ՄԵՂՐԻ․
ՀԱՐԱՎԻ ԶԱՐԿԵՐԱԿԸ

Ինչ չգիտենք Հայաստանի ամենահարավային քաղաքի մասին
Վարդ Մարտիրոսյան
Լրագրող
Երևանից 373կմ հեռու գտնվող Մեղրի քաղաքը կարծես փոքր կղզի լինի սարերի մեջ: Հեռու Երեւանի աղմուկից, այստեղ կարելի է լիարժեք հանգստանալ, մինչդեռ քաղաքը ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում։
Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրի քաղաքը գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի հարավ-արեւելքում, Մեղրի գետի ափին, սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:

Մեղրիի տարածքը բնակեցված է եղել դեռեւս նախնադարում, Հայաստանի կազմում եղել է Երվանդունիների եւ Արտաշեսյաների ժամանակաշրջանում։ Մեղրեցիները մասնակցել են 1720-ական թվականներին Սյունիքի ազգային ազատագրական շարժումներին՝ Դավիթ Բեկի եւ Մխիթար սպարապետի գլխավորությամբ։

Մեղրի քաղաքում մինչ այսօր պահպանվում են Սյունիքի ինքնապաշտպանության ժամանակ կառուցված բերդերը, որոնք տեղ են գտել 2002 թվականի կառավարության հաստատած հուշարձանային ցանկում։

1
Մեղրիի ամրոցը
Մեղրիի ամենաբարձր կետը քաղաքի հնագույն բերդի ավերակներն են: Մեղրիի բերդը բաղկացած է ուղղանկյուն և կլոր 6 աշտարակներից: Պարսպապատեր չունի, դրանց փոխարինել են լեռների թեք կողերը: Բերդը միջնադարյան Հայաստանի պաշտպանական լավագույն ամրոցներից է եղել:
Մեղրիի բերդը գտնվում է քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում, աշտարակների մի մասը հենց քաղաքի մեջ են: Հայտնի է, որ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել, վերակառուցվել է 18-րդ դարում: Ամրոցը միակն է Հայաստանում, որի աշտարակները նախատեսված են եղել հրազենի համար: Շինության յուրահատկությունների շնորհիվ 1723 թ. Մեղրիի բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել թուրքական հարձակումներին:



Մեղրիի տեսարժան վայրերից են եկեղեցիները, որոնք բավականին հին են, հատկապես՝ Մեղրու Վանքը։ Մեղրիի մեծ ու փոքր թաղերի եկեղեցիների պատերին կան Հովնաթանյան նկարիչների զարդանախշեր, ավելի ճիշտ` դրանց հետքերը:

2
Մեծ Թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար)
Մեղրին բոլոր նախադրյալներն ունի զբոսաշրջիկներին հրապուրելու համար:

Հենց Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կարելի է տեսնել Հայաստան բերված առաջին դաշնամուրը, որը մեղրեցիների հպարտանալու առիթներից մեկն է։

Մեղրեցիները պատմում են, որ դաշնամուրը 1895-96թթ. է բերվել, երբ քաղաքի բնակիչ Մկրտիչ Վաչյանն ամուսնացել է ագուլիսցի օրիորդ Եղիսաբեթի հետ: Եղիսաբեթի օժիտ դաշնամուրը հարազատները Բեռլին քաղաքից բերել են տվել Թիֆլիս, այնուհետեւ՝ Ջուլֆա, հետո՝ Ագուլիս՝ Եղիսաբեթի ծնողների մոտ: Մեղրեցի Վաչյանները 25 հոգով և բազմաթիվ ջորիներով գնում են Ագուլիս, դաշնամուրը տեղափոխում Մեղրի:

3
Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

4
Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)

5
Հնագույն կամուրջներ
Մեղրին, որը կարծես թաքնվել է Սյունյաց սարերի մեջ, գրավում է պարզությամբ։ Քաղաքն ամբողջովին կարելի է տեսնել՝ քայլելով։

Հին Մեղրիի տները կարծես միջավայրի մի մասնիկը լինեն՝ ձուլվել են ռելիեֆին:

Մեղրիի ճարտարապետական դիմագծերից են հարթ կտուրով ինքնատիպ տները, որոնցում պահպանվել են փայտի բարձրարվեստ մշակմամբ դարպասներ, դռներ, պատուհանների փեղկեր և բազրիքներ:

Մեղրիի բարձրադիր Գործարանային թաղամասում գտնվում է Մկանց աղբյուր սրբատեղին, որտեղից երևում է քաղաքն՝ իր ամբողջ գեղեցկությամբ։

6
Կասկադ
Կասկադ կոչվող վայրը կապում է համայնքի երկու թաղամասերը։ Քանի որ Մեղրին չունի զբոսայգիներ, իբրև այլընտրանք՝ կասկադին պակասում են միայն նստարանները, ինչը երիտասարդներին հնարավորություն կտա համայնքում զբոսավայր ունենալ։

Մեղրիում կարելի է տեսնել Հայաստանի բոլոր մարզերում հանդիպող բնապատկերները: Հատկապես գեղեցիկ է աշնանը, երբ քաղաքն ամբողջովին գտնվում է դեղին վարագույրների ներքո։ Դեղին վարագույրներով քաղաքը տեսնելու համար այցելեք հոկտեմբեր ամսից։ Ընդհանրապես, Մեղրին բազմագույն է: Այցելեք բոլոր եղանակներին՝ տեսնելու Մեղրիի հրաշքների ներկապնակը:



7
Հրապարակի ժամը
Մեղրիում ճարտարապետական տեսքով տարբերվող այս շենքը կառուցվել է անցյալ դարի 50-60ականներին՝ իբրև մշակույթի տուն: Քաղաքում միակ շենքն է՝ երեսպատված բերովի հրաբխային տուֆաքարով: Ավելի ուշ տեղադրվել են արձանները, որոնց հեղինակը Սամվել Զարբաբյանն է: Խորհրդային տարիներին շենքի առջև կանգնած է եղել Իոսիֆ Ստալինի արձանը: Պահպանվել է արձանի պատվանդանը: Այժմ հրապարակի ժամի շենքում գործում է Մեղրիի գեղագիտական կենտրոնը:

Ի դեպ, Մշակույթի տունը կառուցվել է հայկական ծագում ունեցող ռուս ճանաչված դերասան Դմիտրի Խառատյանի նախնիների տան տեղում:

8
Չինարի ծառ
«Մեղրիի բազար» կոչվող հրապարակում գտնվող հսկայական չինարի ծառի տարիքի մասին լեգենդներ են պատմում։ Չինարենու փչակը նախկինում կիրառվել է՝ որպես կոշիկի նորոգման արհեստանոց։

9
«Արևիք» հյուրատուն
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյան / Ուրբանիստա
«Արևիք» հյուրատան շենքը նախկինում պատկանել է Մեղրիում հայտնի բժիշկ Մեժլումյանի ընտանիքին: Փոքր թաղում ապրել են քաղաքի հարուստները, այն ժամանակին համարվել է քաղաքի կենտրոնը: Այստեղ են գտնվել հիվանդանոցը, գրադարանը, այստեղ է 17-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին:

10
Մեղրիի հին տները

11
Լիճքի հանք
Թեւ Հայաստանի ամենահարավային կետ հանդիսացող Մեղրի համայնքն ունի բոլոր նախադրյալները էկոտնտեսական տարածք լինելու համար, այստեղ շարունակում են զարկ տալ հանքարդյունաբերությանը: Արդյունքում՝ համայնքի գյուղերը դատարկվում են։ Բնակչությունն օրեցօր նվազում է հատկապես Լիճք համայնքում: Խնդիրը Լիճքին բավական մոտ գտնվող հանքի շահագործումն է: Դա բացասական ազդեցություն է թողնում ողջ համայնքի վրա։
Լիճք գյուղը զբոսաշրջիկներին գրավելու, հյուրատներ կառուցելու, համայնքի բյուջեն այլընտրանքային տարբերակներով լցնելու հնարավորություններ ունի։

Գյուղն ավելի հայտնի է բազմաթիվ ջրվեժներով։ Հանքի շահագործումը կասեցնելուց հետո այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում։

Բնության կողմից հարստություներով օժտված գյուղը հանքարդյունաբերական կենտրոնի վերածելը մեծ աղետ էր։

12
Լիճքի ջրվեժ
Հեռավորության և սահմանային գոտի լինելու պատճառով Մեղրին խորհրդային շրջանում «մեկուսացված» շրջան էր, որտեղ դժվար էր ընկնել: Քաղաքի մասին կարելի է անվերջ խոսել, պարզապես բաց մի թողեք Մեղրի անարգել ու անխոչընդոտ այցելելու առիթը:
~