Մեծ Հայրենադարձություն 2.0

Քաղաքային-մշակութային հեղափոխություն բերած Սփյուռքը:

Լրագրող <տեքստ>
Լրագրող <ֆոտո>
XX-րդ դարի ընթացքում, 1921-1973 թվականներին Սովետական Հայաստան ներգաղթեց մոտ 200 հազար հայ, հիմնականում՝ Մերձավոր Արևելքի երկրներից: Նրանք մեծամասամբ Մեծ Եղեռնի վերապրածներ կամ նրանց ժառանգներն էին, որոնք հույս էին փայփայում վերահաստատվել պատմական հայրենիքում: Հայրենադարձությունը Խորհրդային իշխանությունների համար քարոզչական մեծ նշանակություն ունեցող գործողություն էր: Իսկ Արևելյան Հայաստանին այն իր հետ բերեց նաև քաղաքի մշակույթի վերածնունդ: Թեպետ … այն ժամանակ և հիմա ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ:

Մշակութային տարբերությունը տեղաբնակների և եկվորների միջև բավականին մեծ էր: Հայրենադարձները իրենց հետ բերեցին նախկին բնակության երկրների սովորույթներն ու բարքերը, որոնք անհասկանալի, երբեմն էլ՝ անընդունելի էին երևանցիների համար:

Հայրենադարձների մերօրյա հոսքը այսօր նույնպես փոխում է Երևանի պատկերը՝ հատկապես սպասարկման ոլորտում բերելով նոր որակ և մակարդակ, նաև՝ նոր խորտիկներ և խոհանոցային նախասիրություններ:

Այսօր, զրուցելով քառասնականներին և վերջին տարիներին Հայաստան վերադարձած հայրենադարձների հետ, տեսնում ենք, որ ոմանք սիրել ու հարմարվել են, իսկ ոմանք շարունակում են իրենց նորեկ և օտար զգալ:
~
Մարտիրոս Տեր-Մարտիրոսյան, 83 տարեկան
Գյուտերի և գիտական աշխատությունների հեղինակ, Սարքաշինական ընկերութան համահիմնադիր:
Ծննդավայր - Ալեքսանդրետ, Թուրքիա
1946թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան Հալեպից, Սիրիա:


<<Մենք Հայաստանի մասին լրիվ այլ պատկերացում ունեինք , սակայն ականատես եղանք լրիվ այլ պատկերի, պատերազմին հաջորդող տարիներն էին ամենուրեք աղքատություն էր տիրում, չկար աշխատանք, խղճուկ վիճակ, մեր բարեկամներից շատերը հեռացան՝ նորից բռնելով գաղթի ճամփան, բայց մեր ընտանիքը մնաց այստեղ: Այն, ինչ մենք բերել էինք մեզ հետ, նորություն էր տեղաբնակների համար, շատ հայրենադարձներ վաճառեցին իրենց հետ բերված և սպասքը, և զարդերը և հագուստը: Մեր նիստուկացը, ապրելակերպը, հագուկապը՝ գրեթե ամեն ինչ տարբերվում էր տեղաբնակներից: Դա բնական էր, քանի որ մենք մեզ հետ բերել էինք ուրիշ երկրի սովորույթներն ու ապրելակերպը>>:
Վազրիկ Ազիզյան, 53 տարեկան
Գործարար է, ժառանգական կաշեգործ, պայուսակի և կոշիկի արտադրություն ունի
Ծննդավայրը՝ Թեհրան:
Տեղափոխվել է Հայաստան 2012 թ.

<<Մենք մեծացել ենք հայրենասիրական երգերի և պատմությունների ներքո, միշտ պատկերացրել ենք Մասիսը, տեսել մեր եկեղեցիները սեփական երևակայության մեջ: Իրականում այդ ամենը տեսնելը ավելի տպավորիչ է, բայց տարօրինակ մի զգացում կա, երբ դու օտար երկում ես ապրում, բնական է, որ դու փոքրամասնություն ես, առանձին մշակույթով, նիստ ու կացով, սակայն ինձ համար անընդունելի է, որ այստեղ ինձ հարցնում են՝ որտեղի հայ ես: Ինչ կապ ունի՝ որտեղից ենք, կարևորը՝ հայ ենք, պետք չէ բաժանել խմբերի՝ իրանահայ, ֆրանսահայ, սիրիահայ:

Իրանում գործունեության առաջին մեկ տարվա ընթացքում հարկային մարմինները քեզ ոչնչով չեն անհանգստացնում, իսկ այստեղ անընդհատ լսում ենք՝ <<եկեք ձեր տուն>>, <<եկեք ձեր երկիր>> արտահայտությունները, սակայն գործունեության առաջին օրվանից հարկայինը խեղդում է, մի փոքրիկ գովազդ փակցնելու համար քաղաքապետարանն է քաշքշում, չեն նայում՝ եկամուտ ունես, թե՝ ոչ, կարևորը՝ գումար պոկեն:

Սակայն Իրանում կարոտելու ոչինչ չկա, այստեղ հանգիստ է, ապահով, ինչը կարոտեմ, տասնութ միլիոնանոց քաղաքից հոգնել եմ, որտեղ անգամ մայթերն են անապահով, ցանկացած պահի կարող են մեքենայով կամ մոտոցիկլով վրաերթի ենթարկել քեզ: Ճիշտ է, սկզբում մենք չտեսանք այն, ինչ ակնկալում էինք, սակայն հայրենիք վերադառնալու համար պետք է պատրաստ լինես դիմակայելու: Կմնամ, կաշխատեմ հայրենիքում, սակայն երեխաներիս չեմ կարող արգելել, եթե մի օր որոշեն հեռանալ>>:

Ժորժետա Օհանեան, 62 տարեկան
Գործարար, <<Արաքս>> ռեստորանի տնօրեն
Ծննդավայրը՝ Հալեպ, Սիրիա:
Տեղափոխվել է Հայաստան 2002 թ.
<<Առաջին անգամ, երբ ոտք դրեցինք մայր հողի վրա, օդանավակայանում մեզ մեծ ուրախություն պատճառեց այն, որ բոլորը հայ են և խոսում են հայերեն, մեզ բացարձակ չէր անհանգստացնում, տարրական անհարմարությունները՝ ասֆալտը, ջուր կամ հոսանք չլինելը, մենք միայն լավ բաները կտեսնանք, կաշխատենք ուրախ բաները տեսնալ, կարևորը, լավ թե վատ, ինչ կա՝ մերն է:

Նոր էինք եկել Հայաստան, որոշեցինք փոքրիկ բիստրո բացել, որտեղ ֆալաֆել էինք պատրաստում և վաճառում, մեր բրդուճները շատերը հավանեցին, բայց հարկայինի հետ կապված խնդիրներ ունեցանք, երկու անգամ փակեցինք, զրոյից նորից սկսեցինք, բայց, ոչինչ, նորից ոտքի ելանք:

Մեզ ասում են՝ լեզու պետք է գտնաք հարկային մարմինների հետ, ամուսինս կբարկանար, կսեր՝ լեզու գտնելը որն է , օրենք չկա, ես օրենքով կուզիմ աշխատել: Այժմ մեր սեփական ռեստորանն ունենք, պայքարում ենք և անդադար աշխատում:

Ոչ մի բան չեմ կարոտնա, կարոտնալու բան չկա, ճիշտ է՝ հոն ապրեցանք, հա, լավ երկիր է, բայց չկա կարոտնալու բան, հակառակ, հոս կկարոտնանք, եթե դուրս կըլանք: Հայերի տունը հոս է՝ Հայաստանն է, ցանկությունս ալ մեկն է, որ բոլոր հայերը տուն վերադառնան>>:


Մայք Բատտուկ, 34 տարեկան
Ժառանգական ոսկերիչ-արծաթագործ, արաբերեն գիտի, զբոսավար-թարգմանիչ է աշխատում:
Ծննդավայրը՝ Հալեպ, Սիրիա:
Տեղափոխվել է Հայաստան 2013 թ.
<< Առաջին մեկ տարին դժվար էր, հետո բարիշվանք Հայաստանին հետ, Երևանը սիրուն է, թեև սկզբում օտար էր, ժողովուրդը ընկերական է, մարդամոտ: Ամեն ինչ կկարոտեմ, մեր տուն, մեր փողոց, ամեն մի ժայռ ու քարին կկարոտեմ, եթե Հայաստանից գնամ, ապա միայն Սիրիա, ուրիշ երկիր չեմ ուզե, այստեղ և Սիրիա ես թագավորի պես կապրեմ:

Այստեղ բոլորի համար տարօրինակ է իմ ազգանունը, ես չեմ ծուլանում, բոլորին համբերատար պատմում եմ, որ պապիկս Այնթապից գաղթել է Սիրիա ջարդերից առաջ 1890ականներին և օսմանցիների հալածանքից ազատվելու համար ստիպված, ինչպես և շատ հայեր, ազգանունը փոխել է՝ վերջին յանը կրճատելով:

Այստեղ լրիվ ուրիշ ճաշակ է, մենք մեր ճաշակը բերեցինք սննդի,հագուստի, ձեռագործության մեջ, կարևորը ժողովուրդը կփորձե և կսիրե: Եթե հաճախորդին մեկ անգամ խաբես, նա էլ չի գա: Ես ուղիղ կաշխատեմ, ինձ պետք չէ մի քանի հազար դրամի համար վստահությունս կորցնեմ, Ճիշտ է ,առևտուրին մեջ դժվար է, բայց մաքուր պետք է աշխատել >>:


~