Երկաթյա քաղաքի մասին երազանքը

Երևանցի գեղանկարիչը էլեկտրոնային թափոնները վերածում է արվեստի գործերի
Աբովյան 26 հասցեում գտնվող երկաթյա թափոններից պատրաստված և մարդկային կերպարանքով, երկու կտորից բաղկացած արձանն անգամ անուն չունի, բայց վաղուց դարձել է երևանցիների սիրելին ու քաղաքի անբաժան մասը:
Արձանի հեղինակ, գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանը պատմում է, որ արձանի գաղափարը պատկանում է Արշիլ Գորկու հիմնադրամի տնօրեն, վաղամեռիկ արվեստասեր Բադալ Բադալյանին: Նա 2004 թվականին Աբովյան փողոցի այդ հատվածում հայազգի մեծանուն նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված սրճարան էր բացել՝ նկարչի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

«Դա յուրահատուկ սրճարան էր` տարբեր նկարիչների կողմից նկարազարդված մոտ 40 սեղաններով: Հենց այդ նորաբաց սրճարանի բակում որոշվեց արձան տեղադրել` գաղափարը լիարժեք դարձելու համար: Եվ քանի որ սրճարանն ու արձանը նվիրված էին Արշիլ Գորկու հիշատակին, ով ինքնատիպ անձնավորություն էր ու համարվում էր մոդեռն արվեստի վառ ներկայացուցիչ, ապա դրանք ևս պետք է այդպիսին լինեին»,- հիշում է ՀՀ վաստակավոր նկարիչ, Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանը (հեղ.՝ չնայած ազգանվան համընկնմանը, նրանց միջև ազգակցական կապ չկա):
Մարտիրոս Բադալյանը ստեղծագործում է կոլաժի ու պոպ-արտի ոճում: Նկարիչը, որի աշխատանքները հիմնականում վաճառվում են արտերկրում, իր գործերը համարում է տարբեր արվեստների սինթեզ: Նրա արվեստանոցը լի է մոդեռն ոճի կտավներով ու եռաչափ կոլաժներով, որոնցից շատերը ստեղծված են այն ամենից, ինչը ժամանակի ընթացքում թափոնի է վերածվում:

«Երևանում տեղադրված իմ երկաթյա արձանները, որոնք թվով երեքն են, իմ կոլաժների տրամաբանական շարունակությունն են` ստանդարտ կտավից կոլաժի անցնելու, ապա՝ այդ ֆորմայի միջից դուրս գալու ցանկության արդյունք»,-նշում է նա:
Մարտիրոս Բադալյանը իր արվեստանոցում:
Սրճարանի մոտ տեղադրվող արձանը երկաթյա թափոններից պատրաստելու որոշումը հեղինակի խոսքով մի քանի պատճառ ուներ: Նախ՝ այն նախատեսված էր դրսում տեղադրման համար և պետք է ամուր լիներ: Բացի այդ, նպատակ դրվեց քիչ ֆինանսական ծախսերով ստանալ արվեստի գործ, որը նաև կհամապատասխաներ Գորկու կերպարին:

Արդյունքում արձանը ստեղծվեց այդ տարիներին հեշտ հայթայթվող նյութերից, օգտագործվեցին երկաթյա թափոններ ու ավտոմեքենաների հին պահեստամասեր: Արձանը պատրաստվեց ընդամենը երկու շաբաթում: Արձանը երկու մասից է բաղկացած՝ կանգնած մարդու պատկերով հինգ մետր բարձրությամբ հատվածից, որ տեղադրվեց սրճարանին կից անկյունում, պատի մոտ: Դիմացը՝ ծառի տակ, սրճարանում սուրճ խմող մարդուն պատկերող երկրորդ մասը տեղադրվեց:
Թեպետ ամեն նոր բան հասարակությունը սովորաբար դժվար է ընդունում, «Երկաթյա մարդը» երևանցիների կողմից ջերմ ընդունելության արժանացավ: Արձանը սիրեցին նաև քաղաքի հյուրերը: Մոտ երեք տարի աշխատելուց հետո սրճարանը փակվեց` ոչ եկամտաբեր լինելու պատճառով: Իսկ «Երկաթյա մարդը» մնաց իր տեղում ՝ ժամանակի ընթացքում դառնալով Երևանի ու հատկապես Աբովյան փողոցի անբաժան մասը…

Մարտիրոս Բադալյանի համոզմամբ, թափոնները կարող են ծառայել արվեստին: Գեղանկարիչն անգամ հին սառնարանների ու գազօջախների թափոններից պատրաստված մանկական փոքրիկ քաղաքի նախագիծ ունի, որ արդեն շուրջ 20 տարի է՝ փորձում է իրագործել: Նախագծի համաձայն, փոքրիկ քաղաքը ֆուտբոլային դաշտի չափսեր պետք է ունենա: Հեղինակը նախատեսում է երկաթե քաղաքը բնակեցնել տիկնիկներով և գեղեցիկ լուսավորել, իսկ դրա փողոցներում, բնականաբար, թափոններից կառուցված երկաթյա արձաններ տեղադրել: Այդ ինքնատիպ քաղաքի նախագիծն իրականացնելու համար մի քանի անգամ հեղինակը դիմել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, սակայն բացասական պատասխան ստացել:
16 000 տոննա

Հայաստանում տարեկան էլեկտրոնային թափոն է արտադրվում
4.3 կգ

ՀՀ մեկ բնակչին բաժին է ընկնում էլեկտրոնային թափոն
41.8 մլն տոննա

Աշխարհում տարեկան արտադրվում է էլեկտրոնային թափոն






Աղբյուր՝ United Nations University
Մարտիրոս Բադալյանի խոսքով, մոդեռն արվեստը Հայաստանում իշխանությունների կողմից չի գնահատվում: «Երկաթյա մարդն» այսօր՝ երկար տարիների փորձություններից հետո, կորցրել է իր սկզբնական տեսքը: Միակ անհանգստացողը հեղինակն է, ով ամեն կերպ փորձում է շտկել իրավիճակը:

«Երկաթյա մարդը» ժամանակի ընթացքում վնասվել էր, այնուհետև, կրկին թափոնի վերածված, տեղափոխվել շենքի մուտքին կից անկյունային հատված, որտեղ ի սկզբանե միայն մի կտորն էր կանգնեցված: Սրճարանի փակվելուց հետո տարածքը շահագործման համար տարբեր տարիներին հանձնվել է մեկ բանկի, մեկ՝ հագուստի վաճառասրահի: Շահագործողները արձանի մասին հոգ տանելու պատասխանատվությունը չէին ընդունում։ Հեղինակի՝ տարիների պայքարից հետո, Բադալ Բադալյանի որդու աջակցությամբ, արձանը կրկին վերականգնվեց, սակայն նախկին տեսքը հնարավոր չեղավ վերստեղծել:
Քաղաքապետարանը, որն ըստ հեղինակի, պետք է ստանձնի արձանի խնամքը, «Երկաթյա մարդու» ճակատագրի հանդեպ նույնպես անտարբեր է: «Կասկադ համալիրի մոտ տեղադրված հայտնի օտարազգի արվեստագետների մոդեռն արվեստի գործերն իրոք լավն են, բայց մենք էլ մոդեռն ոճում ստեղծագործող նկարիչներ ունենք, որոնց գործերին պետք է ուշադրություն դարձնել ու դրանց համար նույնպես քաղաքում տեղ հատկացնել»,- նշում է Մարտիրոս Բադալյանը:

«Իմ երազած քաղաքը» վավերագրական ֆիլմը (2007 թ):
~