Այսպիսով, անկախ միջոցների աղբյուրից, որոնք կուղղվեն Հայաստանում փրկություն գտած արցախահայերին կացարանով ապահովելուն (պետական միջոցներ, «փոխհատուցում», հումանիտար աջակցություն, բարերար անհատներ ու կազմակերպություններ, նվիրատվություններ, թե սրանց համադրությունը), այս բնակելի միավորները պիտի լինեն երկրի ընդհանուր բնակելի ֆոնդի մաս։ Եվ փաստորեն, գործ ունենք բնակֆոնդի բավարար լինելու հարցի հետ՝ քանակապես և որակապես։
Հայաստանում բնակարանների թվացյալ սղությունը երկու հիմնական գործոնների հետևանք է․ մեկ տնային տնտեսության կողմից մի քանի անշարժ գույք ունենալու և ազատ բնակֆոնդի (vacancy rate) բարձր չափաբաժնի, որոնք էլ բերում են վարձակալության չարդարացված բարձր (և դրանից օրինաչափորեն հետևող՝ վաճառքի) և աճող գների։ Ազատ բնակֆոնդի առկայությունը ինքնին բացասական ցուցանիշ չէ․ քաղաքային առողջ տնտեսություններում ակնկալվում է, որ կամայական պահի այն պետք է լինի 2,5-3,0% սահմաններում:
Չկան հստակ տվյալներ, թե մեր երկրում բնակարանների քանի՞ տոկոսն է երկարաժամկետ ազատ, դրանց ո՞ր մասն է անմիջապես բնակեցման համար պիտանի, բայց 2022 թվականի երրորդ եռամսյակում ասվում էր, որ Երևանի 266 հազար բնակարաններից 23,000-ը
զբաղված չէ։ Սրան պետք է գումարել Երևանում այժմ կառուցվող մի քանի տասնյակ հազար բնակարանները։ Ազատ բնակֆոնդի տոկոսը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի բարձր է այլ բնակավայրերում։Ենթադրաբար, երկրում շենքերի
60%-ը համարվում է խոցելի սեյսմանվտանգության տեսակետից։
Բայց հաշվի առնելով վերոնշյալ ռազմավարության բացակայությունը, որը պիտի արտացոլվեր տարածական երկարաժամկետ պլանավորման մեջ, բարդ է գնահատել, թե վերջին տարիներին կառուցված բնակելի ֆոնդը որքանով կկարողանա փոխարինել վտանգ ներկայացնող հնացող ֆոնդին։
Նաև ակնհայտ է, որ այս նոր կառուցվող բնակարաններից օգտվողները միշտ չէ, որ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներն են, և դրանց զգալի մասը նպաստում է բնակարանային շուկայում սպեկուլյատիվ գնաճին։