Ավելի ուշ փոփոխության ենթարկվեց Ծածկած շուկայի շենքը, ձևափոխվեց «Ռոսիա» կինոթատրոնի շենքը՝ վերածվելով տոնավաճառի, այսօր արդեն օրակարգում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն է:
Արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանի դիտարկմամբ` այսօր գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում վերաբերմունքը նախկին խորհրդային ճարտարապետության պահպանության նկատմամբ նույնն է: Կան երկրներ, որտեղ այդ ժառանգությունը գրեթե լրիվ անտեսված է, կան երկրներ, որտեղ այն տրանսֆորմացվում և ադապտացվում է նոր միջավայրին, շատ երկրներում էլ այնպես է կերպարանափոխվում, որ հնարավոր չի լինում նույնիսկ ճանաչել այդ շենքերի նախնական տեսքը: Որպես հետխորհրդային լավագույն պահպանված քաղաքի օրինակ Արևշատյանը նշում է Մինսկը:
«Նախկին mainstream-ը վերածվել է թանգարանային միջավայրի: Ողջ քաղաքը կարելի է դիտարկել որպես ունիկալ թանգարան, ինչն անհամեմատելի է մեր իրականության հետ, երբ առավոտյան արթնանում ենք ու լրատվամիջոցներից տեղեկանում, որ «Զվարթնոց» օդանավակայանի շենքին նորից վտանգ է սպառնում: Պետք է նորից բողոքի ալիք բարձրացնել, որպեսզի թե՛ հասարակությունը, թե՛ պրոֆեսիոնալ հանրությունը նորից արձագանքի, նորից սկսենք բարձրաձայնել, որ այդ շենքերը մշակութային արժեք են ներկայացնում ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային առումով»,- ասում է Արևշատյանը:
2012 թվականի դեկտեմբերին` Վիեննայում կայացած 19-րդ ճարտարապետական համաժողովի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որը կոչ էր անում նախկին խորհրդային երկրների իշխանություններին պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել և պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, որոնց թվում էր նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը:
Սակայն համաժողովի բանաձևին
դրական պատասխան տալուց/միանալուց անմիջապես հետո Փակ շուկայի շենքը վերակառուցվեց սուպերմարքեթի: Հաջորդ կառույցը, որի քանդման հարցը բարձրացրին, «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակն էր: