Գորիսի թաքնված գանձերը՝
վիմափոր կենսապատկեր

Ինչպես պահպանել և վերակենդանացնել Սյունիքի վիմափոր ու ժայռափոր ժառանգությունը
Քրիստինե Հայրապետյան
Տեքստ
Սյունիքի Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում անցյալն ու ներկան ներդաշնակորեն գոյակցում են։ Համոզվելու համար բավական է դուրս գալ պատշգամբ կամ մի քանի րոպե զբոսնել քաղաքում։
Այս բնակավայրերը, ունենալով հազարամյակների պատմություն, քիչ են հայտնի նույնիսկ հայաստանցիներին։ Հնագիտական ապացույցները վկայում են, որ տարածաշրջանը բնակեցված է եղել շատ հին ժամանակներում: Ժայռոտ տեղանքը և բարձր քարանձավները եղել են բնական ապաստան և անվտանգ վայր բնակության համար:

Նախքան տեղի պատմական հարստության նկատմամբ զբոսաշրջային հոսքերի ուժեղացումը, կարիք կա այդ արժեքների պահպանության գրագետ քաղաքականություն մշակել։ Այդ նպատակով ամռանը Գորիսի Վերիշեն գյուղի վերաբացված մշակույթի տանը տեղի ունեցավ ԱՀԱ կոլեկտիվի կողմից կազմակերպած «Վիմափոր կենսապատկեր․ պահպանություն և վերակենդանացում» պանելային քննարկումը։ Առանցքում վիմափոր ժառանգության պահպանությունն ու վերաիմաստավորումն էր: Փորձագետներն իրենց մասնագիտական կարծիքներով և մոտեցումներով ստեղծարար լուծումներ առաջարկեցին։ Մասնակիցները Գորիս համայնքից, Երևանից և սփյուռքից էին։
Հին Խնձորեսկի բնակելի տները
Լուսանկարիչ՝ Գուրոս (1905-1981 թթ․)
1920-ականներ, ապակե սևանկար, 18x24սմ
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հավաքածու
Ինչը պահպանել
Կենսապատկերները, պատմական ու բնական լանդշաֆտները, վիմափոր ճարտարապետությամբ հարուստ տարածքները կարող են նպաստել տարածքային զարգացմանը։

«Ինչպե՞ս համադրել և բալանսավորել այդ ամենը» հարցադրումն առաջարկեց պանելային քննարկման վարող, ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը:

Նյույորքաբնակ ճարտարապետ-քաղաքային պլանավորող Կարին Պողոսեանը համոզված է, որ նախկին բնակելի քարանձավները նախ պետք է ուսումնասիրվեն: Այնուհետև հարկավոր է մշակել խնամքի առանձին ռազմավարություն թե՛ առանձին պատմական օբյեկտների, թե՛ ամբողջ համալիրի համար:

Նրա խոսքով, պահպանության կարիք ունեցող արժեքները նախ մարդկային գործունեության արդյունքն են, որ ստեղծվել են որոշակի հանգամանքներում: Ուստի անհրաժեշտ է պատմաշակութային ժառանգության պահպանումը և զբոսաշրջիկությունը վերածել ավելի կայուն տիպի զարգացման։
Տեսարան Հին Խնձորեսկից, 1920-ականներ, Հայաստանի պատմության թանգարանի հավաքածու

լուսանկարիչ՝ Գուրոս (1905-1981 թթ․)
«Հուշարձանների տարածքում տեղի բնակիչների առկայությունը պակասում է։ Իսկ, օրինակ` Խնձորեսկում տեղացիների առկայությունը միշտ կա, ինչը կարևոր է տեղի պահպանության ու վերաբերմունքի առումով։ Երբ հուշարձանի տարածքը մաքրվում է, տեղացիների կյանքից կտրվում է, այն ստանում է զուտ տուրիստական և արհեստական բնույթ», - գտնում է ազգագրագետ Արգամ Երանոսյանը։

Խնձորեսկի դեպքում մասնագետները գործ ունեն արդեն գոյություն չունեցող կենսապատկերների հետ: Այսինքն, ներկայացվում են գոյություն չունեցող պատմությունը, ոչ նյութական շերտերը։ Քարահունջի և Տեղի գյուղական բնակավայրերում դեռևս մարդիկ են բնակվում: Սակայն Խնձորեսկն է, որ գրավում է զբոսաշրջիկներին։
Ինչպե՞ս պետք է պահպանել
Խնձորեսկում պահպանվել են 2-3 եկեղեցիներ, ընդհանրապես չեն պահպանվել հին շինությունները, բայց Խնձորեսկի մասին անընդհատ խոսվում է։
«Վիմափոր կենսապատկեր․ պահպանություն և վերակենդանացում» պանելային քննարկումը

Մշակույթի տուն, Վերիշեն, Սյունիք

Օգոստոսի 12, 2023 թ․

Լուսանկարը` Արինե Քեշիշյանի
Վերականգնող ճարտարապետ Նանար Քալաթարյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր ժառանգություն զբոսաշրջիկները վերածում են թատերաբեմի, ուստի պետք է շատ զգույշ լինել: Կարևոր է նաև մարդու կենսակերպը և այն, թե հուշարձանն ինչպես է կիրառվում։

«Խնձորեսկի դեպքում կորսվել է դրանց նախնական գործառույթը, և մնացել է միայն հետք, հուշարձանի կեսը կորել է, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք պահպանել այն: Դա շատ բարդ խնդիր է, որովհետև ես չեմ կարծում, որ եթե մենք դա կապենք զբոսաշրջության հետ, ապա կարող է շատ եկամուտ, տնտեսական շահ բերի, բայց մենք կկորցնենք այդ հուշարձանը, կկորցնենք այն միջավայրը, որ կա Խնձորեսկում»,–նշում է Նանար Քալանթարյանը։

Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը 20-րդ դարի սկզբներին, բնակչության թիվը հասել է 8300-ի, ունեցել է 7 դպրոց, 27 խանութ։ Հին գյուղի վերականգնման, պահպանման, նույնիսկ արգելոց– թանգարան դարձնելու մասին խոսակցությունները հնչել են դեռևս 1960–ական թվականներին: Սակայն ճոճվող կամրջի առկայությունը Խնձորեսկն ավելի ճանաչելի դարձրեց։
Վտանգներ
ԱՀԱ կոլեկտիվի մի մասը (ձախից աջ` Դավիթ Քոչունց, Անուշ Դավթյան, Փիրուզա Խալափյան, Նայիրի Խաչատուրեան, Սարհատ Պետրոսյան)` Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի և Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի հետ

Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
Սարհատ Պետրոսյանի կարծիքով` Խնձորեսկը, զբոսաշրջության վայր դառնալով, կորցրել է իր կենսակերպի մասին տեղեկույթը: Կարևոր է փնտրել և պահպանել այն տեղը, որտեղ կենսակերպը մնացել է։

Ըստ մարդաբան Աղասի Թադևոսյանի՝ պահպանելու ձև է այն, երբ մարդիկ ապրում և օգտագործում են քարանձավային բնակավայրերը: Սակայն մարդիկ լքել են հին գյուղերը, որպեսզի ավելի լավ պայմաններում ապրեն:

«Խնդիրն այն է, որ այն մնում է մշակութային արժեք, և մենք պետք է պահպանենք որպես հիշողություն և արժեք, այլ ոչ թե որպես կենդանի գործող օրգանիզմ։ Մեր մտածողության հետ կապված՝ հուշարձանի հետ կապված կան շատ տարբեր շերտեր և տարբեր ժամանակներում մեր միտքը շատ տարբեր ձևերով է մոտեցել այդ խնդրին։ Այստեղ մենք խնդիր ունենք այդ մտքի հնագիտությամբ զբաղվելու, այսինքն ոչ միայն բնիկների, այլ նաև այն մարդկանց, ովքեր դրա մասին պատմել են` որպես արժեք ներկայացնողներ: Եվ այդ արժեքը ներկայացվելու իր փուլում անընդհատ փոփոխություններ է կրել և այդ շերտին ինչ որ պատառիկով կպած է և հասել է մեզ», - ասում է Աղասի Թադևոսյանը։
Տարածաշրջանային ռեսուրսներ
Պանելային քննարկման ժամանակ փորձագետները դիտարկեցին և կարևորեցին համայնքային ռեսուրսները: Դրանք հնարավոր է օգտագործել ու ցանցավորել այնպես, որպեսզի Սյունիք այցելող զբոսաշրջիկին միայն Հին Խնձորեսկը չհետաքրքրի։ Զբոսաշրջային ենթակառուցվածքները նույնպես պետք է բարելավել, իսկ պատմամշակութային ժառանգության արժեքների պահպանության և վերականգնման աշխատանքներում պետք է մասնագիտական, ինստիտուցիոնալ մոտեցում: Երբեմն առանց մասնագիտական հետազոտության սկսվում են վերականգնման աշխատանքներ։

Նանար Քալանթարյանի պնդմամբ, ցանկացած միջավայր կամ կառույց պահպանելիս և արժեվորելիս պետությունը, համայնքը պետք է քիչ միջամտեն: Միջամտությունը կարող է լինել, օրինակ, օրենսդրորեն։

Քննարկմանը Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց՝ պետք է այնպիսի պետական քաղականություն, որ պատմամշակութային ժառանգության վերականգնման լավագույն մասնագետների, փորձագետների խումբը աշխատի, ոչ թե ցանկացած լավ տեխնիկա ունեցող շինարարական կազմակերպություն մասնակցի պետական մրցույթներին։
«Պետք է հաշվառենք ու տարիներով չթողնենք, որ քանդվեն այդ շինությունները, այլ որոշակի միջամտություններ պետք է արվեն, և ոչ թե թողնենք ցանկացած նախագծողի, որ իր երևակայությամբ կամ ցածր գին առաջարկելով աշխատանքներ իրականացնի, այլ պետական մակարդակով գոնե այն բացառիկ արժեք ներկայացնող հատվածների, շինությունների, կառույցների համար ունենանք մասնագիտական նախագծեր, և եթե անգամ դրա գումարը պետությունը չունի էլ, ապա կան մարդիկ, որ պատրաստ են ներդրումներ անել։ Այդ համայնքն էլ չի կարող անել, որովհետև եթե մշակույթի նախարարության իրավասության տիրույթում է, ապա համայնքը չի կարող միջամտել, հենց նախարարությունը կարող է նախագծեր հայտարարել»,–ասում է Իրինա Յոլյանը։

Փորձագետ Արգամ Երանոսյանը նույնպես համաձայն է, որ ցանկացած նախագիծ իրականցնելիս պետք է նախնական հետազոտություն իրականացվի: Պահանջվում է և՛ ազգագրական, և՛ հուշարձանային, և՛ մարկետինգային հետազոտություն, որպեսզի իրականացվող ներդրումը չվնասի հուշարձանը: Նաև այն բնակիչների վրա ազդեցություն չպիտի ունենա մշակութային առումով, թեև տարածքը հարկավոր է բարեկարգել։
Ցուցահանդես
«Վիմափոր կենսապատկեր․ պահպանություն և վերակենդանացում» պանելային քննարկումը նվիրված էր Վերիշեն գյուղի մշակույթի տանը բացված «Կենսարար մուտքեր» ցուցադրության փակմանը։

Արվեստաբան, ԱՀԱ կոլեկտիվի հիմնադիր, «Կենսարար մուտքեր» ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանն իր հետաքրքիր նախագծի համար ընտրել է Սյունիքը՝ Խնձորեսկը, Տեղն ու Վերիշենը՝ փորձելով երկխոսության, արվեստագետի և արհեստավորի համահունչ համագործակցության, կապերի, քննարկումների շնորհիվ ճանաչելի դարձնել այդ բնակավայրերում ապրող մարդկանց բազմաշերտ պատմությունը, քարանձավային մշակույթը, կենսակերպը։

Նայիրիի խոսքերով, ցուցադրության միտքը ծագել է, երբ հանդիպել էր գորիսցի արվեստագետ Դավիթ Քոչունցին: Նա ցույց էր տվել ժամանակակից գորգերի իր էսքիզները, որոնք ստեղծել էր համաճարակի ժամանակ և 2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո: ԱՄՆ-ում գործող «Գորգերի հայկական միության» համատեղ ջանքերով ստեղծվեց «Համարձակ Խնձորեսկ» ժամանակակից գորգերի և կարպետների առաջին հավաքածուն։ Բազմաթիվ էսքիզներից ընտրվել է ինը եզակի նմուշ, որոնք կրում են արվեստագետի հայրենի գյուղի` Հին Խնձորեսկի քարանձավային բնակավայրի դրոշմը։ Խնձորեսկը միջնադարում եղել է կարևոր գորգագործական կենտրոն և «Խնձորեսկ» տիպի գորգի բնօրրանը, որը լայն տարածում գտավ Սյունիքում և Արցախում։
«Ինձ համար կարևոր էր, որ Դավիթ Քոչունցի հեղինակած գորգերը ճիշտ տարածքում գործվեն։ Արվեստագետը Գորիսից է և իր հեղինակած ժամանակակից գորգերի էսքիզները տոգորված են իր պապենական գյուղի վիմափոր կենսապատկերների շնչով։ Երևանի գործարաններից մեկի հետ աշխատելով արտադրանքը զուտ կոմերցիոն բնույթ կստանար։ Առաջարկեցի համագործակցել Գորիսի կանանց զարգացման ռեսուրս հիմնադրամի կողմից ստեղծված Վերիշենի արհեստների կենտրոնի հետ, ուր Գորիսի և հարակից սահմանամերձ գյուղերի կին վարպետները աշխատում են և շարունակում գորգագործության ավանդույթը։ Իր հերթին, Վերիշենի արհեստների կենտրոնը համագործակցում է Արգավանդում բացված «Woolway» արուեստանոցի հետ, որտեղ բրդյա թեղերն են ներկում։ Հատուկ «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի համար 100% բնական նյութերով ներկվեցին բոլոր թելերը։ Երևան-Վերիշեն համագործակցության համատեքստին մերձենալու, վիմափոր կենսապատկերների ժառանգությանը, գորգագործության արհեստի և սահմանամերձ գյուղերում ապրող ու արարող մարդկանց հետ յարաբերություններ հյուսելու նպատակով մի շարք արվեստագետների և հետազոտողների հրավիրեցի, որոնց ստեղծած տեղհատուկ աշխատանքների արդյունքում «Կենսարար մուտքեր» ցուցադրությունը համադրեցի»,– պատմում է Նայիրի Խաչատուրեանը։
Ցուցադրությունն առիթ հանդիսացավ, որ 35 տարի փակ դռներ ունենալուց հետո Վերիշենի մշակույթի տունը վերաբացվի 2023 թ.-ի հունիսի 3-ին։ Ցուցադրությունը բաղկացած էր հատուկ այս նախագծի համար ստեղծված Դավիթ Քոչունցի «Համարձակ Խնձորեսկ» գորգերից ու կարպետներից, ֆրանսահայ արվեստագետ Մայդա Շավակի «Պարաններ» ինստալացիայից, Անուշ Դավթյանի «Գորգուղի» գրաֆիկական շարքից, Անուշ Ղուկասյանի «Ծաղիկներ» շարքից, Փիրուզա Խալափյանի` 2020 թ.-ի պատերազմից հետո սահմանին ապրող մարդկանց կյանքը վավերագրած «Սահմանագիծ» շարքի նմուշներից և Սարհատ Պետրոսյանի ու Գագիկ Խաչատրյանի՝ Խնձորեսկ գյուղի փոխակերպմանը նվիրված ճարտարապետական հետազոտությունից։

Ցուցադրության ժամանակակից աշխատանքները երկխոսում էին պետական և մասնավոր հավաքածուներում պահվող պատմական նմուշների հետ։ Նայիրիի համար կարևոր էր անդրադարձը, թե հարյուր տարի առաջ մեր անցյալը ինչպիսին է եղել այստեղ։ Այդ նպատակով առաջին անգամ ներկայացվեցին 1920թ.-ականների գորիսցի լուսանկարիչ Գուրոսի կողմից արված մի քանի պատմական լուսանկարներ Խնձորեսկ գյուղից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» հետ համագործակցությամբ։
~