Ո՞ւր գնացին Սիսիանի 14 գործարանները

Տեքստիլից մինչև պանիր, լամպից մինչև բազալտ․ Սիսիանի արտադրական անցյալը մարդկանց հիշողություններում
Ռուզան Մկրտչյան
Տեքստ և լուսանկար
Երբ սիսիանցին մեկ այլ տեղից վերադառնալիս հասնում  է Սիսիան, ասում է․ «Զանգերն անցանք»։ Այսինքն, կարելի է համարել, որ արդեն տանն է։ Ասում են, զանգերն անցնելուց հետո սիսիանցին ավելի ինքնավստահ է դառնում։ Միգուցե օդից է, կամ էլ դարերից եկած առեղծվածային ուժ կա։
Մովսես Խորենացու վկայությամբ՝ Սիսիան անունը կապված է Սյունյաց իշխանական տան նախնիներից՝ Սիսակի հետ։ Պատմաբան-բանասեր Մորուս Հասրաթյանի աշխատություններում Սիսիան բնակավայրը հիշվում է սկսած 10-րդ դարից, սակայն ոչ թե Սիսիան անունով այլ ՝ Ծղուկ, Սիսավան, Սիսական, Քեթովան և Ղարաքիլիսա անուններով: Սիսիան տեղանունն առաջին անգամ հանդիպում է 13-րդ դարում Կիրակոս Գանձակեցու աշխատություններում։ Այն Սյունիքի իշխանության կենտրոններից մեկն էր, որը եղել է առևտրական և ռազմավարական ուղիների հանգույց, կապել Հայաստանը Արցախի և Իրանի հետ։ Սակայն 1604 թվականին Սիսիանի բնակչությունը նույնպես ենթարկվել է Շահ Աբաս I-ի կազմակերպած հայերի զանգվածային տեղահանությանը։ Այդ բռնագաղթի հետևանքով Արևելյան Հայաստանի բազմաթիվ գավառներից, այդ թվում Սյունիքից, հայերը հարկադրաբար տեղափոխվել են Պարսկաստան։
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
Պատմաբան, լրագրող Հենզել Առաքելյանի «Սիսիան» գրքում նշվում է , որ այժմյան Սիսիանի բնակչությունն ավելի ուշ է ձևավորվել՝ 19-րդ դարում տեղի ունեցած վերաբնակեցումներից հետո։ 1828 թվականից հետո, ռուս-պարսկական պատերազմների ավարտին, Սիսիանի տարածք սկսեցին տեղափոխվել հայ ընտանիքներ Պարսկաստանի տարբեր շրջաններից, հատկապես՝ Սալմաստից և Խոյից։

Պարսկաստանի Խոյ նահանգից եկած և Ույծ գյուղում բնակեցված Մարգարենց ազգից Լիլիթ Վարդանյանը ծնվել, մեծացել և ապրում է Սիսիանում։ Նա համաձայն չէ, որ Սիսիանը փոքր գավառական քաղաք է։
«1929թ. ապրիլ: Սիսիանի շրջկենտրոն Ղարաքիլիսան քարակույտ գյուղ է, ո՛չ ծառ, ո՛չ փողոց: Ճանապարհի եզրին գրավիչ պատկերով կանգնած է Սյունի վանքը՝ գլխին խաչ»:
Սիսիանն ըստ Սերո Խանզադյանի «Հայրենապատում»- ի / գիրք Ա/
Բռնակոթ գյուղի  բնակիչ Սելբերտ Շաբանյանի խոսքով՝ Սիսիանում կան ինչպես «բնիկ» սյունեցիներ, այնպես էլ «եկվորներ»։ Բնիկները հիմնականում հարակից գյուղերից են՝ Բռնակոթից, Տոլորսից, Հացավանից, Բնունիսից, Դարբասից, Լորից և այլ բնակավայրերից, եկվորներն այստեղ են հաստատվել 1828 թվականի վերաբնակեցումների ժամանակ՝ գալով տարբեր վայրերից, այդ թվում՝ Վանա լճի և Խոյի շրջակայքից։

Մինչ այդ բնակավայրը համեմատաբար սակավաբնակ էր: Այստեղ բնակվում էին ընդամենը մի քանի ընտանիք, այդ թվում՝ բռնակոթցի Մելիք-Սաֆրազյանների տոհմի անդամները։ Այսօր էլ տոհմի ներկայացուցիչները շարունակում են բնակվել Բռնակոթ գյուղում։ Այդ գյուղից է սերում նաև պատմաբան Նիկողայոս Ադոնցի տոհմը։ Գաղտնիք չէ, որ Սիսիանը տվել է Հայաստանին շատ մտավորականների։ Ղարաքիլիսայում առաջին պետական դպրոցը ստեղծել է Արշակ Ղազարյանը 1882թ., այդ տարի դպրոցն ունեցել է 52 աշակերտ ( Ս․ Խանզադյան, «Հայրենապատում», գիրք Ա)։

Սիսիան, 1970-ականներ
Նաիրա Կարապետյանի ընտանեկան արխիվից
Սիսիանում ձևավորվող ենթակառուցվածքները նպաստեցին քաղաքի առաջընթացին։

1936 թվականին քաղաքում օդանավակայան է բացվում (Սերո Խանզադյան, «Հայրենապատում», գիրք Ա)։ Սակայն այն երկար չի գործում, սիսիանցիների կարծիքով՝ քաղաքի մեջ էր, դրա համար փակվեց։
Սիսիանը միացված չէր երկաթուղիով հանրապետության այլ քաղաքների հետ, այդ առումով օդանավակայանը մեծ նշանակություն ուներ ոչ միայն բեռնափոխադրման, այլ նաև տեղացիների համար յուրօրինակ "ժամանցի" ձև։
Սիսիանի ավագ բնակիչ Լորիկ Վարդանյանի համար հին օդանավակայանը նույնպես քաղաքի կարևոր տեղ է զբաղեցնում հին Սիսիանի վերաբերյալ։
Լորիկ Վարդանյանը Սիսիանի հին օդանավակայանի մասին
Սիսիանի բնակիչ Ռաֆայել Թաթոսյանը պատմում է. «Մանկությանս հիշողություններից մի դրվագ կա, որ շատ պարզ եմ հիշում։ Երբ դեռ փոքր էինք, գնում էինք օդանավակայան ու այնտեղ խաղում։ Հետո օդանավակայանը տեղափոխվեց ու դարձավ ռազմական, բայց մինչև այսօր մենք՝ տեղացիներս, այդ վայրը շարունակում ենք անվանել «աերոպորտի տեղը»։

1982-ին սկսվում է նոր օդանավակայանի շինարարությունը, ճարտարապետը Ռոբերտ Այդինյանն էր։

1953թ. մայիս: Հին Ղարաքիլիսան Սիսիան քաղաք է դառնում: Սիսիանի հատակագիծը կազմվել է 1976 թվականին, ըստ որի վերակառուցվում է կենտրոնը, կառուցվում են բնակելի նոր զանգվածներ։

Որոտանի ձախ ափին 6-7-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից թաղամասն է համարվում Սիսիանի ամենահին թաղամասը։ Այսօր էլ թաղամասով շրջելիս կարելի է հանդիպել կոլորիտային հին տների, որոնք պահպանվել են ամբողջությամբ, կամ մասամբ ձևափոխված: Որոշ տներ վերակառուցվել են խորհրդային տարիներին, ապա անկախության շրջանում։

Այս թաղամասում Սիսիանի քաղաքի կարգավիճակի տարիքին է մինչ օրս կանգնած Վարդանյանների տունը, որը կառուցել է Լորիկ Վարդանյանի ամուսին Զավեն Վարդանյանը եղբոր հետ մասին, որպես ընտանեկան տուն։

Ի դեպ, Զավեն Վարդանյանը 33 տարի եղել է Սբ․ Գրիգոր լուսավորիչ կամ Սյունի եկեղեցու ժամկոչը, մոմավաճառը, պահակը։ Նրանց զավակները Սիսիանում ճանաչված և սիրված մարդիկ են։ Թաթուլ Վարդանյանը (Թաթուլ Սյունի) պատմաբան է, Սիսիանի Ն․ Ադոնցի անվան պատմության թանգարանի նախկին տնօրենն է։

Վարդանյանների տունը

Լուսանկարները՝ Ռուզան Մկրտչյանի

Խորհրդային տարիներին Որոտան գետի աջ ափին, որը, ըստ Սելբերտ Շաբանյանի, նախկինում դաշտ է եղել, կառուցվում են բնակելի շենքեր և բնակեցվում են արդյունաբերական ոլորտի աշխատակիցներով։ Այժմ Սիսիանի  ամենախիտ բնակեցված թաղամասն է՝ Գետափը։ Գետի ափերը միավորող կամուրջը կառուցվել է 1855թվականին։ «Կամարներ» կոչվող նոր կամուրջը կառուցվել է 1970- ականներին։

Խորհրդային Միության տարիներին Սիսիանում զարգացան արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Առաջին կոլտնտեսությունը կազմակերպվեց 1928 թվականին՝ Իշխանասարի լանջերին փռված հողատարածքներում և կոչվեց Նորավան։ Այսպես է գրում Հենզել Առաքելյանն իր «Սիսիան» գրքում։ Սակայն 2018 թ. Նորավանի 90-ամյակին նվիրված տոնախմբության ժամանակ Մովսես Բաբաջանյանը՝ Նորավանի նախկին գյուղապետը, գյուղի ստեղծման մասին այլ պատմություն պատմեց։ Նրա խոսքով, գյուղը սեպի նման խրել են հարակից ադրբեջանաբնակ գյուղերի միջև։ Նորավանը 1928 թ-ին ստեղծվեց բացառապես հայերի համար։ Այնտեղ կառուցվեց նաև Կաթի վերամշակման գործարանը։

Սիսիանի շրջանում գործել է 14 արդյունաբերական ձեռնարկություն, ինչպես նաև վերամշակման ոլորտի (կաթ, միս, բուսական հումք) միջտնտեսային կազմակերպություններ, կոլտնտեսություններ ու սովխոզներ։
Հիմնական արդյունաբերական ճյուղերը
1960-ականներին կառուցված Որոտանի հիդրոհամալիրը էապես խթանել է Սիսիանի տնտեսությունը՝ ապահովելով էլեկտրաէներգիա արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակչության համար։
  • Սիսիանի պանրագործարանը, կաթնամթերքի գործարան, հացամթերքի («Սիսիան հաց») և պահածոների արտադրությունները սպասարկում էին ոչ միայն Սիսիանը, այլև ամբողջ Սյունիքը
  • Թեթև արդյունաբերության տրիկոտաժի և կարի ֆաբրիկաները, գորգագործության մասշտաբային արտադրությունը բացվել էին որպես ԽՍՀՄ կենտրոնացված տնտեսության մաս։
  • Երկաթբետոնե կոնստրուկցիաներ, բազալտի և այլ ոչ մետաղական հանքանյութերի հիման վրա շինանյութի գործարանները օգտագործում էին տեղի հանքային ռեսուրսները։
Քաղաքի արդյունաբերական անցյալի մասին պատմում է Բենիկ Հակոբջանյանը՝ Սիսիանի տեքստիլի գործարանի նախկին տնօրենը։ Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին գործարանը եղել է քաղաքի կարևորագույն արտադրական կենտրոններից մեկը՝ ապահովելով աշխատանքով ավելի քան հազար մարդու: Նրա կառավարման տարիները համընկել են 1990-ականների տնտեսական ճգնաժամի հետ, երբ արտադրական կապերը խզվել էին, շուկաները կորսվել, իսկ էներգետիկ խնդիրները լրջորեն խաթարել էին գործարանի աշխատանքը։ Գործարանը միայն մասնակի էր շարունակել գործունեությունը, արտադրության ծավալները զգալիորեն նվազել էին։

1998 թվականի սեփականաշնորհումից հետո որոշ ժամանակ հաջողվել էր վերականգնել արտադրությունը։ Կրճատված, փոքրաթիվ անձնակազմով գործարանը կարողացել էր արտադրանք արտահանել արտասահման: Այդուհանդերձ, 2002 թվականին գործունեությունը դադարեցրել էր։

Գործարանը նույնիսկ այդ տարիներին սոցիալական կարևոր դեր է ունեցել՝ աշխատանքով ապահովելով տեղացիներին և Բաքվից եկած փախստականներին։ Հիմնական աշխատուժը եղել են դեկրետում գտնվող կանայք։

Գործարանը հումքը ներմուծում էր Չինաստանից, Պակիստանից։ Իսկ արտադրանքը պահանջված էր ամբողջ Սովետական միությունում։

«Մեր արտադրանքի 98%-ն արտահանվում էր Սովետական միության տարբեր երկրներ, իսկ 2 %-ն էր ընդամենը մնում Հայաստանում: Դա էլ հետո հավաքվում էր և մի ձևով էլի ուղարկվում, այդքան հագեցած էր տրիկոտաժի արտադրությունը։ Գործարանները շատ էին՝ Երևանում, Շիրակի մարզում, Կապանում, Գորիսում, բոլոր տեղերում կար։ Հումքը, դե, բամբակն է, բամբակը Հայաստանում չկար, ներկրում էինք կամ պատրաստի կտորի տեսքով, կամ մանվածքի տեսքով, որը հետո տալիս էինք Մարալիկի ֆաբրիկա։ Իրենք թել էին մանում, մենք կտորը գործում, կտորը վերամշակում, հետո վերածում արտադրանքի», - պատմում է Բենիկ Հակոբջանյանը։

Գործարանի բոլոր մասնաճյուղերում միասին՝ շուրջ 1100 մարդ էր աշխատում: Յուրաքանչյուր պրոֆիլի արտադրամաս ուներ իր դերձակները, վարպետները, ենթավարպետները:

Գործարանը նույնիսկ փորձել է համագործակցել Puma ընկերության հետ, սակայն չի ստացվել։ Այսօր գործարանից մնացել են պատերն ու դրանց կողքին աճած աղբակույտերը։ Ամբողջովին ավերակ դարձած այս շինությունը սիսիանցիների խոսքերով թալանվել է։
Սիսիանի նախկին Տեքստիլ գործարանը
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Սիսիանի լամպերի գործարանում որպես մեխանիկ է աշխատել Սոս Հարությունյանը։ Նա պատմում է, որ գործարանում աշխատանքը կազմակերպված էր, հստակ և համակարգված, յուրաքանչյուր աշխատող ուներ իր գործառույթը, իսկ մեխանիկների աշխատանքը առանցքային էր արտադրության անխափան ընթացքն ապահովելու համար։ Սակայն ժամանակի ընթացքում, ինչպես շատ այլ ձեռնարկություններ, լամպի գործարանն էլ դադարեց գործել՝ դառնալով սոսկ քաղաքային հիշողություն։
Այսօր լամպի գործարանի տեղում գործում է Սիսիանի քարի գործարանը։ Իսկ տեքստիլի, շինանյութի և պանրի գործարանների շինությունները չեն շահագործվում: Դրանք հիմնականում լքվել են և թալանվել։ Անուններ տալուց բոլորը խուսափում են։ Միայն ասում են, որ Խորհրդային միության փլուզումից հետո մաս- մաս վաճառվել են տեխնիկան, գործիքները և էլի շատ բաներ։
Սիսիանն այսօր էլ ժամանակների խաչմերուկում է։ Այստեղ ապրում են, արարում և զարգանում։ Չնայած դժվարություններին՝ Սիսիանը կրկին ունի զարգանալու ներուժ՝ հենվելով անցյալի փորձի ու մարդկանց վրա։ Իսկ «Զանգերն անցանք» արտահայտությունը շարունակում է մնալ վերադարձի ու նոր ուժ ստանալու խորհրդանիշ։
~