Սոցիալական կյանքը՝ պատերազմից հետո
Վերիշենում հաստատված արցախցի ընտանիքներից մեկը Բեգլարյանների ընտանիքն է, Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից: Ասյա Բեգլարյանը իր երկու որդիների և նրանց ընտանիքների հետ Վերիշենում երկհարկանի մեծ տուն է վարձակալել և ապրում են միասին:
«Սարսանգ ГЭС-ի ախրանայում էի աշխատում, բացի էդ էլ՝ սովորական գյուղի կյանքով: Գորիսի հետ կապը եղել է մինչև պատերազմն էլ: Մեր ապրելակերպի նման ա, չենք էլ ուզում գնանք: Տան պայմաններն էլ… եսիմ… սեփականություն չի: Ընթացքում մի բան կորոշենք, կապրենք: Խաղաղություն լինի»,- ասում է Շահեն Բեգլարյանը՝ տիկին Ասյայի որդին:

Ինչպես և Արցախում, Բեգլարյանները մշակում են վարձած տան տնամերձ հողակտորը: Գորիսում հավանում են թե ապրելակերպն ու ավանդույթները, թե Արցախի բնապատկերը հիշեցնող լեռնաշատ հորիզոնն ու անգամ խոսվածքը։ Գորիսի բարբառը արցախյան բարբառն է հիշեցնում, և տեղացիների հետ միմյանց լավ են հասկանում: Թերևս, դեր է խաղում նաև այն, որ Արցախն այստեղից ավելի մոտ է, քան մի այլ վայրից: Արցախում չեն, բայց հեռու էլ չեն:

Գորիսի բնակավայրերում բնակություն հաստատած արցախցիներին հիմնականում մտահոգում են տների բարձր վարձերը: Ասում են՝ մայրաքաղաքի գներն են: Բացի այդ, սովոր չեն վարձով ապրելուն՝ իրենց հիմնական տունն են ուզում ունենալ: Դրանից զատ, մտահոգում է հիմնական աշխատանք և եկամուտ ճարելու խնդիրը:
Թեև Գորիս քաղաքում նկատվում է բնակչության որոշակի տեղաշարժ՝ և գնացողներ և եկեղներ, սակայն Գորիսի համայնքապետարանում ընդգծում են, որ սահմանամերձ բնակավայրերում արտագաղթի ցուցանիշներ չեն արձանագրվում: Ավելին, վերջին շրջանում հաջողվել է իրականացնել վերաբնակեցման ծրագրեր, որոնց շրջանակում նոր բնակարաններ են տրամադրվել բնակիչներին: Սակայն պատերազմը, զբոսաշրջության ոլորտի՝ դրան հաջորդած խնդիրները էապես ազդել են աշխատաշուկայի վրա:

«Տեղական արտադրողները սկսել են ավելի սերտ համագործակցել։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ծառայություններ, ընդլայնել արտադրական կարողությունները: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի տեղական հումքի վերամշակման նոր հնարավորությունների ստեղծմանը և արտահանման շուկաների զարգացմանը: Այս բոլոր գործընթացների իրականացումը նոր աշխատատեղերի ստեղծման հիմք կլինի, ինչը կնպաստի տեղական բնակչության զբաղվածության ապահովմանը և կայուն եկամուտների ձևավորմանը: Հատկապես կարևոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան իրենց ապագան կառուցել հենց այստեղ՝ սեփական համայնքում»:
Գորիսի համայնքապետարան
Շահեն Բեգլարյանը Վերիշենում ծանոթացել է Արսեն Մկրտչյանի հետ, որը նույնպես Արցախից է տեղահանվել: Միասին գյուղում ավտովերանորոգման արհեստանոց են բացել: Արհեստանոցը մեծ չէ, գործը կամաց-կամաց է առաջ գնում: Արսենը ազատ ժամանակ պատվերով նկարում է դաջվածքների, գերեզմանաքարերի և խաչքարերի նախշեր:
Շահեն Բեգլարյանը Վերիշենում ծանոթացել է Արսեն Մկրտչյանի հետ, որը նույնպես Արցախից է տեղահանվել: Միասին գյուղում ավտովերանորոգման արհեստանոց են բացել: Արհեստանոցը մեծ չէ, գործը կամաց-կամաց է առաջ գնում: Արսենը ազատ ժամանակ պատվերով նկարում է դաջվածքների, գերեզմանաքարերի և խաչքարերի նախշեր:
«Դժվար ա գործ սկսել, սհենց չի, որ սկսես գործ անել, միանգամից ստացվի: Երևան չի, որ մարդկությունը շատ լինի, ուզածդ բանը ավելի շուտ լինի: Կյանքը մինչև վերջ, ինչքան ուժ ունի փոխվել ա: Մարդ որ ուզում ա հասարակ իրա կռիշը փոխի, չի փոխում, ասում ա՝ որ փոխեմ, բա հետո ինչ կլինի: Դրա համար ոչինչ չեն անում էս պահին», - ասում է Արսենը:
լսել
Արսենն ու Անգելինան Արցախում են հանդիպել, ամուսնացել: Շրջափակման ժամանակ արդեն իրենց առաջնեկին էին սպասում: Հղի Անգելինան շրջափակումից դուրս է եկել մի կերպ, միայնակ՝ Արցախում թողնելով քույրերին, զինվորական մորը: Հասել է Գորիս, երեխան ծնվել է բարդություններով, փոքրիկին կարողացել են օգնել միայն Երևանում: Անգելինայի ազգականները Գորիս եկել են 2023-ի սեպտեմբերին, ընդհանուր տեղահանության ժամանակ, դեպի Գորիս տանող ճանապարհ հասել են գնդակոծության ու ռմբակոծության տակ: Անգելինան Արցախում թողած մանկության, իր դպրոցի մասին ներկա ժամանակով է խոսում, թեև մի տարուց ավելի է՝ Վերիշենում է ապրում:
լսել

Անգելինան դստեր հետ Վերիշենի տան պատշգամբում, որտեղ ամուսինը մի քանի աղավնի է պահում։
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
2020-ին, ապա 2023-ին արցախցիների տեղահանումով Վերիշենի բնակչությունը աճել է մոտ 100 հոգով։ Նրանք ցանկացել են մնալ և ապրել Վերիշենում, ոմանք տուն են գնել՝ օգտագործելով պետության տված 10 մլն դրամի սերտիֆիկատները։
«Սովոր ենք դրան, մեկ ա՝ մեր ճակատագիրն էդ ա, ստեղ-էնտեղ նույնն ա, էնտեղ էլ առաջնագիծ ա, էստեղ էլ: Պետք ա մնաս, պայքարես, փորձես ինչ-որ բանով օգտակար լինես ազգին: Վախենալուն տեսանք, մեջն ենք: Որ տեսնում ես, արդեն մի քիչ թեթև ես տանում»,- ասում է Շահեն Բեգլարյանը, որի մեծ ընտանիքը դեռևս վարձով է ապրում:
Վերջին մի տարվա ընթացքում «Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը և դոնոր կազմակերպությունները Սյունիքի մարզում ներդրել են ավելի քան 130 միլիոն ՀՀ դրամ: Աջակցել են շուրջ 1800 տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքների։ Այս պահին առավել ակտիվ են հումանիտար աջակցության և սոցիալական ծառայությունների ստեղծման ու մատուցման ծրագրերը։
Լուսանկարը` People in Need
«Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում 2020 թվականից հիմնադրել և շարունակում ենք ապահովել մանկական զարգացման կենտրոնների աշխատանքը: Այս պահին մշտական հաճախող երեխաների թիվը գերազանցում է 300-ը։ Այս կենտրոններում 3-15 տարեկան տեղահանված երեխաներն ու դեռահասները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, մասնակցում են ժամանցային և կրթական ծրագրերի, շփվում են իրենց հասակակիցների հետ՝ այդպիսով հաղթահարելով սթրեսն ու հոգեբանական տրավմաները», - նշում է կազմակերպության մեդիա հաղորդակցության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանը։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը սոցիալական ծառայությունների բարելավման նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։

«Ծրագրի շրջանակում մենք նաև բարելավում ենք տեղական ՀԿ-ների կարողությունները՝ նոր ծառայությունների ստեղծման ու մատուցման նպատակով։ Միևնույն ծրագրի շրջանակում իրականացրել ենք մարզի սոցիալական ծառայությունների համապարփակ հետազոտություն»,- ասում է Շուշանիկ Ներսիսյանը։

Գորիսի Քարահունջ գյուղում Արցախից բռնի տեղահանված Ժաննա Ստեփանյանի ընտանիքի 9-րդ անդամը փոքրիկ փիսիկը դարձավ։ Անձրևոտ մի օր գյուղի կանգառի ճանապարհին կապած էր գտել, տվել երեխաներին ու հանձնարարել էր՝ տարեք տուն: Վարձով տանը բոլորի համար տեղ է ճարվել՝ կատվաձագի, թութակի, շնիկի, երբեմն էլ՝ հավի ճտերի, որոնց շնորհիվ ընտանիքն արդեն սեփական եկամուտ ունի:


Քարահունջը Վերիշենի պես մեծ ու հարուստ գյուղ չէ, այնուամենայնիվ, Ժաննան կարողացել է վարձակալած տանը ինկուբատոր-ճտանոց տեղադրել և մի օրական ճուտը 300 դրամով վաճառում է: Գյուղացիներն արդեն տեղը գիտեն, վստահում են, խոստանում ամեն տարի նրանից ճուտ գնել: Ժաննան երազում է ավելի մեծ տարածք և ինկուբատոր ունենալ: Այդ դեպքում կկարողանա լիովին ապահովել բազմանդամ ընտանիքին:

  • Աննա Դանիելյան
    Սոցիալական ծրագրերի համակարգող, «ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամի աշխատակից
    «Շատ ակտուալ է զբաղվածության խնդիրը, գործարաններ չկան, արդյունաբերական քաղաք չէ Գորիսը, մեր համայնքի զարգացման ուղղություններից մեկը զբոսաշրջությունն էր, ինչը տուժեց էս պրոցեսից: Էն ֆոնի վրա, որ Սյունիքը անվտանգ չէ, զբոսաշրջիկները խուսափում են մեզ մոտ գալ, և ճանապարհներ փոխվեցին, չկա դեպի Արցախ տանողը, Տաթևի ճանապարհը փոխվեց, արդեն Սիսիանի այլընտրանքային ճանապարհը, ինչը Գորիսը մի տեսակ դուրս է թողնում շրջապտույտից»:
լսել
Թե պատերազմի օրերին, թե բռնի տեղահանության ժամանակ Գորիսում հաջողվեց համակարգված օգնություն տրամադրել մարդկանց: Առաջնային օգնության և ավելի տևական ծրագրերով բռնի տեղահանվածներին առ այսօր աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ:

«Խորքային խնդիրները հետո սկսեցին բացահայտվել: Էդ առաջին օրերին մարդիկ դեռ չէին կողմնորոշվում: Մի մասը գնաց դեպի մայրաքաղաք, մի մասը դեպի մայրաքաղաքի մոտ մարզեր, որովհետև մարդկանց մոտ ստրեսը այնքան ուժեղ էր, որ չէին ուզում Սյունիքում մնալ, որովհետև դիտարկում էին ռիսկային, սահմանային գոտի: Հետագայում փոխվեց ու շատ մարդ վերադարձավ հեռավոր մարզերից, որտեղ գնացել էին, որովհետև չստացան այն աջակցությունն ու ընդունելությունը, ինչ մեզ մոտ են ստացել, եթե անկեղծ լինենք», - ասում է սոցիալական ծրագրերի համակարգող, «ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամի աշխատակից Աննա Դանիելյանը:

«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերում ներգրավվեց արցախցի կանանց: Հիսունից ավելի արցախցի կանայք մասնագիտական վերապատրաստում անցան խոհարարություն, հրուշակագործություն, համակարգչային գրագիտություն, կարուձև կամ հաշվապահություն սովորելու համար: Բոլոր ծրագրերում ներգրավեցին թե տեղահանվածների, թե տեղացի խոցելի խմբերի մարդկանց: Միասին ավելի հեշտությամբ էին հաղթահարում ստրեսն ու կարիքը:

«Ներգրավում էինք նաև տեղացիների նախ ինտեգրված միջավայր ստեղծելու համար, և երկրորդ՝ մենք գիտենք, որ մեր կողքին տարիներ շարունակ ապրում են մարդիկ, որ ոչ պակաս կարիքավոր են, ինչպես տեղահանված բնակիչները», - ասում է Աննան:

Հակամարտություններից հետո մեծանում է հենց խոցելի, սոցիալապես անապահով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց թիվը, ավելանում են սոցիալական խնդիրները: Այսօր Գորիսում բնակարանային խնդիրը հրատապներից է: Համայնքը մեծ չէ, ազատ բնակֆոնդ չունի, տան կամ բնակարանի վարձակալության գները բարձրացել են թե քաղաքային, թե գյուղական համայնքներում:

Ալլա Մաթևոսյանի ամուսինը մշտական աշխատանք չունի, ինքն էլ երեք երեխաներին է խնամում: Երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն: Մշտական եկամուտ չունեցող ընտանիքն այժմ թռչնաբուծական փոքր տնտեսություն ունի:

Մինչև Արցախի կորուստը Գորիսի տարածաշրջանով անցնում էին դեպի Արցախ և Սյունիքի հարավ տանող ճանապարհները: Դրա շնորհիվ քաղաքում զարգանում էին զբոսաշրջային ոլորտը և առևտուրը, քանի որ արցախցիները հաճախ այստեղից էին գնում կենցաղային տեխնիկա և շինանյութ։ 2020-ից հետո այս ոլորտները նույնպես տուժեցին Գորիսում։