Շրջվելով դեպի արևը
Հետպատերազմյան Արցախում Shtigen Group ընկերությունն
առաջարկում է այլընտրանքային
էներգետիկայի միջոցով
հաղթահարել էներգետիկ ճգնաժամը:
Սամվել Բալայան
Լրագրող
Դավիթ Ղահրամանյան
Լուսանկարիչ
2020 թվականի պատերազմի պատճառով Արցախի էներգահամակարգը մեծ կորուստներ կրեց: Գործող 36 փոքր ու միջին ՀԷԿ-երից մնացին 6-ը, ենթակայանների մեծ մասը ռմբակոծվել է եւ սահմանափակ է գործում:
Բացի այդ, վնասվել էր էլեկտրացանցը: Այժմ այն հիմնականում վերականգնվել է, Ստեփանակերտից Մարտունի «Արցախէներգո»-ի կողմից նոր էլեկտրագիծ է կառուցվել: Բայց ինչպես այս, այնպես էլ այլ ենթակառուցվածքներ ադրբեջանական զինուժի թիրախում են, և մշտապես կան տարբեր հումանիտար խնդիրներ:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հաշմանդամություն ունեցող մարդկանց առջև իր դռները բացեց 1998 թվականին: Կենտրոնն իր տեսակով միակն է Արցախում, որը տարվա կտրվածքով հոգում է հաշմանդամություն ունեցող 1500 մարդու ապաքինումը՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը և ինտեգրմանը: Շուրջ 4 ամիս է, ինչ կենտրոնը վերականգնողական բուժում է տրամադրում նաև Արցախյան երրորդ պատերազմում վիրավորված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:
Մինչև վերջերս էլեկտրական ջրատաքացուցիչների միջոցով կենտրոնին տաք ջուր ստանալու համար ամսվա կտրվածքով ավելի քան 300 հազար դրամ էր անհրաժեշտ: Թիվն ավելի մեծ կլիներ գազի դեպքում, համոզված է տնօրեն Վարդան Թադևոսյանը:

2021թ. դեկտեմբերին Shtigen Group-ը Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տանիքին տեղադրեց 300 լ տարողությամբ 8 ջրատաքացուցիչ, և կենտրոնում միանգամից զգացին դրա առավելությունը: Նախաձեռնությունը կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանինն էր:

Ամռանը, երբ արևային օրերը շատ են, կենտրոնն օրական 5 տոննա տաք ջուր կստանա: Բացի խոհանոցի ու լողարանների կարիքներից արևային էներգիայի միջոցով նախատեսվում է մասնակի լուծել նաև լողավազանի տաք ջրի հարցը, որից օգտվում են ինչպես ապաքինվող երիտասարդներն, այնպես էլ՝ լողի խմբակներ հաճախող երեխաները։
«Ոչ միայն գազի խնայողություն ենք ունենում, այլև անսահմանափակ քանակի տաք ջուր ենք ստանում, վատ եղանակին գուցե քիչ ենք ստանում, բայց մեզ համար այդ քանակությունը բավարար է: Իսկ ամառը այն անսահմանափակ տաք ջրի աղբյուր կարող է դառնալ: Ես անձամբ գոհ եմ և մեր տնտեսությանն ամբողջապես բավարարում է», - ասում է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը:

Պատերազմից հետո Արցախում էլեկտրականության ու գազի մատակարարումները հաստատուն չեն: 2022-ին ՀՀ-ից Արցախ հասնող գազատարի պայթյունի հետևանքով և ադրբեջանական կողմի էներգետիկ ահաբեկչության պատճառով մարտի 8-ից շուրջ մեկ ամիս գազ չմատակարարվեց:

Վարդան Թադևոսյանը խոստովանում է, որ հատկապես այն օրերին, երբ գազի խնդիր առաջացավ, 8 տաքացուցիչները բավարար էին ոչ միայն հիվանդների կարիքների, այլև՝ լվացքատան, մաքրություն պահպանելու և խոհանոցի աշխատանքների համար:

«Անգամ անձնակազմն ու իրենց ընտանիքները հնարավորություն ունեցան գալու և լոգանք ընդունելու», - ասում է Վարդան Թադևոսյանը:
Պատերազմի ավարտից և 2021-ի տարեսկզբին նախապատրաստական աշխատանքներից հետո այլընտրանքային արևային էներգետիկայով զբաղվող Shtigen Group-ն արդեն հայկական երկրորդ հանրապետությունում էր: Արցախում Shtigen Group-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով, ընկերության համար կարևոր էր նպաստել Արցախի տնտեսական վերակառուցմանը:

Shtigen Group-ը Հայաստանում իր գործունությունն սկսել է 2011 թվականին: Ավելի քան 10 տարի շուկայում է և ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում է: 2021 ֆինանսական տարվա ամփոփիչ տվյալներով ընկերությունը հանդիսանում է արևային ոլորտի խոշորագույն հարկատուն՝ 150 աշխատատեղով։ Հաշվեկշռում ունի ավելի քան 35 ՄՎտ գումարային հզորության ֆոտովոլտային նախագծեր, 1,5 ՄՎտ պիկային ջերմային կայան, որն ի դեպ խոշորագույնն է տարածաշրջանում, և 1,26 ՄՎտ հզորության տանիքային խոշորագույն կայանը ՀՀ-ում: Ընկերությունը նախագծել, կառուցել և սպասարկում է տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայանը, Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանները, մշակել և իրականացնում է կրթական ծրագրեր`սկսած 2011թ․-ից։

«Արցախում մասնաճյուղ բացելու գաղափարը մինչև պատերազմը կար: Պատերազմն արագացրեց մեր գործողություններն ու հասկանալի էր, որ պետք էր ընկերությունը ներկայացված լիներ նաև այստեղ՝ ավերված ենթակառուցվածքների այլընտրանքն ապահովելու համար», - ասում է Արցախում «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ 14 համայնքների երկարօրյա դպրոցներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Նպատակն էր, որ կրթական հաստատությունները հոսանքից որոշակի անկախություն ունենան, այսինքն մշտական տաք ջուրն ապահովված լինի:

Արմեն Խաչատրյանի խոսքով, բացի պետության հետ համագործակցությունից, ընկերությունը նաև Արցախի մասնավոր հատվածի հետ է նոր նախագծեր իրագործելու: Այլընտրանքային էներգիայի աղբյուր որոնողների համար ժամանակակից սարքավորումներով տաք ջրի աղբյուրն արդեն հասանելի կլինի:

Ըստ արևային օրերի քանակը հավաստող քարտեզի, Արցախը բարենպաստ դիրքում է: Անարև օրերին սարքավորումը ջուր չի տաքացնում: Սակայն ավտոմատ կառավարման համակարգն ինքնուրույն է որոշում՝ երբ է անհրաժեշտ համակարգը լցնել սառը ջրով և սկսել աշխատանքը: Երբ, ասենք, գիշերային ժամերին ջուր չի օգտագործվում, համակարգը միանգամից վերցնում է ջրի անհրաժեշտ քանակությունը և արևածագից անմիջապես սկսում աշխատանքը:

Աստղաշեն համայնքում սխալ շահագործման պատճառով՝ ջրի բացակայության պայմաններում, խնդիրներ են առաջացել: Ընկերության արցախյան ներկայացուցիչը վստահեցնում է՝ եթե պատվիրատուն տեղեկացներ, որ համայնքում ջրի խնդիր կա, կտեղադրվեր ճնշումային ջրատաքացուցիչ:
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականին Մարտունու շրջանի Աշան, Բերդաշեն, Թաղավարդ, Կարմիր շուկա, Սոս, Քերթ, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Խրամորթ, Պատարա, Մարտակերտի շրջանի Չափար, Հաթերք, Մաղավուզ և Շուշիի շրջանի Եղծահող համայնքներում գործող երկարօրյա դպրոցների կարիքների համար Shtigen Group-ից ձեռք է բերվել և տեղադրվել 16 արևային ջրատաքացուցիչ: Համատեղ ծրագրերը կշարունակվեն, երբ Արցախում լարվածությունը թուլանա:

Արցախի Բերդաշեն գյուղի դպրոցն ընթացիկ ուսումնական տարում է անցել երկարօրյա ուսուցման: Կառավարության ֆինանսավորմամբ Shtigen Group-ի ջրաքացուցիչները տեղադրվել են Բերդաշեն գյուղի դպրոցում 2021 թվականի վերջին:

«Ինչպես տեսնում եք, սարքը ցույց է տալիս ջերմաստիճանը՝ 90 աստիճան: Այսինքն, մենք ունենք եռման ջուր, որը լիարժեք բավարարում է երկարօրյա դպրոցի կարիքները: Անձամբ չէի սպասում, որ այսպիսի արդյունք կունենաք, այսինքն, տաք ջուր կունենանք առանց ծախսի», - ասում է Բերդաշենի դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը:
Այլ դպրոցների պես Բերդաշենի աշակերտները օրվա հիմնական մասն անցկացնում են դպրոցում՝ դասապատրաստում կատարելով ու ներգրավվելով տարբեր խմբակներում: Այլ խոսքով՝ առավոտյան 9-ից 17-ը այստեղ աշխույժ եռուզեռ է: Դպրոցում տաք ջրի ամենամեծ պահանջարկը ճաշարանում է, որից օրական մեկ անգամ օգտվում է 1-9-րդ դասարանների 153 աշակերտ: Տանիքին տեղադրված 360 և 300 լիտր ծավալով 2 ջրատաքացուցիչներն, տնօրենի խոսքով, ամբողջությամբ բավարարում են կրթօջախի կարիքները:

«Մեր աշխատանքն անհնար է առանց տաք ջուր: Հատկապես ողջունելի է, որ պատերազմական վիճակում այսպիսի հնարավորություն է ստեղծվում: Մենք մեր առօրյա աշխատանքը իրականացնում ենք հարմարավետ և առանց մտավախության, որ գազի կամ լույսի բացակայության դեպքում զրկված կլինենք տաք ջրից», - ասում է Բերդաշենի դպրոցական ճաշարանի խոհարար Թամար Միրզաջանյանը:

Բերդաշենում արևային ջրատաքացուցիչների առավելությունների մասին պատմությունները տնից տուն են անցել: Խոհանոցում աշխատող կանայք՝ տիկին Համեստը, տիկին Ռենան և տիկին Արփիկը քննարկել են տարբերակներ, ինչպես և ինչ միջոցներով ձեռք բերել ու տեղադրել ամենամաքուր և արագ վերականգնվող էներգիա ապահովող սարքավորումը: Միաժամանակ, Արցախի հանրապետության կառավարության հետ քննարկումներ են իրականացվում այլ կառույցներում ալտերնատիվ էներգիա ապահովող նոր սարքեր տեղադրելու վերաբերյալ։
~

Հոդվածը պատրաստվել է Shtigen Group-ի հետ համագործակցության շրջանակներում։