Աղտոտված և անտեսված
Գյումրի գետակը

Գյումրի գետակի աղտոտվածությունը վտանգավոր է հարակից բնակչության համար։
  • Ռոզա Սարգսյան
Բնակավայրի միջով անցնող ցանկացած գետ միշտ համարվել է հարստություն թե գեղագիտական, թե բնապահպանական առումով։
Գյումրի գետակն ունեցել է կարևոր նշանակություն քաղաքի համար, սակայն տարիների ընթացքում ծածկվել է աղբով, անխնամ է մնացել նաև պատնեշների մեջ վերցվելուց հետո։
Արաքսի ավազանի Գյումրի գետակը Ախուրյանի ձախակողմյան վտակն է։ Ժամանակին այն ազատորեն հոսում էր Գյումրի քաղաքի միջով, սակայն ժամանակի ընթացքում քաղաքի կենտրոնական մասում փակվեց խողովակի մեջ և այսօր մասնակի երևում է քաղաքի պատմական Աբովյան փողոցի գեղեցիկ տների հետևում, հետո կրկին թաքնվում է խողովակատարի մեջ Սուրբ Նշան եկեղեցու անմիջական հարևանությամբ։ Գետակի հունով հոսում է Շիրջրանցքի ջուրը։

Ըստ Կումայրի արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանի, 1880-ականներին գրված զեկույցների և փաստաթղթերի համաձայն այն օգտագործվել է կոյուղաջրերի մաքրման համար։
Ալեքսանդրապոլի քարտեզը, 1830 թթ․
«Ալեքսանդրապոլի կենտրոնով են հոսում գետակը և փոքր ջրանցքը, որոնց վրա են գտնվում տների արտաքնոցները, քաղաքի կենտրոնում՝ հասարակական արտաքնոցը, և խուսափելով վճարումներով այն մաքրելուց, նկատի են ունենում, որ գետակի և ջրանցքի ջուրը կլվանա աղտը: Իսկ այս ջրանցքների ջուրը, որը շարունակում է հոսել բացօթյա, վատ հոտ է արձակում», - ասում է Ինգա Ավագյանը։

Այսօր, երբ քաղաքում կա կոյուղատար և աղբահանման համակարգեր, «1977թվականի 50-ամյակ» անունը կրող հնգաթռիչք կամրջի տակով անցնող գետակն ամբողջությամբ լցված է շինարարական, կենցաղային աղբով: Թեև վերջերս մի հատված մաքրվել է պլաստմասե տարաներից, սակայն գետակը շարունակում է աղտոտվել: Բացի այդ, կամրջի տակ գոյացել են հողաթմբեր: Այսինքն, մաքրման աշխատանքները լիովին անօգուտ են դառնում, եթե վիճակը չի վերահսկվում:
Տիգրան Գալոյանը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանում, սակայն միշտ ցանկություն է ունեցել վերադառնալ հայրենիք։ Այստեղ մի նպատակ ունի՝ վերականգնել, շենացնել հայրական տունը։

Տունը գտնվում է Գյումրու պատմամշակությային արգելոց-թանգարանի տարածքում, Աբովյան փողոցում, որի հետնամասով հոսում է Գյումրի գետակը։

Տիգրանի հայրական տան բակում փոքրիկ հարմարավետ տաղավար կա՝ շրջապատված տարատեսակ ծառերով։ Սակայն տուն վերադառնալով՝ Տիգրանը հայտնաբերել է, որ բակը ճահճի է վերածվել։ Գետակի ջուրը բարձրացել ու ողողել է թե բակը, թե անգամ տան նկուղային հարկը։
Տիգրան Գալոյանի կարծիքով, ողողման հիմնական պատճառը գետակի աղտոտվածությունն է։ Գետակի հունը աղբամանի պես լցվել էաղբով։ Կուտակված աղբն այնքան շատ է, որ խցանել է հունը։ Ջուրն էլ, շրջանցելով աղբի կույտերը, հոսում է դեպի բակ։

«Այս տեսարանը միայն իմ տան մոտից է երևում, քանի որ հարևանների տները ավելի բարձր մակարդակի վրա են։ Այս պատճառով իրենք դեռ նման խնդրի չեն հանդիպել։ Հասկանալով, որ գետակի աղտոտման պատճառը առաջին հերթին բնակիչներն են, պատնեշի հակառակ կողմից, որտեղից անցնում է նեղլիկ ճանապարհը, իմ հատվածը ցանցով եմ պատել, որպեսզի աղբ չնետեն, սակայն աղբամանին հասնել չցանկացողները այլ ելքեր գտնում են», - ասում է Տիգրան Գալոյանը։

Ստուգելով բոլոր հնարավոր պատճառները և համոզվելով, որ տան ու բակի հեղեղման պատճառը գետակի պատից բարձրացող ջուրն է, նա դիմում է ներկայացրել Գյումրիի քաղաքապետարան՝ խնդրին լուծում տալու համար։ Սակայն քաղաքապետարանից ստացած պատասխանը հուսադրող չէր։

«Տների ետնամասով հոսող գետակի հատվածներում մաքրման աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել մասնակի՝ ճանապարհի անանցանելի լինելու պատճառով», - գրված է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանում։

Տիգրան Գալոյանի հարևաններից Մերուժանը նույնպես անհանգստացած է։ Թեև հարևանի տունը գտնվում է Տիգրան Գալոյանի տան հետևում, նա նման խնդրի չի հանդիպել միայն տան բարձր դիրքի շնորհիվ։

«Գյումրի գետակը առաջվա նման չի քչքչում, նրա ձայնը այլևս լսելի չի։ Մինչև տներն ու տներից դուրս եկող հատվածները կոմունալ ծառայությունը մաքրում է, իսկ տների տակ ջուրն ու աղբը մնում են, կուտակվում», - Մերուժանը։

Գյումրու կոմունալ ծառայության բաժնի պետ Արտավազդ Ոսկանյանի խոսքով, գետակի մաքրման հարցը միայն մասամբ կարող են լուծել, քանի որ չունեն համապատասխան տեխնիկա։ Արտավազդ Ոսկանյանը նշում է նաև, որ այդ տարածքում տուն կառուցել չի թույլատրվում։

Տիգրան Գալոյանի հայրական տունը կառուցվել է 1870 թվականին, իսկ 1960 թվականին ավելացվել է ևս երկու սենյակ՝ հյուրասենյակն ու խոհանոցը, սակայն Գյումրի գետակի խնդիրն առաջացել է դրանից տարիներ անց։ Տ․ Գալոյանի խոսքով՝ գետակը պատնեշներով փակվել է միայն 1970-ական թվականներին։

Թեև պետական մարմիններից ինքն արդեն ակնկալիք չունի, հույս ունի՝ մի օր ազատվել գետակում կուտակված աղբից և ցածրացնել հունը։ Նա շարունակում է հայրական տան վերանորոգումը՝ չնայած վախին, որ կառուցածն ու նորոգածը մի օր կարող են փլվել խոնավությունից։
Գյումրի գետակի աղտոտվածության խնդիրը տարիներ շարունակ բազմիցս լուսաբանվել է, սակայն՝ ապարդյուն։

Գյումրի համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագրի համաձայն՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2016 թվականին իրականացրել է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագիրը։ Մշտադիտարկվել են աղբահանության և լուսավորության ոլորտները, բյուջետային հետազոտություն և սոցհարցում են արվել։ Ուսումնասիրության համաձայն, մի շարք նորմատիվներ, ինչպիսիք են աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման ժամային գրաֆիկը, հաճախականությունը, դեռատիզացիայի իրականացման հաճախականությունը, մեկ աղբամանից օգտվող բնակիչների թվաքանակը, գործող օրենսդրությամբ սահմանված չեն։ Այս հարցը թողնված է տեղական իշխանությունների հայեցողությանը՝ առանց հստակ մեթոդաբանության: Աղբահանության և սանիտարական մաքրման իրականացման մշակված սխեմա չկա։

Նախագծի ղեկավար Ղարիբ Հարությունյանը նշեց, որ 2016 թ-ից հետո կենտրոնը այլ լայնամասշտաբ ուսումնասիրություն չի կատարել, որպեսզի կարողանան համեմատել տվյալները, բայց որոշ փոփոխություններ տեսանելի են։

Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են աղբահանության սխեմային։ Ձեռք են բերվել մեքենաներ, տեղադրվել են նոր աղբամաններ։ Աղբահանությունը համեմատաբար համակարգվել է, աղբի կուտակումները պակասել։
Գյումրի գետակի խցանված հունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում 2023 թ-ի նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Գյումրի գետակի վերականգնման խնդիրների և ռազմավարական մոտեցումների մշակման վերաբերյալ աշխատանքային հանդիպում։

Գյումրի գետակի վերականգնում, բնականոն հունի վերականգնում, կենսունակ էկոմիջավայրի ստեղծում, ֆինանսական միջոցների ներգրավում. այս և բազմաթիվ այլ հարցեր են ընդգրկվել ծրագրում:

Հանդիպման մասին հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի բաղադրիչներին, իրականացվելիք աշխատանքներին, անելիքներին առնչվող հարցեր:

Գյումրու կոմունալ ծառայության բաժնի պետ Արտավազդ Ոսկանյանի խոսքով՝ նախագիծը հաստատվելու է տարվա վերջում։ Դրանից հետո ամիսը մի քանի անգամ գետակի կուտակված աղբը հնարավոր կլինի։

Գյումրու համայքապետարանի խոսնակ Սոնա Առաքելյանը նշեց, որ նախագիծը ֆինանսավորվելու է ԱՄՆ ՄԶ գործակալության կողմից, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կսկսի գործել այդ ծրագիրը:
~