր անցում։ Այդ առումով այս միջավայրը շատ հաջողված է» , - նշում է արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը։

Ռուբեն Արևշատյանը նշում է, որ շենքի դիմացի հատվածը թույլ է տալիս ձևավորել հանրային նշանակության ազատ տարածություն։ Ձախ կողմում տեղակայված գմբեթը առանձնանում է շրջակա միջավայրից։


Ռուբեն Արևշատյանը նկատում է, որ 1974 թվականից բնակեցվող շենքում բնակարանները հարմարավետ և ընդարձակ էին։ Այստեղ բնակարան ստացան ակնառու մտավորականներ՝ Հրանտ Մաթևոսյանը, շենքի ճարտարապետ Մարտին Թովմասյանը, քանդակագործ Արա Հարությունյանը։
  • Մուսան
Շենքի բնակելի մասի և Ժուռնալիստների տան շահագործումից չորս տարի անց, 1978թ-ին Երևանի խորհրդանիշ Մայր Հայաստան արձանի հեղինակ Արա Հարությունյանը ստեղծեց Մուսայի դեկորատիվ քանդակը։ Այն տեղադրվեց շենքի անմիջական հարևանությամբ՝ Հալաբյան-Մազմանյան-Քոչար եռյակի համահեղինակությամբ նախագծած շենքի պատին։

Քանդակագործի թոռնուհի Լիանա Ախինովյան նկատում է՝ Արա Հարությունյանը ստեղծել է Երևանի ամենահայտնի արձաններից մի քանիսը /օր.՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի/, սակայն շատերը պատկերացում չունեն, թե ով է դրանց հեղինակը։ Մայրաքաղաքում քիչ են նաև կանանց թեմայով քանդակները:

«Երևանում, նույնիսկ երբեմն հանդիպող նուրբ ճարտարապետության և վարդագույն տուֆի հետ մեկտեղ, գերակշռում են տղամարդկանց կերպարները։ Որքան էլ Երևանի խորհրդանիշ Մայր Հայաստանը գլխավոր կնոջ կերպարն է, որը հեռվից բրուտալ տպավորություն է տեղծում, սակայն քայլ առ քայլ մոտենալիս նկատում ես բազում կանացի դետալներ, այնուամենայնիվ մայրաքաղաքում կանացի կերպարները քիչ են: Այդ առումով, Մուսայի քանդակը այն եզակի արձաններից է, որն ընգծված կանացիության և թեթևության մարմնավորում է», - ասում է Լիանա Ախինովյան։

Քանդակագործի թոռնուհին հավելում է, որ Արա Հարությունյանը մուսայի կերպարը ստեղծել էր իր կնոջ` Պողոսյան Ջուլիայի պատկերով: Քաղաքային պատմություններից մեկի համաձայն, ամեն առավոտ գրող Հրանտ Մաթևոսյանը, պատշգամբից նայելով մուսայի քանդակին, ասում էր․ «Ջուլիա, բարև»։
Քանդակագործ Արա Հարությունյանն արվեստանոցում՝ Մուսայի քանդակը ստեղծելիս (գիպսային մոդել):
Արա Հարությունյանը կնոջ՝ Ջուլիետայի հետ:
«Մուսա», դեկորատիվ քանդակ, 1978 թվական:
Լուսանկարները՝ Արա Հարությունյանի ընտանիքի արխիվից:
  • Ռոք ակումբը
Շենքի առաջին երկու հարկում 70-ականներին և 80-ականներին անցկացվում էին քննարկումներ, համաժողովներ, ցուցահանդեսներ։ Սակայն 90-ականներին կարիքը դրդեց տարածքը մաս-մաս հանձնել վարձակալության: Մեծ մասը երկարաժամկետ տրվեց անհատների։ Մինչդեռ բուրգի տակ գտնվող դահլիճի տարածքը լցվեց երաժշտությամբ։ 1990-ականների երկրորդ կեսում այստեղ բացվեց Downtown ջազ ակումբը, իսկ 1999 թվականին Մոսկովյան փողոցից տեղափոխվեց ռոք ակումբը, որտեղ հիմնականում ելույթ էր ունենում «Ոստան հայոց» խումբը։

«Երբ ակումբի սեփականատերը բարձրացրեց վարձավճարը, Արթուր Մալխասյանը ռոք ակումբի համար նոր տարածք գտավ Ժուռնալիստների միությունում։ Համերգներն ընթանում էին նախասրահում։ Իհարկե, Ստոպ ակումբի համեմատ հնարավորություն կար հավաքել ավելի մեծ քանակությամբ հանդիսատես, սակայն այն ինձ համար սառը մթնոլորտ էր։ Նվագեցինք մի քանի ամիս, և, եթե չեմ սխալվում, մեր երկրորդ ալբոմի շնորհանդեսն այնտեղ էինք անցկացրել», - ասում է «Ոստան Հայոց» խմբի առաջնորդ Դավիթ Մուշեղյանը։
«Ոստան Հայոց» խմբի «Քիմերներ» ալբոմի շնորհանդեսը
Ռոք ակումբում։
Լուսանկարները՝ «Ոստան Հայոց» խմբի արխիվից։
2000-ականների սկզբում Երևանում ակումբները քիչ էին, իսկ ռոք ակումբը միակն էր, որտեղ հնարավորություն ունեին ելույթ ունենալ թե փորձառու, թե սկսնակ երաժիշտները։ Մոսկվա տեղափոխվելուց առաջ Դավիթ Մուշեղյանն առաջարկեց երիտասարդ Kings' Cross խմբին ելույթ ունենալ իրենց փոխարեն։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը Kings' Cross-ի բաս կիթառահարն էր: 2001-ից գրեթե յուրաքանչյուր ուրբաթ երեկո խումբը հանդես էր գալիս ռոք ակումբում, ուր նա բեմ էր բարձրանում Նախագահականում աշխատանքից հետո՝ պաշտոնական հագուկապով։ Ակումբ այցելում էր ռոքի սիրահար ուսանողությունը։

«Համեմատելով ակումբի առաջին և արդեն մայրամուտի օրերը՝ հստակ նկատվում էր ռոքով հետաքրքրվող երիտասարդների հաստատուն աճ։ Այստեղ էին հավաքվում երիտասարդ երաժիշտները՝ գործիքներով փոխանակվելու, իրարից նորը սովորելու համար։ Այն նաև դարձավ մի շարք նոր խմբերի ձևավորման և ակտիվացման շարժառիթ՝ քանի որ կար հաստատուն ձևաչափով գործող հարթակ, որտեղ այն օրերի չափանիշներով մեծ քանակությամբ հանդիսատես էր գալիս», - հիշում է Սուրեն Սարգսյանը։
"Kings' Cross" խմբի երաժիշտները ռոք ակումբում, 2001թ.: Լուսանկարը՝ Հայկ Գյոլչանյանի արխիվից:
"Kings' Cross" խումբի ելույթը ռոք ակումբում, 2001թ.։ Լուսանկարը՝ Հայկ Գյոլչանյանի արխիվից:
"Kings' Cross" խումբի ելույթը Ռոք ակումբում, 2001թ.: Լուսանկարը՝ Հենրիկ Ղարագյոզյանի արխիվից:
King's Cross խումբը նվագում էր հայտնի ռոք քավրներ, փոքր-ինչ ուշ Alter Ego խումբն ստեղծվեց կիթառահար Էդգար Բարսեղյանի հեղինակային երգերը կատարելու համար: Այստեղ էին ելույթ ունենում «Ռոդեո» և «Բամբիռ» խմբերը։

«Իրականում գործիքները, սարքավորումները շատ վատն էին, վարձակալությունը՝ թանկ, սարքավորումները հաճախ փչանում էին, այսօրվա պես որակյալ գործիքներ գնելը անհնարին էին թվում։ Սակայն այդ փոքր հնարավորություններով փորձում էինք հնարավորինս որակ ստանալ, իսկ այլ սկսնակ երաժիշտներ ոգեշնչվում էին», - հիշում է Սուրենը։

Տոմսերի արժեքը 500-1000 դրամ էր: Վաճառքի մի մասը հրավիրված երաժշտի աշխատավարձի, տեխնիկայի վարձակալության համար էր։ Տոմսի արժեքի մեջ ներառվում էր փոքր շշով գարեջուր։

Ռոք ակումբի համերգների կազմակերպիչ Արթուր Մալխասյանին բոլորը Մալխաս էին կոչում։ Երաժիշտ չէր, սակայն որպես ռոքի սիրահար օգնում էր երիտասարդներին։ 2004 թ-ից, դժբախտ պատահարում նրա անժամանակ մահից հետո տարբեր մարդիկ փորձել են ստանձնել կազմակերպչական աշխատանքը, սակայն՝ ապարդյուն։
Ռոք ակումբի ուրբաթ երեկոներից
Լուսանկարը՝ Էդգար Բարսեղյանի։
  • «Ավանգարդ Ֆոլկ» ակումբը
2003թ-ի վերջին հիմնադրված «Ավանգարդ Ֆոլկ» ակումբը նույնպես զբաղեցնում էր դահլիճի նախասրահի տարածքը, սակայն ուսանող ունկնդիրների բանակը փոխարինվեց Արտո Թունջբոյաջյանի «Արմենիան նեյվի բենդ»-ի երկրպագուներով, որոնք ռոքի փոխարեն նախընտրում էին ջազ և ջազ-ֆոլկ։
Լրագրող Դավիթ Մուրադյանը հեռուստատեսությունում աշխատանքի հետ համատեղում էր ակումբի հաղորդավարի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի գործը։

«Ավանգարդ ֆոլկ ակումբը, տեղական երաժիշտների համերգներից բացի, երկու անգամ կազմակերպեց փառատոն, որին մասնակցելու համար Երևան էին ժամանել աշխարհի տարբեր անկյուններից երաժիշտներ։ Դրանք միակ երկու դեպքերն էին, երբ գործածվեց մեծ դահլիճը: Մնացյալ բոլոր համերգները տեղի էին ունենում նախասրահի տարածքում, որոնք հաճախ լեփլեցուն էին», - հիշում է Դավիթը։

«Armenian Navy Band»-ի տոմսերն արժեին 5000 դրամ, մյուս խմբերինը ավելի մատչելի էին։ Ելույթ էին ունենում Արմեն Հյուսնունցի «Time Report»-ը, «Reincarnation»-ը, երբ դեռ փանք խումբ էր։ Հաճախ ջեմ սեյշններ էին հայտարարվում, մասնակցում էին այսօր արդեն փորձառու երաժիշտներ՝ այն ժամանակ դեռ կոնսերվատորիայի ուսանողներ։ Իսկ արդեն 2008-2009թթ. այստեղ սկիզբ առավ Վիտամին հումորային ակումբը։

  • Hard Rock Cafe® Yerevan
2022-ին Ժուռնալիստների միության դահլիճը նոր կերպարանափոխություն կստանա։ Տարածքի քառամյա փնտրտուքից հետո բացվելու է Hard Rock Cafe® Yerevan-ը: Գործելու է սրճարան, համերգասրահ և Hard Rock Cafe® հուշանվերների խանութ։

Hard Rock® Cafe-ն հիմնադրվել է Լոնդոնում, երկու ամերիկացի ընկերների կողմից, որոնք Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում չէին կարողանում գտնել հարազատ ամերիկյան բուրգերներ։ Իսկ ինչպես սովորական բուրգերանոցը վերածել երիտասարդների հավաքատեղի: Պարզապես այն կոչել The Doors խմբի՝ 1969 թվականին թողարկված "Morrison hotel" ալբոմի դարձերեսի լուսանկարում պատկերված սրճարանի պատվին։ Այդպես 1971թ-ին Այզըք Թիգրեթը և Փիթեր Մորթընը Լոնդոնում բացեցին Hard Rock® Cafe-ն, որի տարբերանշանը ստեղծեց նկարիչ և իլյուստրատոր Ալան Օլբրիջը՝ 70-ականների խորհրդանիշների և The Beatles-ի սկավառակների շապիկների հեղինակը։

Սրճարանը վերածվեց աշխարհի ավելի քան 68 երկիր ընդգրկող Hard Rock International ընկերության: Մասնաճյուղերում ներկայացված է ընկերության՝ 86,000 ցուցանմուշից կազմված երաժշտական հուշանվերների հավաքածուն:

Յուրաքանչյուր քաղաքում Hard Rock® Cafe-ն տեղակայված է մարդաշատ վայրերում՝ հանրային տրանսպորտի հանգույցներին առավելագույն մոտ լինելու պայմանով։ Նյու Յորքում այն գտնվում է Թայմ Սքվերում՝ պատմական Փարամաունթ կինոթատրոնի տարածքում, Լոնդոնում՝ Փիքադիլի հրապարակի անմիջական հարևանությամբ:
Երևանյան Hard Rock® Cafe-ն կզբաղեցնի 1000 քմ տարածք՝ 250-ից ավելի հյուրերի համար, իսկ համերգների դեպքում կտեղավորի մինչև 500 մարդ։ Ապագա ներդրողները, ցանցի ներկայացուցիչների հետ 3-4 տարի Երևանում ուսումնասիրում էին տարբեր շենքեր։ Ժուռնալիստների միության տարածքը համապատասխանեց ցանցի ներկայացրած նախապայմաններին։ Ակտիվ տուրիստական հոսքերին մոտ լինելուց բացի հաշվի առնվեց տարածքի տարողունակությունը, ձայնամեկուսացման հնարավորությունը։

«Ոչ միայն չենք աղավաղելու կառույցի արտաքին տեսքը, այլև այն խնամքով պահպանվելու և թարմացվելու է։ Շենքը, գմբեթի շրջակայքը, Մուսայի քանդակը և պատը, որին այն հենվում էր, բավականին անմխիթար վիճակում էր: Քննարկելով քանդակագործի ժառանգների հետ՝ անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ամրացման աշխատանքներ։ Գմբեթն այլ առարկաներով կամ իրերով չի փակվելու։ Պահպանվելու է տեղանքի յուրահատուկ և ի սկզբանե գրավիչ անսամբլը, սրճարանի տարբերանշանները նրբորեն կինտեգրվեն տեղանքում», - վստահեցնոմ է Food Republic-ի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը, որի ընկերությունն ստացել է Հայաստանում ցանցի ներկայացչություն բացելու արտոնագիրը։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) համաֆինանսավորելու է ծրագիրը ՝ 48 տոկոս մասնակցությամբ։ Սրճարանը երեք մակարդակ է ունենալու, գմբեթի ներսում գտնվելու են առաջին և երկրորդ մակարդակները, իսկ բացօթյա հատվածում սեղանիկներ են տեղադրվելու։ Սրճարանում շաբաթվա ընթացքում կանոնավոր ելույթներ է ունենալու «ռեզիդենտ» խումբը: Ամսական նախատեսվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ արտերկրից հրավիրված խմբերի համերգներ։

«Հաշվի առնելով շենքի արժեքը՝ շինարարական աշխատանքներն իրականացվում են առանձնակի նրբանկատությամբ։ Մենք միջազգային փորձագետների ենք ներգրավել և ակնկալում ենք, որ արդյունքում նորոգված ու թարմացված շենքը նոր հմայք կհաղորդի մեր քաղաքին»,- խոստովանում է HRC Yerevan ֆրանշիզի սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը։
~

Հոդվածը պատրաստվել է The Hard Rock® Cafe
Yerevan-ի հետ համագործակության շրջանակներում։