ԱԳԼՃԿ`
ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Գարիկ Հարությունյան
Լրագրող
Աշխարի մի շարք երկրներում նախատեսում են փակել բենզա- և գազալցակայանները մոտակա 10-15 տարիների ընթացքում, արգելելով ներքին այրման շարժիչով մեքենաների արտադրությունը: Մենք փորձեցինք հասկանալ ինչ քաղաքականություն է գործում այդ ոլորտում Հայաստանում:
10 հրդեհ, 3 պայթյուն և այլ միջադեպեր․ սա վերջին 3 տարում բենզալցակայաններում և գազալցակայաններում եղած միջադեպերի նկարագիրն է։ Սրանք միայն այն դեպքերն են, որոնց մասին հայտնի է դարձել ԱԻՆ ամփոփագրերից։

Այս միջադեպերի հետևանքով հայտնի է մեկ մարդու մահվան մասին: 2020-ի մայիսին Շիրակի Մեծ Սեպասար գյուղի ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենայի գազալիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, գազալցակայանի աշխատակիցը տեղում մահացել է: Մի քանի այլ միջադեպերի ժամանակ էլ մարդիկ այրվածքներ են ստացել, հոսպիտալացվել են։
Հրավտանգ այս օբյեկտների համար Հայաստանում գործում են իրավական մանրամասն կարգավորումներ․ սահմանված են բնակելի հատվածից, ճանապարհից, երկաթուղիներից հեռավորությունները, պաշտպանիչ պատերի պարտադրանք և այլն։

Դրանք կարելի է տեսնել Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման հավելվածում։

Նույնը ներկայացված է նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգաթերթերում՝ բենզալցակայանների և գազալցակայանների համար բաժիններում։ Բենզալցակայանը պետք է համապատասխանի 17 կետով սահմանված չափանիշների, գազալցակայանը՝ 38 կետի։

Այս տարվա փետրվարին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը Ազգային ժողովում հայտնել է, որ Հայաստանում այդ պահի դրությամբ գործել է լիցքավորման գրեթե 1300 կայան:
  • 600
    Բենզալցակայան
  • 500
    ԱԳԼՃԿ
  • 190
    Հեղուկ գազի լցակայան
Լիցքավորման այս օբյեկտներն ստուգվում են առնվազն երկու կառույցի կողմից։ Նախ լցակայանները տարեկան մեկ անգամ պարտադիր ստուգվում են և տեխնիկական անվտանգության փորձաքննության են ենթարկվում ԱԻՆ ստորաբաժանման կողմից։

ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը նշում է, որ ստուգումը կարող է ունենալ երկու արդյունք․

  • Եթե խախտումն այնպիսին է, որ դեպքի սպառնալիք չի հանդիսանում, տրվում է միջոցառումների ծրագիր և ժամանակացույց, որպեսզի լցակայանի շահագործողը վերացնի խախտումը։ Ժամկետն ավարտվելուց հետո լցակայանը նորից է ստուգվում։ Եթե թերությունը չի վերացվել, տրվում է փորձաքննության բացասական եզրակացություն, և լցակայանն այլևս չի կարող շահագործվել։

  • Եթե առաջին փորձաքննության ժամանակ հայտնաբերվում է այնպիսի խախտում, որ դեպքի սպառնալիք է, անմիջապես տրվում է բացասական եզրակացություն, որպեսզի դադարեցվի օբյեկտի շահագործումը։

Երկու դեպքում էլ, ըստ ԱԻՆ ներկայացուցչի, կասեցումն իրականացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ)։ Այդ մարմինն էլ հետևում է, որ թերությունները վերացվեն, հետո լրացուցիչ փորձաքննություն անցկացվի։

Հաշվետվությունների համաձայն՝ տեսչական մարմինը 2020-2021 թվականներին հարյուրավոր խախտումներ է հայտնաբերել գազա- և բենզալցակայաններում։ (Այս պահին առկա են 2022 թվականի միայն առաջին եռամսյակի տվյալները)։
Ինչպես գրաֆիկից երևում է, գազալցակայաններում բացահայտվող թերություններն ավելի շատ են։ ԱԻ նախարարության լաբորատորիայի ղեկավար Մարտին Ասլանյանը բացատրում է, որ վտանգավորության տեսանկյունից աչքի են ընկնում հատկապես գազալցակայանները՝ ԱԳԼՃԿ-ները։

«Քանի որ «օդ» գազը, մեթանի մասին է խոսքը, ճնշման տակ աշխատող է, հնարավոր է լիցքավորելու ժամանակ ճնշման պատճառով պայթյուն լինի։ Դրա համար ասում են, որ մեքենայից իջնեն բոլոր մարդիկ, որովհետև կարող է վտանգ սպառնա։ Մեքենայի բալոնները կարող են պայթել հենց ճնշման տակ՝ լիցքավորման ժամանակ», - բացատրում է Ասլանյանը։

Վերևում նշված ստուգաթերթերը նախատեսված են նաև այսպիսի խնդիրները կանխելու համար։ Գազալցակայանների համար նախատեսված ստուգաթերթը (կառավարության վերևում նշված որոշման հիման վրա), օրինակ, սահմանում է, որ ԱԳԼՃԿ-ից մինչև ընդհանուր ցանցի երկաթուղիներ հեռավորությունը պետք է լինի 50 մետրից ոչ պակաս:
 
Բայց արբանյակային լուսանկարը ցույց է տալիս, որ Նորագավիթում գործող այս լցակայանի լիցքավորման հատվածը մոտակա երկաթուղուց մոտ 40 մետրի վրա է։
 
 
 
 
Նույն ստուգաթերթում և կառավարության որոշման մեջ նշվում է, որ սպասասրահից, սննդի կետից և սանիտարական հանգույցից մինչև լիցքավորման բաշխիչ աշտարակներ հեռավորությունը պետք է լինի 20 մետր։
 
 
 
 
 
 
 
 
Այս նույն գազալցակայանի լուսանկարներից կարելի է տեսնել, որ լիցքավորման 9-րդ և 10-րդ կետերը սպասասրահից մոտ 15 մետրի վրա են։ Ավելին, սպասասրահում գործում է նաև խանութ (XO մարկետ)։
 
 
 
 
 
Էրեբունի թաղամասում գործող այս ԱԳԼՃԿ-ի դեպքում էլ պետք է ուշադրություն դարձնել նույն կանոնակարգերի այն կետին, որի համաձայն՝ ավտոգազալցակայանից մինչև այն վայրերը, որտեղ միաժամանակ կարող են գտնվել 800 և ավելի մարդ (մարզադաշտեր, շուկաներ, զբոսայգիներ և այլն), հեռավորությունը պետք է լինի առնվազն 150 մետր։
 
 
 
 
 
Բայց լցակայանի՝ մոտակա լիցքավորման կետից մինչև Լիոնի այգու մուտքը հեռավորությունը 70 մետր է։
 
 
 
 
 
Ավելին, այգի մտնելու համար պետք է անցնել հենց լիցքավորման կետերի միջև ընկած նեղ հատվածով, ինչը կանոնակարգերում չի սահմանվում։
Գազի լիցքավորման հետ կապված խնդիրներից խուսափելու, շահագործման անվտանգությունը բարձրացնելու համար ՀՀ կառավարությունը 2021 թվականին նախաձեռնեց գազով աշխատող բոլոր մեքենաների գազաբալոնների պարտադիր վկայագրման գործընթաց։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 26.1-րդ հոդվածով սահմանվեց․

  • Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման,

  • Արգելվում է գազաբալոնների լիցքավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու։

Այսինքն, մեքենայի գազաբալոնի վկայագրի առկայության ստուգման բեռը դրվեց գազալցակայանների վրա․ նրանք պետք է նույնականացնեն՝ մեքենայի գազաբալոնը վկայագրված է, թե ոչ։

ՀՀ ՎԻՎ օրենսգրքում էլ ավելացվեց 150.15 հոդվածը, որի 3-րդ մասի համաձայն՝ եթե գազալցակայանը չի նույնականացնում մեքենայի գազաբալոնը (չի ստուգում դրա վկայագրված լինելը), լցակայանի պաշտոնատար անձը տուգանվում է 200 հազար դրամով։ Եթե նույն լցակայանում խախտումը կրկնվում է մեկ տարվա ընթացքում, տուգանվում է կրկնակի։

Բոլոր մեքենաների գազաբալոնները պետք է վկայագրվեին մինչև օգոստոսի 1-ը։ Այդ ընթացքում գազաբալոնները վկայագրող լիցենզավորված կազմակերպություններում առաջացել էին հերթեր։ Ակնհայտ էր, որ ոչ բոլոր մեքենաների տերերը կհասցնեն վկայագրել իրենց մեքենաների գազաբալոնները։


Հրաչյա Քոչարի փողոց, Երևան
Լուսանկարը` Գայանե Միրզոյան/Ուրբանիստա
ՏԿԵ նախարարությունը պարզաբանում ներկայացրեց, որ մեքենաները կկարողանան լիցքավորվել նաև այն դեպքում, երբ հերթագրված լինեն վկայագրման համար։

Հեղուկ գազով աշխատող մեքենա ունեցող Հովհաննես Հ․-ն պատմում է, որ մի քանի ընկերներով գնացել են գազի բալոնը տեղադրող մասնագետի մոտ, մասնագետը մի թռուցիկ հայացք է գցել բալոնների վրա ու տվել է վկայագիրը։

«Հերթ էր, մտածում էինք՝ երկար կմնանք, բայց անցնելուց ասեց՝ բացեք, նայեմ։ Մերը հեղուկ գազով է։ Վրայից նայեց, կողքից նայեց։ «Բիրկեն» տեղն էր, տվեց էտ թուղթը։ Մուծեցինք, եկանք», - պատմում է վարորդը։

Հովհաննեսն ասում է՝ այս ընթացքում 12 հազար դրամ արժեցած այդ «թղթի» անհրաժեշտություն չի եղել։ Որևէ լցակայանում որևէ մեկն իրեն չի խնդրել ցույց տալ այն։

Սեղմված գազով աշխատող մեքենա ունեցող Հակոբ Հ-ն էլ աշխատանքի բերումով չէր հասցրել ո՛չ վկայագրումն անել, ո՛չ հերթի կանգնել։ Որոշ ժամանակ անց խնդիրը դուրս եկավ նաև հանրային ուշադրությունից, և հիմա Հակոբ Հ-ն մեքենան վարում է առանց այդ փաստաթղթի։

«Չէ, չեն հարցրել էսքան ժամանակ։ Ես իմ մեքենային հետևում եմ։ Գազի բալոնը նոր է, խնդիր չունի։ Հենց ժամանակ ունեցա, կգնամ ստուգելու։ Բայց դեռ խնդիր չի առաջացել», - եզրափակում է վարորդը։
Վաղարշ Վաղարշյան փողոց, Երևան
Լուսանկարը` Գայանե Միրզոյան/Ուրբանիստա
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարին հայտնել էր, որ իրենց գնահատականներով՝ Հայաստանում գազաբալոնով աշխատող 300-350 հազար մեքենա կա, և դրանցից կեսը դեռևս վկայագրման կարիք ունեին։

Ըստ Հանրային հեռուստաընկերության տվյալների՝ այդ մեքենաներից օգոստոսի 2-ի դրությամբ վկայագրում անցել էր ընդամենը 61 հազարը։ Այդ օրերին բալոնների վկայագրման համար հերթագրման ժամանակ եղել են դեպքեր, որ վարորդի հերթը նշանակել են մի քանի ամիս անց՝ նույն տարվա դեկտեմբերին, հաջորդ տարվա հունվարին և այլն։

Կարգավորման նախնական արդյունքը կարելի է համարել այն, որ մեքենաների մի մասի գազաբալոնները վկայագրվել են։ ՏԿԵ նախարարությունից ստացված գրության համաձայն՝ նոյեմբերի 14-ի դրությամբ գազաբալոնի վկայագրում անցել է շուրջ 137 մեքենա։ Եվս 19 հազար մեքենա այդ օրվա դրությամբ հերթագրված է եղել վկայագրման համար։

Հերթական անգամ այս հարցը կարող է սրվել 2 տարի անց, քանի որ օրենքը սահմանում է, որ բալոնները վկայագրում պետք է անցնեն 2-3 տարին մեկ անգամ։ Մեր հարցմանը պատասխանելիս ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ կառույցը նախատեսում է առաջարկել օրենսդրական փոփոխություններ, որոնցով հնարավորություն կստանա ավելացնել «բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման պարբերականությունը»։


Թբիլիսի, Վրաստան: Լուսանկարը` Google Maps
Հարևան Վրաստանը չի խուսափել նմանատիպ խնդիրներից։ Գազաբալոնների վկայագրման նույնպիսի համակարգ Վրաստանում ներդրված է առնվազն 2015 թվականից, բայց լրագրողներն այն ժամանակ պարզել էին, որ վկայագրեր կարելի էր ստանալ նաև առանց լիարժեք ուսումնասիրության և բալոնի՝ կանոններին համապատասխանության։ Ինչպես և Հայաստանում՝ Վրաստանում նույնպես տարածված է եղել առանց բալոնները ստուգելու վկայագրեր տալը։

Հենց Հայաստանի կարգավորման նման՝ Վրաստանում նույնպես ժամանակին մտցվել է կարգավորումը, որի համաձայն՝ գազաբալոնի վկայագիր չունեցող մեքենաները չպետք է լիցքավորվեն, բայց լցակայաններն անտեսել են այդ պահանջը։

Թուրքիայում էլ գազի լիցքավորման կայանների ոլորտը խիստ կարգավորումներ ունի։ Մասնավորապես գազալցակայան աշխատացնելու համար ընկերությունը 7 տեսակի արտոնագրեր պետք է ունենա, այդ թվում՝ գազի ներմուծման, տեղափոխման, պահեստավորման և այլ։ Դրանք պետք է տրված լինեն 10-30 տարով։

Ու թեև Թուրքիան ձգտում է եվրոպական օրինակով տրանսպորտի շահագործման հարցում բենզինից գազին անցում կատարել, բայց ցուցանիշները դեռ հետ են եվրոպական առաջատարներից։ Պատճառն այն է, որ Թուրքիայում առայժմ բացակայում է գազամատակարարման զարգացած ցանցը։

Իսկ Եվրախորհրդարանն ու Եվրոպայի խորհուրդը բնապահպանական նկատառումներով դեռ 2014 թվականին ընդունել էին ալտերնատիվ վառելիքի մասին դիրեկտիվը, որում նշվում էր, որ ԵՄ անդամ պետություններն իրենց տարածքներում պետք է զարգացնեն գազալցակայանների, մասնավորապես հեղուկ գազի լցակայանների ցանցը, որպեսզի դրանցով աշխատող բեռնատար մեքենաները հեշտությամբ կարողանան տեղաշարժվել Միության տարածքում։

2022-ի փետրվարին եվրոպական կողմը վերադարձավ այս նույն հարցին: Եվրախորհրդարանի փորձագետների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը ԵՄ երկրների համար կարող է արժենալ շուրջ 67-70 մլրդ եվրո, բայց դա թույլ կտա 75 մլրդ եվրո խնայել օդի ավելի քիչ աղտոտման շնորհիվ։

Նույն զեկույցում նշվում է, որ արդեն իսկ անհրաժեշտ է նույնպիսի կարգավորումներ մտցնել էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման համար։ Մասնավորապես նշվում է, որ 2025 թվականի դրությամբ Միության տարածքը նվազագույնը պետք է ապահովել այնքան էլեկտրական լիցքավորման կետերով, որ տրանս-եվրոպական տրանսպորտային ամբողջ ցանցի (TEN-T core network) առանցքային ճանապարհներով հնարավոր լինի տեղաշարժվել թեթև բեռնատարներով։


«Շտիգեն» ընկերության լիցքավորման կայան Երևանում
Լուսանկարը` Shtigen
Հայաստանում առանց այդպիսի հաշվարկների էլ հիմա զարգանում է էլեկտրական մեքենաների լիցքավորման ցանցը։ Արդեն իսկ իրականացված Plug.am ծրագրով ամեն մարզում առնվազն երկուական լիցքավորման կետ է տեղադրվել։ Ամբողջ Հայաստանում, սակայն, հիմա լիցքավորման այդպիսի կետերի թիվը գերազանցում է հարյուրը․

  • 98 սովորական լիցքավորման,

  • 11 արագ լիցքավորման կետեր։

Այս լցակայանները կարելի է տեսնել plugshare.com կայքում, որը պարբերաբար թարմացվում է։ Էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերը, ի տարբերություն ավանդական բենզա-գազալցակայանների, հրդեհվելու, պայթելու կամ այլ վնաս հասցնելու վտանգ չեն պարունակում։ Այս լիցքավորման կետերը նաև մեծ տեղ չեն զբաղեցնում և նույնիսկ տեղադրվում են մարդաշատ վայրերում, փակ տարածքներում (օրինակ՝ Երևանի օպերային թատրոնի ստորգետնյա կայանատեղիում)։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերի վերահսկողություն առայժմ չի իրականացնում։ Հարցմանը պատասխանելիս կառույցից հայտնել են, որ նախ իրենց վերահսկողական ծանրաբեռնվածությունը մեծ է, և երկրորդը՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի թվաքանակն ու ռիսկայնությունը բարձր չեն։ Միևնույն ժամանակ կառույցից հայտնել են, որ տեսչական մարմինը այդ լիցքավորման կետերում «վերահսկողություն նախատեսում է իրականացնել առաջիկայում»։


Էլեկտրական մեքենաների հետ կապված հիմնական խնդիրներից մեկը ավանդաբար համարվում է հենց լիցքավորման հարցը․ մի կողմից այս մեքենաները երկար ժամանակ են պահանջում լիցքավորման համար, մյուս կողմից՝ մյուսների համեմատ ավելի կարճ տարածություն կարող են անցնել մեկ լիցքավորմամբ։ Լիցքավորման զարգացած ցանցը հենց դրա համար է անհրաժեշտ։ Իսկ երբ այդ ցանցը կա, ավելանում է նաև այդպիսի մեքենաներ գնել ցանկացողների թիվը։

Հայաստանի կառավարությունն այս պահին մի քանի ուղղություններով խրախուսում է էլեկտրական շարժիչով մեքենաների ձեռքբերումն ու ներմուծումը։ Ինքը՝ կառավարությունը նույնպես, իր կարիքների համար այդպիսի մեքենաների գնման գործընթաց է սկսել։

Գործում են նաև մի շարք արտոնություններ, որոնք համեմատաբար էժան են դարձնում այս մեքենաների ներկրումը։ Մասնավորապես 2022-2023 թվականների համար մաքսատուրքից ազատման քվոտաներ են գործում էլեկտրական մեքենաների ներկրման համար։ Իսկ ԱԱՀ-ից դրանք առհասարակ ազատված են։
~
Հոդվածը պատրաստվել է «Գերմանիկա» փիար-ընկերության հետ համագործակության շրջանակներում։