Այսօր քիչ թե շատ գիտակից մարդ աշխատում է շրջանցել այս հատվածը ցերեկային ժամերին։ Կայանված մեքենաներ, դանդաղ սողացող երթևեկություն, մեքենաների միջև առանց լուսացույց աճապարարող անցորդներ. պատճառները շատ են։
Սակայն այս տհաճ միջավայրը թաքցնում է առնվազն Երևանի համար շատ կարևոր երկու դարի պատմական հատույթ։ Շարքային հետիոտնի համար անշուք այս տարածքը վառ արտացոլում է Երևանի պատմությունը: Պարսկական տիրապետության ժամանակ այն կոչվել է
Փանա Խանի հրապարակ, Նոր հրապարակ՝ ռուսական իշխանության շրջանում (1850-1860-ական թթ.)։
Որպես Երևանի հրապարակներից մեկը՝ այն դուրս չի մնացել ինչպես Մեհրաբովի, այնպես էլ Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծերից։ Իսկ խորհրդային ամբողջ շրջանում հայտնի է եղել Բաքվի կոմունայի անդամ Մեշադի Ազիզբեկովի անունով: 1991 թ. Հայաստանի անկախության սկզբին հրապարակը վերանվանվեց Անդրեյ Սախարովի պատվին՝ ի նշան նրա հասարակական, գիտական և մարդասիրական գործունեության:
Շինությունների տեսանկյունից այստեղ կրկին մի քանի պատմական շերտ կա։ Ցարական ժամանակաշրջանից այստեղ պահպանվել է միայն Նալբանդյան-Վարդանանց անկյան վրա գտնվող նախկին Ցարական պալատը և նահանգային գանձարանը
(1901 թ., ճարտարապետներ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին): Վերջին տարիներին այստեղ գործում էին տարբեր բանկեր։