Շենգավիթի Կաուչուկի շենքերը՝ քաղաքային հիշողության կրողներ


Ինչպես են գորիսեցիները ձևավորում քաղաքի պատկերն ու հիշողությունները
Արիանա Հայրապետյան
Տեքստ և լուսանկար
1930 թվականին Կաուչուկի գործարանի աշխատակիցների համար Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կառուցվեց ութ բնակելի շենք, որոնք ձևավորեցին բնակելի շենքերի քաղաքային նոր միջավայր։
Շենքերը նախագծել էին ժամանակի ամենաճանաչված ճարտարապետները՝ Գևորգ Քոչարը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը և Սամվել Սաֆարյանը։ Տարածքը կանաչապատ և ծառապատ էր, խնամված բակերով: Ժամանակի ընթացքում կանաչ գոտին փոխարինվեց ասֆալտապատ տարածքներով, շենքերում նոր բնակիչներ հայտնվեցին։ Չնայած փոփոխություններին՝ տարածքը դեռևս պահպանել է  հին անվանումը՝ հիշեցնելով վաղուց անհետացած գործարանի և խորհրդային բնակարանաշնորհման մոդելի մասին:

«Կաուչուկի բնակարանային թաղամասի առանձնահատկությունն այն էր, որ առաջին փորձն էր Սովետական Հայաստանում ստեղծել բնակելի թաղամասային միջավայր, որտեղ միանգամից նախագծվում էր ոչ միայն բնակության, այլև սպասարկման, կրթական կառույցներ։ Շենքի ճարտարապետները համարվում էին նորարար ճարտարապետներ, որոնք հավատացած էին՝ սոցիալիստական, կոմունիստական գաղափարները կարելի է արտահայտել ճարտարապետության մեջ», - ասում է ճարտարապետ Սևադա Պետրոսյանը։
Շենքերի տանիքները փայտից են, և բակի կենտրոնում կառուցված ջրավազանը նախատեսված էր հրդեհի դեպքում օգտագործելու համար։ Ժամանակի ընթացքում այն դարձավ երեխաների ամառային ժամանցի սիրելի վայրը։ Հետագայում բակի տարածքում բնակիչները կառուցեցին նաև ավտոտնակներ։

Այս շենքերից մեկում է ծնվել և մեծացել Ռուզաննա Հարությունյանը, որն այսօր էլ ապրում է այստեղ իր հոր հետ։ «Այս շենքերը անվանում են նաև Բաղդադի շենքեր, բայց ցավոք այլ տեղեկություններ չեմ հիշում», — պատմում է նա։ Տիկին Ռուզաննայի բնակարանը երկար տարիներ չի վերանորոգվել, և այստեղ դեռ կարելի է տեսնել, թե ինչպիսի միջավայրում էին ապրում մարդիկ խորհրդային տարիներին։
Կաուչուկի թաղամասը ձևավորվեց խորհրդային «նոր քաղաքի» գաղափարի համաձայն։  Արդյունաբերական արտադրության աշխատավորների համար ամբողջական քաղաքային միջավայր ստեղծվեց: Բնակելի շենքերը, կանաչ գոտիները, կենցաղային սպասարկման կառույցները և հանրային տարածքները նախագծվում էին ոչ միայն բնակության, այլև սոցիալական նոր, խորհրդային մոդել ցույց տալու համար։

Արտադրական կոլեկտիվը նաև միավորվում էր կենցաղային ենթակառուցվածքներ ունեցող ինքնաբավ համայնքում: Այսինքն, աշխատանքը, առօրյան և հանրային կյանքը պետք է լինեին մեկ տարածքում՝ արտացոլելու խորհրդային քաղաքաշինության սոցիալական ինժեներիայի սկզբունքները:
Շենքերի պատմությունը կապված է նաև նշանավոր անձանց հետ։ Օրինակ՝ դրանցից մեկում է ապրել Հայաստանում շախմատի առաջին մարզիչ Արմեն Համբարձումյանը։
Պատկերը վերցված է Google Earth-ից
«Հատակագծին նայելով, կարող ենք տեսնել, որ ամեն մի շենք բաժանված է ենթաբլոկների։ Շենքերը տեղակայված են քառակուսու տեսքով, սակայն մի մասը բաց է, որն ապահովում էր հասարակական միջավայրից մինչև մասնավոր միջավայրի անցումը»

Ճարտարապետ Սևադա Պետրոսյան
Այստեղ երկար տարիներ բնակվում են նաև Դերենիկ և Արշալույս Հովհաննիսյանները։ Ամուսինները բնակարանը ժառանգել են․ Դերենիկ Հովհաննիսյանի ծնողները աշխատում էին Կաուչուկի գործարանում, և հենց գործարանն էլ նրանց բնակարան էր հատկացրել։

«Գործարանը շատ լավ էր հոգում շենքի բնակիչների մասին՝ ապահովելով թե՛ սնունդով, թե՛ կաթնամթերքով։ Սկզբից այս շենքը ծառայում էր որպես կոմունալ բնակարաններ և յուրաքանչյուր սենյակում ապրում էր առանձին ընտանիք․ ընդհանուր՝ 178 բնակիչ, իսկ հետագայում դարձել են առանձին բնակարաններ և այսօր այստեղ ապրում է ընդամենը 72 մարդ», — նշում է պարոն Դերենիկը։
Կաուչուկի գործարանի աշխատակիցների համար կառուցված այս շենքերը քաղաքային հիշողության կրողներ են։ Ժամանակի ընթացքում բակերի կանաչը պակասել է, բնակիչների թիվը կրճատվել, սակայն կաուչուկի շենքերը քաղաքի սոցիալական պատմության կարևոր մի էջ են թե որպես յուրահատուկ նախագիծ, թե որպես նոր ժամանակի գաղափարներն արտահայտող հայ անվանի ճարտարապետների մտահղացում։

«Այս կառույցների ամենահետաքրքիր հատվածը դա շեղանկյուն պատուհաններն են, որոնք ստեղծում են շատ կտրուկ և հեռանկարային պատկերներ, միևնույն ժամանակ հետ և առաջ պատերը ծավալություն են հաղորդում շենքին, դարձնելով ավելի հետաքրքիր», - ասում է ճարտարապետ Սևադա Պետրոսյանը։ Ճարտարապետը հավելում է, որ այս շենքերը ոչ միայն ճարտարապետական, այլև մշակութային ժառանգություն են, որոնց պահպանությունն ու արժևորումը կարևոր են քաղաքի պատմական հիշողության համար։
Շուտով կլրանա Կաուչուկի գործարանի շենքերի կառուցման 100-ամյակը։ Ըստ ճարտարապետի՝ սա վկայում է այն մասին, որ խորհրդային հին կառույցները դիմացկուն են, կարող են անցնել տարբեր փորձություններով և կանգուն մնալ։

Կաուչուկի թաղամասը կարևոր է ոչ միայն որպես բնակելի տարածք, այլ 1930-ականների քաղաքաշինության նմուշ, որում փորձ էր արվում մեկ տարածքում համադրել բնակարանները, բակային միջավայրը և կենցաղային ենթակառուցվածքները։ Այն մասնագիտական գրականության մեջ դիտարկվում է որպես հայկական վաղ խորհրդային ճարտարապետության դասական օրինակ։

~