Օղակաձև
զբոսայգին

Երևանի կենտրոնը օղակող զբոսայգու ամբողջական պատմությունը

Օղակաձև այգին գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում և ծառայում է որպես քաղաքի կարևորագույն կանաչ գոտիներից մեկը: Այն ձգվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջ՝ բաժանելով փոքր և մեծ կենտրոնները։ Այգին տարածվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմաց, որտեղ տեղակայված է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, և ձգվում է Խանջյան, Երվանդ Քոչարի, Մոսկովյան և Իսահակյան փողոցների երկայնքով։

1919 թվականին Թամանյանը հեղափոխական Պետրոգրադից տեղափոխվում է Հայաստան՝ Առաջին հանրապետության ղեկավարության հրավերով և դառնում մի ամբողջ քաղաքի հեղինակ։ Միայն 1924 թվականին ապրիլի 3-ին, երբ ճարտարապետն արդեն վերադարձել էր Խորհրդային Հայաստան, հաստատվում է քաղաքի նոր, թարմացված հատակագիծը։ Թամանյանը ազգային քաղաքի և Հովարդի քաղաք-այգիների գաղափարի հիման վրա ստեղծում է Երևան մայրաքաղաքը։
Օղակաձև զբոսայգին իրականացվեց Թամանյանի մտահղացման ուղիղ կեսի չափով։ Օղակի փոխարեն այն դարձավ կիսաշրջան։ Օղակաձև զբոսայգու՝ «Լենինի պողոտայից մինչև Հոկտեմբերյան պողոտա» վերակառուցման հայեցակարգը մշակվեց 1963 թ-ին: Հեղինակներն էին Ֆենիքս Դարբինյանը /ամբողջական նախագծի հեղինակ/, Մարգարիտ Հայրապետյանը /ճարտարապետական մասի հեղինակ/, Ֆելիքս հակոբյանը /ուղղաձիգ հատակագծման հեղինակ/։

Ինչպես նշում է ճարտարապետ Կարեն Բալյանը «Ֆենիքս Դարբինյան․ քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքում, Օղակաձև զբոսայգին մտահղացվել է որպես երկարաձիգ կանաչ գոտի՝ ջրային տարածքների ցանցով և հանրային սպասարկման հանգույցներով /սրճարաններ, խորտկարաններ, պարային դահլիճ, կանաչ թատրոն, խաղահրապարակներ, լուռ ժամանցի վայրեր և այլն/։
Կարեն Բալյանը 1960 թվականներին Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի մեկնարկած վերակառուցումն անվանում է «Նախագիծ 2750»: 1968 թվականին նշվում էր Երևանի 2750-ամյակը, և քաղաքում մեկնարկել էին վերակառուցման և բարեկարգման մասշտաբային նախագծեր։ Դրանք արդյունքում դարձան քաղաքի գոհարները՝ Ձնհալի շնորհիվ արտացոլելով ազգային ինքնագիտակցության վերելքը։

««Նախագիծ 2750» հիմքում ազատ ձևերի և տարածությունների հայեցակարգն էր, որի բաղադրիչներից մեկը ջուրն էր։ Այն թե՛ որպես կյանքի խորհրդանիշ, թե՛ որպես հորիզոնական, նախատիպային է Ձնհալի ճարտարապետական ձևերի համար», - նշում է Կարեն Բալյանը։

Ի սկզբանե Օղակաձև այգու հիմնական գործառույթը քաղաքի օդը մաքրելն ու առողջ միկրոկլիմա ստեղծելն է։ Այն նաև կարևոր հանգստավայր է մարդկանց համար։ Այգին համարվում է քաղաքի՝ ծառերի և թփերի տեսակներով ամենահարուստ կանաչ գոտիներից մեկը: Այգում աճում են սոճի, եղևնի, գիհի, ակացիա, թխկի, կատալպա, կաղնի, կեչի, բարդի, հացենի, արոսենի, բալենի, կեռասենի, տանձենի, չիչխանի ծառ, սոսի, հուդայածառ, փշատենի, թթենի, ասպիրակ և մասրենի։

2000-ականներին տարածքի որոշ հատվածներ վարձակալության են տրվել և վերածվել սրճարանների։ Օղակաձև զբոսայգու 6 նախագծային հատվածների ընդհանուր մակերեսը կազմում է 31 հա, որի 50-60%-ը, ըստ Հետքի, «զբաղված» են 98 վարձակալ տնտեսվարողների կողմից։
Հակիրճ պատմություններ Օղակաձև զբոսայգու յուրաքանչյուր հատվածի զարգացման մասին
Նախագիծը պատրաստվել է Green Rock Management Group ընկերության հետ համագործակցության շրջանակներում։