Նորագյուղ.
ժամանակի միջանցք

Երևանի ևս մի՝ ուշադրությունից դուրս մնացած վերնակուլյար թաղամասը
Ռուզաննա Աբրահամյան
Սոցիոլոգ, Հետք Մեդիա Գործարանի շրջանավարտ
Երբ գալիս ենք Երևանի կենտրոնից, որտեղ բազմաբնակարանային շենքերն են, ժամանցի վայրերը, լայն փողոցները, մեքենաների աղմուկն ու մարդկանց խիտ երթևեկը, Նորագյուղը թվում է այդ միջավայրից կտրված իսկական գյուղակ, թեև կենտրոնին ամենամոտ թաղամասերից է։
Այն կարծես «ժամանակի միջանցք» լինի, որի միջով գնում ենք դեպի Հին Երևանի պատմություն, դեպի խորհրդային, դեռևս չմոդեռնիզացված քաղաք։ Զբոսնելով այդ հին, անձեռնմխելի մնացած անկյուններում՝ մեզ բոլորովին կտրված ենք զգում նոր քաղաքի միջավայրից: Թաղամասի ինքնաբուխ շինարարությունը, ճարտարապետական ոճի, պլանավորման բացակայությունը, կյանքի որակի բարեկարգմանն ուղվված լրակառուցումն այնտեղ առաջացրել են միջավայրի անկանոնություն, գերբեռնվածություն և, ի վերջո, վերնակուլյարություն (ոչ ֆորմալ, ժողովրդական քաղաքաշինություն)։

Նորագյուղը վերնակուլյար թաղամաս է, որտեղ տները բլրի վրա են կառուցված, ունեն ոչ ֆորմալ ձև և կառուցվածք։ Կառուցվել են բնակիչների կողմից, փոփոխվել և լրակառուցվել՝ ըստ նրանց կենսական պահանջների։
Նորագյուղի լրակառուցված տները
Դիրքի և տների խտության պատճառով առաջացել են նաև սոցիալական խնդիրներ, ենթակառուցվածքների բացակայություն և հետևաբար անհարմար կացություն։ Խնդիրները լուծելու համար քաղաքային իշխանությունների կողմից կազմվել են Նորագյուղի քանդման և արդիականացման ծրագրեր, որոնք չեն իրականացվել։ Արդյունքում, բնակիչները փորձել են ամեն կերպ հարմարվել բնակավայրին՝ փաստացիորեն հարմարեցնելով բնակավայրը իրենց։

Նորագյուղի պատմությունը

Նորագյուղը բնակեցված է եղել հին ժամանակներից. 1800-ականներից այստեղ սկսել են կառուցել սեփական տներ և մինչև 20- րդ դարի կեսերը տարածքը խիտ բնակեցվել է: Որպես մայրաքաղաքի թաղամաս՝ ձևավորվել է 1950-ականներին, երբ հիմնականում Ապարանից և այդ տարածաշրջանի գյուղերից մարդիկ գալիս էին Երևան՝ արդյունաբերական ձեռնարկություններում աշխատելու համար։ Տեղափոխվելով Նորագյուղ՝ նրանցից շատերը փորձել են տեղայնացնել իրենց ապրելակերպը, այդ պատճառով թաղամասն ավելի գյուղական ոճի ճարտարապետություն և վերնակուլյարություն ունի։
«Ոնց որ Կոլումբոսն ա հայտնաբերել Ամերիկան, նենց էլ ապարանցիք՝ Նորագյուղը», – ասում է Նորագյուղի բնակիչ 83-ամյա Գրետա Ավետիսյանը։
Թաղամասի պատմականության մասին խոսելիս փորձագետները նշում են՝ Նորագյուղը չի համարվել Երևան քաղաքի մաս։ «Նորագյուղ անունը ցույց է տալիս, որ ինքը փոքրիկ գյուղակ է եղել։ Դա այն բլուրն է, որտեղ ռուս գեներալ Պասկևիչը իր թնդանոթները տեղադրել է և ռմբակոծել է Երևանի բերդը, որից բերդի պատերին ճեղքվածքներ են առաջացել, հետո հետևակային գրոհով գրավել է Երևանի բերդը։ Նորագյուղն այդտեղից է պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում, քանի որ ինքը բարձր դիրք ուներ ու հարմար էր այդտեղ թնդանոթներ տեղակայել», – պատմում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանի խոսքով, Նորագյուղը Հին Երևանից մնացած անկլավային տարածքի է նման։ Այդ պատմամշակութային տարածքում կան պարսկական շրջանին վերաբերվող շերտեր և 19-րդ դարի գաղութային կամ, ինչպես հիմա են անվանում, վերնակուլյար (ժողովրդական) ճարտարապետության որոշ նմուշներ։
Բարձրությունից արված պատկերներում երևում է Նորագյուղի ընդհանուր կառուցվածքը, տարածքը, տների խտությունը և կառուցապատման պարույրաձև ոճը։ Ի տարբերություն Երևանի կենտրոնական այլ թաղամասերի, այս մեկն ակնհայտ մեկուսացված է։ Թաղամասն ինքնին փոսի մեջ է, այսինքն՝ այնտեղ այցելելու համար նախ պետք է իջնել դեպի բլուրը, հետո արդեն բարձրանալ բլրի վրա։ Ըստ երևույթին, այդ կտրվածությունն ու մեկուսացվածությունն են պայմանավորել ինքնակառուցման տրամաբանությունը։

«Նորագյուղում պետական նախագծում 0-ից չի եղել, մարդիկ եկել են ու սկսել են բնակվել արդեն բնակեցված տարածքի վրա։ Այս պատճառով Նորագյուղը շատ է տարբերվում Կիլիկիայից, նույնիսկ Կոնդից ու Սարի թաղից, որովհետև այստեղ լրիվ «մեկի բակը մյուսի տանիքն է» սկզբունքով է կառուցվել։ Դրա համար կան փողոցներ, ուր երկու մարդ չի կարող իրար կողքով անցնել» , – ասում է Աղասի Թադևոսյանը։

Բնակիչները նախնիների կառուցած բնակարանները փոփոխում էին, արդիականացնում և համապատասխանեցնում այն ավանդույթներին և տան նախագծման մշակույթին, որն ի հայտ եկավ արդեն հետխորհրդային տարիներին։ Ըստ էության, տեղաբնակն ստեղծում կամ վերստեղծում է իր կարգը ու սահմանում իրեն հարմար յուրօրինակ ճանապարհային ուղեցույցներ։
Նորագյուղ թաղամաս
Աղասի Թադևոսյանի խոսքով, Նորագյուղի բակերը, կանաչ տարածքներն աստիճանաբար կրճատվում էին դեմոգրաֆիկ աճի պատճառով։ Մեծացող ընտանիքների համար տներում անընդհատ նոր սենյակներ էին ավելացվում։ Լրակառուցման հետևանքով կանաչ հողատարածքները հետզհետե քչանում էին։

«Բաղ ենք ունեցել ծառերով, բայց էրեխեքը չուզեցին, ասեցին սարքենք՝ ստեղ սեղան աթոռ կդնենք, հիմա ընկերություն ա գալիս, չգան՝ լցվեն տունը, ազատ տեղ ունենանք։ Համ էլ արդեն ջուր չկար, կռանթի (ծորակի - խմբ․) ջրով ջրելը հարմար չէր ու ծառերը չորանում էին։ Հիմա մի հատ ծիրանի ծառ ունենք, մի հատ՝ թզի, էտ թողել ենք սիրունության համար, ափսոսացինք կտրենք», - ասում է Գրետա Ավետիսյանը։


Գրետա Ավետիսյանի տան բակը

Քաղաքային պլանավորման ազդեցությունը Նորագյուղ թաղամասի վրա

Նորագյուղը քաղաքային պլանավորման տեսանկյունից ունի թե՛ բացասական, թե՛ դրական կողմեր։ Բացասական կողմերից մեկը հենց հանրային տարածությունների բացակայությունն է՝ թաղամասի դիրքի, տների խտության և անկանոնության պատճառով։ Բնակիչները նշում են նաև ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների բացակայությունը։ Այսինքն, չկան կանաչապատ գոտիներ, խաղահրապարակներ, շուկա, դեղատուն, հիվանդանոց, դպրոց և մանկապարտեզ։ Հասանելի հասարակական տրանսպորտը քաղաքի ոչ բոլոր թաղամասեր է տանում։

«Պապիկս Ապարանից եկել, ստեղ տուն ա սարքել։ Տունը բավական փոքր ա եղել, մոտ 60 քմ, բայց տան մեջ ապրել են տատիկս, պապիկս, տատիկիս մաման։ Հետագայում, երբ պապաս ամուսնանում ա, որոշակի գործ ա անում տան վրա։ Պապիկս իր ձեռքով ա կառուցել, էն քարերը, որ դրսից նկարեք՝ էտ պատը շարվել ա 1970 թվականին», - ասում է նորագյուղցի Մարին:

35-ամյա Մարի Թումեյանը ծնվել ու մեծացել է Նորագյուղում՝ պապիկի կառուցած տանը։ Նրա կարծիքով, Նորագյուղում կյանքը բավական բարդ է` ենթակառուցվածքների հեռավորության և հանրային տարածքների բացակայության պատճառով։ «Ստիպված տղայիս հետ իջնում եմ շոշ (ավտոճանապարհ - խմբ), ըտեղ սամակատ ա քշում, բայց էլի հարմարավետ չի, որովհետև անընդհատ ավտոները երթևեկության մեջ են, անընդհատ անհարմարություն ա ու շատ վտանգավոր», – ասում է Մարին։

Թաղամասի դրական կողմերի մասին խոսելիս՝ բնակիչները նշում են միասնականությունը, համերաշխությունը, դրացիական լավ հարաբերությունները, անձնական անվտանգության և հուսալիության զգացումը։

Նորագյուղի տները
«Կարելի է ասել՝ Նորագյուղում մարդիկ գյուղի բնակիչների պես են՝ մեկը մեկին կապված, հասնող։ Եթե խնդիր ա լինում, ավելի շատ հարևանիդ ես դիմում, քան բարեկամիդ, որովհետև մարդիկ այստեղ շատ կապված են իրար, ոնց որ առաջ գյուղերում ա եղել։ Իսկ քաղաքում այդպես չի, ճիշտ ա՝ մենք էլ ենք քաղաքում, բայց ինքը քաղաքում փոքր գյուղ ա», – խոստովանում է Մարին։


Բնակիչները, դրական կողմերի մասին խոսելիս, ընդգծում են ոչ միայն սոցիալական կապերը և հարաբերությունները, այլև՝ թաղամասի մշակութային ասպեկտները, դիրքն ու տեղանքը։ Մարի Թումեյանի խոսքով. «Առանձնահատուկ տեղերը էտ մեր հին, ոլորապտույտ արանքներն ա, որ մենք սիրում ենք ու հին կոլորիտ, շունչ ունի Կոնդի պես։ Քաղաքի կենտրոնական մասերում աղմուկը շատ ա, իսկ այստեղ խախանդ, հանգիստ ապրում ենք»։


Նորագյուղի ապագան

Թեև Նորագյուղն իր դրական և բացասական կողմերով, խնդիրներով, ֆիզիկական միջավայրով քաղաքի սոցիալական և մշակութային կապիտալի մի մասն է, այն քանդելու, ձևափոխելու և բնակիչների կենցաղը բարելավելու մի շարք նախագծեր են ստեղծվել։ Սակայն դրանք չեն իրագործվել։

Որոշակի զսպող հանգամանք է եղել թաղամասի միջավայրի պահպանման հարցը։ Ըստ Աղասի Թադևոսյանի, արժևորման մոտեցումը խտրական ու Երևանակենտրոն է։ Օրինակ՝ Կոնդը համարվում է ավելի արժեքավոր, քան Նորագյուղը։ Ազգագրագետի կարծիքով, Կոնդի ու Նորագյուղի տների մեջ առանձնապես շատ մեծ տարբերություն չկա։ Բայց քանի որ Նորագյուղը Երևանի պատմական հատվածում չի գտնվել, հետևաբար չի արժևորվել։

Որպես պոտենցիալ հանրային տարածք՝ բնակիչները մատնանշում են Նորագյուղի ստորոտում գտնվող ամայի դաշտը:



Լուսանկարը` Google Maps Street View
ժամանակակից Երևանում քիչ են վայրերը, որտեղ դեռ պահպանվել են «վերնակուլյար» կամ «առանց ճարտարապետի» ճարտարապետությամբ ձևավորված միջավայրերը: Մասնագետների կարծիքով, քաղաքաշինության ապագայի տեսանկյունից Նորագյուղի ճակատագիրը որոշելիս պետք է հաշվի առնել և՛ պատմաճարտարապետական արժեքը, և՛ բնակչի, սովորական մարդու հարմարավետության ձգտումը։ Մասնավորապես, հարկավոր է կառուցել կամ արդիականացնել ենթակառուցվածքները։
~