Անգործ գործարաններ


Միայն Երևանում այսօր կան մի քանի տասնյակ լքված արդյունաբերական շինություններ, որոնց անգործության հիմնական պատճառը՝ նոր գաղափարների բացակայությունն է
Սաթենիկ Թովմասյան
լրագրող
Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հիշողությունն այսօր ընդգրկում է երկրի տարբեր հատվածներում դեռևս կանգուն մնացած գործարանային շինությունները, որոնց նկատմամբ քաղաքաշինական նոր վերաբերմունք է ձևավորվում՝ դրանք առավելագույնս կյանքի կոչելու նպատակով:
Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական, ճարտարապետ Արմեն Մինասյանի կարծիքով` Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մերձակա տարածքում բազմաթիվ գործարաններ կան, որոնք նա դիտարկում է որպես խորհրդային շրջանի ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգություն: Ճարտարապետի համոզմամբ դրանք կարելի է տարբեր ձևով վերագործարկել:

«Առանց դրանց հիմնական տեսքը խաթարելու կարելի է վերանախագծել այդ շենքերը: Մեր պատկերացմամբ՝ այնտեղ կարող են լինել կինոարտադրություն, փորձարարական թատրոններ, արվեստի կենտրոններ, կարելի է դրանք ստարտափերի համար գողտրիկ անկյուններ դարձնել, հաշվի առնելով, որ Երևանում բավականին բարձր գներ են, և մնացած աշխատանքային տարածքները շքեղ և ոչ հասանելի են երիտասարդ ստարտափերների համար»,- ասում է Մինասյանը:

Ճարտարապետը պատմում է. առաջարկի մասին հրապարակային չի խոսել, կիսվել է մտերիմների՝ կինոգործիչների, թատերական արվեստի ներկայացուցիչների հետ, նախագիծը նախնական տարբերակով ուղարկել են արտասահմանյան գործընկերներին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Մինասյանի կարծիքով` այն կարող է այլընտրանք լինել թանկ վերանորոգված հանրային տարածքներին, որոնք գնալով դուրս են գալիս ժամանակակից միտումներից.

«Պարզապես պետք է տանիքը փոխել, շրջակայքում կանաչ տարածք ապահովել, նվազագույն լուծումներ տալ, կարիք չկա հավելյալ բեռնվածություն ավելացնել շենքերի վրա, առանց այդ էլ սեյսմիկ գոտում ենք գտնվում: Նմանօրինակ առաջարկները դուր կգան նաև միջազգային գործընկերներին, դա կնպաստի, որ բանկերն իրենց հերթին շահագրգռվեն և չդիտարկեն տարածքները որպես անպիտան»,- նշում է Մինասյանը, կարևորելով շահառուների հետ աշխատանքը, որպեսզի վերջիններս հասկանան՝ ինչպե՛ս կարող են օգտագործել իրենց տարածքները և ի՛նչ ակնկալիքներ կարող են ունենալ:
Երիտասարդները նախատեսում են արդեն վաղուց պարապուրդի մատնված գործարանը վերածել աշխատանքային թաղամասի, որը նախագծված է ժամանակակից ճարտարապետական ոճով և հագեցած է նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Նրա ստեղծագործական միջավայրը ապահովում է աշխատելու, հանդիպելու, սովորելու, զարգանալու և ստեղծագործելու ենթակառուցվածքները միաժամանակ:

Dépôt-ի սպառողներն են՝ ստարտափները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, կորպորացիաները և անհատ ձեռներեցները: Dépôt-ն հաղորդակցման պլատֆորմ է, այն նպաստում է անհատների եւ խմբերի միջեւ փոխգործակցությանն ու հանդիսանում է իրադարձությունների եւ հանդիպումների անցկացման արդյունավետ հարթակ։ Նրա հարկի տակ համախմբվում են գործարարությունը, մշակույթը, ստեղծարարությունը, ժամանցը, սնունդը, առողջ ապրելակերպը, առօրյա կյանքի խնդիրներն ու դրանց լուծումները։

Ճարտարապետը նշում է, որ արդեն սկսել են մոնտաժային աշխատանքները, անցկացվում են կոմունիկացիաները, սեպտեմբերին նախատեսում են ավարտել առաջին փուլը և բացել մոտ 1000 քմ տարածքով հատվածը.

«Առաջին քայլը կլինի լոֆթ ոճով գրասենյակների բացումը, որոնք ներկայացնելու են հին շինություններից բարեկարգված մի հատված՝ բարձր առաստաղներով և մերկացված կոնստրուկցիաներով: Նախատեսում ենք նաև փոքրիկ ռեստորանային բակ՝ իր ռեստորանով և մեծ հանրային տարածքով, քանի որ ուզում ենք հասարակական ակտիվություն մտցնել այդտեղ (տարածքը բաց է լինելու, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գալ և ժամանակ անցկացնել)»,- ասում է նա:


Մետաղակոնստրուկցիայի գործարանը դրսից
Լուսանկարը՝ Դավիթ Խոջամիրյանի
 
 
 
 
Մետաղակոնստրուկցիայի գործարանը դրսից
Լուսանկարը՝ Դավիթ Խոջամիրյանի
 
 
 
 
Մետաղակոնստրուկցիայի գործարանը ներսից
Լուսանկարը՝ Դավիթ Խոջամիրյանի
 
 
 
 
Մետաղակոնստրուկցիայի գործարանը ներսից
Լուսանկարը՝ Դավիթ Խոջամիրյանի
 
 
 
 
Դեպո նախագծի ճարտարապետական թիմ (ձախից՝ աջ) Կարեն Բադալյան, Մարիաննա Կարապետյան, Սաբա Օրագվելի
 
 
 
 
Դեպո նախագծի մակետը
Պատկերը՝ http://depot.am/
 
 
 
 
Դեպո նախագծի մակետը
Պատկերը՝ http://depot.am/
 
 
 
 
Դեպո նախագծի մակետը
Պատկերը՝ http://depot.am/
 
 
 
 
Նախագծի հեղինակները նշում են մի կարևոր հանգամանք՝ իր ներուժի 10 տոկոսով աշխատող գործարանի արտադրանքը պատրաստվում են օգտագործել իրենց շինարարության մեջ՝ արտադրելով մետաղական մոդուլային համակարգեր, որոնցով կվերականգնեն տարածքում գտնվող շինությունները:

Նախագծի բյուջեն առաջին փուլի համար արդեն հաստատված է, բայց ամբողջ ծրագիրը ենթակա է փոփոխությունների` ըստ պահանջարկի:

Մարիաննա Կարապետյանը կարևորում է այն փաստը, որ գործարանը «վերակենդանացվելու» է Էրեբունի թաղամասում, ինչը հիանալի հնարավորություն է Երևանի հարավային հսկա, մոռացված հատվածը կրկին կյանքի կոչելու, դարձնելու այն ապրելու և աշխատելու հարմարավետ վայր:

«Այսօր լինելով Երևանի երրորդ ամենաբնակեցված թաղամասը՝ Էրեբունին չունի ոչ մի գրավիչ վայր թաղամասի բնակիչների համար: Մենք հնարավորություն կտանք թաղամասին նոր տեմպով ու նոր մոդելով զարգանալ, գրավելով ոչ միայն Էրեբունու բնակիչներին, այլ նաև բնակիչների Երևանի տարբեր հատվածներից, զբոսաշրջիկների, դարձնելով Դեպոն տարածաշրջանային նշանակության վայր»,-ասում է նա:
Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ասպիրանտ, ճարտարապետ Մեսրոպ Անդրիասյանը կարծում է, որ կենտրոնից դուրս նման նախագծեր իրականացնելը շատ կարևոր գործառույթ ունի՝ հնարավորություն է տալիս թեթևացնել կենտրոնը` մարդկանց հոսքը քաղաքի այլ հատվածներ ուղղելով:

«Երեկոյան Երևանում կենտրոնից բացի գնալու ուրիշ տեղ չկա, և սա հրաշալի միջոց է թեթևացնելու կենտրոնի բեռնվածությունը»,- նշում է նա:

Ճարտարապետի դիտարկմամբ` հին շենքեր վերակառուցելը կարող է և՛ լավ, և՛ վատ կողմեր ունենալ, բայց այն ավելի շատ մեծ գլխացավանքի հետ է կապված.

«Հին շենքը վերակառուցելը կախված է այդ շենքի վիճակից, բայց, որպես կանոն, այն միշտ ավելի մեծ գլխացավանք է բերում: Օրինակ` «Երևան մոլը», որը նախկինում մեքենաշինական գործարան է եղել, «Արխանգել» ճարտարապետական թիմը վերակառուցելիս մեծ դժվարությունների առաջ կանգնեց: Նույնիսկ մի պահ առաջարկվեց պարզապես պայթեցնել շենքը և նորը կառուցել: Շատ դեպքերում հին շենքերը հնարավոր չէ վերակառուցել, օրինակ` եթե բաց մետաղական կոնստրուկցիաներ կան, որոնք շատ հին են ու քայքայվում են, պետք է քանդել այն»,-ասում է Մեսրոպ Անդրիասյանը:

Այնուամենայնիվ, հին շենքերը նորովի ներկայացնելը, ըստ ճարտարապետի, ֆինանսական առումով մեկ դրական կողմ ունի. այն հնարավորություն է տալիս որոշակի ոճով նախագծելիս, ինչպես, օրինակ` լոֆթ ոճը, որը չափազանց մեծ ծախսեր չի պահանջում՝ պահպանել շենքի ընդհանուր դիմագիծը և թեթևակի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ անելով հետաքրքիր լուծումներ ստանալ:
SNKH ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր
Աշոտ Սնխչյան
SNKH ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը, անդրադառնալով նախկին «Երազ» ավտոմոբիլային գործարանին, նշում է. շատ ավելի արդյունավետ ու հեշտ տարբերակ է գործարանի հին շենքը հիմնահատակ քանդելը:

Աշոտի ու կնոջ՝ Արմինեի հիմնադրած «Սնխչյան» ճարտարապետական ընկերությունը որոշակի փորձառություն ունի խորհրդային շրջանում կառուցված շինության տարածքում ճարտարապետական նոր լուծումներ ներկայացնող նախագիծ իրականացնելու հարցում.

«Նախկին «Երազ» ավտոմոբիլային գործարանի հսկայական համալիրում մեր նախագիծը շատ փոքր է՝ ընդամենը 180 քմ գրասենյակային տարածք, որը գործարանի մասնաշենքերից մեկում է: Այն արտադրական հատվածում չէ, բայց ամեն դեպքում համալիրի մի մասն է: Ամբողջովին նոր ինտերպրետացիայով է կառուցված, նախագիծը մենք այնպես էինք մշակել, որ զգացվեր արդյունաբերական շունչը: Ցավոք, դա շատ փոքր քայլ է, քանի որ մնացած բոլոր տարածքները շատ հասարակ վերանորոգված են, որոնք սեփականատերը վարձով է տալիս»,- ասում է նա:

Սնխչյանի կարծիքով` սեփականատերերից շատերը պարզապես չեն հասկանում, որ կարող են որպես արդյունաբերական գործարաններ իրենց տարածքներից օգուտ քաղել:

«Նրանք դա դիտարկում են ընդամենը մեռած կապիտալ»,- մտահոգություն է հայտնում Աշոտ Սնխչյանը:

Նա նկատում է, որ ներկայումս նման տարածքները կամ ընդհանրապես չեն շահագործվում, կամ օգտագործվում են 20-25 տոկոսով՝ փոքրածավալ արտադրություն դնելով, ինչը չես համարի տարածքի վերաշահագործում:
Նախկին «Երազ» գործարանի տարածքում գտնվող BigBek ընկերության գրասենյակը
Լուսանկարը՝ Սոնա Մանուկյան և Անի Ավագյան/SNKH studio
 
 
 
 
Այս տարածքը 2015 թվականին նախագծվել է SNKH ճարտարապետական ստուդիայի կողմից
Լուսանկարը՝ Սոնա Մանուկյան և Անի Ավագյան/SNKH studio
 
 
 
 
Գործարանի հսկա տարածքից վերակառուցվել է միայն 177 ք.մ.
Լուսանկարը՝ Սոնա Մանուկյան և Անի Ավագյան/SNKH studio
 
 
 
 
Ըստ SNKH ճարտարապետական ստուդիայի՝ «Երազ» գործարանը կքանդվի
Լուսանկարը՝ Սոնա Մանուկյան և Անի Ավագյան/SNKH studio
 
 
 
 
Գործարանի տեղում կկառուցվի «Երազ» բնակելի թաղամասը
Լուսանկարը՝ Սոնա Մանուկյան և Անի Ավագյան/SNKH studio
 
 
 
 
«Արխանգել» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Արտակ Կնյազյանը նշում է, որ Երևանում կենտրոնը բեռնաթափելու և քաղաքի այլ հատվածում մարդկանց հոսք ապահովելու ամենահարմար տարբերակը նախկին «Երազ» մեքենաշինական գործարանի տարածքը վերագործարկելն է, որը կենտրոնին բավականին մոտ է:

Ճարտարապետների թիմը քննարկել ու բանավոր առաջարկ է ներկայացրել «Երազի» սեփականատերերին: Նրանք հույս ունեն, որ քանի դեռ չեն քանդվել գործարանի վերջին մասնաշենքերը, հնարավոր է դրանք վերակառուցել Թբիլիսիում նման կոնցեպտով ստեղծված «Ֆաբրիկայի» օրինակով:

Ճարտարապետը նշում է, որ այժմ շինարարական աշխատանքներ են սկսել «Երևան մոլի» դիմացի բլոկում՝ մոտ 400 քմ տարածք, որտեղ պատրաստվում են Coworking տարածք ստեղծել՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, ծրագրավորողների համար: Կլինեն նաև հանդիպումների սենյակներ, ընդհանուր աշխատանքի գոտիներ, կրեատիվ անկյուն: Կնյազյանը նշում է, որ այս տարածքը նույնպես լինելու է լոֆթ ոճում, այսինքն` հիմնանորոգման կարիք չկա.

«Կոնցեպտի էությունն այն է, որ ինչ ունես՝ հատակ, առաստաղ, պատեր, մետաղական կոնստրուկցիաներ, բոլորը քո դիզայնի անբաժան մասն են, ես ունեմ բետոն, որն իմ ընկերն է, ոչ թե թշնամիս, որ փակեմ նրան»,- եզրափակում է ճարտարապետը:
Թբիլիսիի կենտրոնում գտնվող«Ֆաբրիկա» բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնը և հոսթելը կառուցվել է նախկին կարի գործարանի շենքում:
Լուսանկարը՝ http://www.fabrikatbilisi.com/
Հանրային խորհրդի անդամ Հայկ Պետրոսյանը նշում է. Երևանում կան մի քանի տասնյակ լքվաց արդյունաբերական շենք-շինություններ, որոնք ժամանակին սեփականաշնորհվել են, սակայն այսօր դրանց սեփականատերերը այդ տարածքներում որևէ ծրագիր չեն իրականացնում: Ըստ Պետրոսյանի` պատճառները տարբեր են, սակայն ամենակարևորը՝ գաղափարի բացակայությունն է:

«Սեփականատերերից շատերը պարզապես չգիտեն, թե ինչպե՛ս կարելի է տարածքները նորարարական ձևով օգտագործել: Այդ շենքերի ամենաարագ զարգացման մոդելը դրանք ՏՏ ոլորտին տրամադրելն է, այն կարող է դառնալ բավականին շահավետ բիզնես գործարանների շենքերի սեփականատերերի համար: ՏՏ ընկերությունները սնկի նման աճում են Հայաստանում, միայն անցյալ տարի 192 նոր ՏՏ ընկերություններ են գրանցվել: Կան տվյալներ, որոնց համաձայն մինչև 2020 թվականը Հայաստանը ՏՏ ոլորտի 50 հազար մասնագետի պահանջարկ է ունենալու»,- ասում է Հայկ Պետրոսյանը:

Գնահատելով նախկին գործարանների շենքային հնարավորությունները՝բարձր առաստաղ, բաց տարածություն, նա նշում է, որ ՏՏ ոլորտի մասնագետներին հենց այդ ազատությունն է անհրաժեշտ:

Սակայն, այստեղ էլ այդ շինությունների սեփականատերերը մեկ այլ խնդրի են բախվում, եթե անգամ նրանց դուր է գալի ՏՏ ոլորտի հետ կապված գաղափարը:
Հանրային խորհրդի անդամ
Հայկ Պետրոսյան
«Սեփականատերը վճարում է հողի հարկ ու գույքահարկ, բայց եթե որոշի գրավ դնել գործարանը, ապա պետք է վճարած լինի կադաստրային արժեքը, որոնք ահռելի թվեր են կազմում: Այսինքն` այս մարդիկ հայտնվել են փակուղում. ունեն հսկայական հրաշալի տարածք, բայց չեն կարողանում բանկից գումար վերցնել, ստացվում է՝ ունի գույք, որը փաստորեն ոչինչ չաժի,- ասում է Պետրոսյանը: - Գործարարների համար կադաստրային արժեքը բավականին խոշոր գումար է կազմում, ստացվում է «երկկողմանի կանգառ», ո՛չ մի կողմն է պատրաստ վճարման, ո՛չ մյուս կողմ է ուզում որևէ զիջման գնալ»:

Ըստ նրա` հարկավոր է բեկումնային ու հետաքրքիր որոշում կայացնել, որպեսզի այն գործարարները, ովքեր կանգ են առել իրենց ինովացիոն գաղափարներով, կարողանան քայլ առաջ անել: Այդ նպատակով ցանկանում են հարցը դնել հանրային խորհրդի քննարկմանը, փորձել այն բարձրաձայնել կառավարությունում:

«Հուսով ենք` հետաքրքիր մոտեցում կլինի, և հին գործարաններին շունչ տալու համար հեղափոխական որոշումներ կկայացվեն: Ցանկացած ներդրում իր հետ նոր ներդրումներ կբերի, ցանկացած լումա, որ կներդրվի խոշոր գործարանների վերականգնման գործում, կբերի մեծ շրջակա միջավայր: Ամենահասարակ բաները՝ նոր տրանսպորտային միջոցներ, որոնք պետք են աշխատանքի հասնելու համար, սննդի կետեր, որոնք կստեղծվեն նման մեծ գործարաններին սպասարկելու համար, մի խոսքով՝ ցանկացած խոշոր հանգույց իր հետ մի շարք տարբեր ոլորտների զարգացում կբերի, և հենց այդ նպատակով էլ պետք է վերականգնել խոշոր գործարանները»,- համոզված է Պետրոսյանը:
~