Այդ օրվանից այն կոչել են Լաստի խութ՝ «լաստ-նավի» բլուր: Այս սարը նաև հաճախ ասոցացվում է Մետաքսի ճանապարհի հետ։ Ասում են քաղաքի հումորով տղաները մի օր նստում են տաքսի ու որոշում վարորդի հոգու հետ խաղալ․ «Ուստա քյիշի Հնդկաստան»․ «Աշկիս յիրա տղերք»։ Վարորդը տանում-հասցնում է Լաստի խութ սարի ստորոտն ու ասում «Տղերք, սրանա տենը օխտավ եք քյինալու» (Տղերք, սրանից դենը ուղտով եք գնալու):
Նկատելի է, թե տատիկս ինչպես է քաղաքը դիտարկում ֆունկցիոնալ տեսանկյունից՝ նա նշել է այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ Ծիածան խանութ, ծաղկի սրահ, տաք հաց, ալրաղաց, ԱԱԾ-կետ և այլն։ Սրանք քաղաքում այսօր էլ հասանելի ծառայություններ են, որոնք առանցքային են տատիկիս մտավոր քաղաքում։ Ավելի մեծածավալ և հետազոտական խիստ նորմերին համապատասխանող ուսումնասիրությամբ կարելի է ստուգել վարկած, ըստ որի քաղաքի համեմատաբար տարեց բնակիչների մտավոր քարտեզներում կան այլևս գոյություն չունեցող և «հիշողության վերածված» օբյեկտներ։