Ժայռաբնակների նոր գյուղատեղին նոր թաղամաս պիտի ունենար: 2020-ի պատերազմից հետո, սակայն, դեռ ոչ ոք չի եկել: Գագիկ Բեգլարյանը Խնձորեսկ հին գյուղի նոր թաղամասի առայժմ միակ բնակիչն է: Նա տեսել է Խնձորեսկի կերպարանափոխությունը՝ քարանձավային տներից մինչև նոր գյուղի հիմնումը: Գյուտարար ինժեներ-մեխանիկը 70-ականներից նոր տուն է սարքում, անընդհատ բարենորոգում, հարկ ու շինություն է ավելացնում: Թոշակի անցնելուց հետո տնային տնտեսությունը դարձրել է ինքնատիպ հյուրատուն, որտեղ զարմանալի բաներ կգտնեն անգամ ամենափորձառու զբոսաշրջիկները և այցելուները:
Ժայռափոր կացարանների մի մասը լքված է և ուղղակի հիշեցնում է հին գյուղատեղու մասին: Մի մասն էլ դարձել է նոր տների հիմք կամ կցակառույց: Որպես բնակարան՝ ժայռափոր տները լավ են ծառայել գյուղացիներին: Ամռանը հով են պահել, ձմռանը՝ տաք ու անվտանգ: Աշոտ և Լյուսյա Շահմարյանները ընդարձակել ու մեծացրել են իրենց տուն-քարանձավը: Այժմ բնակելի մեծ հատվածից բացի օգտագործում են նաև տան տակի քարանձավները: