«Հրազդան» մարզադաշտ` պահե՞լ, թե՞ քանդել
Զգացմունքներ ընդդեմ թվերի․
ի՞նչն է ավելի ծանրակշիռ «Հրազդանի» ճակատագրում
Պարբերաբար մամուլում և/կամ համացանցում հայտնվող լուրերին, կարծիքներին կամ հայտարարություններին ընդառաջելով ուզում եմ իմ երկու խոսքն ասել «Հրազդան» մարզադաշտի մասին։
«Հրազդան» մարզադաշտը կառուցվել է 1970 թվականին։ Մարզադաշտը օլիմպիական է, այսինքն` ունի վազքուղիներ, տրիբունաները բավականին հեռու են խաղադաշտից։ Մտապահենք սա, խնդրում եմ։

Կարելի՞ է արդյոք վերականգնել/վերակառուցել «Հրազդան» մարզադաշտը։ Իհարկե՝ այո։ Սակայն իմաստ ունի՞: Այ սա արդեն միանշանակ պատասխան չունեցող հարց է։

Եկեք հարցը պայմանականորեն բաժանենք երկու մասերի` մարզադաշտը` որպես սպորտային կառույց և մարզադաշտը` որպես ճարտարապետական կոթող։
Լուսանկարները՝ Աշոտ Աղաբաբյանի արխիվից
Մարզադաշտը` որպես սպորտային կառույց
Հայաստանում գրեթե չեն անցկացվում թեթև աթլետիկայի մրցաշարեր։ Նույնիսկ լոկալ, հանրապետական կամ քաղաքային մասշtաբի։ Փաստացի, «Հրազդան» մարզադաշտի նման հսկա կառույցի վազքուղիները և այլ հնարավորությունները չեն օգտագործվում։ Ի դեպ, Հանրապետական մարզադաշտը նույնպես ունի վազքուղիներ և տալիս է հնարավորություն ցանկության դեպքում անցկացնել թեթև աթլետիկայի մրցաշարեր։

Եթե դիտարկենք, որ «Հրազդան» մարզադաշտը պիտի վերակառուցվի և ծառայի միայն ֆուտբոլային խաղերի համար, ապա Հայաստանի ազգային հավաքականը հազվադեպ է «լցնում» նույնիսկ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը, որի նստատեղերի քանակը մոտ 15000 է։ Չմոռանանք, որ հավաքականը իր հարկի տակ տարվա ընթացքում անց է կացնում 5-7 հանդիպում։ Այս տեսանկյունից անասելի մեծ ճոխություն է ունենալ «Հրազդանի» նման հսկա մարզադաշտ տարեկան 5-7 խաղի համար։ Իսկ Հայաստանի ակումբային առաջնության խաղերին հանդիսատեսի քանակը չնչին բացառություններով մոտ 500-1000 է (երևանյան խաղերին՝ մինչև 2000)։
Հրազդան մարզադաշտի հեղինակ Գուրգեն Մուշեղյանը, 2018թ․
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի / Urbanista.am
Երևանյան երկու ակումբ՝ «Նոան» և «Ուրարտուն», կարծես թե պատրաստվում են կառուցել մարզադաշտեր՝ նախատեսված 10000-15000 հանդիսատեսի համար։

Մայիսին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են պատրաստվում ներկայացնել ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Դա մեզ պարտավորեցնում է ունենալ ժամանակակից մարզադաշտ, ինչին համահունչ էլ կառավարությունը պարբերաբար խոսում է 35000 հանդիսատեսի համար նախատեսված ազգային մարզադաշտի մասին։

Կարելի է հակադարձել, թե չկան պայմաններ, չկա հանդիսատես։ Ինչ-որ չափով համաձայն եմ նման պնդման հետ (ինչը բազմիցս ապացուցվել է տարբեր երկրներում, լավ պայմանները ավելացնում են մարզադաշտի այցելուների քանակը): Բայց՝ չմոռանանք «Հրազդան» մարզադաշտի նստատեղերի քանակը՝ մոտ 54000։ Իհարկե, մի քանի տարին մեկ հնարավոր են խաղեր, երբ մարզադաշտ այցելողների քանակը կլինի նույնիսկ ավելին, քան «Հրազդանի» 54000 նստատեղերն են, բայց դա քիչ հավանական ու հազվադեպ երևույթ է։
!
Եկեք հասկանանք, թե ինչ արժե մարզադաշտ կառուցելը։ Մի քանի օրինակ վերջին տարիներին Եվրոպայում կառուցված մարզադաշտերից.
Եվրոպայում մարզադաշտի կառուցման միջին արժեքը կազմում է €4,000–€6,000 յուրաքանչյուր նստատեղի համար, ինչը մոտավորապես համարժեք է $4,500–$6,700-ի։ Մինիմալ արժեքը կարող է կազմել մոտ €1,800, իսկ առավելագույնը՝ մինչև €15,000 նստատեղի համար։ Աչքի են ընկնում Ռեալի և Բարսելոնայի մարզադաշտերի արժեքները, բայց երկու դեպքում էլ խոսքը հսկայական բիզնես կառույցների մասին է, որոնք գիտեն՝ ինչպես շատ արագ վերադարձնել ներդրումները, կարող են իրենց թույլ տալ նման ծախսեր։

Բազմապատկելով «Հրազդան» մարզադաշտի նստատեղերի քանակը մեկ նստատեղի արժեքին՝ կարելի է հասկանալ պահանջվող ներդրումների ծավալը։ Բայց սա դեռ վերջը չէ։

«Հրազդան» մարզադաշտի վերակառուցման դեպքում արժեքը միանշանակ լինելու է ավելին, քան նոր մարզադաշտ կառուցելու դեպքում։ Մարզադաշտերի կառուցման 1960-ականների և այժմյան նորմերը բավականին տարբերվում են, ինչը ենթադրում է, որ հնարավոր չէ առանց մեծ միջամտությունների ադապտացնել «Հրազդան» մարզադաշտը ժամանակակից նորմերին։ Որպես օրինակ կարելի է տեսնել Մոսկվայի «Լուժնիկներ» մարզադաշտի կտրվածքը, որտեղ կարմիրով նշված է հին կտրվածքը, սևով՝ նոր տրիբունաները։ Փոփոխությունները արվել են 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալելու համար։ Փաստացի, կառուցվել են լրիվ նոր տրիբունաներ։ Նշեմ, որ մինչ այդ «Լուժնիկներ» մարզդաշտը անցել է երկու կապիտալ վերանորոգումների միջով՝ 1998 և 2008 թվականներին։
  • Լուժնիկներ, 1960թ․
    Լուսանկարը՝ Thomas Taylor Hammond
  • Վերակառուցման նախագծի կտրվածքը
    Լուսանկարը՝ archdaily.com
  • Լուժնիկներ, 2019թ․
    Լուսանկարը՝ Mos.ru
Եթե «Հրազդան» մարզադաշտը պահպանվի որպես սպորտային/ֆուտբոլային կառույց, մոտավորապես նույնը տեղի կունենա։ Այսինքն, կփոփոխվեն նստատեղերի միջև հեռավորությունից մինչև անվտանգային նորմեր, խաղադաշտի մուտք, հանդիսատեսի դեպի մարզադաշտ մուտք, կայանատեղիներ, տարհանում. հարցեր, որոնք պահանջելու են լուծումներ ըստ ժամանակակից նորմերի։

Ուեֆայի/Ֆիֆայի նորմերը ուղիղ կերպով չեն ստիպում ունենալ ծածկ տրիբունաների վրա, բայց խորհուրդ են տալիս ունենալ այն գոնե կենտրոնական տրիբունայի վրա։ Մեր կլիմայական պայմաններում ծածկը օգտակար կլինի գոնե կիզիչ արևից պաշտպանվելու համար։ Վերևում նշեցի վազքուղիների մասին, նույն նորմերը չեն պահանջում բացառել վազքուղիները, բայց կրկին խորհուրդ են տալիս կառուցել զուտ ֆուտբոլային մարզադաշտեր, որտեղ տրիբունաները հնարավորինս մոտ են խաղադաշտին։ Դա ժամանակակից ֆուտբոլի հրամայականն է։
  • Թբիլիսիի Դինամո ստադիոնը, 1935թ․
    Լուսանկարը՝ wikipedia.org
  • Վրաստան-Հայաստան հանդիպում
    Լուսանկարը՝ Հայկ Զալիբեկյանի
  • Բորիս Պայչադձեի անցան արենա
    Լուսանկարը՝ Amarhgil
Կարելի է դիտարկել հարևան վրացիների օրինակը, որոնց «Դինամո» մարզադաշտը մի քանի վերանորոգումներից հետո այժմ ունակ է հյուրընկալել ամենաբարձր մակարդակի ֆուտբոլային խաղեր։ Բայց նաև այնտեղ է խաղում Վրաստանի ռեգբիի հավաքականը, որը աշխարհի լավագույն հավաքականներից է։

Այլ տարբերակ է պահպանել կառույցը՝ փոփոխելով կառույցի ֆունկցիան։ Ադապտացնել այլ գործառույթների համար՝ սպորտ, համերգներ, ժամանցի վայրեր։ Դա ենթադրում է կրկին մեծ միջամտություններ, որոնք, սակայն, թույլ կտան պահպանել «Հրազդանը»՝ որպես ճարտարապետական կառույց։ Բայց ինչքանով դա կլինի «մեր» Հրազդանը, դժվարանում եմ ասել։ Եվ, ի վերջո, ո՞րն է այն միջամտությունը, որին մենք պատրաստ ենք Հրազդանը պահպանելու համար։ Ինչի՞ համար ենք պատրաստ վճարել մենք։
Մարզադաշտը՝ որպես ճարտարապետական կոթող
Եթե «Հրազդան» մարզադաշտն ընկալենք որպես զուտ սպորտային կառույց, ապա կարծես թե իմաստ չկա պահպանել նման հսկայական կառույց Հայաստանում։ Վերականգնել ինչպես որ կա՝ նույնպես անիմաստ է վերը նշված պատճառներով։ Վերակառուցել՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին՝ շատ թանկ է և դուրս ներդրումներ-շահույթ շղթայից։ Իսկ այդքանից հետո արդյո՞ք դա կլինի նույն «Հրազդան» մարզադաշտը։

 Չմոռանանք միայն, որ «Հրազդան» մարզադաշտը մասնավոր սեփականություն է, և այն դեռ պետք է գնել/վերադարձնել պետությանը։

Իսկ եթե ընդունենք, որ «Հրազդան» մարզադաշտը Երևանի, Հայաստանի կարևոր ճարտարապետական կառույցներից է, մեր ազգային հիշողության, ինչու չէ, մեր ինքնության մի մասը, ապա միանշանակ պետք է պահպանել և գտնել ուղիներ այն պատշաճ վիճակի բերելու, ինտեգրելու մեր սպորտային և մշակութային կյանքին։ Բայց գեղեցիկ խոսքերի հետ մեկտեղ հիշենք, որ դրա համար պիտի վճարենք մենք՝ հարկատուներս։
Groupama Aréna Budapest
Լուսանկարը՝ connectionclues.com
Իհարկե, հեշտ է հուզական գրառումներ կամ ելույթներ ունենալ «Հրազդանի» կարևորության, պահպանման մասին։ «Հրազդան» մարզադաշտի վերականգնում/վերանորոգումը դուրս է «զամասկել-ներկել» տրամաբանությունից։ Պետք է սթափ նայել իրողությանը, հասկանալ, թե ինչ ենք անում և ինչպես։ Կամ, եթե կուզեք, եկեք մեր ոտքերը վերմակի չափով ձգենք։

Միգուցե կմտածեք, թե հոդվածս առաջարկ է «Հրազդանը» քանդելու մասին։ Ամենեվին, ես ինքս շատ կուզենամ, որպեսզի «Հրազդանը» պահպանվի, բայց ոչ ինչպես հիմա՝ որպես լուռ հուշարձան, այլ՝ քաղաքային և հանրապետական կյանքին ինտեգրված ճարտարապետական կառույց։

Միգուցե նոր ազգային մարզադաշտի կառուցման փոխարեն ճիշտ կլինի ավել (թեկուզև երկու անգամ ավել) գումար ծախսելով, միջազգային մեծ մրցույթով (միայն թե ոչ Կասկադի ավարտին հասցնելու նախագծի նման) վերականգնել/վերակառուցել «Հրազդան» մարզադաշտը։ Ավելի ազգային մարզադաշտ դժվար է պատկերացնել։
~