Կապանը` հարավի սրտում

Երբ Սյունիքի պատմությունը, արվեստը և բնությունը միաձուլվում են միմյանց հետ
Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի
  • Կարինե Պողոսյան
Կապանը քաղաք էր դեռևս 10-րդ դարի վերջերից։ Իսկ արդեն Խորհրդային շրջանում՝ 1938 թվականին, այն ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Այսօր այն Սյունիքի ամենաակտիվ քաղաքային կյանք ունեցող բնակավայրն է, որտեղ ամեն ինչ՝ բնությունը, մարդիկ ու պատմությունը միասին ստեղծում են միջավայր, որը չես ուզում լքել:
Աչքերդ բացելուն պես հայտնվում ես սարերի և ձորերի գրկում՝ Ողջի գետի երկու ափերին, որտեղ ժամանակը դանդաղում է, իսկ քաղաքը կանչում է մեզ դուրս` իր պատմությունները պատմելու: Ուտում ես տնական հաց, թոնրում թխված լավաշ և, իհարկե, տեղական պանիր, որի համը մոռանալ չի լինի: Խմում ես մի բաժակ տեղական ուրցի թեյ և քայլում Կապանի հին ու նոր փողոցներով, բացահայտում քաղաքի թաքնված անկյունները:

Քաղաքին յուրահատուկ տեսք են հաղորդում կամուրջները, և յուրաքանչյուր նոր քայլ տանում է դեպի նոր բացահայտում: Իսկ ավելի ուշ, երբ արևը մայր է մտնում, կարող ես նստել քաղաքի բարձրադիր վայրերից մեկում` բարձրից դիտելով, թե ինչպես է երկինքը դառնում աստղազարդ և մուգ կապույտ: Կապանը չի քնում․ այստեղ կյանքն անընդհատ պտտվում է շարժման մեջ, ամեն վայրկյան նոր պատմություններ են ծնվում: Կապանը լի է էներգիայով և անմոռանալի զգացողություններով:

1
Քաղաքի հին շենքերը
Լուսանկարը՝ https://www.aniarc.am/
Այսօր Կապանում 19-րդ դարի գրեթե ոչ մի շենք չի պահպանվել, հիմնականում քանդվել են խորհրդային շրջանում: Կենտրոնի պահպանված ամենահայտնի կառույցը Բեխ գյուղի Նուրիջանյանների շենքն է, որտեղից երևում է ամբողջ քաղաքը:

Կենտրոնում կա նաև վարչական 2 շենք, որ կառուցվել են հանքարդյունաբերողներին պատկանած և 1950-ականներին քանդված շենքերի տեղում։ Վարչական շենքերում գործում են դատախազությունը և Ազգային Անվտանգությունը:

1980-ականների սկզբին քանդվեց հին թատրոնի շենքը, կամ ինչպես ընդունված էր ասել՝ բանվորական ակումբը: Կապանի հին շենքերից էին նաև, «заезжий дом» կոչվող ցարական հյուրատները, որոնցից մեկը Նորաշենիկի ճանապարհին է, մյուսը՝ Շիկահողում։ Դրանք քանդվել են 1880-ականներին և դրանց տեղերում 1970-ականներին կառուցվել են պոլիկնինիկաներ:

Շահումյան փողոցի հույների շենքը մինչև այսօր պահպանվել է: Այս տները առանձնահատուկ են նրանով, որ ժողովրդական ճարտարապետությամբ են կառուցված` հաստ պատերով, հետնամասով, կավե կամ փայտե տանիքով:

Հայաստանի այլ քաղաքների պես Կապանի դիմագիծը ստեղծվել է Խորհրդային տարիներին, որից քաղաքի խորհրդանիշներից են Դավիթ Բեկ թաղամասի կասկադային համալիր շենքերը։ Իսկ վերջերս երկար տարիներ լքված
Կապանի երկաթուղային կայարանը ստացավ նոր կյանք, որտեղ բացվեց Թումո Կապանի գլխամասը։

2
Կապանի հին կամուրջները
Լուսանկարը՝ arshavakanner.am
Կապանը ձգվում է Ողջի գետի երկայնքով, քաղաքի երկու հատվածները միացնում են 10 կամուրջները։ Վաչագանի կամրջից բացվում է լավագույն տեսարանը դեպի Խուստուփ լեռը: Այս կամուրջները եղել են հիմնական հաղորդակցության ուղիները, որոնք կապել են տարբեր բնակավայրերը և նպաստել առևտրի ու մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը:

2022 թվականին Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Գրիշա Սմբատյանի նախաձեռնությամբ, «Երկիր և մշակույթ» կազմակերպության ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհիվ վերանորոգվեց Շիկահողի՝ 1886 թվականին կառուցված կամուրջը: Հին կամուրջներից են Աճանանը, Շիկահողը, Վաչագանը, Ողջիի վրա ավերված կամուրջը, Կեմանցը, Ղափճյուղա, Կամարակապ քարի կամուրջները, Ճակատենի ձորի և Դավիթ Բեկ կամուրջները:

3
Երկրագիտական թանգարան
Հասցե՝ 37 Շահումյան փողոց, Կապան
Կապանի հնագիտական և երկրագիտական առարկաները պահպանելու, ցուցադրելու և ուսումնասիրելու համար 1969թ-ին բացվել է Կապանի երկրագիտական թանգարանը։ Առաջին հարկը նվիրված է Սյունիքի 19-20-րդ դարերի պատմությանը, հայ-թաթարական բախումներին, առաջին աշխարամարտին, Զանգեզուրի գոյամարտին։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագիտական իրեր։

Հետաքրիր թանգարանային նմուշ է կնոջ կերպարանքով խեցանոթը։ Մ.թ.ա. 12-10-րդ դարերին վերագրվող բացառիկ գտածո է ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանում։

Հայերեն, ռուսերեն էքսկուրսիաների արժեքը 1000 դրամ է, մուտքի տոմսը` 300, դպրոցականներինը, մինչև 3-րդ դասարան, 150 դրամ:

4
Կապանի ժամանակակից արվեստի թանգարան
Կապան, Ռոմանոս Մելիքյան փող., 8 շենք
Լուսանկարը՝ https://www.usanogh.am/
Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ 1990թ-ին հիմնադրվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղը։ Թանգարանում կարելի է տեսնել գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկ նկարիչների գործեր և դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ։

Թանգարանում կազմակերպվում են Կապանի նկարիչների անհատական և խմբային ցուցահանդեսներ։

Աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը` 09:00-16:00: Մուտքն ազատ է:

5
Գարեգին Նժդեհի հուշահամալիր
Լուսանկարը՝ Armineaghayan
2001 թվականին Կապանի հյուսիսարևմտյան եզրին, Խուստուփ լեռան ստորոտին, Վաչագան գետի ափին կառուցվեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրը։ Նախաձեռնողը Կապանի պատվավոր քաղաքացի Մկրտիչ Մկրտչյանն էր, իսկ քանդակը կերտվել են քանդակագործ Գևորգ Գևորգյանը և ճարտարապետ Ռոբերտ Բալյանը:

Հուշահամալիրը Լեռնահայաստանի հերոսամարտի հավերժական վկան է, որտեղ մեծ զորավարի կիսանդրին է, իսկ շուրջը խորհրդանշաբար տեղադրված են քարե արծիվներ, ցորենի հասկ, զանգ և երկրագունդ: Նժդեհի աճյունը, որը երկար ժամանակ գտնվում էր Վլադիմիրի բանտային գերեզմանոցում, վերաթաղվել է Կապանի հուշահամալիրում 2005 թվականին, իսկ համալիրը վերաբացվել է 2012 թվականին:

6
Կապանի դրամատիկական թատրոն
Կապան, Թումանյան փող., 11 շենք
Լուսանկարի աղբյուրը՝ Կապանի դրամատիկական Թատրոն
Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական թատրոնը հիմնադրվել է 1935թ-ին։ Առաջին ներկայացումը Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» բեմադրությունն էր: Շատ տպավորիչ և հետաքրքիր ներկայացումներ են բեմադրվել և բեմադրվում, կարելի է առանձնացնել մի քանիսը՝ «Կարմիր Գլխարկ», «Կարուսել», «Հիմարների ընթրիքը», «Իմ Անունը Արամ է», «Հողը», «Իմ ծաղկած դեղձենի» ներկայացումները։

Շատ անվանի մարդիկ են խաղացել թատրոնում, օրինակ՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը և ուրիշներ։

Տոմսերի արժեքը 1000-3000 դրամ է:

7
Կապանի կորկոտի փառատոնը և ամենահամեղ կորկոտը
Կորկոտը, որպես Կապանի տարածաշրջանին հատուկ ավանդական ուտեստ, յուրահատուկ համային առանձնահատկություններ ունի: Կապանում կորկոտը պատրաստվում է բնական միջավայրի տեղական բաղադրիչներով, ինչն էլ թույլ է տալիս համտեսել իսկական «հարավային» ճաշատեսակ։ Այն ձավարով և մսով պատրաստված կերակուր է, որը նախքան ուտելը թնթոցով հարում են այնքան, որ ամբողջ միսը հալվում է, և միատարր թանձր զանգված է ստացվում:

Կորկոտը պետք է ուտել հենց այստեղ` Կապանում, որովհետև ուտեստի համը զուգակցվում է տեղի յուրահատուկ միջավայրի, մշակույթի և ավանդույթների հետ: Ի դեպ, Կապանում Կորկոտի ամենամյա փառատոնը մեծ նշանակություն ունի տեղական խոհանոցին ծանոթացնելու առումով: Փառատոնին նաև մասնակցում է «ԽՈՒՍՏՈՒՓ» թոնրատունը, որտեղ շատ համեղ կորկոտ են եփում:

8
Կապանի ամենաերկար զիփլայնը
Լուսանկարի աղբյուրը՝ https://www.tripadvisor.ru/
Կապանը Հայաստանում միակ քաղաքն է, որտեղ կառուցվել է երկկողմանի ամենաերկար զիփլայնը: Ընդհանուր երկարությունը 1750 մետր է: Այն անցնում է քաղաքի վրայով՝ դրանով տարբերվելով բնության գրկում գործող զիփլայններից: Ճոպանի վրա սահելու արագությունը հասնում է մինչև 120կմ/ժ:

Զիփլայնը գործում է 2020 թվականից, հիմնականում աշխատում է գարնան և աշնան ամիսներին, երբ եղանակը բարենպաստ է։ Իսկ ձմռանը Զիփլայնը կանգ է առնում:

Տոմսի արժեքը` 10000 դրամ:

8
Ուբակի արվեստանոցը
Կապան, Դավիթ Բեկի 7/1
1995 թվականին Կապանում բացվել է արվեստանոց, որտեղ ցուցադրվում են Ուբակ մականունով հայտնի տեղացի նկարչի ստեղծագործությունները: Նկարչի իսկական անունը Ռուբեն Կոստանդյան է։ Արվեստանոցում նրա նկարները ոչ միայն ցուցադրվում, այլ նաև վաճառվում են: Կտավները ստեղծելիս նկարիչը երբեմն աշխատում է ամիսներով: Նա պատկերել է Գրիգոր Նարեկացուն, Մեսրոպ Մաշտոցին ու Տիրամորը՝ հատուկ Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համար:

Մուտքն ազատ է: Աշխատում է ամեն օր:

9
Ձիավարության համար նախատեսված այգի
«ԼաՄոլի» պարկը գտնվում է Կապանի Վաչագան գյուղի սկզբնամասում։ Սա հիանալի վայր է քաղաքի աղմուկից փախչելու համար։ Պարկը հնարավորություն է տալիս ձիավարել՝ հանգիստ ու համեմատաբար անաղմուկ միջավայրում, զբոսնել այգիներում։

Պարկի մուտքն անվճար է, իսկ մեկ ժամով ձի վարձակալելը՝ 10000 դրամ։

Հեռ.` 094 614154
Գորիսի հարևանությամբ
Պատմական վայրեր, որոնք պարտադիր պետք է տեսնել

10
Հալիձորի բերդը սկզբում եղել է կուսանաց անապատ, որտեղ արվել են նաև ձեռագրերի ընդօրինակություններ, իսկ Դավիթ-Բեկի օրոք վերակառուցվել է և դարձել ամրոց: Բերդն ունի երկու եկեղեցի։ Սուրբ Մինաս եկեղեցու պատերին ագուցված են տարբեր ժամանակներում տեղադրված խաչքարեր: 1727թ. թուրքերը պաշարում են Հալիձորը, սակայն բերդի փոքրաթիվ հայ ռազմիկները, բնակիչների օգնությամբ հակահարձակման անցնելով, հաջողությամբ վտարում են թշնամուն:
Բաղաբերդը 4-րդ դարից սկսած եղել է Սյունիքի ռազմավարական կարևոր հենակետ, որն օգտագործվել է որպես պաշտպանական ամրոց և ապաստան քաղաքական ընդհարումների ժամանակ։ Բերդի մուտքը գտնվում էր հյուսիսային հատվածում, որտեղ տեղադրված մեծ բուրգը նաև հսկիչ աշտարակ էր ծառայել։ Մուտքի կառուցվածքն ապահովել է ամրոցի անվտանգությունը։ Սյունիքի թագավորության ժամանակ Բաղաբերդը դարձել է գահանիստ կենտրոն, որտեղ պահվել են Տաթևի վանքի և թագավորության գանձերն ու ձեռագրերը։
Վահանավանքը հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ Վահանը 10-րդ դարում։ Այստեղ կառուցվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին եկեղեցիները, գավիթ ու սյունասրահ: Վանական համալիրի տարածքում պահպանվել են բազմաթիվ վիմագրեր, խաչքարեր և տապանաքարեր, որոնք վկայում են, որ Վահանավանքը եղել է Սյունյաց և Աղվանից աշխարհի թագավորական ու իշխանական տոհմերի պանթեոն:
Բեծի անապատը կամ Նապատը, որը նախկինում հայտնի էր նաև Տանձափարախ անունով, փոքրիկ ամրոց-դղյակ էր, որտեղ ժողովուրդը և միաբանները ապաստանել էին ու կազմակերպել կրոնական արարողություններ, իսկ վտանգի ժամանակ՝ պաշտպանություն կազմակերպել:

Վերականգնված Նապատը դարձել է ուխտագնացության վայր, որտեղ նախկինում վարդապետները ձեռագրեր էին գրում ու ընդօրինակում, և այսօր էլ այն սրբավայր ու ուխտատեղի է:

Լուսանկարը՝ https://www.visitkapan.am/
~