Տարբեր անուններով մոդեռնիստական նավ-սրճարանը

Օղակաձև զբեսայգու առաջին հատվածը
Միլենա Հովհաննիսյան
լուսանկար

Օղակաձև զբոսայգու կառուցումն սկսվեց 1960-ականներին՝ Առագաստ սրճարանով: Այգու առաջին հատվածում մի իսկական հանրային գոտի ձևավորվեց: Ամեն ինչ կար՝ խնամված ծաղկեթմբեր, բարձր ու սաղարթախիտ ծառեր, հարմարավետ զով ծառուղիներ, իսկական լճակ և, վերջապես, այդ ամենի թագ ու պսակը՝ Առագաստ սրճարանը:

Առագաստը ոչ միայն զբաղեցնում էր այգու այդ հատվածի զգալի մասը: Այն ամբողջ տարածքին մթնոլորտ ու տրամադրություն էր թելադրում: Ջրային գոտի էր ձևավորվել, ինչը հանրային գոտուն լիարժեքություն էր հաղորդում, այնպես, ինչպես զբոսայգու նախագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանն էր նախատեսել:

Այգու այդ առաջին հատվածը և ոչ միայն հատվածի, այլև ամբողջ այգու ամենանշանավոր սրճարանը նախագծեց Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը 1964 թվականին։ Համահեղինակների հետ ճարտարապետը մասնակցել է նաև Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի ստեղծմանը։ Հետագայում նրա նախագծով երևանում կառուցվել են Անի և Դվին հյուրանոցները։ Երկհարկանի սրճարանը հիմա շատ քիչ է նավ հիշեցնում։ Մինչդեռ Ֆելիքս Հակոբյանի նախագծով՝ կառույցի երկրորդ հարկը բացօթյա էր, և երևանյան բարկ արևից ծածկված էր առագաստի կտորով։ Ասում են՝ հենց Հակոբյանն էլ սրճարանը «Առագաստ» է անվանել։
Օղակաձև զբոսայգու առաջին հատվածը
«Կինո Նաիրի մոտի լիճը, դրամատիկը նոր էին բացվել, Երևանի սիրված վայրերից մեկն էր: Ոսկե երիտասարդությունն էր հավաքվում նաև այդ սրճարանում: Շատ դուրեկան մթնոլորտ էր Երևանում ու հատկապես այդ հատվածում: Այժմ «Առագաստ» սրճարանը մի տեսակ անճոռնիացրել են, դրսից երեսպատել, ծանրացրել։ Ինքը շատ դուրեկան, թեթև կառույց էր, լճի շուրջբոլորը մի տեսակ ազատ էր, հասանելի, մարդիկ գալիս էին երաժշտություն լսելու, հիմա մի տեսակ խեղդված է»,- հիշում է թարգմանիչ, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի դուստր Նունե Թորոսյանը։

Տիկին Նունեն հիշում է` Երևանի կենտրոնում բացվող բացօթյա սրճարաններն այնքան գեղեցիկ էին, նույնիսկ Մոսկվայում նմանը չունեին: Անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի արվեստանոցը գտնվում էր Մոսկովյան 8 հասցեում։ Փողոցին ուղղահայաց այդ շենքի դիմացից էր սկիզբ առնում Օղակաձև զբոսայգին։ Ջիմ Թորոսյանը 1971-81 թվականներին եղել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Դեռ 60-ականներից իր արվեստանոցում էր հավաքել մոդեռնիզմով տարված երիտասարդ ճարտարապետների։
The project of "Aragast" cafe. Source: From Karen Balyan's "Fenix ​​Darbinyan. The architect who brought joy to the city" book
The project of "Aragast" cafe. Source: From Karen Balyan's "Fenix ​​Darbinyan. The architect who brought joy to the city" book
The project of "Aragast" cafe. Source: From Karen Balyan's "Fenix ​​Darbinyan. The architect who brought joy to the city" book
«Հայրիկիս արվեստանոցում շատ ջերմ մթնոլորտ էր, իրենք էլ շատ կուռ կոլեկտիվ էին, անընդհատ կատակում էին։ «Առագաստն» էլ ոչ թե կառուցապատված էր, այլ վերևի բացօթյա մասը շեղ բրեզենտով էր ծածկված, դրա համար էլ «Առագաստ» էր կոչվում: Արվեստանոցի ջահելները անունը դրել էին «ռասկլադուշկա», որովհետև ծալովի մահճակալի և առագաստի կտորները այդ նույն հաստ բրեզենտից էին: Այդտեղ քարե գալարաձև նստարաններ կային, այն ժամանակ շատ ժամանակակից էր նայվում: Ամենակարևորը՝ ցանկապատները չկային, մի տեսակ ազատ էր։ Հիմա խցկած է, մինչդեռ քաղաքի կենտրոնում այդ բանը երբեք չէր թույլատրվում»,- նշում է Նունե Թորոսյանը։

Զբոսայգու առաջին հատվածը մյուսներից բաժանող սահմանը Տերյան փողոցն է: Մի կողմից՝ Իսահակյան փողոցում դրամատիկական թատրոնն է, մյուս կողմից խորեոգրաֆիկ ուսումնարանը: Այդ հատվածում Ուսանողական թաղամասն այդտեղ ավարտվում է, սկսվում է Կենտրոնը:

«Դեռահասության տարիքից եմ հիշում Պոպլավոկը, տատիկիս տունը հին կոնսերվատորիայի մոտ էր, կինո Նաիրիից ոչ հեռու: 60-ականներին Պոպլավոկի տեղը փոքրիկ կրպակ էր: Արհեստական լիճ էլ կար, որտեղ լողանում էինք: Հետո կառուցվեց երկհարկանի սրճարանը: Աստիճաններով իջնում էինք առաջին հարկ, եթե ուտել էինք ուզում: Իսկ եթե միայն սուրճ, շամպայն, դա վերևն էր` երկրորդ հարկում…դա` արդեն 72-73 թվականներից սկսած»,- պատմում է մասնագիտությամբ շինարար Մելսիդա Գևորգյանը:
60-ականները հայ մշակույթի ոսկեդար եղան, վերածնունդի և մոդեռնիզմի շրջան։ Առագաստ-Պոպլավոկում հավաքվում էին բոլորը` նկարիչներ, ճարտարապետներ, քանդակագործներ, գրողներ, մոտակայքում գտնվող «Գարուն» ամսագրի աշխատակիցներ, բուֆետ չունեցող Դրամատիկական թատրոնի դերասանները: Հավաքվում էին մոդեռնիստական սրճարանում, զրուցում ու բանավիճում: Անվանի մարդկանց տեսնելու, նրանց խոսք ու զրույցին թեկուզ կողքից ունկնդրելու երկյուղածաբար գալիս էին երիտասարդները: Սրճարանն առավոտից իրիկուն լիքն էր։

«Թանկ չէր. 10-15 ռուբլով 4-5 հոգու համար կարողանում էինք շամպայն պատվիրել: Քիչ էր պատահում, որ գնայինք ու ազատ տեղ լիներ:Երկրորդ հարկը երբ բացվեց, Նինա անունով մի կին էր աշխատում: Նինան գոռում էր․«Առավոտյան 6-ի նստածներ, վեր կացեք, որ նոր եկածներին տեղ լինի»: Կարող է` մի բաժակ սուրճ վերցնեին, նստեին ու սցենար կարդային»,- վերհիշում է Մելսիդա Գևորգյանը:

«Առագաստի» կենսագրությունը հարուստ է անվանի մարդկանցով և իրադարձություններով: Նունե Թորոսյանը հիշում է, որ այնտեղ լճի կղզյակի վրա երաժշտական փառատոններ էին անցկացվում: Երգ-երաժշտությունը գրավում էր ավելի շատ մարդկանց, հանգստի գոտին ավելի էր աշխուժանում: Տխուր իրադարձություններ էլ կային: 1975 մոտ սրճարանի երկրորդ հարկից` 5 մետր բարձրությունից վայր ընկավ ու մահացավ «Պոպլավոկի» մշտական այցելուներից մեկը՝ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը: Բանաստեղծը «Պոպլավոկի» խորհդրանիշերից էր: 35-ամյա տաղանդավոր պոետի հոգեհանգիստն էլ նույն սրճարանում կատարվեց:
Օղակաձև զբոսայգու բոլոր հատվածներում հայտնի մարդկանց արձաններ են տեղադրված։ Այս հատվածում է գտնվում հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի արձանը։ Երեք մետրանոց բազալտե հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Նորայր Կարգանյանը, ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։ Արձանը բացվեց 2000 թվականի փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-րդ տարեդարձին Տերյանի անունը կրող փողոցի հարևանությամբ:

Խորհրդահայ նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի 100-ամյակի առթիվ 1997-ին զբոսայգու՝ Մոսկովյան փողոցին զուգահեռ հատվածում հուշաքար տեղադրվեց: Հեղինակը ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանն էր: Կարո Հալաբյանը հայ նորարարարական ճարտարապետության հիմնադիրներից էր, հայկական կոնստրուկտիվիզմի հիմնադիրներից, ինչպես նշում է ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանը: Նրա անսովոր ու զարմանալի ավանգարդիստական շինությունները մինչև հիմա էլ պահպանվել են` հիմնականում Մոսկվայում:

Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին մոտ այգում ևս մի կարևոր կոթող կա: Երկփեղկ քանդակը նվիրված է հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին: 2006 թվականի հոկտեմբերի 27-ին է տեղադրվել: Հեղինակը Ռուբեն Արուտչյանն է:

Այգում տեղադրված հուշարձաններից մեկը «Առագաստի» հասակակիցն է: Տուֆակերտ «Աղբյուր» հուշարձանը ստեղծվել է 1965-ին: Արձանի հեղինակներն են քանդակագործ Արա Հարությունյանը եւ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Խաչքարի նման ուղղահայաց կոթողին խաղողի ողկույզներ են քանդակված: Աղբյուրի երկու կողմերում ոճավորված քարե խոյեր են: Այս աղբյուրի գրեթե կրկնօրինակը` թեթևակի փոփոխություններով, պատրաստվեց և տեղադրվեց Իտալիայի Կարարա քաղաքի զբոսայգիներից մեկում` իբրև Երևան-Կարարա քույր քաղաքների բարեկամության նշան:
Տարիքով ամենահինը, սակայն, սրճարանի լճակից ոչ հեռու տեղադրված վիշապաքարն է` մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ է թվագրվում: Փաստորեն, շուրջ 5 հազար տարեկան ձկնացլակերպ վիշապաքարը հայտնաբերվել է 1909-ին` հնագետներ Նիկողայոս Մառի և Յ. Սմիռնովի կողմից Գեղամա լեռների Սախուրակ /վիշապներ/ վայրում: Երևան է տեղափոխվել 1970 թվականին և տեղադրվել քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում:

Իսկ տարածքի ամենանոր քանդակը հայկական գամփռին է պատկերում բնական չափսերով: Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ տեղադրվել է 2018 թվականի օգոստոսի 23-ին: Նվիրատուն Ամստերդամի Ս. Գրիգոր Նարեկացի հիմնադրամն է, քանդակագործը` Լևոն Թոքմաջյանը:

«Առագաստ» սրճարանի և Օղակաձև զբոսայգու մի հատվածի նախագծման համար Ֆելիքս Հակոբյանը ճանաչվել էր խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր:
1997-ին երբ սրճարանի նոր սեփականատերը որոշեց վերակառուցել «Առագաստը»,նախագիծը պատվիրեց Ֆելիքս Հակոբյանին: Սակայն իրագործվեց բոլորովին այլ նախագիծ: Արդյունքում, «Առագաստ»-ի տեսքը նկատելիորեն փոխվեց, կորավ նախնական մտահղացման թեթևությունը և ինքնատիպ հմայքը:

Շուրջ 60 տարի առաջ կառուցված Օղակաձև զբոսայգու առաջին հատվածն այսօր իրոք անճանաչելի է: Տարածքը վերջնականապես ձևախեղվեց, երբ մի քանի տարի առաջ այնտեղ մանկական ատրակցիոններով հագեցած ժամանցի վայր բացվեց:


Թվում է` մի կողմից, չնայած ավելացված քանդակներին և ժամանցի գոտուն, այգու այս հատվածը չի փոխել իր գործառույթը` մնալով հանրային ժամանցի վայր։ Սակայն լիովին կորցրել է հանրային տարածքին հատուկ հարմարավետությունը:
~
Հոդվածը պատրաստվել է Green Rock Management Group ընկերության հետ համագործակցության շրջանակներում։