Սախարովի հրապարակ․
քաղաքի կորած կենտրոնը

Մարդակենտրոն քաղաքի բացակայող օղակը
TL bureau
Urbanista
Երբ Ալեքսանդր Թամանյանը նախագծում էր նոր Երևանը, քաղաքի ուշ միջնադարյան դիմագիծը գրեթե մեծամասամբ ջնջվեց։ Իհարկե, որոշ փշրանքներ այսօր դեռ կարելի է գտնել Կենտրոնի բակերում, սակայն հատուկենտ տարածքներ մնացին անփոփոխ։ Քչերը գիտեն, որ դրանցից մեկը Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Սախարովի հրապարակն է։
Այսօր քիչ թե շատ գիտակից մարդ աշխատում է շրջանցել այս հատվածը ցերեկային ժամերին։ Կայանված մեքենաներ, դանդաղ սողացող երթևեկություն, մեքենաների միջև առանց լուսացույց աճապարարող անցորդներ. պատճառները շատ են։

Սակայն այս տհաճ միջավայրը թաքցնում է առնվազն Երևանի համար շատ կարևոր երկու դարի պատմական հատույթ։ Շարքային հետիոտնի համար անշուք այս տարածքը վառ արտացոլում է Երևանի պատմությունը: Պարսկական տիրապետության ժամանակ այն կոչվել է Փանա Խանի հրապարակ, Նոր հրապարակ՝ ռուսական իշխանության շրջանում (1850-1860-ական թթ.)։

Որպես Երևանի հրապարակներից մեկը՝ այն դուրս չի մնացել ինչպես Մեհրաբովի, այնպես էլ Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծերից։ Իսկ խորհրդային ամբողջ շրջանում հայտնի է եղել Բաքվի կոմունայի անդամ Մեշադի Ազիզբեկովի անունով: 1991 թ. Հայաստանի անկախության սկզբին հրապարակը վերանվանվեց Անդրեյ Սախարովի պատվին՝ ի նշան նրա հասարակական, գիտական և մարդասիրական գործունեության:

Շինությունների տեսանկյունից այստեղ կրկին մի քանի պատմական շերտ կա։ Ցարական ժամանակաշրջանից այստեղ պահպանվել է միայն Նալբանդյան-Վարդանանց անկյան վրա գտնվող նախկին Ցարական պալատը և նահանգային գանձարանը (1901 թ., ճարտարապետներ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին): Վերջին տարիներին այստեղ գործում էին տարբեր բանկեր։
Նախկին պալատից հետո իր մասշտաբներով աչքի է ընկնում նախկին հրշեջ կայանը։ 1930 թ. ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյան, շինարար Կոնստանտին Հովհաննիսյանի կողմից ստեղծված Կամավորական հրդեհային ընկերության շենքը, 1950-ականներին վերակառուցվել է և ամրացվել, ավելացվել է երրորդ հարկ։ Ի դեպ, այդ աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը։ Ցավոք, այսօր շենքը միայն մասամբ է պահպանել իր կառուցվածքը։

Իսկ երբ կանգնեք Պուշկին փողոցի կողմում՝ մեջքով դեպի հրշեջ կայանը, կտեսնեք արդեն Խորհրդային ժամանակներում առաջինն այստեղ նախագծված Հայկական ԽՍՀ Պետական ապահովագրության կառույցը (1929-1931 թթ., ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար) Ժամանակի ընթացքում մասամբ իր դիմագիծը պահպանած կոնստրուկտիվիզմի նմուշը գտնվում է Նալբանյան ու Պուշկին փողոցների հատվածում։ Նույն ճարտարապետների թիմը հեղինակել է հրապարակի մյուս կողմում գտնվող Այգեգործության պետական կոմիտեի շենքը, այն կառուցվել է 1930-1933 թթ., իսկ 2000-ականներին վերակառուցումից հետո միայն մոտավոր ուրվագծերով է հիշեցնում նախկին շենքը։

Արդեն 1960-ականներին, հրապարակից սկիզբ առան և Նալբանդյանի երկայնքով վեր բարձրացան բնակելի նոր շենքերը: Հրշեջ կայանին կից կառուցվեց Գևորգ Մուշեղյանի նախագծած վարչական շենքը։

Այստեղ ամենաթարմ կառույցը հրապարակի կենտրոնում 2001 թվականին տեղադրված Անդրեյ Սախարովի կիսանդրին է, որի քանդակագործն է Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը Լևոն Ղալումյանը, իսկ դրվագողը Ներսես Չարխչյանը։ Քարե Սախարովը ամեն օր մտահոգ նայում է իրեն շրջապատող քաղաքաշինական պատկերին։

Ի դեպ, խոսելով Սախարովի հրապարակի մասին, հնարավոր չէ չանդրադառնալ բուն Նալբանդյան փողոցին, քանի որ այն հրապարակի և Պուշկինի փողոցի պես ունի զարգացման իր մեծ պատմությունը։ 1860-ական թվականներին այսօրվա Նալբանդյան փողոցը կոչվել է Սուլեյմանխանովսկայա ՝ ի պատիվ Սուլեյման խանի, այնուհետև 1870-ական թվականներին այն կոչվել է Գուբերնատորսկայա փողոց (ռուս. Губернаторская), քանի որ այնտեղ էր գտնվում Երևանի գեներալ-նահանգապետի շենքը: 1884 թվականին փողոցը վերանվանվել է ի պատիվ ռուս-թուրքական պատերազմի հերոս գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի անունով։ Իսկ խորհրդային կարգերի հաստատումից ի վեր այն վերանվանվել է նախ Ազատամարտիկների փողոց, իսկ արդեն 1921 թվականից ստացել իր ներկայիս անունը՝ ի պատիվ հայ գրող, հասարակական գործիչ և Հայաստանի օրհներգի խոսքերի հեղինակ Միքայել Նալբանդյանի։
Այս առումով, Սախարովի հրապարակի բարեկարգման խնդիրը ոչ միայն քաղաքաշինական է, այն լուծելը կարևոր է քաղաքի պատմությունը և յուրահատուկ դիմագիծը պահպանելու առումով:

TL bureau ճարտարապետական արվեստանոցի անդամները ուսումնասիրել են այն և ներկայացրել տարածքն ավելի մարդակենտրոն դարձնելու հայեցակարգ։

Ստորև ներկայացնում ենք այն․
Երևանի կենտրոնական հրապարակներից մեկը՝ Սախարովի հրապարակը, ունենալով մարդակենտրոն հրապարակի
համար իդեալական հարաչափեր, փաստացի ծառայում է որպես տարանցիկ գոտի և կայանատեղի մեքենաների համար։
Հանրապետության հրապարակից 200 մետր հեռու տեղակայված հրապարակը կիսալքված է,
անխնամ: Այստեղ դժվար թե ինչ-որ մեկը որոշի ժամանակ անցկացնել։ Փորձենք հասկանալ դրա պատճառները։

Պահպանելով հրապարակի տարանցիկության գործառույթը՝ հրապարակը կարելի է բավականին մարդակենտրոն դարձնել, ստեղծել հանրային տարածքներ, կարգավորել հասանելիությունը հետիոտնի համար, կանաչապատել տարածքը, ավելացնել ծառերի քանակը, կանոնակարգել կայանատեղին։

Լավ հանրային տարածքում բոլոր մակերեսները պետք է տարբերվեն տեսքով, նյութով, գույնով:

Համեմատելով առկա պատկերի հետ՝ կարելի է գնահատել փոփոխությունների հնարավորությունները։
Հանրային տարածքում յուրաքանչյուր մակերես պետք է ունենա իր ուրույն տեսքը, գույնը, նյութը։ Տարանջատելով մակերեսները տարբեր նյութերով՝ տարածքը դառնում է ընթեռնելի բոլոր մասնակիցների համար։
Իհարկե, Սախարովի հրապարակի համար հնարավոր են այլ լուծումներ ևս (օրինակ, կարելի է Պուշկինի փողոցի Աբովյան-Նալբանդյան հատվածը դարձնել հետիոտնային՝ լուծելով այդ հատվածում ապրողների մեքենաների ելումուտի հարցը): Մեր հիմնական նպատակն է ցույց տալ հրապարակի ակնհայտ և թաքնված հնարավորությունները։ Լավագույն լուծումը կլիներ սկսել հրապարակի վերամշակման ու վերաիմաստավորման ճարտարապետական մրցույթից։
Սախարովի հրապարակը պետք է վերադարձնել հանրությանը։ Նման փոփոխությունները նաև կնպաստեն, որպեսզի հրապարակի վրա տեղակայված շենքերը նույնպես փոխվեն, և վերջապես վերականգնվի հրշեջ կայանի շենքը, օգտագործվեն առաջին հարկերի հնարավորությունները, Երևանը ունենա ևս մի իրական հրապարակ։
~