Ուսանողների կեցության խնդիրները Հայաստանում

Ինչպես են մարզաբնակ ուսանողները լուծում կեցության խնդիրները Երևանում։
Ալինա Հովհաննիսյան
Լրագրող
Կադաստրի կոմիտեի հաշվարկներով՝ 2022-ի առաջին եռամսյակում Երեւանում բնակարանների շուկայական գներն աճել են միջինը 12,4%-ով՝ 2021-ի առաջին եռամսյակի համեմատ, իսկ տարեվերջին չորրորդ եռամսյակում՝ 2,9%-ով։
Լիլիթը սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Նա Երևան է տեղափոխվել Սյունիքի մարզից։

«Սկզբում մնում էի հարազատներիս տանը, քանի որ չէի ուզում տուն վարձել անծանոթների հետ, հիմա քույրս նույնպես ուսանող է, և միասին երկու սենյականոց բնակարան ենք վարձել կենտրոնում, վարձը 250 հազար դրամ էր նախնական, իսկ մեկ ամիս առաջ դարձավ 300.000», - ասում է Լիլիթը:

Մարիամը նույնպես մարզից է, երեք տարի առաջ է տեղափոխվել Երևան և մի քանի ուսանողների հետ է վարձակալում բնակարանը։

«Քանի որ ես և ընկերուհիս պետք է միասին ապրեինք, շատ հուզված էինք և անհամբեր սպասում էինք տեղափոխվելուն, բայց, իհարկե, ամեն ինչ այնքան հարթ չէր, որքան մենք պատկերացնում էինք: Ընթացքում վեճեր են եղել ամենատարբեր հարցերի շուրջ, որոնց մասին նույնիսկ չէինք էլ կարող պատկերացնել, բայց բնականաբար, այդ ամենի հետ մեկտեղ հասկացանք, որ պետք է հարմարվել, քանի որ ռեսուրսները քիչ են, իսկ մենակ ապրելն ավելի դժվար է, բացի դա վճարում ենք ուսման վարձ, տրանսպորտի գումար և այլն»,- ասաց Մարիամը։

Վերջին շրջանի թանկացումները նրանց վրա նույնպես ազդել են։

«Տունը գտնվում է Շենգավիթում, տան համար վճարել ենք 170 հազար դրամ, բայց փետրվարին տանտերը ասաց, որ եթե ուզում ենք շարունակել ապրել իր տանը, պետք է վճարենք 300 հազար դրամ, իսկ եթե ոչ՝ պետք է դուրս գանք բնակարանից: Մի քանի օր ավելի ցածր գներով բնակարան փնտրեցինք, բայց չգտանք, և տանտիրոջ հետ պայմանավորվեցինք, որ բնակարանը շարունակում ենք վարձակալել, բայց գինը պետք է նվազեցնի, և այդպես պայմանավորվեցինք 280.000 դրամի սահմաններում»,-ասում է Մարիամը:
We Love Our Students
The best way to improve your professional skills and increase your value
  • $2000
    Course fee
  • 7
    Directions of the learning program
  • 30
    Average number of people in a group
Կադաստրի կոմիտեի հաշվարկներով՝ 2022-ի առաջին եռամսյակում Երեւանում բնակարանների շուկայական գներն աճել են միջինը 12,4%-ով՝ 2021-ի առաջին եռամսյակի համեմատ, իսկ տարեվերջին չորրորդ եռամսյակում՝ 2,9%-ով։ Երևանում աճել են նաև վարձակալության տրվող բնակարանների գները:

Անշարժ գույգի գործակալությանուններից մեկի սոցցանցերի համակարգող Աննա Մովսիսյանը նշում է, որ 2023 թվականի հունվարի 22-ի տվյալներով վարձով բնակարաների գները համեմատած նախորդ տարիների աճել են 70%-ով, իսկ վաճառքինը՝ 50%-ով:

Ամեն տարի ամռանը տների և բնակարանների վարձակալության գները բարձրանում են, քանի որ ուսումնական տարվան ընդառաջ մարզերից բազմաթիվ ուսանողներ են գալիս Երևան։ Այժմ իրավիճակը բարդացել է: Եթե մինչև ռուս-ուկրաինական պատերազմը կենտրոնում կարելի էր բնակարան վարձակալել 120 000 -200 000 դրամով, ապա հիմա այդ գնով մայրաքաղաքի ծայրամասերում բնակարան գտնելն անգամ շատ դժվար է։

Եթե վարձակալի և տանտիրոջ միջև կա գրավոր համաձայնություն, ապա վաղաժամկետ ու հարկադրյալ վտարման դեպքում հարցը կարող է լուծվել օրենքի սահմաններում: Նման խնդիրները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով։ Եթե պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, սակայն կողմերից մեկը ցանկանում է լուծարել այն, օրինակ՝ վարձակալը ցանկանում է հրաժարվել բնակարանից, ապա պետք է 3 ամիս առաջ գրավոր տեղեկացնի դրա մասին։ Իսկ առանց կնքված պայմանագրի, այսինքն՝ բանավոր համաձայնության դեպքում հարցն ավելի է բարդանում։
Զեյթունի հանրակացարաններ,1964 թ.:
Պատկերը՝ HinYerevan.com
Խորհրդային տարիներին յուրաքանչյուր ԲՈՒՀ ունեցել է իր հանրակացարանը։ Ուստի, ուսման համար եկող մարզաբնակ երիտասարդներն ապրում էին կամ ազգականների մոտ, կամ՝ հանրակացարաններում։

Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 16 բարձրագույն ուսումնական հաստատություններից 8-ն ունեն հանրակացարաններ, որոնցից 4-ը՝ Երևանում:

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրակացարանը գործում է 2014 թվականի դեկտեմբերից։ Շենքն ունի 27 սենյակ՝ 54 ուսանողի համար։ Գտնվում է Արաբկիր թաղամասի Հովսեփ Էմինի 123 հասցեում՝ Հայ Ռուսական Սլավոնական համալսարանի մոտակայքում: Բրյուսովի հանրակացարանում սենյակները երկտեղանոց են, մեկ անձի կեցության արժեքը 60.000 դրամ է: Եռահարկ շինության յուրաքանչյուր հարկն ունի ընդհանուր խոհանոց և սանհանգույց հարկի բնակիչների համար: Սակայն հանրակացարանի մոտակայքում ապրող մարդիկ կամ Սլավոնական համալսարանի ուսանողները չգիտեին, որ մոտակայքում նման կառույց կա: Չգտանք նաև ցուցանակներ, որտեղ նշված լիներ, որ կառույցը ուսանողական հանրակացարան է:
Նոր Նորքի ուսանողական հանրակացարանը (1977 թ․):
Պատկերը` HinYervan.com
ԵԲՊՀ հանրակացարան
Լոռու մարզից եկած Տիրուհի Թուրաջյանը Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի է: Նա ապրում է Երևանի պետական համալսարանին պատկանող հանրակացարանում և մինչև օրս չի իմացել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը նույնպես ունի հանրակացարան:

«Սկզբում մտածում էի առանձին ապրելու մասին, բայց բնակարանային խնդիրներ կային, վարձերն էին շատ թանկ, և ընկերներիցս մեկը ասաց, որ ԵՊՀ-ի հանրակացարանում է ապրելու: Ինձ հանրակացարանից լուսանկարներ ուղարկեց և հասկացա, որ հին ժամանակների հանրակացարաններից շատ է տարբերվում և եթե որոշեմ այնտեղ ապրել խնդիր չի լինի: Ծնողներիս արձագանքը բացասական չէր, բացի այդ ինձ հետ սկզբում եկել են, հանրակացարանը նայել են ու իրենք էլ են հասկացել, որ ոչ մի վտանգավոր բան չկա: Հանրակացարանում ապրելիս դժվարությունների չեմ հանդիպել: Հանրակացարանում դու ունես քո առանձին սանհանգույցը, լոգարանը, որոնք ինձ համար կարևոր պայման են: Սկզբում, երբ նոր էի եկել, ադապտացիայի փուլն է բարդ եղել մի որոշ ժամանակ, բայց դա ավելի շատ կապված էր նոր միջավայրի հետ»,- խոստովանում է Տիրուհին:

Տիրուհին արդեն երկու տարի է, ինչ ապրում է ԵՊՀ-ի հանրակացարանում և ճանաչում է այստեղ ապրող ԲՊՀ ևս մի քանի ուսանողի:
Յուրաքանչյուր համալսարանի կայքում կա հստակ տեղեկատվություն հանրակացարաների մասին, բայց Վ. Բրյուսովի անվան համալսարանի կայքում այդ տեղեկատվությունը բացակայում է:

«ԲՊՀ-ն փորձում է իրազեկման աշխատանքներ կատարել իր ուսանողության շրջանում, որպեսզի նրանք իմանան, որ համալսարանը ապահովված է ոչ միայն հանգստյան տնով, որը գտնվում է Ծաղկաձորում, այլ նաև հանրակացարանով, այնտեղ բնակվում են թե՛ մեր ուսանողները, թե՛ մեր դասախոսները, և թե՛ արտասահմանից հրավիված մեր դասախոսները: Տեղեկատվության բացակայությունը մեր թերացումերով է կապված, կփորձեմ այն շտկել»,- հարցմանն ի պատասխան խոստանում է ԲՊՀ պրոռեկտոր Սահակ Մանուկյանը:

Ըստ ԲՊՀ պրոռեկտորի, թեև հանրակացարանը գործում է, սակայն շենքը փոքր է և չի բավականացնում 4500 ուսանող ունեցող բուհին: Այդուհանդերձ, Սահակ Մանուկյանի խոսքով, ԲՊՀ հանրակացարանը համապատասխանում է գործող նորմատիվ իրավական պահանջներին, ենթարկվում է հոգաբարձուների խորհրդի որոշումներին՝ ըստ գործող կանոնադրության:
ԵՊՀ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսանողական հանրակացարանը նախատեսված է 216 ուսանողի համար: Նշենք նաև, որ Երևանի պետական համալսարանը վերջին տվյալների համաձայն ունի 11977 ուսանող: Շենքը շահագործման է հանձնվել 2019 թվականին: Գտնվում է Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում: Այս պահի դրությամբ հանրակացարանն ամբողջությամբ բնակեցված է: Մեծամասնություն են կազմում ազգությամբ հայ ուսանողները, օտարերկրացի ուսանողները տասը հոգի են:

ԵՊՀ հանրակացարանում յուրաքանչյուր սենյակ ունի առանձին սանհանգույց: Ամեն հարկում գործում է երկու ընդհանուր խոհանոց: Հանրակացարանն ունի համակարգչային սենյակ:
«Մենք հայտարարում ենք ընդունելություն, պայմանագրերը կնքվում են ուսումնական տարով՝ սեպտեմբերի 1-ից մինչև հունիսի 30-ը: Ուսանողները պետք է ներկայացնեն բուհից տեղեկանք, լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ: Դիմումները ընդունելուց հետո սկսվում է սենյակների բաշխումը, հանրակացարանում ապրելու համար առաջնահերթությունը տրվում է ԵՊՀ-ում սովորող ուսանողներին, երկրորդ տեղը տրվում է ԵՊՀ-ում սովորող ուսանողների քույր, եղբայրներին, եթե այլ բուհի ուսանողներ են»,- նշում է ԵՊՀ ուսանողական հանրակացարանի տնօրեն Արմենակ Հարությունյանը:

Հանրակացարանում մեկ անձի կեցության ամսական վճարը ԵՊՀ-ում սովորող ուսանողների համար կազմում է 60.000 դրամ մեկտեղանոց սենյակում, 45․000՝ դրամ մեծ մակերեսով երկտեղանոց սենյակում (24 քառակուսի մետր), 40․000 դրամ՝ փոքր մակերեսով երկտեղանոց սենյակում (19 քառակուսի մետր), 35․000 դրամ՝ երեքտեղանի սենյակում, 30․000 դրամ՝ չորստեղանոց սենյակում։ Այլ բուհերի ուսանողների համար նշված արժեքներին գումարվում է 10%, իսկ օտարերկրյա ուսանողների համար՝ 30%:
ԵԲՊՀ
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկու հանրակացարանային շենքերը միասին նախատեսված են 640 ուսանողի համար։ Այս հանրակացարանը նույնպես ամբողջությամբ ծանրաբեռված է: Հանրակացարանում ապրում են հայ, հնդիկ, հորդանանցի և ղազախ ուսանողներ:

Հանրակացարանի 1-ին մասնաշենքը վերանորոգվել է 2009 թվականին, 2-րդ մասնաշենքը՝ 2004 թվականին: Ամսավճարը կազմում է 1-ին հանրակացարանի 1 սենյակի համար 60.000 դրամ (բնակվել կարող են մինչև 3 հոգի): 2-րդ հանրակացարանի 1 սենյակի ամսական վճարը 45.000 դրամ է (բնակվել կարող են մինչև 3 հոգի)։ Գների տարբերության պատճառն այն է, որ 1-ին մասնաշենքը ավելի ուշ է վերանորոգվել:

Հանրակացարանի տնօրեն Տիգրան Դալարյանի խոսքով, բժշկական համալսարանի` Դավիթ Անհաղթի 10 հասցեում գտնվող երկու հանրակացարանային մասնաշենքերից բացի այս տարի սկսել է գործել Միքայելյան հիվանդանոցի տարածքում գտնվող նոր հանրակացարան:

ԵՊԲՀ հանրակացարանում ապրելու համար պարտադիր է լինել հենց բժշկական համալսարանի ուսանող, այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ այստեղ բնակվել չեն կարող: Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ԲՈՒՀ-ից, անձնագրի պատճեն և լուսանկար:

Հանրակացարանն ունի ուսանողների համար նախատեսված համակարգչային սենյակ, գրադարան, ճաշարան, լվացքատուն, բուժկետ:
Ազգությամբ հնդիկ Ակաշ Փանուն սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսում:

«Մեր ընտանիքի ընկերը, որը յոթ տարի առաջ սովորել է այստեղ՝ բժշկական համալսարանում, նա է ինձ օգնել, որ գամ Հայաստան՝ սովորելու: Հայաստանում շատ դժվարությունների ենք հանդիպում, երբեմն անհետաձգելի բժշկական օգնության կարիք ենք ունենում, երբեմն էլ ուսանողական որոշ խնդիրներ: Երկար ժամանակ է, որ ապրում եմ այստեղ՝ հանրակացարանում: Այն իրոք շատ լավ և հարամարավետ վայր է ինձ համար, քանի որ ես սիրում եմ հանդիպել նոր մարդկանց, այստեղ շատ ընկերներ ունեմ արդեն: Ինձ դուր է գալիս հանրակացարանը, այստեղի պարտեզը, որտեղ հավաքվում ենք, զրուցում»,- ասում է Ակաշը:
Ագրարային համալսարան
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակացարանը շահագործման է հանձնվել 1965 թվականին։ Գտնվում է Արաբկիր 37-րդ փողոցում: Յուրաքանչյուր հարկ ունի ընդհանուր սանհանգույց: Վարձակալման արժեքը ագրարային համալսարանի ուսանողների համար ամսական 7000 դրամ է, այլ բուհերի ուսանողների համար՝ 18000 դրամ:
Ուսանողի տուն
Հաճախ մարզերից եկած ուսանողները Երևանում սովորելուց հետո նախընտրում են աշխատանք գտնել և մնալ Երևանում։ Սակայն եթե երիտասարդը նպատակ ունի վերադառնալ հայրենի բնակավայր և նպաստելու մարզային համայնքի զարգացմանը, ապա վերջերս բացված «Ուսանողի տունը» կարող է դառնալ հարմարավետ կեցության և հավելյալ գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման վայր այդպիսի ուսանողի համար։ Ավանի Դավիթ Մալյան 20 հասցեում գտնվող կենտրոնի շահառու միաժամանակ կարող է դառնալ առավելագույնը 30 երիտասարդ: Բավականին խիստ կարգով ընտրված ուսանողներն այստեղ հնարավորություն ունեն ստանալ նաև առաջնորդական գիտելիք և հմտություններ։

Ծրագրին հնարավորություն ունեն դիմել առաջին կամ երկրորդ կուրսի ուսանողները, որոնց մշտական բնակության վայրը գտնվում է Երևանից 60 կմ և ավելի հեռավորության վրա: Նրանք Երևանում կրթություն ստանալուց հետո վերադառնալու են հայրենի բնակավայր՝ իրենց գիտելիքներն այնտեղ կիրառելու նպատակով։
~