Եկեղեցիները հայ ժողովրդի պատմության ընթացքում եղել են ճարտարապետական մտքի զարգացման արտացոլումը: Հենց եկեղեցիների կառուցման ժամանակ էին կիրառվում ժամանակաշրջանի շինարարական և ճարտարապետական նորագույն լուծումները: Հայ ճարտարապետները չէին վախենում իրականացնել նորարական գաղափարներ: Այդպիսի օրինակներ են Զվարթնոցը, Գեղարդը կամ Անիի տաճարը, որի ինտերիերի սկզբունքները, եվրոպական գիտնականների
կարծիքով, XII—XIV դդ. զարգացում ստացան եվրոպական գոթական ճարտարապետության մեջ:
Սակայն դարեր շարունակ Հայաստանում ժամանակը կարծես կանգ է առել եկեղեցական ճարտարապետության համար: 21-րդ դարում ևս Հայաստանի եկեղեցիները կառուցվում են միջնադարյան կանոնի համաձայն: Մինչդեռ եկեղեցաշինությունը աշխարհում զարգանում է ընդհանուր ճարտարապետության հետ համընթաց: