Զոլաքար.
Քալաշյաններ և ոչ միայն

Սերնդեսերունդ փոխանցված պարային հարուստ ժառանգությունը համայնքն աշխուժացնելու միջոց է
Հիմնվել է 1831 թ․
Բնակչ.` 6381
Խմբագիր/Լրագրող
Լուսանկարիչ
Եթե Ծովասարի համար բրենդային կարող է լինել «Թագավորի մոմեր» պարը, ապա Զոլաքարում՝ «Ժամու դռան գովընդը»։ Այն նույնպես հարսանեկան պար է, որը պարում են ամբողջ գյուղով հենց ժամի, այսինքն, եկեղեցու դռանը։
Մի հարսանիքի ժամանակ էլ Մշակույթի տան ղեկավարությունը նկատում է ծիսական պարը տեղը տեղին ներկայացնող Քալաշյան քույրերին։ Երկու տարի անց՝ 1981 թվականին, ստեղծվում է ընտանեկան պարային քառյակը։ Այդ ժամանակից Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի անունն առ այսօր հաճախ զուգորդվում է Քալաշյան քույրերի քառյակի հետ։

1980-ականների սկզբին՝ քառյակի ստեղծման տարիներին, Զոլաքարի մշակութային կյանքը նկատելիորեն աշխուժացավ։ Հիմքում ժողովրդական պարային ավանդույթն էր։ Հաճախակի տեղի էին ունենում համերգներ շրջագայություններ, ազգագրագետների այցելություններ։

Քալաշյան չորս քույրերը` Արփենիկը, Զարուհին, Լիանան եւ Հռիփսիմեն, Ալաշկերտի պարերը սովորել էին իրենց մայրիկից՝ Ատլասից: Պարային երկացանկը բավական լայն էր՝ Թիմուր աղա, Վահրամի, Ութ ոտ, Ժամու դռան գովընդ, Մշու քոչարի, Տասներկու ոտ, Կազի-կազի։
«Մաման ուրանք միշտ կպատմին, որ մենք էս պարերը սովորել ենք մեր մայրիկից, Ատլաս ա էղել անուն, Ալաշկերտի պարերն են, կըսա փո՜քր էրեխա էինք, մամաս պատմում էր, կըսա մեր ձեռները կբռնե՜ր, թոնիր վառին, խաց թխին պրծին՝ մեր ձեռներ կբռներ, թունդրա պոլեր մեզի պարեր, սովորցուցեր, երգել, պարել՝ լռիվ ուրանց մամայից ա սովրած»։
Լիանա Քալաշյանի դուստրը
Չորս արդեն հասուն տարիքի կանայք ոչ միայն բեմ են բարձրանում, այլ նաև շրջագայում են՝ մասնակցելով տարբեր համերգաշրջանների ու փառատոնների թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։

ՍՍՀՄ Կոմպոզիտորների միության՝ քույրերին տրված պատվոգրերից մեկում, խումբը ներկայացվում է որպես «Ընտանեկան պարային անսամբլ», որ մասնակցելով «Միութենական հանրապետությունների երաժշտական ֆոլկլորի» շարքի համերգին 1986 թ. դեկտեմբերի 5-ին, պարգևատրվել է։
«․․․ես զգում էի, որ եթե իրանք մտածում էին, որ մի տեղ պետք ա գնան, էդ ինչքան հոգնած ըլնեին՝ միանգամից դառնում էին ուրիշ մարդ, բոլորը, միանգամից փոխվում էին՝ էդ օրվա հոգսը, հոգնածությունը, ամեն ինչ վերանում էր, իրանք լծվում էին իրոք էդ գործին, արդեն, բա որ տենայիք ոնց են իրար հետ կռվում»։
Քալաշյան Հռիփսիմեի որդին
Գյուղն աշխուժացնում էին ոչ միայն Ալաշկերտի պարերը` երգերով, ժողովրդական երաժշտական գործիքների նվագակցությամբ, տարազով։ Տոնի էր վերածվում քույրերին համերգների ճանապարհելն ու դիմավորելը։ Ընտանեկան ժառանգություն պարերի միջոցով Քալաշյան քույրերը ոչ միայն բեմ բարձրաձան, այլ նաև գյուղից առաջինն էին, որ արտասահման մեկնեցին։
« Ես երևի 8, 9 տարեկան եմ եղել արդեն, ու հիշում եմ իրանց գնալը, գալը, ամեն անգամ, որ իրանք նոր զգեստներ էին կարում, տուն էին բերում, հագնում էին, արդեն պետք ա մեծերը հավանեին կամ կտոր էին ընտրում՝ դա մեր համար մի ուրիշ բան էր, որ մենք դրանով ապրում էինք... ես շատ հպարտ էի, որ մեր դասարանների էրեխեքը ասում էին Քալաշյան քույրերը որ գնում են ելույթ ունենալու, մեր համար, իմ համար դա մի ուրիշ բան էր, որ ես հպարտ էի, որ իմ տատիկը պարող ա, ես պարուհու թոռնուհի եմ»։
Քալաշյան Հռիփսիմեի թոռնուհին
Քալաշյանների ընտանիքների համար նրանց համերգային գործունեությունը երբեմն նաև նյութական բարիքների աղբյուր էր։ Գերմանիա, Կովկասի երկրների փառատոն՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Դաղստան՝ այդ երկրներից վերադառնալիս Զոլաքար գյուղում հայտնվեցին առաջին գունավոր հեռուստացույցները և տեսամագնիտոֆոնները։

Ալաշկերտի ավանդական պարերի և երգերի ժառանգության կրողներն էին նաև Մշակույթի տան տնօրեն Ռուբեն Ավետիսյանը (77 թ.-ից՝ Մշակույթի տան գեղմասվարն է եղել, իսկ 1979-2018 թթ.՝ տնօրենը) ու գեղմասվար Մխիթար Հարությունյանը, որոնց անմիջական ջանքերով է ստեղծվել Քալաշյան քառյակը։ Ռուբեն Ավետիսյանը պատմում է, որ 1967-68 թթ. Զոլաքարի Մշակույթի տանը երգի-պարի խմբակ է գործել, և ինքն էլ դրա ակտիվ անդամներից է եղել: Երգելու և պարելու ձիրքը նա ժառանգել է մորից: Մխիթար Հարությունյանի խոսքով՝ ինքը պարում է 9 տարեկան հասակից:
Հենց Մխիթար Հարությունյանի միջոցով, որ տիրապետում է պարային այս ողջ ժառանգությանը, վերականգնել հարսանեկան այս պարի ավանդույթը գյուղում։ Ժամու դռան գովընդը կարելի է դարձնել Զոլաքարի և ողջ Մարտունու պարային բրենդներից ևս մեկը՝ ներառելով այն նաև ռեստորանային համալիրների առաջարկի փաթեթների մեջ։
Ազգագրական ուսումնասիրություն
Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր պարի, ասմունքի, թատերական և այլ խմբակներ են գործում Զոլաքարի դպրոցում։ Մխիթար Հարությունյանն էլ 60-ականների վերջին հաճախել է դպրոցի պարի խումբ, որտեղ պարուսույց էր Ֆելիքս Հարությունյանը, Պարի պետական անսամբլի հայտնի պարուհիներից մեկի՝ Աիդա Հարությունյանի եղբայրը։
«4-5 տարի ինքն էր պարապում ու էդ ժամանակ ուներ 60-70 աշակերտ: Մեզ փառատոների տարավ Երևան: Պարել էր պարի պետականում, շատ լավ մասնագետ էր... Երևանից գալիս էր, երաժշտներն էլ Մարտունու մշակույթի տան երաժիշտներն էին, հետը վերցնում էր, բերում էր, պարապմունք անում էր շաբաթը երեք անգամ: Պաշտոնապես պարուսույց էր, ուղղակի երևի պարել էր, հետո էլ անցել էր ուսուցման, էդ ժամանակ, լավ հիշում եմ, 69 թիվն էր»:
Մխիթար Հարությունյան, պարուսույց
Քալաշյան քույրերի հաջողությունից հետո Մխիթար Հարությունյանը նախաձեռնում է նոր ընտանեկան անսամբլի կազմակերպման գործը։ 2010-ին ստեղծվում է Վարդանյան յոթ քույրերի խումբը։ Մշակույթի տան տնօրեն Ռուբեն Ավետիսյանի քրոջ աղջիկներն են, որոնք Ռուբենի մայրիկի պարային ու երգային ժառանգության կրողներն են։
Զոլաքարի մշակութային կյանքը Քալաշյան ընտանեկան քառյակից դուրս
Մշակույթի տանը Քալաշյանների պարի անսամբլից բացի ծավալվում էր մշակութային գործունեություն՝ խմբակներով, պետական տոների առիթներով կազմակերպվող միջոցառումներով, կրթական նպատակներով անցկացվող դասախոսություններով։ Զոլաքարի Մշակույթի տան շենքը կառուցվել է 1957-58 թթ., երկու տարի առաջ է միայն վերանորոգվել։

Այսօր Մշակույթի տանը չեն գործում անգամ պարային խմբերը, շենքի մի մասն էլ ծառայում է այլ նպատակների համար։ 420 տեղանոց դահլիճը, որտեղ խորհրդային տարիներին նաև ակտիվ թատերական կյանք է ծավալվել, այժմ չի գործում։
«Սովետի ժամանակ մարդ էղե՞, որ չի եկել: Ուրեմ. «Տաքսի-տաքսի», «Բաղնիքդ անուշ», «Սանդուխտ մայրիկի քառասունքը»՝ հիշում եմ բոլորը, էտի Խաչվանքյանի գլխավորությամբ: Էն «Ձախորդ օրեր» որ երգում էր, էդ մարդն էլ ա եկել` Վաղարշակ Սահակյան»
Զոլաքարի Մշակույթի տան տնօրեն, Ռուբեն Ավետիսյան
«Ասեմ, թատերական խմբերը արտադրական էին, մեծահասակներ էին, տարբեր մասնագիտությունների տերեր, էլեկտրիկ կար, հավաքարար, դասատուներ, մշակույթի մասնագետներ, բոլոր մասնակցում էին, որովհետև շատ լավ մասնագետ էր, էնքան լավ բացատրում էր, ռեժիսոր էր։ Սմբատյան Հենրիկն էր, ինքը մեր գյուղից էր, բայց գյուղում չէր։ Ինքը եկավ ու ասեց ուզում եմ գյուղի համար մի բան անեմ, գյուղն էլ ասեմ էն ժամանակ եռում էր, միշտ մարդաշատ էր, հիմա էլ մարդաշատ ա»։
Զոլաքարի Մշակույթի տան տնօրեն, Ռուբեն Ավետիսյան
Զոլաքարը պարային հարուստ ժառանգություն ունեցող գյուղ է, ժառանգություն, որ կենդանի էր ողջ խորհրդային շրջանում։ Կենդանի էր, ոչ միայն որովհետև Մշակույթի տանը, դպրոցում գործում էին պարային խմբակներ, այլ որովհետև կենդանի էին համայնական ծեսերը՝ հարսանիքները, Բանակի քեֆերը ևն, որտեղ էլ նոր սերունդը տեսնում, սովորում, յուրացնում էր այդ ժառանգությունը ավագ սերնդից։
Ազգագրական ուսումնասիրություն
Ավանդական Գլխատունը՝ որպես Զոլաքարի մշակութային կյանքի վերարթնացման հարթակ
Զոլաքարում պահպանված մշակութային արժեքներից են նաև ավանդական գլխատները։ Մշակույթի տան գեղմասվար Մխիթար Հարությունյանը 1960 թ․ է ծնվել և մինչև 25 տարեկան ապրել հին տանը։ Պահպանվել են գլխատան հազարաշեն տանիքը, հին կահ-կարասին։ Տան բակում չգործող ձիթհանքն է, ձիթհանքի քարը ինքնատիպ բացօթյա սեղան է ծառայում, իսկ ձեթի կարասը վեր է ածվել աղբյուրի:

Ըստ Մխիթար Հարությունյանի՝ սա Գեղարքունիքի մարզի ամենամեծ հացատունն է՝ տասը տասի վրա։ Տունը գյուղում հայտնի է եղել որպես իրիցու տուն, քանի որ Մխիթարի պապը հոգևորական էր, 1865 թվին եղել է թեմի առաջնորդ, Մխիթարը պահում է նրա կնիքը։ 35-37 թթ. հոգևորականին կուլակ են հռչակել և աքսորել Օրսկ քաղաք։ Ընտանիքը հարուստ էր համարվում՝ ունեին մեծ գլխատուն՝ հացատնով, երկու սրահներով, գոմի օդայով, ձիթհանքով։
«Ըտենց էլ մեր տունը մնացել ա առանց հայր, 4-5 գերդաստան էս տան մեջ մեծացել ա: Բաժանվել ենք, ազգ ա դարձել»։
Մխիթար Հարությունյան, Զոլաքարի Մշակույթի տան գեղմասվար
Հացատան սրահում, որը տեղավորում է 150-200 մարդ, ընդունված է եղել հագցնել ոչ միայն տան, այլ թաղի բոլոր հարսներին։ Տանտերն իր ավանդական հացատունն այսօր դարձրել է զբոսաշրջային այցելավայր։ Այստեղ գալիս են տեսնելու լավ պահպանված հայկական ավանդական գլխատունը և սովորելու հայկական ավանդական պարերը։ Մխիթարի հացատան այցելուներն են նաև գյուղի դպրոցի աշակերտները. ուսուցիչը բերում է իր աշակերտներին իրենց հին տուն՝ որպես թանգարան։
Հացատունը կարող է դառնալ Հայաստանի համար եզակի կենդանի գործող թանգարան-հացատուն-պարասրահ, որը, հաշվի առնելով և՛ նրա երբեմնի դերակատարությունը գյուղում, և՛ Մխիթար Հարությունյանի փորձառությունը, կներառվի կրթական և զբոսաշրջային ծրագրերում։ Կրթական ծրագրերում այն կարող է ներառվել ոչ միայն որպես հայկական ավանդական բնակարանի նմուշ, որ պատկերացում կտա երեխաներին և ուսանողներին հայկական երբեմնի կենցաղի ու ընտանեկան ծիսակատարությունների մասին, այլ նաև կտա գործնական գիտելիքներ Ալաշկերտի պարային ժառանգության մասին՝ պարուսույց Մխիթար Հարությունյանի միջոցով։ Հացատան վերանորոգումը միանգամայն իրատեսական կդարձնի և հարսանեկան ծիսական ժառանգության վերակենդանացումը, ավելին, հացատունը կարելի է դարձնել հարսանեկան պարերի ուսուցման վայր։
Ազգագրական ուսումնասիրություն
~