Կոնդը և Հին Նորքը․
Երևանի հին թաղամասերի վերածնունդը

Նոր գլուխ Երևանի ամենահին թաղամասերի համար
Յան Լիմբուրսկի

Օքսֆորդի համալսարան (Սենթ Անթոնիի քոլեջ)
Ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների մագիստրոս

Տեքստ և լուսանկարներ
«Տեսնո՞ւմ եք, մեր նախնիներն են», - Մարիետան մատնացույց է անում կողքի սեղանին դրված լուսանկարը։ Երկու տարի առաջ նա Կոնդում գտնվող իր պապենական տանը բացել է տուն-թանգարան՝ պահպանված բնակելի տուն, որը բաց է հանրության համար։ «Մտածեցի՝ բոլորն իրենց տներն են ցույց տալիս։ Ինչո՞ւ ես էլ իմը ցույց չտամ»։
Վերջերս Հայաստանի վարչապետն այցելել է նրա տուն։
«Նա ասաց, որ մեր տունը շատ հին է, դրան ձեռք տալ չի կարելի։ Այն պետք է անխաթար մնա», - պատմում է Մարիետան։

Երևանի ամենահին թաղամասերը, որոնք տարիներ շարունակ անտեսված ու մոռացված էին, այժմ վերածնվում են՝ տեղի հիշողության և պատմության պահպանման նկատմամբ աճող հետաքրքրության շնորհիվ։ Տուն-թանգարաններ, սրճարաններ և մշակութային կենտրոններ են հայտնվում Կոնդում և, վերջերս, նաև Հին Նորքում՝ Երևանի ամենահին երկու թաղամասերում, որոնք գտնվում են անմիջապես քաղաքի կենտրոնին կից։

«Ես դա անվանում եմ «վերականգնում ներքևից», - ասում է ժողովրդական կամ վերնակուլյար ճարտարապետության մասնագետ Անդրեյ Իվանովը։ Առանց պետական աջակցության, սակայն զբոսաշրջիկների աճող հետաքրքրության շնորհիվ այս թաղամասերի բնակիչներն իրենք են փորձում պահպանել ու վերականգնել տեղի պատմությունը։
Տղամարդը գնումների սայլակը քաշում է Կոնդի շինաղբով ծածկված նրբանցքով։
Ինքնաշեն կառուցապատման շերտերը․ Կոնդ
Կոնդը հայտնի է որպես Երևանի ամենահին թաղամասը, որը վերապրել է խորհրդային բրուտալիստական վերակառուցումն ու հետխորհրդային կառուցապատումները։ Գտնվելով քաղաքի կենտրոնական հատվածից հարավ ընկած բլրի վրա՝ թաղամասը հիշեցնում է ժամանակի պարկուճ, որը թաքնված է շրջակա բարձրահարկ շենքերի և շինհրապարակների միջև։ Այսօր քաոսային շարված ինքնաշեն տների ու փողոցների թաղամասում համապատասխան ենթակառուցվածքներ չկան, կենցաղային պայմանները վատն են։ Թաղամասով անցնող բազմաթիվ փողոցներ ասֆալտապատ չեն, իսկ բնակելի կառուցապատումը ձևավորվել է անկանոն կերպով։

«Կոնդը Երևանում բարեկեցիկ, բազմազգ, բավական բազմազան և կիսանկախ քաղաքային միջավայր է եղել», - ասում է ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, որը վերջին 25 տարիներին ուսումնասիրում է թաղամասը։ Առնվազն 17-րդ դարի վերջից, երբ կառուցվել է Թափաբաշի մզկիթը, տարածքում բնակվել են ինչպես մահմեդականներ, այնպես էլ քրիստոնյաներ։ Մահմեդական բնակչությունը կենտրոնացած էր հարավում՝ մզկիթի մոտ, իսկ քրիստոնեական համայնքը՝ հյուսիսում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շուրջ։
Երբ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թվականին նախագծում էր Երևանի հատակագիծը, նա նախատեսում էր Կոնդը դարձնել բացօթյա թանգարանային թաղամաս։ Նրա տեսլականը այդպես էլ իրականություն չդարձավ, և տարածքը մնաց այնպիսին, ինչպիսին կար՝ ծուռումուռ փակուղիներով և քաղաքային բնակեցման տարատեսակ շերտերի մնացորդներով։

«Նրանք եկել էին Թուրքիայից՝ Վան քաղաքից», - ասում է Մարիետան՝ մատնացույց անելով իր նախնիների լուսանկարը, - Նրանք եկան այստեղ, մեծ գումար վճարեցին և գնեցին այս տունը»։

20-րդ դարի սկզբին Կոնդը ապաստան դարձավ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության մղձավանջից փախչող հայերի համար։

«Իմ պապը գաղթական էր Արևմտյան Հայաստանից», - ասում է կոնդեցի Արամը, որի ընտանիքը Մուշից (այժմ՝ Թուրքիայում) տեղափոխվել էր Երևան։ Նա ինձ ցույց է տալիս իր տան բակը՝ բացատրելով, որ ժամանակին այնտեղ տասնվեց ընտանիք էր բնակվում։

Տասնամյակների ընթացքում բազմաթիվ նախագծերով փորձ է արվել վերակենդանացնել Կոնդի տարածքը։ 1978 թվականին հրապարակվեցին ծրագրեր, որոնցով նախատեսվում էր մաքրել թաղամասի որոշ հատվածներ և տները փոխարինել բարձրահարկ ու բազմաբնակարան շենքերով։ 1980-ականներին Հայաստանի կոմունիստական կուսակցության այն ժամանակվա առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը ցանկանում էր, որ Կոնդը դառնա Երևանի Մոնմարտրը։ Այս բոլոր ծրագրերը ձախողվեցին։ Թեև թաղամասը պաշտոնապես ներառվել էր քաղաքի գլխավոր հատակագծում դեռևս 1924 թվականին, այն բարեկարգելու վերաբերյալ կառավարության խոստումները մնացին թղթի վրա։ Ուստի թաղամասի բնակիչները, իրենց կենցաղային պայմանները բարելավելու համար, դիմեցին ինքնաբուխ, ապօրինի շինարարության։ Այդ պատճառով այսօրվա Կոնդն իրենից ներկայացնում է տասնամյակների ոչ ֆորմալ կառուցապատման արդյունք։
2021 թվականին Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն հայտարարեց մրցույթ՝ կրկին մշակելու Կոնդի վերակենդանացման նախագիծ։ Մինչ այժմ այս ծրագրերը որևէ շոշափելի արդյունք չեն տվել։

«Կոնդի պատմությունը թաքնված է ինքնաշեն կառուցապատման շերտերի տակ», - ասում է Սևադա Պետրոսյանը։ Պետության մշտական քանդման ծրագրերի պատճառով ոչ ոք եղածը պատշաճ պահպանելու համար ներդրումներ չէր կատարում։

Թեև Կոնդը հաճախ ռոմանտիկացվում է որպես հին Երևանի վերջին մնացորդ, քաղաքի ենթակառուցվածքների արդիականացման ժամանակ այն անտեսվել է։
«Այս կոյուղու համակարգը 100 տարեկան է», - ասում է Կոնդի բնակիչ Արամը։ Նա ասում է, որ փողոցներում ներկայումս իրականացվում են շինարարական աշխատանքներ միայն խիստ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման և կոյուղու խնդիրները վերացնելու համար։

Հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Կոնդ՝ թաղամասի վերակառուցման հերթական ծրագրի հայտարարությունից հետո։ Արամն ասում է, որ վարչապետը նրանց խոստացել է «զբոսաշրջային Մեքքա»։ Հին ավանդական քարե ճարտարապետության գրավչությունը, երկրում զբոսաշրջության աճի հետ մեկտեղ, բարձրացրել է Կոնդում անշարժ գույքի արժեքը։
«Սա երկսայր սուր է», - զգուշացնում է ճարտարապետ, հետազոտող Սևադա Պետրոսյանը։ Թեև թաղամասի նկատմամբ աճող հետաքրքրությունն ակնհայտորեն օգուտ է բերում բնակիչներին, այն նաև ջենտրիֆիկացիայի վտանգ է ստեղծում և ճանապարհ է բացում խոշոր կառուցապատողների համար, որոնք կարող են վնասել միջավայրը։

Թեպետ Կոնդում զբոսաշրջության ընդլայնման վերաբերյալ կառավարության ծրագրերը շատ թարմ են, սակայն վերջին մի քանի տարիներին տարածքում արդեն ի հայտ են եկել տեղական նախաձեռնություններ և փոքր բիզնեսներ։

«Այն շատ հին է։ Մայրս, տատս այստեղ են ապրել», - ասում է Կոնդի մեկ այլ բնակիչ Արփինեն՝ ցույց տալով իր տունը։ Նա աշխատում է թաղամասի փոքրիկ սրճարաններից մեկում, որը բացվել է երեք ամիս առաջ։

Սևադա Պետրոսյանը տարիներ շարունակ խրախուսում է մարդկանց Կոնդում փոքր բիզնեսներ բացել։ «Դա ամենահեշտ բանն է, նկատի ունեմ՝ պարզապես Սարյան փողոցում ցուցանակ դրեք և աստիճանների վերևում սրճարան բացեք։ Մարդիկ կհեղեղեն այն», - բացատրում է նա։
Կոնդի նկատմամբ հետաքրքրության շնորհիվ տարածքում պատմական արժեք ունեցող հուշարձանները վերջերս հաշվառվել են։ «Ամբողջ թաղամասը պետք է գրանցվի որպես հուշարձան՝ դրա քաղաքային կառուցվածքը, ամբողջ հյուսվածքը», - կարծում է Սևադա Պետրոսյանը։ Նրա կարծիքով՝ առանձին շենքերի պաշտպանությունը բավարար չէ։ Ժողովրդական կառուցապատման փոխկապակցված շերտերը դժվարացնում են առանձին արժեքավոր հուշարձանները տարբերակելու գործը։
Տեղի պատմության պահպանումը. Նորք
Երկար պարուրաձև աստիճանը սկիզբ է առնում աղմկոտ Մյասնիկյան պողոտայից։ Մետաղական կառույցը կառչած է զառիթափ լանջին, և երկար վերելքից հետո բարձրացողը պարգևատրվում է Երևանի կենտրոնի բացառիկ տեսարաններով։

Հին Նորքը Երևան քաղաքի մեկ այլ հնագույն տարածքներից է։ Այն Նորք-Մարաշ վարչական շրջանի ամենահին հատվածն է։ Նախ բլրի գագաթին գտնվող փոքր գյուղ էր, ապա՝ 1837 թվականին, դարձավ Երևանի մաս։ Սակայն աշխարհագրական մեկուսացվածության պատճառով տարածքը երբեք քաղաքային տեսք չստացավ այնպես, ինչպես մայրաքաղաքի մնացած մասը, և պահպանեց ժողովրդական ճարտարապետության իր կերպը։

Այս տարածքի գյուղական ու կանաչապատ միջավայրը գրավում էր Երևանի բնակիչներին, և նրանցից շատերը 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած Հին Նորքում ամառանոցներ կառուցեցին։ Երևանում գործող urbanlab կազմակերպության հիմնադիր Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ 1924 թվականին Հին Նորքը չափազանց հեռու էր կենտրոնից՝ Թամանյանի գլխավոր հատակագծում ընդգրկվելու համար։
Արարատ լեռան տեսարանը մայրամուտին Հին Նորքից
Խեցեգործությամբ և գինեգործությամբ հայտնի Հին Նորքը պատմականորեն եղել է քաղաքի արվեստագետների և մտավորականների խաղաղ հանգրվանը։ Այսօր էլ այն մի խաղաղ տարածք է, որտեղ պահպանվում են հին Երևանի հիշողությունները։

«Գուցե լսած լինեք Չինարի ծառի մասին, որը գտնվում է Նորքի կենտրոնում։ Ժամանակին դա մի վայր էր, որտեղ տարեցները հավաքվում էին և նարդի խաղում», - ասում է Հայկը, որը մեծացել է Հին Նորքում։

2026 թվականի ամռանը Հայկն ու նրա տատիկը՝ Նելլին, իրենց տանը փոքրիկ թանգարան բացեցին։ «Ես սա համարում եմ իմ կյանքի առաքելությունը», - ասում է Հայկը՝ խոսելով իր ընտանիքի պատմությունը պահպանելու մասին։ Նա պատմում է իր նախապապ Հովհաննեսի պատմությունը, որը ծագումով Արևմտյան Հայաստանից էր (ներկայիս Թուրքիա)։ Հայոց ցեղասպանության ժամանակ նա կորցրել էր իր ընտանիքը և որբի կարգավիճակով հասել Երևան։

«Նա մոտ յոթ տարեկան էր։ Փախել էր որբանոցից և սկսել շրջել՝ հաց մուրալով։ Այս տարածքում քայլելիս մի տնից հացի հոտ է զգացել։ Տան բնակիչները նրան ներս են տարել։ Նրանք կորցրել էին իրենց երկու երեխաներին։ Տղային նմանեցրել են իրենց, տեսել, որ լավ երեխա է, ուստի որդեգրել են նրան։ Նա էլ որոշել է մնալ»,- բացատրում է Հայկը։
Այժմ այն տանը, որտեղ բնակություն հաստատեց Հովհաննեսը, պահպանվում են այդ ընտանիքի հիշողությունն ու Հին Նորքի ավանդական կենսակերպը։ Նելլին ցույց է տալիս Ռուսական կայսրության կնիքով մի փաստաթուղթ, որը հաստատում է ընտանիքի՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքը։ Տունը կանգուն է ավելի քան 150 տարի։

Թանգարանի նկուղը լի է գինեգործական իրերով․ խաղող տրորելու մեծ տաշտ, ավանդական կավե կարասներ և փոշոտ գինու շշերով լի դարակներ կան։ Նելլիի խոսքով՝ Նորքի նկուղների մեծ մասն օգտագործվել է որպես գինու մառան, սակայն դրանցից քչերն են պահպանվել։ Նրանց կարասների հավաքածուն տարածքում ամենալավ պահպանվածներից մեկն է։

«Կարծում եմ՝ երիտասարդ սերունդը սկսում է գիտակցել դա և ինչ-որ բան անել այդ ուղղությամբ», - ասում է Հայկը՝ խոսելով տեղական պատմության և ժառանգության պահպանման մասին։ Մինչ այժմ այս առաքելությունը ստանձնել են հենց Հին Նորքի բնակիչները։

Այս գործընթացները երկու թաղամասերում զարգանում են տարբեր ուղիներով։ Կոնդն արդեն տևական ժամանակ է, ինչ ուշադրության կենտրոնում է, Հին Նորքն այժմ հետևում է Կոնդի օրինակին՝ այցելու գրավող տեղական նախաձեռնություններով։ Բացի այդ, վերնակուլյար ճարտարապետության և քաղաքային սոցիալ-մշակութային միջավայրի անկախ հետազոտող, պրոֆեսոր Անդրեյ Իվանովի խոսքով՝ Հին Նորքի գրեթե ամբողջ տարածքն ընդգրկված է պահպանվող մշակութային-պատմական գոտու սահմաններում, մինչդեռ Կոնդում միայն վերջերս են սկսել առանձին շենքեր հաշվառել։
Երևանի կենտրոնում Համաշխարհային առևտրի կենտրոնի (World Trade Center, WTC) կառուցումը կհանգեցնի Կոնդի սահմանամերձ հատվածներում հետագա քանդումների։ Նախագիծը, որն իրականացվում է Հայաստանի կառավարության, Հայաստանի ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստի» և մասնավոր կառուցապատող «Ռենշին» ընկերության համագործակցությամբ, մեկնարկել է․ Սարյան փողոցի 22 հասցեում գտնվող «ՀայՓոստի» շենքում սկսվել են նախնական քանդման աշխատանքներ։ Ըստ նախագծի՝ համալիրը կունենա համաժողովների դահլիճներ և սրահներ, բիզնես կենտրոն, ստարտափների ինկուբատոր և հյուրանոց։ Կառուցապատումը կզբաղեցնի մի քանի հազար քառակուսի մետր տարածք՝ անմիջապես Կոնդի սահմաններին կից։

Տեղական համայնքային նախաձեռնությունները մեծացնում են Կոնդը պահպանելու հնարավորությունները, սակայն միաժամանակ առաջ են բերում գերկառուցապատման, տարածքի դիսնեյաֆիկացման և պատմական քաղաքային հյուսվածքի խաթարման ու ոչնչացման վտանգներ։ «Պարզապես պետք է շատ զգույշ լինենք, իսկ ես չեմ կարծում, որ բավականաչափ զգույշ ենք», - ասում է Սևադա Պետրոսյանը։
~