Հաջորդ հատվածն սկսվում է Վարդանանց փողոցից ու արդեն ասֆալտի տակ հոսող Գետառի հունին զուգահեռ, հասնում մինչև Սայաթ-Նովայի պողոտա։ Ի դեպ, սա միակ հատվածն է, որտեղից բանտարկված Գետառը մեզ «աչքով է անում» ՝ կոյուղու ջրատար հիշեցնող փոքրիկ բաց հատվածից։
Սև շատրվանի էսքիզը Աղբյուր՝ Կարեն Բալյան «Ֆենիքս Դարբինյան․ քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքից
Այգու այս տարածքը ամենաշատ կառուցապատվածն է, այստեղ են կառուցվել այնպիսի խոշոր շինություններ, ինչպիսիք են Multi Wellness սպորտային և սպա կոմպլեքսը, «Messier 53» հյուրանոցը, Թեքեյան կենտրոնը և բազմաթիվ սրճարաններ։ Ըստ ճարտարապետ Սերգո Տոնոյանի, այս հատվածի նախնական տեսքի վերականգնումն այս պահին գրեթե անհնար է։
Խայտաբղետ սրճարաններով շրջապատված՝ իր տեսքն ու շքեղությունը գրեթե կորցնում է խորհրդային շրջանից այգու գոհարը համարվող մետաղյա սև շատրվանը՝ Ֆենիքս Դարբինյանի ստեղծագործությունը։
«Շատրվանի ուղղությամբ փողոցի շարունակության վրա զբոսայգու այս հատվածով հոսող Գետառի վրայով հետիոտնային կամուրջ էր գցված (հիմա քաղաքի այդ մասը զգալիորեն վերակառուցված է, հեռանկարը դեպի շատրվան փակված է ռեստորանի ծավալով)», - գրում է Կարեն Բալյանը «Ֆենիքս Դարբինյան․ քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքում։ Նա չափազանց բարձր է գնահատում շատրվանը՝ այն կոչելով 20-րդ դարի երկրորդ կեսի ազգային մշակույթի գագաթներից մեկը։
Սև շատրվանները՝ խորհրդային բացիկի վրա Աղբյուր՝ https://www.jhpostcards.com/
«Երբ շատրվանը չի գործում, և երբ այն գործում է, դրանք երկու տարբեր ինքնուրույն ձևեր են։ Չգործող շատրվանը հետաքրքիր է և գրավիչ՝ որպես մոնումենտալ ստեղծագործություն։ Որպես ճարտարապետություն, այնքան էլ այդպես չէ, և պատահում է, որ չգործող շատրվանը ստեղծում է անավարտության, ժամանակավորության զգացում։ Գործող շատրվանը, կենդանանալով, կորցնում է մոնումենտալությունը, ամբողջ մետաղը սքողվում է ջրի շերտերի հետևում՝ վերածվելով փափուկ, գրավիչ կենդանի մարմնի, քաղաքային տարածության մեջ որպես գունդ իր շուրջը ստեղծելով ուրախության և տոնականության զգացում», - գրում է Բալյանը։
Այն, որ հենց այս տարածքն է գրավել կառուցապատողների և գործարարների հետաքրքրությունը, պատահական չէ։ Ըստ մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանի, սա օղակաձև այգու ամենաանվտանգ հատվածն է, քանի որ կառուցման պահին տարածքի շուրջ արդեն եղել են բազմաբնակարանային շենքեր, ու այգին արդեն պահանջված էր բնակիչների կողմից։
Տարածքի ևս մեկ օրիգինալ ճարտարապետական և քաղաքաշինական լուծումն էր «Սկյութ» բաց լողավազանը, որը գործում էր ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։ Իսկ քաղաքի կենտրոնում լողազգեստով մեծահասակներ տեսնելը այդքան էլ սովորական չէր, և նման որոշումը բավականին խիզախ էր։
«Սկյութ» բաց լողավազանը, 1980-ականներ Լուսանկարը՝ Արմեն Մնացականյանի արխիվից
Համլետ Մելքումյանի կարծիքով, Օղակաձև այգու 5-րդ հատվածն ամենավթարվածներից է։ Այսինքն, եթե 6-րդ հատվածը պահպանել է իր ընդհանուր տեսքը թեկուզ լքված վիճակում, ապա այս մասը չափազանց պահանջված էր բիզնեսի կողմից հատկապես 2000-ականներին։ «Եթե խորհրդային ժամանակ բնակիչները համալսարանների պահանջարկ էին ստեղծում, ապա հիմա բնակիչների շահը մի կողմ է դրվում ու առաջ է գալիս ագրեսիվ բիզնես շահը՝ թիրախավորելով ուսանողներին ու հարուստ, միջինից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներին։ Չնայած Սովետի ժամանակ ինքը ամենաէսթետիկ կտորն է եղել», - ասում է Մելքումյանը։
Նրա խոսքով, այժմ բիզնեսները փորձում են գեղագիտական տեսք տալ տարածքին, բայց չեն հաջողում։ Չնայած դրան, այգին իր հանրային նշանակությունը չի կորցնում, իսկ լճակն ու շատրվանը մշտապես պահանջված են շոգ թաղամասում։
«Եթե այգին սկսի առողջանալ, իսկ դա ինչ-որ փուլում անպայման տեղի է ունենում, այդ բիզնեսներն իրենք իրենց դուրս են գալու։ Մյուս տարբերակը, որ իրենց արագ դուրս հանեն, որ այգին սկսի արագ առողջանալ, բայց՝ շատ գրագետ ու զգույշ կոնցեպտների հետ աշխատելով, մոդեռնիզացնելով։ Առաջին բանը, որ պիտի հաշվի առնենք՝ Երևանին միշտ պետք է ավելի շատ կանաչ, ավելի շատ ջուր, քան կավ։ Դա գոնե պիտի լինի առաջնահերթություն, ինչ էլ որ անեն։ Մեկ էլ երեխաների տարածք պետք է լինի։ Այսինքն, բոլոր երեք բաղադրիչները հաշվի առնենք», - ասում է Մելքումյանը։
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» (CSN Lab) նախագահ ու համահիմնադիր Տիգրան Ամիրյանն ասում է, որ Գետառի նշանակությունը երևանցիների համար շատ ավելին է, քան ուղղակի որպես Օղակաձև այգու կոնցեպտն ամրացնող ջրային տարածք։
Մինչև 2000-ականները Գետառն ունեցել է հատուկ դեր․ գետի ափերը զբոսավայր էին ուսանողների և երիտասարդների համար։
«Գետառը, ինչպես նաև Օղակաձև այգին, ունեն մեծ նշանակություն երևանցիների կոլեկտիվ հիշողության համար, քանի որ այդ գոտիները շատ ամուր տեղ ունեն քաղաքացիների հիշողության մեջ, և այդ հիշողությունն է ստեղծում քաղաքի և քաղաքացիների ինքնությունը։ Եվ այդ առումով բավականին լուրջ տրավմայի է ենթարկվել քաղաքացու ինքնությունը և քաղաքի ինքնությունը, երբ Գետառը փակվել է», - ասում է Տիգրան Ամիրյանը։
Ըստ մասնագետի, քաղաքային իշխանություններն 2000-ականներից սկսած անտեսել են Գետառը, թույլ են տվել, որ վերածվի աղբանոցի։ Իսկ երբ սկսվել է գետը փակելու շատ արագ գործընթացը, հանրային գիտակցության մեջ այն բացասական ընկալում է ունեցել, ինչն էլ թուլացրել է ակտիվիստների դիրքերը Գետառի համար պայքարում։
Գետառը վերադարձնելն այս պահին չափազանց բարդ կլինի։ Նախ, գետը բետոնի տակ է 2008 թվականից, նաև փոխվել է դրա դերը և նշանակությունը։ Հիմա այն կոյուղատար է և գետ չի համարվում, ուստի պետք է իրավական որոշում քաղաքային իշխանությունների կողմից։
Նաև պետք է էկոլոգիական հետազոտություն հասկանալու համար՝ արդյո՞ք գետի ջուրը չափազանց աղտոտված չէ, կարո՞ղ է մաքրվել ու վտանգ չներկայացնել բնակիչների համար։
Սակայն ամենաբարդ գործը կառուցապատված տարածքների վերադարձն է, քանի որ պետք է բանակցել տարածքները սեփականաշնորհած բիզնեսների հետ գետը վերադարձնելու համար։
Գետառի ափին, Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկին գտնվող Թեքեյան արվեստի կենտրոնի փոխարեն ժամանակին գտնվում էր հերթական չգնահատված մոդեռնիստական շինությունը՝ «Կռունկ» ռեստորանը։ Դրա հեղինակն էր ճարտարապետ Օլեգ Շոկարևը։
~
Հոդվածը պատրաստվել է Green Rock Management Group ընկերության հետ համագործակցության շրջանակներում։