Ներքին Գետաշենի մշակութային կյանքի առանցքում Մշակույթի տունն էր։ Այնտեղ գործում էին թատերական և երգի ու պարի խմբակները՝ ինչպես գրեթե բոլոր Մշակույթի տներում, բայց, ի տարբերություն շատ այլ համայքների, Ներքին Գետաշենն ուներ նաև վոկալ-գործիքային անսամբլ։
Համույթի ակունքներում ներքինգետաշենցի Աշոտ Հովհաննիսյանն էր։ Ապագա երաժիշտն առաջին վոկալ խումբն ստեղծում է դեռ խորհրդային բանակում, Ռուսաստանի Պեմզա քաղաքում ծառայելու տարիներին։ Խումբը հայկական երգեր էր կատարում, իսկ անդամները զորամասում ծառայող հայերն էին։ Հայկական երկացանկը կատարում էին ոչ միայն զինվորների համար, հաճախ նաև՝ մոտակա և հեռավոր բնակավայրերում՝ համերգների ժամանակ։ Գյուղական համերգների համար ուրախ ու թեթև ազդագիր էին ընտրում
“
«Համերգների շատ էին տանում, կթվորուհիների մոտ, կիլոմետրերով տանում էին գյուղեր, սովխոզներ։ Էն ժամանակ՝ «Գալիս ես-գալիս ես», տենց, ընտրում էինք էնպեսի երգեր, որ ռուսի ականջին նստի էլի։ «Մանուշակ էիր պարտեզում բացված», տենց երգեր էլի»:
Աշոտ Հովհաննիսյան
Պեմզայում Աշոտ Հովհաննիսյանը աշխատում է նաև քաղաքի Մշակույթի տանը՝ որպես կուլտուր-մասսայական աշխատանքների կազմակերպիչ։ Ծառայության տարիների փորձով և Մոսկվայում վոկալ-գործիքային հեռակա կրթություն ստացած՝ նա վերադառնում է Ներքին Գետաշեն 1970-ականների սկզբին և ընդգրկվում Մշակույթի տան աշխատանքների կազմակերպման գործում։
Գյուղի նորաստեղծ երգի-պարի խմբակը բավական մեծ էր։ Երբեմն խմբի անդամների թիվը հասել է 150-ի։ Ի տարբերություն Ծովասարի, Զոլաքարի և հարևան Ձորագյուղի, որտեղ պարային խմբերի հիմք դարձան երգի և պարի ընտանեկան ժառանգության կրող ավագ և տարեց սերնդի ներկայացուցիչները, Ներքին Գետաշենում խմբակները կազմվեցին երեխաներից և պատանիներից։ Ընդունելությունը մինչև 18 տարեկան երեք տարիքային խմբով էր կատարվում։ Ներքին Գետաշենի Մշակույթի տունը ապահովված էր նյութատեխնիկական բազայով, մասնավորապես՝ ժողովրդական երաժշտական գործիքներով՝ թառ, քյամանչա, ուդ, ակորդեոն, դհոլ, զուռնա։
Մշակույթի տան գեղմասվար Աշոտ Հովհաննիսյանը նվագում էր կլառնետ, դուդուկ, զուռնա, ակորդեոն, շվի, դաշնամուր: Նա շուտով ընդունվեց Հայաստանի պետական գուսանական անսամբլ, իսկ 1980-ականներին ստեղծեց իր վոկալ-գործիքային անսամբլը։ Ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ինքնուս երաժիշտներից կազմված խումբը շուտով բավականին ճանաչվեց։ Անսամբլն ուներ 10-15 անդամ, որից 4-5 երգիչ։ Բացի պլանային համերգներից՝ Մշակույթի տան երգի-պարի խմբերը ամսական համերգներ էին ունենում գյուղում։
“
«․․․․ գյուղերից տարին մի անգամ փառատոն էինք կազմակերպում, Մարտունի ասում էին մենակ Գետաշեն կարա առաջին տեղ զբաղեցնի։ ․․․ Որ համերգ էինք դնում, էս մեր դահլիճը 400 տեղանոց ա, ընենց էին լցվում էդ համերգի ժամանակ, որ կեսն էլ կանգնած էին մնում, տեղ սթար չկար»:
Աշոտ Հովհաննիսյան
Մշակութային կյանքի աշխուժությունը պահպանվեց մինչև 1990-ականներ, և, ինչպես շատ Մշակույթի տներ Հայաստանում հետխորհրդային շրջանում, հիմնականում մատնվեց անգործության։ Շենքն անմխիթար վիճակում հայտնվեց։ Անսամբլի անդամները ցրվեցին, դրան նպաստեց սեզոնային և մշտական արտագաղթը։
Ներքին Գետաշենի Մշակույթի տունը հետխորհրդային շրջանում երբևէ չի վերանորոգվել, երբեմն-երբեմն ծառայել է այլ նպատակների, օրինակ, ընտրություններին վերածվելով ընտրատեղամասի։
Երկու տարի առաջ Գեղարքունիքի մարզի Կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Արամազդ Կյուրեղյանը տեղական իշխանությունների համաձայնությամբ, սեփական միջոցներով նախ վերանորոգել է Մշակույթի տան մարզադահլիճը, որտեղ պարապմունքներն է անցկացնում կարատե-դոյի իր խումբը։
Հետո, արդեն համագյուղացիների հանգանակությունների միջոցով, նորոգվել է պարասրահը, տարեցների համար Ժամանցի կենտրոնը։ Այժմ հետխորհրդային ավերակների մեջ ստեղծվել են կենդանության կղզյակներ։ Նորացվել է գրադարանի ամբողջ գույքը։
“
- Գրադարանն անմխիթար վիճակում էր, էրեխեն գալիսա, որ գիրք վերցնի, գիրք չկա, ընթերցասեղան չկա, որ նստի ստեղ կարդա: Էրեխեն, որ գա նոր գրքերով, գա վերցնի, ընթերցասրահում կարդա: Գրադարանավար կա, մշակույթի տունն ուներ, մենք չենք վարձել:
Արամազդ Կյուրեղյան
Մշակույթի տանը ստեղծել է Ռազմահայրենասիրական դպրոց, որտեղ պատանիները պետք է տիրապետեն զենքին, հատուկ այդ նպատակով բերվել են ինքնաձիգների մուլյաժներ։ Պարապմունքներն անցկացնում է Արցախյան Քառօրյա և 44-օրյա պատերազմներին մասնակցած մասնագետը:
Պարապմունքներին մասնակցում են մոտ 15-30 տարեկան շուրջ երեք տասնյակ պատանիներ ու երիտասարդներ: Ըստ էության, Ներքին Գետաշենի օրինակով կարելի է տեսնել, թե պետական մշակութային քաղաքականության, ինստիտուցիոնալ կառույցների բացակայության պայմաններում ինչպես են մեկ կամ մի քանի երիտասարդ անհատներ կարողանում համախմբվել ու փորձել օգտագործել ծորհրդային ժառանգությունը՝ համայնքային մասնակցայնությամբ վերականգնելով գյուղի ակտիվ կյանքը։
Գյուղում մշակութային կյանքին և ժամանցի ուղղությամբ արվող քայլերը թելադրված չեն իշխանությունների կողմից։
“
«Սպորտզալն սկսեցի իմ միջոցներով, ու տենց, բարերաները տեսան ինչ լավ, բարի գործ եմ անում, զանգեցին, բա հաշվի համարին գումար ունես՝ ստացի: Ստացա, սկսեցի էսի, հետո գրադարանը, հետո սկսեցի ժամանցի կենտրոնը, հետո հուշանկյունը ու տենց ուզում եմ ամբողջ Մշակույթի տունը վերանորոգեմ»:
Արամազդ Կյուրեղյան
Նորոգված պարասրահի մի որմնանկարը վստահվել է գյուղի դպրոցի նկարչական խմբակն ավարտած երիտասարդներին։ Բայց, խնդրահարույց է մնում պետական մակարդակով մշակութային քաղաքականության բացակայությունը։
Ստացվում է, որ մի կողմից կա Մշակույթի տան շենքը և հաստատությունը՝ համապատասխան հաստիքներով, որոնք զբաղեցնող անձինք միայն ֆորմալ աշխատակիցներ են՝ չծավալելով որևէ մշակութային գործունեություն։ Եվ կա երիտասարդների մի խումբ, որը չունի պաշտոնական որևէ ձևակերպում Մշակույթի տանը, բայց ծավալում է ակտիվ վերանորոգչական և սպորտային/մշակութային գործունեություն։ Այս պաշտոնական ու անպաշտոն խմբերի հարաբերությունները ինչ-որ կերպ կարգավորման կարիք ունեն։ Ազգագրական ուսումնասիրություն