Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում առավել պահանջված է IT ոլորտը։
Իջևանի 15-ամյա բնակիչ Մհեր Օթարյանը իր շատ հասակակիցների պես սիրել է ժամանցն անցկացնել համակարգչի առաջ: Հետո ծրագրավորող զարմիկի օրինակով պատանին ևս որոշեց մասնագիտանալ IT ոլորտում։ Ավագ դպրոցն ընտրելու ժամանակ Իջևանում բացվեց «Իրական դպրոց» միջին մասնագիտական կրթօջախի մասնաճյուղը։ Այստեղ քառամյա ուսուցման ընթացքում ուսանողները սովորում են համակարգչային ծրագրավորման և եռաչափ մոդելավորման, ռոբոտաշինության, միկրո և ռադիո էլեկտրոնիկայի մոդելավորման, ԱԹՍ նախագծման և փորձարկման, քիմիայի, ֆիզիկայի, լազերային տեխնոլոգիական, օպտիկական և կենսաբանական աշխատանոցներում։