Ծովասար.
ավանդույթի ուժը․․․

Մշակութային կյանքը երեկ և այսօր, ապագա վերաձևակերպումների հնարավորությունը
Հիմնվել է 1831 թ.
Բնակչ.` 2708
Խմբագիր/Լրագրող
Լուսանկարիչ
Բարձր սարերի ու Սևանա ծովի միջև ընկած գյուղը 2006-ին Կառավարության թիվ ՀՕ-18 որոշման երկրորդ կետով կոչվեց Ծովասար։ Այն ծովի մակերևույթից բարձր է 2166 մ և գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա։
Խորհրդային կուլտուր-լուսավորական քաղաքականությունը Ծովասար հասավ 1970-ականներինն։ 1978-ին բացվեց գյուղի ընդարձակ, երկհարկանի Մշակույթի տունը: Մինչ այդ, և ևս մի քանի տարի զուգահեռաբար, գործում էր նաև գյուղի մշակույթի ակումբը։ Ինչպես բոլոր Մշակույթի տները, այս մեկն էլ խորհրդային ագիտ-պրոպի լծակներից մեկը պետք է լիներ։ Սակայն մնացածի պես ազգային մշակույթի պահպանման ու տարածման տեղ դարձավ։

Ծովասարի բնակիչները հիշում են, որ պարային ու թատերական խմբեր գյուղում կային դեռ 30-ականներից։ Ազգագրական պարախմբերի հիմքում այն ընտանիքներն էին, որոնք սերնդեսերունդ պահպանել ու փոխանցել էին ավանդական պարերն ու պարերգերը։
1980-ականներին մի պարի խումբը վերածվեց երեքի, արդյունքում՝ առ այսօր Ծովասարի Մշակույթի տանը գործում է երեք՝ տարեցների, երիտասարդների և մանկական խումբ։
«․․Ֆոլկլորային արվեստը զարթոնք էր ապրում: Բոլոր տեղերում ստեղծվում էին ինքնագործ ազգագրական պարի խմբեր: Ես էլ էդ մասին տեղյակ էի, եկա՝ տեսա որ ստեղծել են: Գյուղապետը, էն ժամանակ գյուղխորհդի նախագահ էր կոչվում, ընկեր Հայրապետյանը․․․ինքն էլ պարողներից մեկն էր: Կային տարբեր գյուղերում ազգագրական պարի խմբեր, բայց ոչ բոլոր գյուղերում:»
Հասմիկ Հայրապետյան, Ծովասար գյուղի մշակույթի տան տնօրեն
Ծովասարում ևս պարախումբը կոչվում է «Ալաշկերտ»։ Իբրև թողած հայրենիքի՝ Ալաշկերտի մասին հիշողություն Մարտունու գյուղերի խմբերը կրել են հիմնականում այդ անունը։ «Ալաշկերտն» առ այսօր գործում է։

«Այսպիսով, Մշակույթի տները դարձան մինչ այդ գերազանցապես ընտանիքների միջոցով փոխանցվող պարային ու երգային ավանդույթի փոխանցման նոր ինստիտուտներ՝ խորհրդային մշակութային շինարարության շրջանակներում։» Գոհար Ստեփանյան, ազգագրագետ

Բանահավաքները նաև Ծովասարում են գրանցել բազմաթիվ ավանդական պարեր։ Որպես տիպիկ ծովասարյան պար է հիշվում «Թագավորի մոմերը» հարսանեկան պարը։
«․․․ սեղանները տանում էին մի կողմ, մոմեր էին բաժանում՝ Թագավորի մոմեր, մոմերը վառում էին, պարբաշին պարը քաշում էր: Պարբաշին կամ քավորն էր, կամ՝ մի լավ պարող տարեց, հարսն ու փեսեն մտնում էին շրջան ու պարը գնում էր՝ մի կես ժամ: Ինձ համար էդ հեքիաթային պար էր: Անկախ էն բանից, որ մոմերը հալվում լցվում էին ձեռքիդ, վառում էր հալած մոմը, բայց հեչ, պարում էինք անմոռաց: Ծանր պարեր էինք պարում՝ Սագմա, Տասներկու ոտ, Ուռուզբաշի, Սիրջանի, Թամզարա, Շխկրտան աղջիկ։ Շատ եմ ուրախանում, որ չկորան էդ պարերը»:
Հասմիկ Հայրապետյան, Ծովասար գյուղի մշակույթի տան տնօրեն
Ծովասարի ազգագրական երգի-պարի անսամբլը մասնակցել է Արփա-Սևան թունելի բացման արարողությանը։

Խորհրդային շրջանում Ծովասարը ինքնատիպ և շատ աշխույժ մշակութային կյանք է վարել։ Առանցքում եղել է գյուղի Մշակույթի տունը։ Ազգագրագետ Գոհար Ստեփանյանի կարծիքով, Ծովասարի գյուղական Մշակույթի տան աշխատանքները հիմնվեցին գերազանցապես մշակութային ինքնագործունեության վրա։
«Չի բացառվում, որ սա հատուկ գիծ էր՝ բնորոշ ընդհանրապես ժողովրդական մշակույթի տեղական հարուստ և ակնառու ավանդույթներ ունեցող գյուղական համայնքների Մշակույթի տների համար»։
Ազգագրական ուսումնասիրություն
Մի քանի տասնամյակ առաջ Ծովասարի նորակառույց Մշակույթի տան տնօրենը դարձավ մանկավարժ, բանահավաք, գյուղի տարեգիր Դերենիկ Գևորգյանը։ Նորանշանակ տնօրենն այցելում է երևանյան Մշակույթի տներ։ Ինչպես նկատում է Դ. Գևորգյանը, դրանք, ըստ էության, քաղաքային Մշակույթի տներ էին, «իսկ իրենց գյուղը հեռու, սարերի գրկում է», որի մշակութային կյանքի կազմակերպումն այլ մոտեցումներ է պահանջում

Դերենիկ Գևորգյանը պատմում է, թե ինչպես է ծնվել ազգագրական պարի խումբ ստեղծելու գաղափարը գյուղական հարսանիքներից մեկի ժամանակ։
«․․․ դե պարում էին ժողովուրդ, հո չեն պարում՝ ուրախ, զվարթ, ինչ չափ, ինչ ձև, ասի սրանից լավ չկա, ասի սրանցից խումբ սարքեմ, էկա բերի իմ հորողբոր՝ 78 տարեկան, Ջաղչի Վարոն՝ ջրաղացպան էր՝ 63 տարեկան, հետո իմ քավորկինը... Տո եսիմ՝ միջին տարիքը 44 էր՝ հերոսուհի մայր, տարեց կանայք, մարդ ու կին, և այլն, վերջը, եղավ խումբ»։
Դերենիկ Գևորգյան
Դերենիկ Գևորգյանը համոզում է համագյուղացիներին թե սովորեցնել ավանդական պարերը, թե բեմ բարձրանալ։ Ընտանիքի անդամներով նույն խմբի մեջ ներգրավված էին ամուսիններով (Գեորգի և Արմիկ Հայրապետյաններ), քույրերով (Քնարիկն ու Քարմիկը), մայր ու որդիներով (Քնարիկն իր որդիներով)։ Վերջիններս, որոնք փաստորեն մի մեծ ընտանիքի անդամներ էին (Տարեց քույրերը՝ Քնարիկը՝ իր որդիներով և Քարմիկը՝ դստեր՝ ակումբավար Արմիկի և նրա ամուսնու՝ Գեորգի Հայրապետյանի հետ) անգամ մի կարճ ընթացք առանձին պարի խումբ էին ստեղծել։ Կարճ ժամանակ անց երկու խմբերը միավորվում են։
«Ակնհայտ է մի բան, որ ազգագրական պարի խմբերի հիմքում ընկած էին այն ընտանիքները, որոնց ներսում սերնդեսերունդ փոխանցվելով պահպանվել ու կենսունակ էին մնացել ավանդական պարերն ու պարերգերը»
Ազգագրական ուսումնասիրություն
Ծովասարի Մշակույթի տունը երբեք չի դադարել գործել։ 1980-ականներին, Մշակույթի տան գեղմասվար Հասմիկ Հայրապետյանը այժմ տնօրենն է։ Գործում է նաև պարախումբը, որը շարունակում է պահպանել ու սերնդերսերունդ փոխանցել ավանդական պարերը։ Ազգագրագետ Գոհար Ստեփանյանի կարծիքով, ավանդույթը (օրինակ՝ «Թագավորի մոմեր» պարը) հնարավոր է ոչ միայն պահպանել, այլև ժամանակակից փաթեթավորմամբ դարձնել Ծովասարի և ամբողջ Մարտունու պարային բրենդը։
~