Մադինա․նկարիչների գյուղը

Նախկին աքսորավայրի կրկնակի մշակութային վերածնունդը
Հիմնվել է 1873 թ․
Բնակչ.` 1111
Խմբագիր/Լրագրող
Լուսանկարիչ
Մարտունու տարածաշրջանի հեռավոր գյուղերից է Մադինան, որը ձմռանը հաճախ ձնաբքի պատճառով կտրվում է ամբողջ աշխարհից։ Մադինայի բնակչությունը ծագումով Ալաշկերտից է, գաղթել են 1828 թվին։ Գյուղը ձևավորել են 1930-ականներին հարևան Ներքին Գետաշենից այստեղ աքսորված ընտանիքները: Մադինան տեղական աքսորավայր էր՝ խստաշունչ կլիմայի և արտաքին աշխարհից կտրվածության «շնորհիվ»։
Խորհրդային հետպատերազմյան շրջանում Մադինայում մշակութային կյանքն ակտիվացավ: Գործում էր գյուղի Կլուբը՝ Մշակույթի ակումբը, հետո կառուցվեց Կուլտուրայի՝ Մշակույթի տունը։ Այն միջոցառումների տարեկան պլան ուներ (Մայիսյան տոներով՝ 1 և 9, Հովվի տոնով՝ սարերում՝ որպես խորհրդային աշխատավորի մեծարման օր՝ շրջիկ թատերական խմբի այցելությամբ): Տարեկան 1-2 անգամ ներկայացումներով հանդես էր գալիս Մադինայի ժողովրդական թատերախումբը, ֆիլմեր էին ցուցադրվում։ Մշակույթի ակումբի հին շենքը միանգամից մի քանի գործառույթ էր համատեղում:
«Բարբառային մեր լեզվով ասում էինք՝ կլուբ: Այնտեղ գործում էր և դպրոց, և գրադարան, և դահլիճ, և կլուբ: Ես այդ շենքում, երբ փոքր էի, 3-4 դասարան սովորել եմ: Դպրոցի շենքը փոքր էր, այդտեղ էին մի քանի սենյակ հատկացրել»:
Արտակ Կարապետյան, Մադինայի դպրոցի տնօրեն
60-70-ական տարիներին Մադինայում ցանկացած միջոցառում, այդ թվում` դպրոցական, տեղի էր ունենում հին կլուբում: Հին, սակայն բազմաֆունկցիոնալ շենքն այժմ սեփականաշնորհված է: Նախկին արտաքին տեսքից քիչ բան է պահպանվել: Ավագ սերնդի մոտ պահպանվել են միայն տեղի մասին հիշողությունները:
«Ամենահիշարժանն այն է, որ հին կլուբի շենքում գործում էր թատերական խմբակ: Կար բեմահարթակ, դահլիճ, որը ծառայում էր նաև որպես կինոդահլիճ: Հնդկական ֆիլմերը լցնում էին դահլիճը: Մեկ սերիան դիտելու տոմսը 10 կոպեկ էր, երկուսը` 20: Հետո դարձավ մոտ 40 կոպեկ, ինչքան հիշում եմ»։
Արտակ Կարապետյան, Մադինայի դպրոցի տնօրեն
Արտակ Կարապետյանը պատմում է, որ կինոդիտումները Մադինայի այն քիչ ժամանցային միջոցառումներից էին, որ տեղի էին ունենում մշտական պարբերականությամբ: Ծագումով Մադինայից կինոմեխանիկը՝ Լյուդվիգ Ներսիսյանը կնոջ հետ գյուղական ավտոբուսով Մարտունիից էր բերում ֆիլմերը: Դրանք ամառ-ձմեռ ցուցադրում էիս: Երբեմն էլ Երևանից կամ այլ քաղաքներից համույթներ էին գալիս և համերգներով հանդես գալիս: Մադինայի մշակույթի տունը կառուցվեց 1980-ականների սկզբին, տարածաշրջանում ամենավերջիններից:
«Նույնը շարունակվեց նաև նոր շենքում, Լյուդվիգի կինոն տեղափոխվեց այնտեղ: Հետո ես դարձա ուսանող, 1981-86թթ., արդեն գյուղում քիչ էի լինում, անցուդարձից տեղյակ չեմ»։

Արտակ Կարապետյան, Մադինայի դպրոցի տնօրեն
Չնայած ոչ այնքան հարուստ մշակութային անցուդարձին` Մադինան Մարտունու տարածաշրջանի ամենամշակութային համայնքներից մեկը կոչվեց շնորհալի տեղացիների շնորհիվ: 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնում է ֆիլմ Հայաստանի մասին՝ բաղկացած երեք մասից՝ Արևմտյան Հայաստան, Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և Ներսես Կարապետյան ու Մադինայի նկարչական խմբակ։ Դրանից ոչ շատ առաջ Մադինայի նկարչական խմբակի սաները «գրավել էին» մայրաքաղաք Երևանը: Մադինայի փոքրիկ նկարիչները հաղթել էին հանրապետական մրցույթում:
Ներսես Կարապետյանի դիմանկաը
Լուսանկարը՝ Ներսես Կարապետյանին նվիրված էջից
Մշակութային կյանքի մասին հիշողությունը պտտվում է Ներսես Կարապետյանի անվան շուրջ։ Նկարիչ Ներսես Կարապետյանը նկարչական խմբակ էր բացել նախ Գեղհովիտ գյուղում, որտեղ ուղեգրվել էր ինստիտուտն ավարտելուց հետո, ապա՝ հայրենի Մադինայի դպրոցում։

Թե՛ մեկը, թե՛ մյուսը դուրս էին խորհրդային կրթական և մշակութային գործունեության ընդունված չափանիշներից։
«Մեր խմբակները տևում էր ժամեր…մենք սկսում էինք առավոտյան տասին, մեկ էլ իրիկունը մութը տալիս էր, մենք չէինք զգում, ես չգիտեմ Ներսեսը զգում էր,թե չէր զգում, որովհետև մեկ-մեկ գալիս էր, ասում էր՝ էրեխեք վերջացնենք, մենք տեղից չէինք շարժվում ու որ մենք չէինք շարժվում, ինքը ընդառաջում էր: Մենք ոչ ուտել էինք ուզում, ոչ խմել, մենք ժամեր շարունակ նկարել էինք ուզում, էդ մի կախարդական աշխարհ էր»։
Նունե Հայրապետյան, Մադինայի բնակիչ
Ներսեսի դասերը ստանդարտ նկարչական դասեր չէին։ Նա ձևավորում էր աշխարհայացք, որը շատ տարբեր էր, իսկ հաճախ էլ՝ հակադիր խորհրդային գաղափարախոսությանն ու մշակութային քաղաքականությանը։ Խմբակի պարապմունքներն ուսուցիչը անց էր կացնում՝ պատմելով հեքիաթներ, Սասնա Ծռեր էպոս, առասպելներ, «Մատյան Ողբերգության» պոեմը:

Գյուղական նկարչին շուտով հրավիրում են Հենրիկ Իգիթյանի նորաբաց Գեղագիտության ազգային կենտրոն: Սկզբում վարում էր կերպարվեստի դասերը, հետո ղեկավարում Կենտրոնի Մանկական պատկերասրահը։ Ամեն ամիս 5-6 օրով մեկ այլ ուսուցչի` Մարգարիտ Բալասանյանի հետ, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, գնում էր Երևանից Մադինա՝ երեխաների համար իր սեփական միջոցներով գնած նկարչական պարագաներ տանելով՝ նկարչական թուղթ, վրձիններ, ներկեր։
Մադինայի փոքրիկ նկարիչներին անդրադարձող ֆիլմն այդպես էլ Խորհրդային Հայաստանում չցուցադրվեց: Հավանաբար դեր խաղացին Ներսես Կարապետյանի հակակոմունիստական մեթոդները և մտածելակերպը: Այդ ժամանակ արդեն Մադինայի փոքրիկ նկարիչների նկարները զարդարում էին Գեղագիտական կենտրոնի Պատկերասրահը և այնտեղից էլ ուղարկվում դուրս՝ մասնակցելու նկարչական ցուցադրություններին՝ Խորհրդային Միության երկրներ, Ամերիկա, Եվրոպա։ Նրա աշակերտները պատմում են, որ առաջին անգամ Անդրանիկի, Նարեկացում, Նոյան առասպելի, Հայկի ու Բելի մասին լսել են Կարապետյանից։ Որոշները նույնիսկ գալիս էին նրա նկարչական պարապմունքներին ավելի շուտ այս անծանոթ պատմությունները լսելու, քան նկարել սովորելու համար:
«Այնուամենայնիվ, որոշ նվիրյալ անհատներ կարողանում էին ճեղքել խորհրդային գաղափարախոսական և քաղաքական պատնեշները։ Գուցե սրանում, իր որոշիչ դերն ուներ կենտրոնից (խորհրդային մեծ՝ Մոսկվայից և տեղական՝ հանրապետական՝ Երևանից) հեռու լինելը, Մադինայի պարագայում՝ և կտրվածությունը, որը որոշակիորեն ազատ գործելու ինչ-ինչ հնարավորություններ էր տալիս՝ ամբողջատիրական համակարգի պայմաններում բացահայտելով ծայրամասի առավելությունները կենտրոնի հանդեպ։

Ազգագրական ուսումնասիրություն
Ներսեսի հետքը Մադինայում և հարևան գյուղերում
Ներսես Կարապետյանի 20 հոգուց կազմված խմբակից մի քանիսը շարունակում են նկարչական կրթությունը Մանկավարժական ինստիտուտի Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժնում։ Մի քանիսն էլ դասավանդում են Մարտունու տարածաշրջանի գյուղերում։

Ներսես Կարապետյանի դուստրը` Լիլիթը, նպատակ ունի վերականգնել Մադինայի՝ «նկարիչների գյուղի» համբավը: Պահպանված, բայց չգործող Մշակույթի տունը չհաշված` գյուղում շուտով մշակութային նոր կենտրոն կավելանա: Ներսես Կարապետյանի զավակները հայրական տունը թանգարան են դարձրել:

Մշակութային հարթակը կմեկտեղի տարածաշրջանի երեխաներին։ Այստեղ կանցկացվեն վարպետության դասեր, տեղում ստեղծված արվեստի գործերը տեղում էլ՝ Ներսեսի տնկած բարդիների պուրակում բաց երկնքի տակ ժամանակավոր ցուցադրություն կունենան։ Վարպետության դասերում ներգրավվելու են Ներսես Կարապետյանի նախկին աշակերտները։
~