Սերբ-հայկական նոր ընկերությունը

Green Rock Management Group»-ը և սերբական «CENTROPROJEKT»-ը ստեղծել են համատեղ ընկերություն:
«Green Rock Management Group»-ի հիմնադիր Մարետա Գեւորկյանն ու «CENTROPROJEKT»-ի ներկայացուցիչ Դրագուտին Պիչլերը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Նոր ընկերություն է ստեղծվել, որի առաջին նախագիծը Դիլիջանում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրն է լինելու։
Սերբական «CENTROPROJEKT» ընկերության պորտֆոլիոն ներառում է բազմատեսակ նախագծեր, օրինակ, Ռուսաստանում Արտաքին գործերի նախարարության և ՄԻՖ-ի հյուպատոսության շենքերը, Կենտրոնական բանկն ու Մոսկվայի մշակութային կենտրոնը, «Մոսկվա» և «ԻնտերԿոնտինենտալ» հյուրանոցները, Գանայի Սեկոնդի ծովային նավահանգիստը, Ինդոնեզիայի ստորջրյա արկերի արձակման բազան, Եթովպիայի «Կայսերական պալատը», ինչպես նաև մի շարք հյուրանոցներ, բանկեր, բնակելի համալիրներ և բիզնես կառույցներ աշխարհի տարբեր երկներում։ Ընկերությունն իրականացրել է ավելի քան 500 նախագիծ ամբողջ աշխարհում։

Հարցազրույցում նոր ընկերության համահիմնադիր Դրագուտին Պիչլերը պատմում է սերբական «CENTROPROJEKT» ընկերության անցած ճանապարհի, նախընտրած ստանդարտների, նոր կադրեր ստեղծելու ծրագրի և Դիլիջանում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրի մասին՝ առաջին անգամ:
— «Green Rock Management Group» ընկերությունը Հայաստանի քաղաքներից մեկում՝ Դիլիջանում կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծային աշխատանքների համար կազմակերպություն էր փնտրում։ Ստացված բազմաթիվ առաջարկներից ընտրությունը կանգ առավ սերբական «CENTROPROJEKT»-ի վրա։

Պարոն Պիչլեր, խնդրում եմ հակիրճ ներկայացնեք ավելի քան 70 տարի առաջ, դեռ Հարավսլավիայի գոյության օրոք հիմնադրված «CENTROPROJEKT» ընկերության զարգացման պատմությունը։ Ե՞րբ, ինչ նպատակով և ինչպե՞ս է այն ստեղծվել և այժմ ի՞նչ ծավալի գործունեություն է իրականացնում:
— Շնորհակալություն, ընկերությունը, ստեղծվել է, կարծեմ, 1951-ին, նախկին Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյի հրամանով: Սկզբում այն զբաղվում էր ռազմական օբյեկտների նախագծմամբ, իսկ այնուհետև սկսեց իրականացնել նաև այլ օբյեկտների նախագծումներ։ Ընկերությունն, ըստ էության, գոյություն ունի 70 տարի, սակայն 2000-ականների սկզբին սկսվեց, պայմանականորեն ասած՝ սեփականաշնորհման գործընթացը։ Ընկերությունը բաժանվեց երեք մասի։ «CENTROPROJEKT»-ը այդ մասնավոր երեք ընկերություններից մեկն է: Այս ընկերությունը մի առանձնահատկություն ունի․ այն համարվում է մասնավոր ընկերություն, որի սեփականատերերը, ըստ էության, նույն ընկերության աշխատակիցներն են, 26-27 սեփականատեր կա։ Արդյունքում ստեղծվել է ընկերություն, որի յուրաքանչյուր անդամն իրեն ընկալում է որպես սեփականատեր: Այսօրվա դրությամբ այն ունի ավելի քան 50 աշխատող։ Դա ոչ քիչ է և ոչ էլ շատ՝ հաշվի առնելով, թե ինչ գործունեություն ենք իրականացնում։ Իմ կարծիքով, դա լավ է։ Վերջին 15-20 տարիների ընթացքում շատ տարբեր աշխատանքներ են իրականացվել, բազմաթիվ հեղինակավոր ու բազմազան օբյեկտներ նախագծվել: Այնպես ստացվեց, որ «Green Rock»-ի աշխատակիցների շնորհիվ հայտնվեցինք Հայաստանի շուկայում։ Եվ ահա այսօր, հուսով եմ, մեկնարկեցինք մեր համագործակցության նոր փուլը։
Հյուրանոց, Բելառուս
— Ի՞նչ նախագծերով և ո՞ր տարածաշրջաններում է հայտնի «CENTROPROJEKT» ընկերությունը։
— Մենք 20 տարի աշխատել ենք Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ շատ մեծ օբյեկտների, ինչպես օրինակ՝ Կենտրոնական բանկի գլխավոր շենքի, Կարմիր հրապարակում գտնվող «Մոսկվա» հյուրանոցի, Տվերսկայա փողոցի «Մինսկ» հյուրանոցի նախագծերը մենք ենք իրականացրել։ Բնականաբար, աշխատում ենք նաև Սերբիայում։ Մի քանի շատ հայտնի, մեծ կառույցների նախագծեր ենք հեղինակել, սակայն չեմ կարող հպարտությամբ չնշել հեղինակավոր «Սավա» կենտրոնի վերակառուցումը, որն այսօր համարվում է Բելգրադի այցեքարտը:

Ինչ-որ մի ժամանակ մենք ներկայացուցչություն ունեինք նույնիսկ Քուվեյթում։ Հինգ-վեց տարիների ընթացքում այնտեղ կատարած աշխատանքի արդյունքում նախագծեցինք Քուվեյթի ամենամեծ կառույցներից մեկը, ինչպես նաև մեծածավալ ևս մի քանի նման օբյեկտներ: Այժմ մենք հիմնականում կենտրոնանում ենք նոր շուկաների բացահայտման վրա։ Այդ բացահայտումներից մեկն էլ այստեղ է՝ Հայաստանում։ Նաև մի նախագիծ ենք իրականացնում Ղազախստանում, որն առևտրի մեծ կենտրոն է:
— Ճարտարապետները երազում են, իսկ ճարտարագետները մտածում, թե ինչպես իրականացնել այդ երազանքները: Կարո՞ղ եք նշել այն նախագիծը, որի իրականացումը ձեզ համար ամենադժվարն էր:
— Իրականում դրանք շատ են եղել։ Ես կասեի, մեր կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ մենք զբաղվում ենք իսկապես շատ բարդ նախագծերով։ Հենց «Սավա» կենտրոնը մի եզակի կառույց է՝ նաև իր հսկայական չափերով: Այդ առումով պետք է նշեմ նաև Մոսկվայի հենց կենտրոնում կառուցված «Մոսկվա» հյուրանոցը: Ըստ էության, այն նախագծերը, որոնցով մենք զբաղվում ենք, ունեն որոշակի առանձնահատկություններ և բարդություններ։ Ես կասեի, որ հենց դա է մեր այցեքարտը: Մենք զբաղվում ենք այնպիսի օբյեկտներով, որոնք ոչ միայն բարդ են իրենց ճարտարապետական և կոնստրուկտիվ հատկություններով, այլև ծանրակշիռ և մեծարժեք կառույցներ են։
— Սերբիան գտնվում է երկրաբանական ակտիվ գոտում։ Ի՞նչ հատուկ տեխնոլոգիաներ եք կիրառում շինարարությունն ավելի կայուն և ապահով դարձնելու համար:
— Ամբողջ աշխարհում շինարարության և արդյունաբերության մեջ այդ ուղղությամբ մշտապես նորարարական փոփոխություններ են տեղի ունենում: Ես վստահաբար կասեմ, որ մեր կազմակերպության գործունեությամբ պատվիրատուներին ապահովում ենք ամուր, գեղեցիկ, այսպես կոչված, կանաչ շենքերով՝ օգտագործելով կանաչ էներգիայի աղբյուրներ, նյութեր, որոնք համապատասխանում են բոլոր կանոններին ու չափորոշիչներին: Ըստ էության, պատահական չէ, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեր հանձնած բոլոր օբյեկտներն, առանց խնդիրների ստանում են եվրոպական և համաշխարհային ամենահայտնի հավաստագրերը, ինչպիսիք են՝ BREEAM-ը, LEED-ը: Արժանանում ենք իսկապես լավ գնահատականների, այդ առումով ջանում ենք։ Այդ ամենը թղթի վրա, բնականաբար, մենք շինարարությամբ չենք զբաղվում, սակայն հետագայում վերահսկում ենք ամբողջ գործընթացը։ Բայց այն բոլոր աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք վերջին տարիներին, ստացել են Կանաչ շենքերի բոլոր այն վկայագրերը, որոնք այսօրվա դրությամբ չափազանց կարևոր են:
— «Green Rock Management Group» և «CENTROPROJEKT» ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծվել է նոր՝ «CENTROPROJEKT GR» ընկերությունը: Սերբական «CENTROPROJEKT»-ը գործնականում ունի նախագծման փորձառություն Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում: Դուք արդեն ուսումնասիրե՞լ եք ընկերության համար այս, դեռևս նոր տարածաշրջանը: Եվ ո՞րն է այս նոր ընկերության հիմնական առաքելությունը: Ի՞նչ հատուկ ծառայություններ կառաջարկվեն:
— Տեսեք, այն ամենը, ինչ տեղի ունեցավ «Green Rock Management Group» ընկերության հետ, դա, ընդհանուր առմամբ «Green Rock» -ի գաղափարն էր։ Համատեղ ընկերություն ստեղծելու նպատակը հետևյալն է. «Green Rock» -ն այստեղ մեծ ծրագրեր ունի: Ահա թե ինչու երեկ և այսօր մենք քննարկեցինք համատեղ ընկերություն ստեղծելու հարցը։ Մենք նախատեսում ենք երիտասարդ, նոր կադրեր պատրաստել։ Այդ ընկերության երիտասարդ աշխատակիցները սկզբում կսովորեն մեզ մոտ՝ Սերբիայում, որտեղ շուկան զարգանում է արագ տեմպերով, այնուհետև այն գիտելիքները, այն ամենը, ինչ այնտեղ կյուրացնեն, ամբողջ ծավալով կկիրառեն այստեղ: Հաշվի առնելով, որ «Green Rock»-ի ծրագրերը լայնամասշտաբ են, մենք ոչ միայն հյուրանոցը, այլև մի քանի մեծ օբյեկտներ ենք նախատեսում, և ես կարծում եմ, որ հաջողությամբ կիրականացնեք բոլորը: «CENTROPROJEKT»-ի և «Green Rock»-ի աշխատակիցները կներգրավվեն այս խոշոր նախաձեռնության մեջ։ Մենք արդեն մտածում ենք աշխատակազմը մեծացնելու մասին, քանի որ բոլորը լայնածավալ օբյեկտներ են:
— Նորաստեղծ ընկերության աշխատակազմի քանի՞ տոկոսը կհամալրեն հայաստանցիները:
— Առայժմ հիմնականում կլինեն տեղացի աշխատակիցներ, մինչև ծավալենք ամբողջ գործընթացը և մինչև ստանանք նախագծման իրավունքի հատուկ արտոնագիրը։ Բնականաբար, ընկերությունը ղեկավարելու է «CENTROPROJEKT»-ի ներկայացուցիչը, և մենք կամաց-կամաց կհամալրենք կադրերը, կընդգրկենք մարդկանց նաև Բելգրադից: Երբ սկսենք շինարարական համագործակցությունը, նախատեսում ենք վերահսկել գործընթացները, և այդ ժամանակ մասնագետների մեծ մասը կլինի մեր թիմից: Ինչպես արդեն ասել եմ, հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին արդեն նախատեսում ենք դուրս գալ շինհրապարակ։ Հիմա փաստաթղթերի նախապատրաստման փուլն է։
— Ի՞նչ մասնագետներ են հավաքագրվելու: Արդյո՞ք նոր «CENTROPROJEKT GR» նախագծային ընկերությունը կմատուցի ամբողջական ցիկլի ծառայությունները՝ սկսած նախագծումից, տվյալների հավաքագրումից մինչև շինարարական և ինժեներական աշխատանքներ:
— Այո, բացառապես բոլորը: «Green Rock»-ն արդեն տվյալների հավաքագրման առաջին փուլը գործնականում իրականացնում է և զգալի հաջողել է այդ գործում: Հետո, երբ սկսենք զբաղվել նախագծով, նախագիծն ամբողջությամբ համատեղ կիրականացնենք։ Հիմա կարևոր չէ, թե քանի տոկոսն է այս կամ այն կողմի ներկայացուցիչը։ Բնականաբար, կողմնորոշվում ենք այստեղի կադրերի վրա, ովքեր փորձ ձեռք կբերեն, ինչքան ընդլայնենք աշխատանքի ծավալները, այնքան շատ մարդիկ կլինեն այստեղից։ Իսկապես ակնկալում ենք, որ երիտասարդ մասնագետներ կգան մեզ մոտ, կմիանան մեր հետաքրքիր նախագծերին ոչ միայն այստեղ, այլև սովորեն Սերբիայում, ապա հարուստ գիտելիքներով վերադառնան մեզ հետ աշխատելու։
— Միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը միշտ բարենպաստ ազդեցություն է ունենում մասնագիտական համայնքի վրա՝ առողջ մրցակցության տեսանկյունից: Ի՞նչ եք կարծում, ձեր հայ գործընկերները կոնկրետ ի՞նչ կարող են սովորել ձեզնից:
— Ամեն ինչ ժամանակն է որոշում։ Կար մի ժամանակաշրջան, երբ մենք ճարտարապետների, շինարարների, ինժեներների համար կամ ընդհանրապես աշխատանք չունեինք, կամ այն շատ քիչ էր։ Մենք փնտրում էինք այլ շուկաներ: Ես հասկացա, որ հենց հիմա այն պահն է, երբ Հայաստանում այս բնագավառին շատ մոտ ապագայում վերելք է սպասվում։ Նման իրավիճակում դա պարզապես իսկական հնարավորություն է սովորել կոնկրետ նախագծերի, կոնկրետ օբյեկտների աշխատանքներում։ Այս ամենը երկու ընկերությունների համար էլ փոխշահավետ է: Ընդհանրապես, շինարարությունն այնպիսի բիզնես է, որը մեկ վերելք է ապրում, մեկ ճգնաժամի առջև է կանգնում։ Ուստի, միշտ այլ շուկաներ նկատի ունենալը և այնտեղ աշխատելը շատ օգտակար է։
— «Green Rock Management»-ը միջազգային ընկերություն է, որն իրականացնում է զարգացմանն ուղղված մի շարք լայնածավալ բիզնես և սոցիալական նախագծեր: Արդյո՞ք նոր ընկերության ծրագրերում ևս կլինեն սոցիալական բաղադրիչով զարգացման ծրագրեր։
— Ամենայն հավանականությամբ՝ այո: Այսպես է նշում «Green Rock»-ը, որն այսօրվա համար նոր ընկերության ծրագիրն է ներկայացնում։ Նապոլեոնյան ծրագրեր կան, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես են բոլորը հասցրել։ Հենց ամենասկզբից դրա շնորհիվ ես սիրահարվեցի այս ընկերությանը․ դա «Green Rock»-ի սոցիալական բաղադրիչի մեթոդն է: Սա, բնականաբար, բիզնես նախագիծ է, բայց նրանք միայն բիզնեսի մասին չեն մտածում։ Դիլիջան քաղաքն այսօր քչերը գիտեն՝ բացի Հայաստանում բնակվող մարդկանցից։ Այնտեղ նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիալ հյուրանոց՝ առևտրի կենտրոնով, եթե այնտեղ դեռ շատ ու շատ նախագծեր են նախատեսվում, օբյեկտներ, որոնք կֆինանսավորի և որոնց մասնակցություն կունենա «Green Rock»-ը, դա արդեն շատ մեծ օգուտ է։ Անկեղծորեն կասեմ, որ դա, ընդհանրապես, ինձ զարմացնում է։ Նրանք ինձ ասացին, որ թեև այստեղ պետք է բիզնես օբյեկտ կառուցել, բայց պետք չէ միայն այդ մասին մտածել։ Երբ շինությունները նախագծենք, ապա շահագործենք, պետք է, որ ժողովուրդն օգտվի։
— Դիլիջանի կենտրոնում կստեղծվի բազմաֆունկցիոնալ մեծ համալիր։ Համալիրը կունենա 36 000 մ2 մակերես։ Սա բավականին մեծ, հսկայական նախագիծ է, պատմեք դրա մասին:
— Նախագիծն, իրոք, բազմաֆունկցիոնալ է, այնտեղ նախատեսված է 180 համարով հյուրանոց։ Բացի հյուրանոցից, այնտեղ կլինի մեծ սպա կենտրոն, գրեթե 3000 քմ, որը կունենա լողավազան, մարզադահլիճ, ինչպես նաև մյուս բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Դրանք հասանելի կլինեն ինչպես հյուրանոցի, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ 2500 քմ տարածքով փոքր առևտրի կենտրոն ենք նախատեսել, որը կունենա մի քանի ապրանքանիշ, դա կախված է նրանից, թե ով կցանկանա ներկայանալ այնտեղ: Շատ կարևոր բաղադրիչ է մանկական հրապարակը, որը զբաղեցնելու է գրեթե 1000 քմ տարածք, սա նախագծի սոցիալական մասն է։ Գործարարները սովորաբար ասում են, որ դրա համար գումար չկա: Ինձ ուղղակի զարմացրեց «Green Rock»-ի կարծիքը, որ դա պարտադիր պետք է լինի, որպեսզի երեխաները, մարդիկ օգտվեն։ Կա երեք մեծ, ժամանակակից կինոթատրոն, 180 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա մեծ ավտոկայանատեղի։ Ահա թե ինչպիսին է մեր նախագիծը:
— Դուք խոսում եք նախագծման և կառուցման առումով շատ տարբեր և բարդ բաների մասին:
— Այո, և բոլորը՝ մեկ տեղում: Եվ իրական բարդությունն այն է, որ Դիլիջանի այն վայրը, որտեղ նախատեսվում է հյուրանոցը, սողանքների գոտում է։ Այնպես որ, հատուկ միջոցառումներ են արվում, որոնք արդեն հաշվարկված են և կկիրառվեն նախքան շինարարությունը սկսելը, որպեսզի մեր հյուրանոցը հուսալի և ապահով լինի։
— Այսինքն՝ վստա՞հ եք, որ կարող եք հաղթահարել այդ դժվարությունները։
— Մենք արդեն մի փուլ անցել ենք, մեր բոլոր համապատասխան մասնագետները՝ տեղացի մասնագետների հետ, վերահսկում են իրավիճակը։ Կարծում եմ, որ այս հարցը լուծում կստանա բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում։
— Ի՞նչ այլ ծրագրեր ունի նոր ընկերությունը:
— Ծրագրերը շատ են, և հենց այդ պատճառով մենք ստեղծել ենք նոր ընկերություն։ Առայժմ դրանք միայն ծրագրեր են, կոնկրետ նախագիծ չկա։ Նախ, պետք է տեղավորվենք այս մի նախագծի ժամկետների մեջ, որոնք հստակ սահմանված են և շատ խիստ են:
~
Հոդվածը պատրաստվել է Green Rock Management Group ընկերության հետ համագործակցության շրջանակներում։