Արզական գյուղական համայնքի Աղվերան հանգստյան գոտու առողջարանում նույնպես հյուրընկալել են Արցախից եկած մարդկանց:
«Հոկտեմբերի 1-ից սկսել ենք փախստական ընդունել: Այս պահին մեզ մոտ բնակվում է 74 անձ: Սնունդի ծախսերի մի մասը մենք ենք լուծել, մի մասը` բարերարները: Տրամադրում ենք 3 անգամյա սնունդ, հագուստ, հիգենայի պարագաներ», - ասում է «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրի տնօրեն Ալեքսանդր Խեչումյանը:
Համարներից մեկում ապրում են Հադրութից Տատյանա Աբրահամյանը, Ստեփանակերտից տեղափոխված նրա դուստր Լիանան` հաշմանդամություն ունեցող աղջկա հետ:
«Որդիս առաջնագծում է, իսկ հարսս փոքր թոռերիս հետ հիմա Գորիսում են: Այստեղ մեզ շատ լավ են ընդունում, ամեն կերպ աջակցում և օգնում են», - ասում է Տատյանան: Նկարահանումներից հրաժարվում է` «Ինձ հաճելի չէ լինել փախստականի կարգավիճակում»:
Տատյանան ծնվել և մեծացել է Հադրութում, մասնագիտությամբ հաշվապահ է, մեկ տարի առաջ թոշակի է անցել: «Շատ գեղեցիկ տուն ունեմ Հադրութում, պարտեզում ծաղիներ էի աճացնում: Հիմա եմ հասկանում, ես դրախտում էի ապրում, - ասում է Տատյանան ու քիչ անց հուզված ավելացնում, - այս ամենը հեչ կարևոր չէ, կարևորը մեր երիտասարդ տղաները չզոհվեն»: