Այժմյան Մարտունին մոտ հարյուր տարի առաջ դեռևս 19-րդ դարում Ալաշկերտից եկած գաղթականներով վերաբնակեցված հինավուրց Կզնուտ,հետո՝ Ներքին Ղարանլուղ վերանվանված գյուղն էր։ Խորհրդային շրջանում գյուղը մեկ անգամ էլ անվանափոխվեց։ Կոչվեց Մարտունի՝ հայ բոլշևիկ, Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի պատվին․ Մարտունին նրա հեղափոխական ծածկանունն էր։
Մարտունին քաղաքատիպ ավանի կարգավիճակ ստացավ 1962-ին։ Հենց այդ տարիներին էլ՝ 1965թ. տեղական ակումբի հիման վրա Մարտունիում հիմնադրվեց Մշակույթի տունը:
Քաղաքի լանդշաֆտում հայտնված նոր շենքը երկհարկանի պարզ կառույց էր, որը տեղակայվեց բնակավայրի վարչական կենտրոնում:
Թեև Մշակույթի տունը, խորհրդային խրճիթ-ընթերցարանների պես, ստեղծվել էր իբրև խորհրդային քարոզչության գործիք, սակայն 60-ականներից դարձավ ազգային ավանդական մշակույթի տարածման տարածք։
«Ձնհալի տարիների բերած որոշակի ազատականացումը, որը հիմք տվեց շոշափել և բարձրաձայնել ազգային խնդիրներ՝ արցախյան հարցից մինչև Ցեղասպանություն, նպաստեց և մշակութային կյանքի ազատականացմանը։ Մասնավորապես, Մշակույթի տներում սկսեցին ձևավորվել ազգային/ազգագրական երգի ու պարի համույթներ»: Ազգագրական ուսումնասիրություն
Խորհրդային շրջանում Մարտունու Մշակույթի տունը շուրջ 40 հաստիք ուներ և քաղաքային միջոցառումների հիմնական կազմակերպիչն էր։ Բացի այդ, այստեղ ոչ միայն կուսակցական որոշումներին էին ծանոթացնում, այլև կազմակերպվում էին ազգային-պատմական թեմաներով քննարկումներ և դասախոսություններ: Ազգային մշակույթի թեմաները տարբեր կերպ էին մատուցվում։ Կառույցի դեմքը երգի ու պարի համույթներն ու թատերական խմբակներն էին:
Մարտունու երգի-պարի ժողովրդական «Ծովինար» անսամբլը համերգներով շրջում էր մոտակա գյուղերում, Հայաստանի տարբեր շրջաններում, շրջագայություններով հասնում արտասահման։ Այս ավանդույթը պահպանվեց հետխորհրդային առաջին տարիներին՝ 95-96 թվերին, երբ մեկնեցին Հունաստանի Կավալա քաղաք՝ խորհրդային շրջանում ձևավորված քույր-քաղաքների ավանդույթի շրջանակում։
Երևանից շուրջ 130 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում մշակույթի տունը մայրաքաղաքային մեծ մշակույթի գործիչների և տեղացիների հանդիպավայր էր: Ավագ սերնդի ներկայացուցիչները առ այսօր ամենահիշարժան իրադարձությունն են համարում Հովհաննես Շիրազի այցը Մարտունի 1977 թ.:
“
«Ամբողջ Մարտունին հավաքվել էր Մշակույթի տան հրապարակում, հետո մեր Մարտունու 1-ին դպրոցում: Մեր երջանկահիշատակ տնօրեն Արտաշ Ստեփանյանն էր կազմակերպել Հայրիկ Ղազարյանի հետ՝ բանաստեղծ, երգահան Հայրիկ Ղազարյանը՝ « Մշո աղջիկ» երգի հեղինակը»:
Մարտունու բնակիչ
“
«Շիրազին էին կանչել մեր մոտ, ես էրեխա էի, դպրոցական էի, այ Շիրազը էն վախտ արգելված մարդ էր, էլի գոռաց, խոսաց, ծափ տվեց ժողովուրդը, հիշեցի, ինչ-որ էնվեդեից՝ միլիցիայից՝ լավ, թե հերիք ա, դադարեցրեք, հանկարծ, չեթա ընգնի վերևները, գան բռնեն, և այլն, դե Շիրազն էլ, գիտեք, Մասիս էր ուզում միշտ»:
Մարտունու բնակիչ
Մարտունու Մշակույթի տանը մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործ էր վիճակված: Կառույցի գիտամեթոդական կենտրոնը նախաձեռնել էր իսկական բանահավաքչան աշխատանք: Աշխատակիցները բանահավաքչական մեծ նյութ, հատկապես ժողովրդական երգերի հավաքագրեցին։ Երգերի մշակված տարբերակները հետո Մշակույթի տան միջոցառումների մասը դարձան:
“
Գյուղերում պառավ կանայք, տատիները, պապիները երգում էին: Մենք էդ երգերը բերում էինք ու երգում էինք: Հիմա իհարկե նրանք մահացել են: Ձայնագրել ենք իրենց փլեյերներով, հիմա դրանք չկան: Էդ փլեյերները փչացան, հնարավորություն չկար փոքրիկ կասետներին գրելու: Ձայնադարան չկա, բայց ես ինքս կենդանի էդ երգերի պահապանն եմ:
Մարտունու բնակիչ
Թեև ձայնագրությունների զգալի մասը չի պահպանվել, սակայն 1970-ականներին ձևավորված հիմնական երգացանկը փոխանցվել է Մշակույթի տան համույթների սերունդներին և նույնն է նաև այսօր:
Նույն 1970-ականներից Մարտունիում Մշակույթի տան կազմակերպված գործունեությանը զուգահեռ ձևավորվել էր լիովին ժողովրդական մի երևույթ: Հայկական ավանդական գլխատան գոմի օդա բաժինը ձմռան ամիսներին տղամարդկանց ժամանցի կազմակերպման տարածք էր։ Այնտեղ նույնպես ներկայացվում և փոխանցվում էր ավանդական մշակույթը, պարզապես մեկ այլ՝ ինքնաբուխ տարբերակով: Մարտունիում կենդանի է մի քանի հօդաների և դրանց գլխավոր «հեղինակությունների» մասինհիշողությունը։ Մասնավորապես, հիշում են Հովհաննես պապին։
Բանաստեղծության հեղինակ Խոսրով Խլղաթյանը հրաշալի է ներկայացնում և՛ ժամանակի հայտնի ասացողներին, և՛ օդաներում ծավալվող կյանքը՝ ասացողներով, ժողովրդական խաղերով, ուտեստով։
“
Ինքը... Սասունցի Դավիթը լրիվ ասում էր, իրան լսել են ժամանակին՝ 60-ականներին երևի թե։ Մեր մոտ օդաներ կար, մենք Հօդա ենք ասում մեր բարբառով մինչև 70-ական թվերը կար, հավաքվում էին, պատմություններ էին պատմում, դե օրական մի հեքիաթ պատմում էին... հիմի էս հեռախոսները թողո՞ւմ են հավաքվեն:
Մարտունու բնակիչ
«Գոմի օդաները ասացողների՝ բանասացների, երգասացների, հեքիասաթասացների դրսևորման լավագույն վայրն էին։ Սևանի ավազանի շրջաններին առհասարակ շատ հատուկ է և՛ երգասացությունը, և՛ հեքիաթասացությունը և այդ ամենը՝ միաձուլված ինքնուս դերասանական վարպետության հետ, ամեն մի բնակավայր ուներ, որպես կանոն, իր հայտնի ասացողներին, որոնց շուրջ էլ զգալի չափով ծավալվում էր առօրյա ժամանցը և մշակութային ժառանգության փոխանցումը»։ Ազգագրագիտական ուումնասիրություն
Խորհրդային շրջանում Մշակույթի տները ենթակա էին ԽՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը, այսօր ենթարկվում են համայնքին։ Հայաստանի անկախացումից հետո կտրվեց կապը մշակութային քաղաքականության մշակման և իրականացման գլխավոր կառույցի՝ Մշակույթի նախարարության հետ, զրկվեցին նաև պետական ֆինանսավորումից։
Ըստ ազգագրագիտկան ուսումնասիրությունան, եթե օրինակ, 1960-ական թթ. Մշակույթի տունը վարչական կապող օղակ էր կենտրոնական պետական մարմինների և համայնքի միջև, ապա ԽՍՀՄ փլուզումից այդ գործառույթը վերացավ։
Հիմա Մշակույթի տունը ֆինանսավորվում է համայնքապետարանի կողմից, այնտեղից են աշխատավարձ ստանում և ենթարկվում տեղական կառավարմանը:
Մարտունու Մշակույթի տունն այսօր ունի ընդամենը 18-ը հաստիք, ըստ էության` գործունեությունն էլ կրճատվել է առնվազն մեկ երրորդով։ Թեև, ինչպես նախկինում, քաղաքի ու տարածաշրջանի մշակութային կյանքի կազմակերպման հիմնական դերակատարներից մեկն է՝ Մանկապատանեկան կենտրոնի, Արվեստի դպրոցի, Երաժշտական դպրոցի հետ։ Մշակույթի տանը գործում են երգի, պարի, ասմունքի խմբակներ: Միջոցառումները հիմնականում կազմակերպվում են պետական տոների և հիշատակի ծեսերի առիթներով:
Տարիներ առաջ գործել է կիթառի խմբակ (փակվել է մասնագետի բացակայության պատճառով) և թատերական խմբակ, որը փակվել է հաստիքների կրճատման հետևանքով։ Շուրջ 30 պատանի է հաճախում Մշակույթի տուն։ Սակայն Մարտունիում մասնավոր ու վճարովի խմբակներում ավելի շատ սաներ են ներգրավված։ Օրինակ՝ մասնավոր պարի խմբակում 100-ից ավելի սաներ կան։
“
«Գուցե սրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք որևէ ավարտական փաստաթուղթ տալու իրավասություն չունեն»։
Մշակույթի տան տնօրեն
Խնդիրներից մյուսն էլ երաժշտական գործիքների բացակայությունն է: Մշակույթի տունն այսօր չունի ո՛չ դուդուկ, ո՛չ դհոլ, իսկ ժամանակին այն ոչ միայն ժողովրդական երգի, այլև ավանդական երաժշտական գործիքների պահպանության ու փոխանցման կարևոր օղակ էր: Բացի այդ, անցյալ տարվանից դադարել են երաժշտական դպրոցներում հայկական ժողովրդական գործիքների անվճար դասընթացները։ Արդյունքում, այդ գործիքների նկատմամբ առանց այն էլ նվազող հետաքրքրությունն էլ ավելի կպակասի:
Մարտունիում պահպանված ժողովրդական ավանդույթները հնարավոր է վերաթողարկել։ Դրանք կարող են դառնալ համայնքի ապագայի գրավականներից: Կարտոլի փռի ավանդույթը կարելի է կյանքի կոչել փառատոնի տեսքով։Մշակութային կյանքի զարգացման նոր ու գրավիչ կարող են դառնալ նորոգված գլխատները։
«Այսինքն, մի կողմից, կունենանք գրագետ վերականգնված ժողովրդական բնակարանի նմուշներ, մյուս կողմից դրանք կկենդացնենք ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի տարրերով» Ազգագրական ուսումնասիրություն