Ուսանողական նախագծերի գծով օգնական, Քաղաքային ուսումնասիրությունների աշխատանքային խումբ, Աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների ամբիոն, Վիեննայի համալսարան
Շեղվելով տրորված ճանապարհներից
Գլոբալ քաղաքային հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ քաղաքներում որոշակի վայրեր, մարդկանց խմբեր և գործելակերպեր համակարգված կերպով անտեսվում են: Սակայն այս «անտեսումը» պատահականության կամ պարզապես անտարբերության հետևանք չէ, այլ ակտիվ գործընթաց, որը ձևավորվում է նախապաշարմունքներով, առաջնահերթություններով և կառուցվածքային ուժի հետ հարաբերություններով:
Այսպես կոչված «անտեսված քաղաքների» հայեցակարգը (Nugraha et al., 2023) ուշադրություն է հրավիրում քաղաքային այնպիսի տարածքների վրա, որոնք հաճախ մարգինալացվում են ակադեմիական բանավեճում, և կարևոր չէ՝ դա տեղի է ունենում չափսերի, աշխարհաքաղաքական դիրքի, թե՞ տնտեսական կարևորության պատճառով: Այս համատեքստում ուշադրության մեծ բաժին է ուղղվում դեպի փոքր և միջին քաղաքներ: 1986 թվականին Սաթերթվեյթը և Հարդոյը արդեն քննարկել են, թե ինչ կարելի է ակնկալել, եթե հետազոտողի հետաքրքրությունը գլոբալ մայր քաղաքներից շեղվի դեպի ավելի փոքր քաղաքային կենտրոններ:
Ի՞նչ ազդեցություն ունի հետազոտությունների ներկայիս ընտրողական ուշադրությունը քաղաքային տնտեսությունների, զարգացման ռազմավարությունների և «ուրբան» կոչված երևույթի սահմանման վրա: Ուշադրության կենտրոնից դուրս գտնվող քաղաքների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հարցականի տակ դնել ուրբանիստական հետազոտություններում գերիշխող պատմությունները, տեսանելի դարձնել առկա հիերարխիաները և մշակել քաղաքաշինության վերաբերյալ նոր, ավելի ապակենտրոնացված տեսակետներ համաշխարհային համատեքստում։
Սիսիան Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի/Ուրբանիստա
ՍԻՍԻԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
Եթե նայեք Հայաստանի հարավում գտնվող Սիսիան քաղաքի՝ թռիչքի բարձրությունից արված լուսանկարին (տե՛ս նկար 1), անմիջապես կնկատեք մի շարք առանձնահատկություններ: Քաղաքը կարծես կանաչ հովտում տեղակայված, լեռներով և խոտածածկ տարածքներով շրջապատված օազիս լինի, որի միջով գետ է հոսում։
Առաջին հայացքից այն ճանաչելի չէ, բայց համապատասխան օդային պատկերների տվյալների հարթակներն ավելի ուշադիր ուսումնասիրելով կարելի է տեսնել, որ քաղաքի սահմանների մոտ տեղակայված են լքված օդանավակայանը և մի քանի դատարկ թվացող արդյունաբերական շենքեր։ Եթե մեծացնեք շառավիղը, կնկատեք նաև, որ քաղաքը նմոտ չէ որևէ խոշոր մայրուղու և գտնվում է խոշոր քաղաքներից բավական հեռու։ Համեմատած Հայաստանի մյուս քաղաքների հետ՝ Սիսիանը, առնվազն աշխարհագրական առումով, երկրորդ պլան է մղվում։
1. Սիսիան, համայնապատկեր, 26.09.2025 թ.
2. Սիսիանի դիրքը Հայաստանի տարածքում (Google Maps, 2025)
Քաղաքը գտնվում է երկրի ամենահարավային մարզում և մոտ 14,000 բնակչությամբ հետ է մնում նաև մարզի խոշոր քաղաքներից, ինչպիսիք են Գորիսը և Կապանը (ՀՀ վիճակագրական կոմիտե, 2022): Այնուամենայնիվ, Սիսիանի աշխարհաքաղաքական դիրքը ուշագրավ է, քանի որ մոտ է Ադրբեջանը և դրա անկլավ Նախիջևանը կապող միակ ճանապարհին (Իգնատով, 2023):
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը, և մոտ 100,000 մարդ լքեց այդ տարածքը 2023 թվականի սեպտեմբերին, Հայաստանի և նրա հարևանի միջև իրավիճակը չափազանց լարված է: Այս հակամարտության պայմաններում Սիսիանը բախվել է համեմատաբար մեծ թվով փախստականներին կացարանով ապահովելու խնդրին (Վարդանյան, 2024):
ՍԻՍԻԱՆ
Աշխարհագրական դիրքը
Սահմանակից է Ադրբեջանին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։
Մակերեսը՝ 9 կմ²
Սյունիքի մարզ
Սիսիան համայնք
Բնակչության թիվ (2022 թ. դրությամբ)՝ 14 297 մարդ
3. Սիսիանի կարևոր դերակատարները (ՀՀ վիճակագրական կոմիտե, 2022 թ. 76.)
ԱՆՏԵՍՎԱԾ ԱՄԵՆ ԿԵՐՊ
Քաղաքն անտեսված է թե՛ ազգային, թե՛ համաշխարհային առումով. դա ակնհայտ է: Այն գրեթե դեր չի խաղում ակադեմիական և քաղաքական քննարկումներում, Սիսիանի վերաբերյալ գրեթե չկան քաղաքաշինական ուսումնասիրություններ, իսկ ակադեմիական հրապարակումների առումով Հայաստանը քիչ ուշադրության է արժանանում համաշխարհային մակարդակով: Մյուս քաղաքների ազգային առաջնահերթությունը արտացոլվում է նաև ռեսուրսների բաշխման մեջ, ինչը ակնհայտ է: Օրինակ, բարձրությունից արված լուսանկարները (Google Earth, 2025) ցուցադրում են դատարկ ենթակառուցվածքներ և ճանապարհային կապերի բացակայությունը:
Լրատվամիջոցների անդրադարձը նույնպես սակավ է: Սիսիանի մասին վերջին հոդվածները կամ 2013 թվականին տեղի տեքստիլ գործարանի, կամ քաղաքական գործիչների պարբերաբար այցելությունների մասին են(Արմենպրես): Ուշադրության նման պակասը բերում է շղթայական հետևանքներ ոչ միայն ազգային, այլև տեղական մակարդակով: Բուն քաղաքում սոցիալական մեկուսացումը և տարածքների մասնատումը սրվում է, ինչը հանգեցնում է տեղական մակարդակով մարդկանց խմբերի և գործելակերպերի նկատմամբ անտարբերության։ Այն զարգացնող երկու հիմնական գործոններից առաջինը փախստականների գալուց հետո առաջացած ժողովրդագրական փոփոխություններն են, ինչը զգալի մարտահրավեր է Սիսիանի պես փոքր քաղաքի համար: Փախստականներն, ըստ զեկույցների (Վարտանյան, 2024), ապրում են անկայուն պայմաններում։ Երկրորդ գործոնը կարևոր գործատու հանդիսացող գործարանի կորստից հետո արդյունաբերության ոլորտում թափուր աշխատատեղերի առաջացումն է և դրա հետևանքով քաղաքային զարգացման չօգտագործված ներուժը։ Այս գործոնները ցույց են տալիս, որ «անտեսումը» գոյություն ունի համաշխարհային, ազգային և տեղական մակարդակներում։
Սիսիան Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի/Urbanista
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
Google-ում «Սիսիան» բառով որոնում կատարելը քիչ արդյունքներ է բերում, գոնե Ավստրիայից եկած և հայերեն չիմացող ուսանողի տեսանկյունից։ Որոնումը նաև ի հայտ է բերում այն հետաքրքրությունները, որոնք կարելի է կապել քաղաքի հետ, մասնավորապես՝ զբոսաշրջության և պատմության վրա հիմնված մակերեսային պատկերը։ Հետագա հետազոտությունը, հետևաբար, իրականացվում է «փոքր տեսության» տեսանկյունից (Ռոբին և այլք, 2020), որը կասկածի տակ է դնում երկբևեռումը և քննադատում «ակադեմիական» գիտելիքի համապիտանիությունը։ Գիտելիքը միշտ կախված է համատեքստից՝ թե՛ ժամանակային, թե՛ տարածական առումով, և հարց է առաջանում, թե ո՞վ է ստեղծում գիտելիք, և դրա ո՞ր ձևերն են համարվում օրինական։
Հետևաբար, ոչ միայն գիտական, այլև առօրյա կամ ոչ ակադեմիական աղբյուրները կարող են լինել գիտելիքի արժեքավոր աղբյուրներ։ Հաշվի առնելով սա՝ ես վերլուծեցի բարձրությունից արված լուսանկարները՝ վերը նշված փաստարկին նպաստող ենթակառուցվածքային առանձնահատկությունները բացահայտելու համար։ Թեև լրատվամիջոցների անդրադարձները քիչ են, հայկական լրատվական հարթակներում, օրինակ՝ «Արմենպրես»-ում, հոդվածներ հայտնաբերվեցին, որոնցից ես կարողացա տեղեկատվություն հավաքել փախստականների վիճակի վերաբերյալ։ Բացի այդ, Google Maps-ի հետագա ուսումնասիրությունների շնորհիվ հայտնաբերեցի Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը, որը համագործակցում է UNICEF-ի հետ (UNICEF, 2024) և որին աջակցում է ևս մի միջազգային նախաձեռնություն (DVV International, 2024): Հետաքրքիր է, որ սա Սիսիանում փախստականների վիճակի վրա լույս սփռող միակ աղբյուրն էր:
4. Սիսիանը՝ ըստ Google-ի (Google, 25.09.2025)
ԳԼՈԲԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ
«Վերևից» անտեսված լինելու փորձը պարզորոշ ցույց է տալիս, որ փոփոխությունները չեն կարող նախաձեռնվել դրսից, և կարևոր են տեղական նախաձեռնությունները: Եթե «քաղաքաշինական մեծամասնության» իմաստով առկա իշխանական հարաբերությունների խորը խզումը (Սիմոնե, 2018) դժվար թե իրատեսական լինի, թերևս, հնարավոր է համագործակցել գլոբալ դերակատարների հետ, որոնցից է UNICEF-ի կողմից հովանավորվող Մեծահասակների կրթության կենտրոնը: Այնուամենայնիվ, այս համատեքստում պետք է հարցադրում անել, թե ո՞վ է ստեղծում գիտելիք, ո՞ւմ համար և ո՞ւմ հետ է հնարավոր հետազոտություն իրականացնել: Արդյո՞ք խիստ անտեսված մարդկանց խմբերը, ինչպիսիք են փախստականները, իսկապես ներառված են:
«Ինքնակառուցողականության» նման հասկացությունները (Սիմոնե, 2018) կարող են տեղին լինել այստեղ, քանի որ դրանք լույս են սփռում քաղաքաշինական փոփոխությունների այլընտրանքային ձևերի վրա: Իմ կարծիքով, տեղական մակարդակում փոփոխությունների ավելի շատ հնարավորություններ կան, եթե համայնքները խրախուսվեն վեր հանելու իրենց սեփական կարիքները: Այդ հարցում կենտրոնական նշանակություն ունի ենթակառուցվածքների սոցիալական դերը: Կրթական կենտրոնի նման հաստատությունները հանդես են գալիս որպես համայնքային համախմբվածության և ցանցային կապերի վայրեր: Միևնույն ժամանակ, արդյունաբերական ոլորտի թափուր աշխատատեղերի առկայությունը կարելի է համարել քաղաքային կարգավիճակի արտացոլանք. կենսունակ և գործող քաղաքը նաև դրական ազդեցություն ունի տեղի բնակչության ինքնաընկալման և ինքնության վրա։
Ի վերջո, խոսքը իշխանական հարաբերությունների համալիրը գիտակցելու, առավելությունների մասին խորհելու և դրանք նպատակային կերպով օգտագործելու մասին է։ Նպատակն է ստեղծել տարածքներ, որտեղ առկա հիերարխիաները ոչ թե կվերարտադրվեն, այլ կարող են հարցականի տակ դրվել և վերանայվել։
Սիսիան Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի/Ուրբանիստա
ԲԱՑ ՀԱՐՑԵՐ
Սիսիանի դեպքը էական հարցեր է առաջադրում քաղաքաշինական զարգացման և գլոբալ քաղաքային ուսումնասիրությունների համար։ Այդպիսի օրինակներից մեկը միջազգային լրատվամիջոցներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման բացակայությունն է։ Այսպիսով, անտեսված քաղաքների խնդիրը ծագում է ոչ միայն տեղական մակարդակով, այլև որպես կառուցվածքային օրինաչափություն. ինչպե՞ս կարող են դրանք ուշադրություն գրավել, երբ այլ հարցեր համարվում են «ավելի կարևոր» գլոբալ համատեքստում։ Նուգրահան և այլք (2023) ընդգծում են քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքային ցանցերի կարևորությունը որպես անկախ և նշանակալի դերակատարներ, որոնք ակտիվորեն պայքարում են քաղաքային անհավասարության դեմ։
Այս ցանցերը ոչ միայն համայնքներին համախմբվելու հնարավորություն են տալիս, այլև բացում են քաղաքային զարգացման այլընտրանքային հեռանկարներ։ Նման քաղաքական և սոցիալական ներգրավվածությունները կարևոր են քաղաքային առօրյա փորձից նոր պատկերացումներ ստանալու և քաղաքային իշխանության գոյություն ունեցող հիերարխիաները հարցականի տակ դնելու համար։ Անտեսված քաղաքները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես ծայրամասային տարածքներ, այլև որպես մեկնարկային կետ՝ քաղաքային պրակտիկայի և իշխանության կառուցվածքների գլոբալ գործունեության վերաբերյալ ավելի լայն մտորումների համար, և թե ինչպես դրանք կարող են ավելի արդարացի դառնալ։
Այս տեքստը պատրաստվել է Վիեննայի համալսարանի «Քաղաքային զարգացման վերաբերյալ քննադատական հայացքներ առ գլոբալ քաղաքային մեծամասնությունը» սեմինարի շրջանակում (2025 թվականի հունվար):
Nugraha, E., Wesely, J., Ruszczyk, H. A., de Villiers, I., & Zhao, Y. (2023). Overlooked cities: Shifting the gaze in research and practice in global urban studies. Cities, 133, 104044.
Robin, E., Westman, L., & Castán Broto, V. (2020). For a Minor perspective on climate urbanism: towards a decolonial researchpraxis. Climate urbanism: Towards a critical research agenda, 15-30.
Satterthwaite, D. & Hardoy, J. (Ed.), (1986). Small and Intermediate Urban Centres: Their role in Regional and National Development in the Third World. Hodder and Stoughton.