Աշտարակ քաղաքի չերևացող կողմերը

Ու՞ր գնալ և ինչ տեսնել Աշտարակ քաղաքում՝
ռեստորաններից բացի
  • Անահիտ Կարապետյան
    տեքստ
  • Կիմա
    Պետրոսյան
    Տեքստ
  • Միլենա Հովհաննիսյան
    Լուսանկար
  • Ռոզա
    Սարգսյան
    Տեքստ
Արագածոտնի մարզում գտնվող Աշտարակ քաղաքը շատերն ասոցացնում են այնտեղ գտնվող հանգստի գոտիների հետ, բայց դեռ 4-րդ դարից հիշատակվող բնակավայրը հայտնի է նաև հայ արվեստի նշանավոր կոթողներով։
Աշտարակն այսօր հնի ու նորի միաձուլում է հիշեցնում: Աշտարակում հինն ու նորը ոչ թե հակասություն են առաջացնում, այլ կարողանում են ուշադրություն գրավել։ Քաղաքում կան թաղամասեր, որտեղ գերակշռում են ժողովրդական ճարտարապետության հին ոճով կառուցված տները։ Դրանց բակերում կամ հենց դարպասների առջև՝ ճանապարհի կողմից փոքրիկ ծաղկանոցներ են։ Աշտարակում ինչպես հին ու նոր ճարտարապետությունն է միաձուլվում, այնպես էլ թարմ ծաղիկների ու չորացած տերևների հարևանությունն է արտացոլում քաղաքի պատմությունն ու անցած ճանապարհը։

Քաղաքի ստեղծման և այնտեղ գտնվող գրեթե բոլոր կարևոր հուշարձանների ու կառույցների մասին պատմություններն ուսումնասիրել է Աշտարակի բնակիչ, «Աշտարակ իմ հին ու նոր» մշակութային ասոցիացիայի նախագահ Ժենյա Մկրտչյանը։ Նա նաև զբաղվում է ֆեյսբուքյան հարթակում Աշտարակի պատմության մասին արխիվային նյութերը տարածելով։
«Աշտարակը ինքնատիպ քաղաք է, ինքնաշունչ են նրա մարդիկ և ինքնատիպ են նրանց ձեռակերտ հուշարձանները». Ժենյա Մկրտչյան, «Աշտարակ իմ Հին ու Նոր» Մշակութային Ասոցիացիայի նախագահ։
«Հայոց աշխարհում՝ իրենց նախնական տեղում, շատ քիչ բնակավայրեր են վերընձյուղվելով հարատևել և, հանրային ու քաղաքական բոլոր կարգի դժվարությունները հաղթահարելով, հասել մեր օրերը: Այդ բախտավորներից մեկն Աշտարակն է՝ իր չընդհատվող, միշտ կատարյալին ձգտող ընթացքով: Մեր փոքր քաղաքի մեծ պատմությունը հյուսելու համար հատուկտոր անցքեր ու փաստեր են մեզ հասել», - պատմում է Ժենյա Մկրտչյանը։

Քաղաքի անվանման ստուգաբանության հետ կապված ամենահետաքրքիրը բացատրությունը բանասեր Գրիգոր. Ղափանցյանն է տվել։ Նա իր ծննդավայրի անունը կապում է սիրո ասորական աստվածուհի Իշտարի անվան փյունիկյան Աշտար, կամ նույն աստվածուհու անվան սեմիթական տարբերակներին, որ աստղ է նշանակել:
Քաղաքը գտնվում է Երևանից 13կմ հյուսիս-արևմուտքում: Այնտեղ գնալու համար բավական է հասնել Երևանի «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան, որտեղից կան միկրոավտոբուսներ դեպի Աշտարակ և մոտակա գյուղեր։ Երևանից Աշտարակի կենտրոն հասնելու համար կպահանջվի 40-45 րոպե, իսկ տոմսի արժեքը 250 դրամ է։
Ներկայացնում ենք գլխավոր վայրերը որոնք պետք է տեսնել քաղաք այցելելու ժամանակ։

1

Յակ-40 ինքնաթիռ

Քասախի գեղատեսիլ կիրճի ֆոնին կանգնած է «Հայկական ավիաուղիների» «Յակ-40» EK-88256 ինքնաթիռը։ Այն շահագործման է հանձնվել 1977թվականին, նույն թվականին էլ հանվել է շահագործումից: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ ինքնաթիռը շահագործումից հանվել է մինչև 1997 թ., ինչից հետո որոշ ժամանակ կայանված է եղել «Զվարթնոցում», ապա 2000-ականների սկզբին տեղափոխվել է այնտեղ, որտեղ այժմ գտնվում է: Թեպետ ինքնաթիռն արդեն շատ անմխիթար վիճակում է, բայց դրա և Քասախի ֆոնին հիանալի լուսանկարներ են ստացվում։

2

Եկեղեցիները

Համաձայն ավանդազրույցի` հին Աշտարակում երեք գեղեցկուհի քույրեր են ապրել, որոնք մի անգամ տեսել են երիտասարդ Սարգսին, ու, իրարից անտեղյակ` սիրահարվել նույն տղային: Մի օր քույրերից երկուսը սրտները բացում են միմյանց առջև: Վշտացած քույրերը լաց են լինում, հետո նրանցից մեկը ծիրանագույն է հագնում, մեկը՝ սպիտակ, և գնում են դեպի ձորը: Ձորագլխի տարբեր ժայռերին կանգնած` նրանք նայում են Աքլորաքարի մոտ գտնվող Սարգսին: Հետո նետվում են ցած, ջախջախվում ժայռերի մեջ: Ամեն մեկն առանձին մտածում է, թե գոնե մյուս քույրը կհասնի երազանքին: Սարգսին սիրահարված երրորդ քույրը լուրն իմանում է ձորի ճանապարհին: Այդ օրը կարմիր զգեստ հագած աղջիկը նույն պահին մահանում է վշտից: Քույրերի մահվանից հետո մի գիշերում հրաշքով հայտնվում են Ծիրանավոր, Սպիտակավոր և Կարմրավոր եկեղեցիները: Սարգիսն Աստծո կամքով իմանում է այս ամենը և երբեք չամուսնանալու ուխտ է անում: Քասախի հին կամրջից վերև, բարձր ժայռի վրա, նա փոքրիկ տնակ է կառուցում և ապրում ճգնակյացի կյանքով: Մահվանից նրան թաղում են ժայռի մոտ, իսկ տնակը դառնում է սրբատեղի:
Կարմրավոր
Կարմրավորը տեղ է գտել հայ արվեստին ու ճարտարապետությանը վերաբերող բազմաթիվ աշխատություններում և արժանացել է ընդհանուր հիացական գնահատականի:

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, Բերդաթաղից փոքր-ինչ հյուսիս, բարձր սարալանջի վրա: Վաղ միջնադարյան բացառիկ կանգուն կառույցներից է։

Եզակի է եկեղեցու` 7-րդ դար թվագրվող կղմինդրե ծածկը: Արտաքուստ և ներքուստ խաչաձև, գմբեթավոր եկեղեցի է: Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր:

Ավանդության համաձայն` ուշ միջնադարում Կարմրավորի մոտ կուսանոց է եղել։ 13-րդ դարից սկսած` եկեղեցին հաճախ է նորոգվել, սակայն արտաքին տեսքը չի փոխվել:
Ծիրանավոր
Ծիրանավոր Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Բերդաթաղում: Ծիրանավորը վաղ քրիստոնեական կառույցներից է, բազմիցս վերանորոգվել է: Մշտապես վայելել է ժողովրդի հոգածությունը, սակայն 19-րդ դարում ավերվել և այլևս չի վերականգնվել։ Եկեղեցու ստեղծման մասին հստակ տեղեկություններ չկան, մոտավոր թվագրվում է lV-V դարեր: Հավանական է՝ եղել է հեթանոսական մեհյան, որը վերափոխվել է եկեղեցու։

Պահպանվել են որմերը, խորանը և հարավային նավը: Եկեղեցին այսօր էլ կիսավեր է, այդուհանդերձ ժողովրդի սիրելի ուխտավայրերից է: Դրա մասին են վկայում սրբապատկերները և ուխտավորների մոմերի հետքերը:
Սպիտակավոր
Սպիտակավոր եկեղեցին նույնպես գտնվում է Բերդաթաղում, Ծիրանավորից ոչ հեռու, Քասախի ձորի պռնկին: Կառուցված է կարմրագույն, սրբատաշ քարից։ Քառանկյուն հատակագծով շինություն է։

«Ասես այն հին բերդի աշտարակ դիտակետ է՝ ձեռքը մեկնած Ս. Սարգսին, և անթարթ հսկում է դիմացի լանջով կամուրջ իջնող ու Բերդաթաղ ելնող ճանապարհը»,- ասում է Ժենյա Մկրտչյանը:

Եկեղեցին երկու մուտք ունի՝ ձորի և արևմտյան կողմից: Առաջինը դուրս է գալիս քարափի վրա, երկրորդը գլխավոր մուտքն է։ Այս եկեղեցու ստեղծման տարեթիվը ևս հայտնի չէ, այն թվագրվում է 13-14-րդ դարեր։ Քանդված են ծածկը, պատերի վերին քարաշարքերը և սալահատակը:

3

Հին Կամուրջ

Քասախի կիրճի մոտայքում գտնվում է Հին կամուրջը՝ Հայաստանի մեծ կամուրջներից մեկը: Ընդհանուր երկարությունը 76,20 մետր է։

Համաձայն պատմիչ Առաքել Դավրիժեցու (XVII դ․ )` 1664 թ.-ին կամուրջը կառուցել է Մոծակենց մահտեսի խոջա Գրիգորը: Նրա մասին արձանագրություն է փորագրվել կամրջի միջին և մեծ կամարների միջև, ճակատային պատին (այժմ՝ սվաղված է):

Վերջին անգամ կամուրջը նորոգվել է 2004 թ.:

Կամուրջն անցնելիս կարող եք ավելի մոտիկից տեսնել Քասախը:

Ըստ ավանդազրույցի Աշտարակի կամուրջը կառուցվել է շատ դժվարությամբ, անգամ՝ մարդկային զոհերի գնով:

Ասում են՝ Աշտարակի հին կամուրջի հիմքը դնելիս, գետը տարել է քարերը: Ինչքան փորձել են նորից սկսել, գետը դարձյալ քանդել է ամեն ինչ: Գյուղի ծերերը խորհուրդ են տվել կամուրջի վարպետներին ու բանվորներին նոր հիմքը դնելիս պատաշարի մեջ ողջ-ողջ թաղել մի աղջկա: Բանվորները, գյուղում հարց ու փորձ անելով, գտնում են մի որբ աղջկա, կաշառում են նրա խորթ մորը և զմռսում են նոր հիմքի մեջ: Աղջիկը հլու-հնազանդ ենթարկվում է, բայց երբ պատը հասնում է նրա ծնկներին, աղիողորմ ձայնով ասում է.

«Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին.

Մինչև ծնկներս …»:

Երբ պատը հասնում է նրա կրծքին, աղջիկն ասում է.

«Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին. Մինչև դոշս քարեցին …»:

Շարվող պատի միջից որբուհին վերջին անգամ սրտակեղեք ողբում է.

«Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին. մինչև բուկս քարեցին …»…

Մարդկային զոհաբերությունն էր պատճառը, թե նոր հիմքի ամրությունը, այդուհանդերձ Աշտարակի կամուրջը մինչև օրս կանգուն է: Ավանդազրույցն էլ չի մոռացրել դատապարտված որբ աղջկան:

4

Քարե բաղնիք

Հին կամրջի անմիջապես հարևանությամբ գտնվում է Քարե բաղնիքը։ Այն մոտ է նաև եկեղեցիներին. այս կետից միաժամանակ կարելի է հիանալ բոլոր տեսարաններով և հուշարձաններով։ Աշտարակի հին բաղնիքը կամ «աղքատների բաղնիքը» կառուցվել է 1900թվականին։ Թերևս քաղաքի առաջին քարաշեն բաղնիքն է եղել, դրա համար էլ Քարե բաղնիք է կոչվել։ Շենքը միհարկանի է, մուտքի դռան վերևում ավելի ուշ քանդակվել է խորհրդային հնգաթև աստղը` մեջտեղում մուրճ և մանգաղ։

5

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

Հասցեն՝ Պռոշյան փող., 4
Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայտնի հայ գրող Պերճ Պռոշյանի հայրական տունն է։ Թանգարանի ճարտարապետը Լենա Թորգոմյանն է։

Լուսանկարիչ Դավիթ Վարդազարյանը նշում է, որ Պռոշյանների հետ կապ ունեցող միակ բնօրինակ հատվածը թոնրատունն է։

Թանգարանը բաց է՝ երեքշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-17:30
Շաբաթ` 12:00-19:30
Կիրակի` 11:00-16:00

6

Գիտավան

Հասցեն՝ Արշակունյաց 44/1, բնակարան 43
https://www.medicalmuseum.am
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյան
ՖՀԻ-ի (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ) ավանը հիմնադրվել է 1968 թվականին։ Ավանի կազմում էին ոչ միայն ՖՀԻ-ի գիտական շենքերը, այլև երկհարկանի բնակելի տները, որտեղ ապրում էին ֆիզիկոսներն ու նրանց ընտանիքները: Գիտավանը, կարելի է ասել, Աշտարակ քաղաքի մի առանձին թաղամաս է: Այն ունեցել է իր մանկապարտեզը, զբոսայգին, թենիսի խաղահրապարակը, լողավազանը:

Այսօր 100 հա տարածքից միայն կեսը՝ 50 հա-ն է պատկանում ինստիտուտին. անկախությունից հետո մի հատված հանձնվել է Աշտարակ քաղաքին, մի մասն էլ զորամաս էր դարձել: Տները սեփականաշնորհվել են:

Գիտավանում ինստիտուտն ունի 12 լաբորատորիա, 1 արհեստանոց:

Ժամանակին գիտավանի տարածքը քարքարոտ, անմշակ հող է եղել, բայց 1960-ականներին կազմակերպված շաբաթօրյակների ժամանակ ինստիտուտի աշխատակիցները դեկորատիվ և պտղատու ծառեր են տնկել՝ ծիրանենիներ, դեղձենիներ, խնձորենիներ:

Քաղաքի ծայրամասում գտնվող ինստիտուտը կարելի է ճանաչել հեռվից՝ շնորհիվ 3 ռադիոաստղադիտակների: Բավականին հին սարքավորումները չեն աշխատում, դրանք նորոգելու և գործի գցելու համար մեծ ֆինանսական ծախսեր են պետք:

7

Աշտարակի դրամատիկական թատրոն/մշակույթի պալատ

Հասցեն՝ Ներսես Աշտարակեցու 5
Մանրամասներն՝ այստեղ
Քչերը գիտես, որ դեռևս 1953 թվականից Աշտարակի մշակույթի պալատում գործում էր դրամատիկական թատրոն։ Տարիների ընդմիջումից հետո թատրոնը վերաբացվել է 2023-ի նոյեմբերին, նույն վայրում։ Թատրոնը վերաբացվել է «Բովանդակություն» ներկայացումով՝ ըստ Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների։

Աշտարակի թատրոնի տոմսերը վաճառվում են նաև tomsarkgh.am կայքում։

8

Քաղաքի մոդեռնիստական
ժառանգությունը


9

Այրուձի Հեծյալ Ակումբ

Հասցե՝ Մուշեղ Բագրատունի 3, ք․ Աշտարակ
Մանրամասներն՝ ակումբի էջում
~