Ժորա Դաբաղյանը նշում է. քաղաքի լավագույն շրջանը՝ խորհրդային տարիներն էին:
«Այդ տարիներին Աբովյանում երիտասարդները շատ էին, շահագործվում էին մի քանի գործարաններ, որոնք մեծ ազդեցություն էին թողնում քաղաքային կոլորիտի ձևավորման, կոլեկտիվ մտածողության ձևավորման վրա»,-ասում է նա և ավելացնում, որ շատ օտարեկրացիներ հենց «Սիրիուս»-ով էին ճանաչում Աբովյանը:
Խորհրդային տարիներին Աբովյանը համարվում էր Հայաստանի կարևորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը: Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս էր ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում էր էլեկտրոնային սարքաշինությունը: Այստեղ գործում էին միութենական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ:
Քաղաքի բնակչության զբաղվածությունը ապահովում էին քաղաքում գործող բազմաթիվ գործարանները: Դրանցից ամենահայտնիներն էին «Չափիչ» և «Սիրիուս» գործարանները: Տեխնիկական և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող այս գործարաններից «Սիրիուսը» համարվում էր ամենախոշորը:
Ժորա Դաբաղյանը մտահոգված նշում է. այն տարիների հետ համեմատ շատ բան է փոխվել քաղաքի կյանքում: