Օղակաձև զբոսայգու՝ Տերյանից մինչև Աբովյան փողոցն ընկած հատվածը պաշտոնապես կրում է երկրորդ համարը։
Տեղի առաջին հուշարձաններից են ոճով կտրուկ տարբերվող Իսահակյանի արձանն ու Բարեկամության ձեռքերը, որոնք տեղադրվել են գրեթե միաժամանակ։
Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Լիպարիտ Սադոյանի՝ բրոնզից և գրանիտից ստեղծած 4,5 մետր ընդհանուր բարձրությամբ Ավետիք Իսահակյանի արձանի բացումը տեղի է ունեցել 1965 թ. հունիսի 12-ին։ Ճարտարապետ Արսեն Կարապետյանը նշում է, որ ճարտարապետական շրջանակներում լեգենդ էր շրջում, որ 1940-50- ականներին Երևան տեղափոխվելուց հետո գրողին հաճախ կարելի էր տեսնել Աբովյան փողոցով զբոսնելիս․ ահա, թե ինչու է Իսահակյանի արձանը նայում դեպի Աբովյան փողոց։
Այգու հակառակ ծայրում՝ Տերյան փողոցի մոտ, նույն տարում տեղադրվեցին իտալական մարմարի հայրենիքում կետրված Բարեկամության ձեռքերը։ Դեռևս 1962-ին Երևանն ու Կարարա քաղաքները հայտարարվեցին քույր քաղաքներ և որպես բարեկամական նվեր Երևան ուղարկվեց Կարարայում տեղադրված Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակը։ Երկու մետրից ավելի բարձրություն ունեցող ձեռքերը յուրահատուկ հորինվածք ստացան քանդակագործ Արա Հարությունյանի շնորհիվ։
Երբ Թամանյանն ավարտեց զբոսայգու ուրվագծերը, այգու հարևանությամբ դեռևս 1930-ականներին կառուցվեց Պուշկինի անվան դպրոցը։
Դպրոցի շրջանավարտ Արմեն Մինասյանը 1965-ից դասի էր գնում այգու միջով։ Նա նշում է, որ արդեն այն ժամանակ պուրակը խաղաղ ժամանցի վայրերից էր։
«Իհարկե, արդեն զբոսայգու երկու ծայրերին տեղադրվել էին Իսահակյանի արձանն ու մարմարե ձեռքերը, սակայն մնացած հատվածները հանգիստ զբոսնելու գոտիներ էին։ Իսկ այսօրվա Երիտասարդական մետրոյի տեղը «Լոռի» ռեստորանն էր, որտեղից Պուշկինի դպրոցի բուֆետպան տիկին Ֆլորան բերում էր դպրոցի համար հատկացվող պարենը», - վերհիշում է Արմեն Մինասյանը։
«Լոռի» ռեստորանի շենքը Լուսանկարը՝ Հին Երևան
Խարխուլ ռեստորանի փոխարեն Ստեփան Քյուրքչյանի հեղինակած «Երիտասարդական» մետրոյի կայարանը բացվեց 1981 թ. մարտի 7-ին՝ Երևանի մետրոպոլիտենի թողարկման առաջին փուլում՝ «Բարեկամություն» - «Սասունցի Դավիթ» գծի բացման ժամանակ։ Ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի և կոնստրուկտոր Իլյա Մանուչարյանի՝ անկյան տակ գետնից վեր խոյացող սպիտակ շինությունը դարձավ հայկական մոդեռնիզմի խորհրդանիշներից մեկը։
Կայարանի ներսում բաց մոխրագույն մարմարը կարծես զուգահեռներ ունի հարևանությամբ տեղադրված մարմարե ձեռքերի հետ։ Սպասասրահի սյուների ուղղահայաց դեկորատիվ մետաղական ցանցերը ծածկում են դրանց մեջ տեղադրված օդափոխության սարքերը։
«Երիտասարդականի կայարանի գաղափարը շատ սիրուն էր մտածված՝ երդիկ, որի լույսը հասնում է ստորգետնյա կառամատույցին: Բայց գուցե ինչ-ինչ տեխնիկական պատճառներով ստորին կառամատույցը տեղափոխվեց ահագին հեռու, որով հիմնական գաղափարը շուռ եկավ՝ ներսից դեպի վեր հոսող աստիճաններից կարելի է տեսնել երկինքը», - նկատում է ճարտարապետ Արեգ Ասատրյանը:
Ճարտարապետը հավելում է, որ այդ կայարանի համար երկրորդ ելք/մուտք էր նախատեսված, որը Կաթողիկե եկեղեցու հարակից բակ պետք է հասներ՝ այն ժամանակ լեզվի ինստիտուտի շենքի մոտ:
Մետրոյի սպասասրահի «Երիտասարդություն» բրոնզե խորաքանդակի հեղինակն է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։ Նրա «Վերածնունդ» նրբագեղ արձանն այսօր գտնվում է Օղակաձև զբոսայգու 3-րդ գոտու՝ Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։
Մետրոյի մուտքի հարևանությամբ ժամանակին գործում էր ամառային սրճարան, հովանոցներով մի քանի սեղանիկ կար։ Սակայն 90-ականների երկրորդ կեսից զբոսայգու այս հատվածը սկսվեց զավթվել տարատեսակ սրճարաններով, որոնց մի մասն այսօր լքված է: Արագ սննդի սրճարաներ հայտնվեցին, Իսահակյան փողոցի կողմից կառուցվեց խանութների տաղավարների շարք, որով զբոսայգու ամենահանգիստ ու կոկիկ մասը վերածվեց անորոշ դիմագիծ ունեցող հատվածի։
~
Հոդվածը պատրաստվել է Green Rock Management Group ընկերության հետ համագործակցության շրջանակներում։