Մինչև հեռախոսակապի թվայնացումը՝ 1990-ականների սկիզբը, Երևանից Գյումրի կամ Մոսկվա զանգելու համար անհրաժեշտ էր պատվեր կատարել՝ հավաքելով 05 կամ 07։ Զանգն ընդունելու և հաճախորդներին միացնելու համար ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքում գործում էր Միջքաղաքային հեռախոսային կայան։
Երևանում նման կայան կառուցվեց 1970-ականներին:
Ազատության պողոտայի վերջնամասում խոյացող Միջքաղաքային հեռախոսային կայանի 10 հարկանի շենքը 1971 թվականին նախագծեցին ճարտարապետներ Արմեն Աղալյանը և Գրիգորի Գրիգորյանը։
Արմեն Աղալյանը գլխավորում էր Երևաննախագիծ ինստիտուտի արվեստանոցը։ Նրա հայրը ծնունդով շուշեցի Ֆրեյդուն Աղալյանն էր, որը Շուշիի ռեալական ուսումնարանն ավարտելուց հետո ճարտարապետական կրթություն էր ստացել Սանկտ Պետերբուրգում, այնուհետև` Բաքվում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում հեղինակել բազմապիսի շենքեր։
Գրիգորի Գրիգորյանը 1975-1985 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալն էր: Աղալյանի հետ համահեղինակել են մի շարք նախագծային ինստիտուտների շենքեր, նաև՝ Կոմիտասի պողոտայի վրա գտնվող Գեոդեզիայի ինստիտուտի շենքը, Հյուսիսային ավտոկայանը և այլ շենքեր։
Կապի շենքի ճակատային ստորին հատվածի բրոնզե քանդակի և վերին հարկերի մակարդակում սյուրռեալիստական գլոբուս-զարդաքանդակի հեղինակն է Վահե Հարությունյանը։ Քանդակագործը սերտորեն համագործակցում էր Աղալյանի և Գրիգորյանի հետ՝ ստեղծելով զարդեր ճարտարապետների համատեղ նախագծած շենքերի վրա: Վահե Հարությունյանի աշխատանքներից Վահագն Վիշապաքաղը տեղադրված է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում։
Միջքաղաքային հեռախոսային կայանի շենքը շահագործման հանձնվեց նախագծման և կառուցման մեկնարկից 7 տարի անց: Այն համապատասխանում էր սեյսմիկ ամենաբարձր պահանջներին. 8 բալանոց սեյսմակայունություն ուներ։
Նորակառույց շենքում տեղակայվեցին միջքաղաքային հեռախոսային կայանը և մոտ 10 հազար բաժանորդի կապ ապահովող 28 թվակայանը։
Առաջին հարկում տեղակայված էին սրճարանն ու ճաշարանը: Երկրորդ հարկում վարչական գրասենյակներ էին։ Երրորդում միջքաղաքային օպերատորական կայաններն էին, որտեղ սարքերի առջև նստած աշխատակիցները զանգի պատվիրատուին միացնում էին հասցեատիրոջ հետ։ Ի դեպ, բաժանորդը ներքաղաքային զանգը միջքաղաքայինից կարող էր տարբերել զանգի տևողությամբ։ Ներքաղաքային զանգը կարճ էր, միջքաղաքայինը՝ ավելի երկար ազդանշան ուներ։
Այսօր շենքի առաջին հարկում գործում է յուրահատուկ Կապի թանգարանը, որտեղ կարելի է մանրամասն ծանոթանալ Հայաստանում հեռախոսակապի զարգացման պատմությանը։
Ասում են՝ ցուրտ ու մութ տարիներին մարդիկ այնտեղ էին լողանում (լավ սանհանգույց կար) ու ճաշ եփում, որովհետև միշտ լույս կար: Լեգենդ չի, բայց դե:
Քնքուշ Բաղդասարյան
Ասում են` շինարարության մեջ հատուկ նյութեր են օգտագործվել, որպեսզի արտերկրի լրտեսները չկարողանան գաղտնալսել, ճիշտն ու սուտը չգիտեմ։
Հասմիկ Բադալյան
Լրագրող և PR մասնագետ
Կապի շենքի հաջորդ հարկերում տեղակայված էին 28 համարի սպասարկող անալոգային կայանը, միջքաղաքային զանգերի միացումը ապահովող սարքավորումները, յուրաքանչյուր զանգի տևողությունը չափող հաշվողական կայանը, հեռագրակայանը։
Շենքի ճակատային բետոնե զարդացանցի նպատակն էր բարձր ջերմություն գեներացնող սարքերի` արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանությունը։ Աշխատանքի ընթացքում ներսի ջերմաստիճանը կարող էր հասնել մինչև 50⁰ ըստ Ցելսիուսի: Նախատեսված էր հսկայական հովացման համակարգ։
Ճարտարապետները՝ Կապի շենքի մասին
Մկրտիչ Մինասյան
Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ
«Արմեն Աղալյանի և Գրիգորի Գրիգորյանի համատեղ շատ աշխատանքներ ունեն ընդհանուր ձեռագիր: Թե «Գեոդեզիա և քարտեզագրություն» ինստիտուտի շենքը, թե Ճարտարագիտական համալսարանի հարևանությամբ գտնվող «Ցիտադել» բիզնես-կենտրոնը և թե Միջքաղաքային կապի շենքը լուծված են բետոնյա վիտրաժներով, որոնք հիմնականում հատուկ են արևելյան երկրներին»։
Կարեն Բալյան
«Այդ տարիներին հայկական մոդեռնիզմը շեշտը դնում էր հայկական ավանդական ճարտարապետության տարրերի օգտագործման վրա։ Այս շենքն այլ ոճի է, այն իր մեջ ունի արևելյան ճարտարապետության տարրեր, ի դեմս ցանցատիպ բետոնե ֆասադի, և կարող էր հանդիպել թե Միջին Ասիայում, թե Պարսկաստանում»:
Արսեն Կարապետյան
«Աղալյանն ինձ դասավանդել է։ Առանձնանում էր հստակ պատկերացումներով հասարակական շենքերի մասին։ Նրա ստեղծած շենքերի մեծամասնությունն ունի նույն սխեման․ ուղղանկյուն պարզ ծավալ՝ դրված 2-3 հարկանի ստիլոբատի վրա։ Եվ բոլոր շենքերում օգտագործվում էին կրկնվող դեկորատիվ երկաթբետոնե կախովի պանելներ, որոնք ստեղծում էին յուրահատուկ ձև /pattern/, որը, սակայն, ինչքան մոդեռնիստական էր, այդքան էլ կրում էր, ըստ իս, որոշ էթնոգրաֆիկ տրամադրություն։ Ստիլոբատները հիմնականում երեսապատված են վառ երանգի տուֆով /Հոկտեմբերյանի/, օգտագործվում են խորը կոնտրաստային պրոֆիլներով բարձրաքանդակներ՝ տաշված հենց պատի զանգվածի մեջ, որոնք կրկին բովանդակությամբ եւ կատարումով հղում են ազգային մոտիվների, բայց՝ մոնումենտալ-մոդեռնիստական արտահայտչամիջոցներով»։
Մկրտիչ Մինասյան
Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ
«Արմեն Աղալյանի և Գրիգորի Գրիգորյանի համատեղ շատ աշխատանքներ ունեն ընդհանուր ձեռագիր: Թե «Գեոդեզիա և քարտեզագրություն» ինստիտուտի շենքը, թե Ճարտարագիտական համալսարանի հարևանությամբ գտնվող «Ցիտադել» բիզնես-կենտրոնը և թե Միջքաղաքային կապի շենքը լուծված են բետոնյա վիտրաժներով, որոնք հիմնականում հատուկ են արևելյան երկրներին»։
Կարեն Բալյան
«Այդ տարիներին հայկական մոդեռնիզմը շեշտը դնում էր հայկական ավանդական ճարտարապետության տարրերի օգտագործման վրա։ Այս շենքն այլ ոճի է, այն իր մեջ ունի արևելյան ճարտարապետության տարրեր, ի դեմս ցանցատիպ բետոնե ֆասադի, և կարող էր հանդիպել թե Միջին Ասիայում, թե Պարսկաստանում»:
Արսեն Կարապետյան
«Աղալյանն ինձ դասավանդել է։ Առանձնանում էր հստակ պատկերացումներով հասարակական շենքերի մասին։ Նրա ստեղծած շենքերի մեծամասնությունն ունի նույն սխեման․ ուղղանկյուն պարզ ծավալ՝ դրված 2-3 հարկանի ստիլոբատի վրա։ Եվ բոլոր շենքերում օգտագործվում էին կրկնվող դեկորատիվ երկաթբետոնե կախովի պանելներ, որոնք ստեղծում էին յուրահատուկ ձև /pattern/, որը, սակայն, ինչքան մոդեռնիստական էր, այդքան էլ կրում էր, ըստ իս, որոշ էթնոգրաֆիկ տրամադրություն։ Ստիլոբատները հիմնականում երեսապատված են վառ երանգի տուֆով /Հոկտեմբերյանի/, օգտագործվում են խորը կոնտրաստային պրոֆիլներով բարձրաքանդակներ՝ տաշված հենց պատի զանգվածի մեջ, որոնք կրկին բովանդակությամբ եւ կատարումով հղում են ազգային մոտիվների, բայց՝ մոնումենտալ-մոդեռնիստական արտահայտչամիջոցներով»։
Այսօր շենքում աշխատում են մարդիկ, ովքեր ականատես են եղել անալոգային հեռախոսակապի կերպափոխման գործընթացներին։ Աշոտ Փինաչյանը ուսանողական տարիներին աշխատում էր ԱՀԿ-ի իրիկնային հերթափոխում: 1994-թից առ այսօր կապի ոլորտում է, այժմ Team Telecom Armenia-ի շինարարության գծով ղեկավարն է։ Սովորել է այն տարիներին Պոլիտեխնիկ ինստիտուտի /այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան/ մաս կազմող ճարտարապետական ֆակուլտետում, որի դեկանը Կապի շենքի ճարտարապետ Արմեն Աղալյանն էր։
Աշոտ Փինաչյանը
«Շատերը շենքի ֆասադի մեջ տեսնում են ալիքներ կամ ծաղիկներ: Նայելով բետոնե ցանցի բլոկերի միացման կետերին՝ կարելի է տեսնել հավերժության նշանը։ Ինչևէ, ոչ բոլորը կնկատեն։ Նաև կարծում եմ, որ այդ ալիքավոր զարդը շենքին տալիս է աէրոդինամիկ հատկություն», - ասում է Աշոտ Փինաչյանը։
Աշոտ Փինաչյանի խոսքով, շենքի կառուցման տեղանքի ընտրությունը պայմանավորված էր շրջաններ տանող մայրուղուն մոտ լինելու հանգամանքով։ Երևանի բաժանորդների տներից պղնձե լարերի փնջերի միջոցով ազդանշանները նախ հասնում էին այստեղ տեղակայված հսկայական թվով սարքավորումներին: Հետո զանգերը հեռախոսալարերով փոխանցվում էին դեպի Հայաստանի այլ քաղաքներ և ԽՍՀՄ հանրապետություններ։
Ի դեպ, սովորական քաղաքացիները ԽՍՀՄ տարածքից դուրս զանգեր անելու հնարավորություն չունեին։ Անկախացումից հետո՝ 1992 թ․, 9-րդ հարկում տեղակայվեց առաջին արբանյակային կայանը, որը թույլ տվեց զանգեր կատարել դեպի ԱՄՆ և Ֆրանսիա։
Մինչև 1995 թ. հեռախոսային ցանցը պատկանում էր պետությանը: Այնուհետև կապի նախարարության որոշմամբ ստեղծվեց «ԱրմենՏել» ՓԲԸ, որի բաժնետոմսերը 1998 թ.-ին գնեց հունական OTE ընկերությունը։ 2006 թ. այն դարձավ ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մաս։ Իսկ 2020 թ. վերջում «Թիմ» ՍՊԸ-ն ձեռք է բերել 100% բաժնետոմսերը։ Այսպիսով, տարիներ հետո ընկերությունը կրկին դարձավ հայկական և վերանվանվեց Team Telecom Armenia:
1990-ականների վերջում, երբ Հայաստանում կապն անալոգայինից անցավ թվային համակարգի, սարքավորումների չափերն սկսեցին փոքրանալ։ Արդյունքում, ջերմություն գեներացնող սարքերին և միջքաղաքային հեռախոսազանգերը միացնող օպերատորներին փոխարինեցին ավելի կոմպակտ համակարգեր, իսկ շենքի շատ հարկեր պարզապես դատարկվեցին։
Նախկինում մութ, սարքերի չդադարող բզզոցով լի, իսկ հետո դատարկված հարկաբաժիններում այժմ գործում են լուսավոր ու հարմարավետ, աշխատանքային տարբեր միջավայրեր առաջարկող տարածքներ (open space)։
Թվայնացումից հետո բնակիչների հետ կապը գործել է նույն պղնձե լարերի միջոցով, որոնք շարունակում են ծառայել մինչև հիմա։
Սակայն այսօր սպառողի կարիքները հոգալու համար դրանք բավարար չեն: Մի բնակարանում համացանցին միաժամանակ կարող է միացված լինել մի քանի հեռախոս, մեկից ավելի համակարգիչ և 4К հեռուստացույց։
2021թ–ին «Թիմը» հայտարարեց NGN ցանցի կառուցման մասին: Հայաստանը դարձավ աշխարհում եզակի պետություններից, որտեղ տեղի ունեցավ 25G-PON (այսինքն, մինչև 25000 Մբ/վ արագություն ապահովող) գերհզոր օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը` բելգիական Անտվերպենից մի փոքր ուշ։
«Այս շենքը միշտ եղել է Հայաստանում կապի խորհրդանիշը: Շատ բաներ, որոնք ժամանակին թվացել են անիրական, այստեղ իրականություն են դարձել: Մեր թիմը շարունակում է այդ ավանդույթները և այսօր կառուցում ապագայի գերհզոր ցանց, որի ստեղծումը ոչ միայն մեր ընկերության, այլ նաև երկրի տնտեսության հնարավորությունները կբարձրացնի նոր մակարդակի վրա», - ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ապագայի այս ցանցը ընկերության համար թանկարժեք, սակայն երկարատև նախագիծ է։ Եթե պղնձե լարերով համակարգը ծառայեց շուրջ 100 տարի, ապա NGN-ը առնվազն ևս մի հարյուրամյակի ներդրում է: Այս ցանցը կհեշտացնի նորագույն տեխնոլոգիաների մուտքը Հայաստան և, միմյանց կապելով ընկերության բջջային կայանները, զգալիորեն կբարելավի նաև շարժական կապի որակը:
~
Հոդվածը պատրաստվել է Team Telecom Armenia-ի հետ համագործակության շրջանակներում։