«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Հայաստանի ամենամեծ պոչամբարը, որը գտնվում է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի մոտ: Պոչամբարը երկրի խոշորագույններից է և նախատեսված է հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում առաջացող թունավոր թափոնների կուտակման համար: Պոչամբարը կառուցվել է 1970-ականների սկզբներին և գտնվում է մի քանի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Արծվանիկ, Աճանան, Չափնի և Սևաքար։
Պատմաբան, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն ասում է, որ Արծվանիկը Կապանի հնագույն գյուղերից է, որի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Հնագիտական պեղումների և, մասնավորապես, գյուղատնտեսական ու շինարարական աշխատանքների ժամանակ գյուղի տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան մշակութային արժեքներ՝ արձանիկներ, սափորներ, զենքեր, զարդեր: Գյուղի անունը (Երեց, Երեցվանիկ) առաջացել է 6-րդ դարի հայտնի հոգևորական Երիցակի անունից, որից ծագում է նաև գյուղի մոտակայքում գտնվող Երիցավանք վանական համալիրի անունը:
Գրիշա Սմբատյանի փոխանցմամբ՝ ներկայիս պոչամբարի տեղում նախկինում եղել է երկու գյուղակ, դամբարանադաշտ, մատուռ, ջրաղաց և այլ կառույցներ: Հնագետների ուշադրությանն են արժանացել երաժիշտների ուշ բրոնզեդարյան քանդակները, ծածկագիր արձանագրությունը, բազմաթիվ
գտածոներ: