Շենքերի ջերմաարդիականացումը՝ որպես հանրային կյանքի բարելավման միջոց

Ի՞նչ է ջերմաարդիականացումը և արդյո՞ք դրա ազդեցությունը շոշափելի է
Ուրբանիստա
Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակֆոնդի գերիշխող մասը կառուցվել է խորհրդային տարիներին, երբ առաջնայինը մարդկանց բնակարանով ապահովելն էր: Ձմռանը տները ջեռուցվում էին կենտրոնական ջեռուցման համակարգերով, իսկ հովացման համակարգեր չկային: Որպես հավելյալ օդային հոսանքի աղբյուր ծառայում էին բնակարանների բաց դռները։
Ստեփանավանի բնակիչ Նազիկ Հովհաննիսյանը 14 տարի բնակվում է բազմաբնակարան շենքում: Արդեն 6 անգամ վերանորոգել է 2 սենյականոց բնակարանը։ Այն արևկող չէ, և ձմռանը տան ջեռուցման ծախսերը կտրուկ աճում են: Բացի այդ, վերևի հարկում բնակիչ չկա, և անձրևներից հետո վերևի դատարկ բնակարանից ջուրը լցվում է տուն, այդտեղից էլ՝ մնացած հարևանների տներ։ Շենքում շատ ցուրտ է, տանիքը վատ վիճակում է. բնակիչներն իրենց միջոցներով չեն կարող նորոգել այն:

Այս խնդիրը հակիրճ բնութագրվում է՝ շենքի էներգաէֆեկտիվության ցածր մակարդակ։ Շենքերի էներգաարդյունավետության պատմությունը արտացոլում է տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարական մոտեցումների փոփոխությունները, որոնք ուղղված են էներգիայի սպառման նվազեցմանը և բնակիչների կյանքի բարելավմանը:

Էներգաարդյունավետության պատմությունը

Էներգաարդյունավետության պատմությունը էներգիայի օգտագործման փոփոխությունների պատմություն է: Այդ պատմության ընթացքում պարզ, բնական լուծումներից անցում է կատարվում դեպի բարձր տեխնոլոգիական և թվային մեթոդներ, որոնք պետք է ստեղծեն հարմարավետ, էկոլոգիապես մաքուր և կայուն բնակելի տարածքներ:
Հին ժամանակներում անգամ մարդիկ գիտակցում էին էներգաարդյունավետության կարևորությունը: Հին Եգիպտոսում և Հռոմում շինարարները կառուցում էին քարե և կավե հաստ պատեր, որպեսզի շենքերը ձմռանը տաք լինեն, իսկ ամռանը՝ զով: Ճարտարապետները նաև լուծումներ էին առաջարկում՝ արևի լույսն առավելագույն օգտագործելու համար:
20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբին շենքերի էներգաարդյունավետությունը դարձավ շինարարության առանցքային թեմաներից մեկը։ Շինարարական նոր հայեցակարգում էներգաարդյունավետությունը կարևոր բաղադրիչ էր։
Միջազգային «Կանաչ» ստանդարտները՝ LEED (ԱՄՆ), BREEAM (Մեծ Բրիտանիա) և այլն, ուղղված են էկոլոգիապես մաքուր և էներգաարդյունավետ շենքերի կառուցմանը:

Նորարարական տեխնոլոգիաներ հայտնվեցին. խելացի տան համակարգերը, էներգաարդյունավետ լուսավորությունը, արևային մարտկոցները և այլ տեխնոլոգիաներ զգալիորեն նվազեցրին էներգիայի սպառումը:
Այսօր էներգաարդյունավետ արդիականացումը նոր մակարդակի է հասել թվային տեխնոլոգիաների և էներգիայի կառավարման համակարգերի ներդրման շնորհիվ։ Գնալով ավելի են պահանջված դառնում պասիվ տները, որոնք գրեթե չեն պահանջում ջեռուցման և հովացման ավանդական համակարգեր:
Սահմանում
Էներգաարդյունավետ բնակելի շենքը տուն կամ բազմաբնակարան շենք է, որը նախագծված և կառուցված է էներգիայի սպառումը նվազագույնի հասցնող տեխնոլոգիաների և նյութերի միջոցով: Նման շենքերը նվազեցնում են ջեռուցման, հովացման, լուսավորության և էներգիայի այլ ծախսերը՝ միաժամանակ ապահովելով հարմարավետ կենցաղային պայմաններ։
Էներգաարդյունավետ բնակելի շենքի հիմնական առանձնահատկությունները ներառում են.
  • 1
    Մեկուսացում
    Պատերի, տանիքների և պատուհանների լավ մեկուսացումն օգնում է ձեր տունը տաք պահել ձմռանը և զովացնել ամռանը՝ նվազեցնելով ջեռուցման և օդորակման կարիքը:
  • 2
    Էներգաարդյունավետ պատուհաններ
    Ցածր ջերմափոխանակման գործակից և բարձր ջերմամեկուսիչ հատկություններով պատուհանների տեղադրում:
  • 3
    Վերականգնվող էներգիա
    Արևային մարտկոցների, ջերմային պոմպերի կամ այլ համակարգերի օգտագործում, որոնք էներգիա են արտադրում վերականգնվող աղբյուրներից:
  • 4
    Արդյունավետ լուսավորություն և տեխնիկա
    Օգտագործեք LED լուսավորություն և էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող տեխնիկա, որոնք ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում:
  • 5
    Էներգիայի կառավարում
    Խելացի տան համակարգերը օպտիմալացնում են էներգիայի օգտագործումը, ներառյալ թերմոստատները, սենսորները և լուսավորության ավտոմատ կառավարումը:
Եվ այսպես, էներգաարդյունավետ բնակելի շենքերը օգնում են նվազեցնել կոմունալ ծախսերը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը և բարձրացնել բնակիչների հարմարավետության մակարդակը:

Հայաստանում «Շենքերի էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ- ի Զարգացման ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։ Ծրագիրն ընդգրկում է Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Դիլիջան, Քաջարան, Բերդ, Գյումրի, Աշտարակ և այլ քաղաքները։ 2020-2023 թթ․ ընթացքում ուսումնասիրվել են պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում ֆինանսավորման ներկայացված ավելի քան 100 հայտեր: Ուսումնասիրության արդյունքում 18 համայնքի տրամադրվել է համաֆինանսավորում և տեխնիկական աջակցություն ՝ 200-ից ավելի շենքերի ջերմաարդիականացման համար։ Համաֆինանսավորվել է 152 բազմաբնակարան և 69 հասարակական շենքերի արդիականացումը։
Ստեփանավանի բնակիչ Նազիկ Հովհաննիսյանը կոմունալ ծախսերի մասին խոսելիս նշում է, որ հիմա վճարում են ամսական գրեթե 70 հազար դրամ տան ջեռուցման համար։

«Երբ հարցնում եմ բնակիչներից, որոնց բախտն արդեն բերել է, և որոնք օգտվում են այս գեղեցիկ և մաքուր վիճակից, բոլորը գոհ են։ Կողքի շենքերից սկսեցին արդիականացումը, և բարի նախանձով սպասեցինք, որ հերթը մեզ էլ կհասնի։ Ում հետ, որ խոսում եմ, գրեթե բոլորը կիսով չափ քիչ են վճարում», - ասում է Նազիկ Հովհաննիսյանը։

Ծրագրին պատրաստ են դիմել տիկին Նազիկի բոլոր հարևանները: Սպասում են քաղաքապետարանի պատասխանին։
Ստեփանավան քաղաքում աշխատանքներն սկսվել են 2019-2020 թթ.։ Ընդհանուր առմամբ արդեն պատրաստ են 9 բնակելի և 2 հասարակական շենք։ Բնակելի շենքերը գտնվում են Ռումինական թաղամասում։ Այստեղ շենքերը կառուցել են ռումինացիները 1988 թվականի երկրաշարժից հետո։

Ստեփանավանի բնակիչ Վարդան Մկրտչյանը նշում է, որ իրենց մոտ շինարարությունն սկսվել է 2023 թվականին: 4 սենյականոց բնակարանում ապրում է տիկնոջ հետ, և շինարարության ավարտից հետո սկսել են նորոգել տունը էներգախնայողության համար. հին լամպերը փոխարինել են ժամանակակից լամպերով, բետոնապատ հատակը՝ մանրահատակով։

Վարդան Մկրտչյանի խոսքով, նաև ջերմաստիճանն է փոխվել: Նախքան շենքի արդիականացումը պատերի հաստությունը 30 սմ էր, հիմա դարձել է 40 սմ, և նախորդ տարիների համեմատ տանը ձմռան ջերմաստիճանը 15-16 աստիճանից դարձել է 19-20 աստիճան։ Աշխատանքները դեռ չեն ավարտվել, խոստացել են բակը ևս բարեկարգել: 80 ամյա Վարդան Մկրտչյանը բակում արդեն ծառեր է տնկել։
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ծրագիրն սկսվել է 2019-2020 թվականներին, 3 շենք է արդիականացվել։ Ջերմամեկուսացվել են շենքերի արտաքին պատերը, տանիքը, նկուղը։

Փոխարինվել կամ 0-ից տեղադրվել են աստիճանավանդակների դռներն ու պատուհանները, նաև ավելացվել են լուսավորության համակարգեր։ Սպիտակ քաղաքում այս ծրագիրն ունի ֆինանսավորման 3 աղբյուր՝ համայնքային բյուջե, պետական բյուջե և դրամաշնորհ: Շենքերն այս դեպքում ծրագրի կողմից համաֆինանսավորվում են 25 տոկոսի չափով։

Ջերմաարդիականացման նպատակը շենքն էներգաարդյունավետ դարձնելն է։ Մեծ կապ ունի նաև, թե ինչպես են բնակիչներն օգտագործում էներգիան, որքանով են այն խնայում, կամ արդյունավետ օգտագործում։
Բազմաբնակարան շենքերի հիմնական խնդիրներից է նկուղների ոչ բարվոք վիճակը, բնակիչները նույնիսկ չեն կարողանում օգտվել դրանցից։ Հաջորդ լուրջ խնդիրը շենքերի խարխուլ տանիքներն են: Պանելային հին շենքերում ջուրը տանիքից լցվում է բնակարաններ, և առաջանում են բազմաթիվ խնդիրներ։

Բազմաբնակարան շենքերում, որոնք դեռ չեն ջերմաարդիականացվել, առկա է նաև շքամուտքի դռների խնդիրը, դրանք հիմնականում հին են և կոտրված։ Բնակիչները դժգոհում են բնակարանների խոնավությունից:
Այսինքն, այս խնդիրները լուծելով, մարդիկ կարողանում են խնայել էներգիան՝ ավելի քիչ գումար ծախսելով նորմալ տաքանալ, նաև բնակարանը պաշտպանել խոնավությունից։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամբողջ տարածքում, և սահմանափակումներ չունի: Ինչպես նշում է ՄԱԶԾ-ԿԿՀ Շենքերի էներգաարդյունավետության ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը, ցանկացած շենք՝ բնակելի կամ հասարակական, կարող է ընդգրկվել ծրագրում, եթե վթարային չէ։ Բնակելի շենքի բնակիչը միայնակ չի կարող դիմել ծրագրին, հարկավոր է նաև մնացած բնակիչների համաձայնությունը։

Շենքերի արտաքին պատերը ջերմամեկուսացվում են 100 մմ-ով, հրդեհային անվտանգությունից ելնելով՝ պատուհանների և դռների բացվածքների շուրջ կիրառվում է հանքաբամբակե սալերով մեկուսացում, վերին հարկի ծածկերը մեկուսացվում են 150մմ հաստությամբ փքապեռլիտի ավազով և փքապոլիստիրոլի շերտով։ Ընդհանուր տարածքներում աստիճանավանդակների, շքամուտքերի դռներն ու պատուհաններն են փոխվում, տեղադրվում է լուսադիոդային լուսավորություն։
Դիլիջանում ջերմամեկուսացվել է 11 բազմաբնակարան և 2 հասարակական նշանակության շենք։ 5 շենք գտնվում է Դիլիջանի Թաղտա թաղամասում, 6 շենք Գետափնյա փողոցում է։ Դրանցից մեկն ամբողջությամբ ավարտվել է, 5-ի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Դիլիջանում նախագիծն արվել է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով, բնակիչները ոչինչ չեն վճարել։ 25 տոկոսը համաֆինանսավորել է ծրագիրը, 35 տոկոսը՝ համայնքը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը։

Դիլիջան քաղաքի բնակիչ Անահիտ Կարապետյան. «Շենքը բավականին ծերացած էր, և այդ թարմությունն ու ակտիվությունը անմիջապես նկատելի է, շատ գեղեցիկ է, անչափ տաք է, նույնիսկ եթե տարիներ շարունակ մարդիկ գումարային առումով բավականին կորուստներ են ունեցել, այս տարի բոլորը դրական արդյունքներ են ունեցել, և դա բոլորի համար ուրախալի փաստ է»։
Պետական սուբվենցիոն ծրագիրը գործում է 2006 թվականից: Ծրագրի համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի դեպքում կազմում է 25, հասարակական շենքերի դեպքում՝ 20 տոկոս։ Շենքերի ջերմաարդիականացման գումարի մնացած մասը ֆինանսավորում են համայնքը և Հայաստանի կառավարությունը։ 2021 թվականի գործող կարգի համաձայն գումարի 5 տոկոսը վճարում են շենքի բնակիչները։ Սակայն, բացի սուբվենցիոն ծրագրից, բնակիչները կարող են նաև սեփական նախաձեռնությամբ դիմել շենքերի ջերմաարդիականացման ծրագրին: Այս դեպքում համաֆինանսավորվում է 25 տոկոսը, իսկ մնացած 75 տոկոսը վճարում են բնակիչները։
Հետազոտություն
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն
ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում վերջերս իրականացվել է Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման արդյունքների ազդեցության գնահատում եւ գենդերային վերլուծություն։ Ուսումնասիրությունն իրականացվել էր Գյումրի, Դիլիջան եւ Ստեփանավան քաղաքներում իրականացված այն շենքերում, որոնք արդիականացումից հետո առնվազն մեկ ջեռուցման շրջան արդեն անցել են և բնակիչները ի վիճակի էին վերլուծել փոփոխությունների հետևանքները։

Հետազոտությամբ ընդգրկված 171 տնային տնտեսություններն (ՏՏ) ունեն ընդհանուր առմամբ 638 անդամ, այսինքն՝ տնային տնտեսության միջին կազմը 3.7 է8: Ըստ հետազոտության արդյունքների Շենքի ԷԱ արդիականացման արդյունքում, ջեռուցման սեզոնին տնային տնտեսությունների ջեռուցման ծախսերը 25,8%-ից նվազել են մինչեւ ընտանեկան բյուջեի 21,8%-ը։ Իսկ տնային տնտեսությունների դրամական խնայողությունը կազմել է նրանց եկամտի 30%-ը:

Շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ամենաշոշափելի ազդեցությունը արձանագրվել է բնակարանների «ջերմային հարմարավետության» ցուցանիշի գծով՝ գրեթե 5 անգամ կրճատվել է այն տնային տնտեսությունների քանակը, որոնք ձմռան սեզոնին իրենց բնակարաններում ապահովում էին 14-170 C միջին ջերմաստիճան: Տվյալ ցուցանիշի բարելավման առումով արդիականացումից առավելագույնս օգտվել են կանանց գլխավորությամբ ընտանիքները (ԿՏՏ)՝ դրանց ավելի քան 90%-ին հաջողվել է հաղթահարել միջին ստանդարտ ջերմաստիճանի (180C) շեմը:

Ինչ վերաբերում է բնակիչների կողմից վառելափայտի օգտագործմանը, ապա էներգաարդյունավետության արդիականացման ազդեցությունը տղամարդ տաղմարդու գլխավորությամբ ընտանիքների (ՏՏՏ) վրա 3 անգամ ավելի զգալի է, քան կանանց գլխավորությամբ ընտանիքները: Համաձայն հետազոտության տվյալների, նախորդ սեզոնին փայտի վառարան օգտագործող 8 ՏՏՏ-ներից 6-ը (կամ 75%-ը)՝ շենքի ջերմամեկուսացման աշխատանքներին զուգահեռ տեղադրել է BAXI տիպի լոկալ ջեռուցման համակարգ: Վերջինը մատչելի է եղել վառելափայտ օգտագործող չորսից մեկ, այսինքն՝ 25% ԿՏՏ-ների համար:
~