Երևանի՝ խելացի քաղաք դառնալու հիմնական նախապայմաններից է տրանսպորտային համակարգի բարելավման համալիր ծրագիրը: Այն իրականացնում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի վերահսկողությամբ։
«Նախատեսվում է ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան հասարակական տրանսպորտի երթուղային ցանց, ինտեգրված սակագին և տոմսային համակարգ, հարմարավետ (նաև սահմանափակ կարողություններով մարդկանց համար) ավտոբուսներ, ուղևորների տեղեկատվական համակարգ, որը ներառելու է առկա չվացուցակի ժամատախտակների բարելավում և ընդլայնում, բջջային հավելված և կայք»,-տեղեկացնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Փոփոխությունների վերաբերյալ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հանգամանալից
զեկույցում նշվում է` նոր երթուղային ցանցի մշակման հիմքում կդրվի երթուղիների կրկնությունը բացառելու սկզբունքը։ Կլինեն մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ, իսկ մի քանի առանձին երթուղիների համար կշահագործվեն միայն միջին չափսի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ: Ամբողջովին կբացառվի վարորդ-ուղևոր դրամային շփումը. կգործի էլեկտրոնային և միասնական տոմսային համակարգը: Կբացառվեն նաև կրկնակի վճարումները մի կետից մյուսը մի քանի տրանսպորտային միջոցից օգտվելիս:
Տրանսպորտային միջոցները հագեցած կլինեն հովացման և ջեռուցման, անվտանգության, GPRS, GPS համակարգերով: Դրանց միջոցով երթուղայինում և կանգառներում ուղևորը հնարավորություն կունենա տեղում ստանալ տեղեկատվություն ավտոբուսների տեղաշարժի, չվացուցակի և պարբերականության վերաբերյալ։ Ժամանակակից կանգառասրահների անբաժան բաղադրիչները կլինեն էլեկտրոնային չվացուցակները, էլեկտրոնային տոմսերի լիցքավորման կետերը, ինտերնետային ցանցին միանալու հնարավորությունն ու տեղեկատվական այլ միջոցներ:
Տրանսպորտի որակյալ սպասարկումը լիարժեք դարձնելու համար ենթադրվում է վարորդների մասնագիտական վերապատրաստում: Սահմանվելու են վարորդի վարքագծի կանոններ, ապահովվելու է տրանսպորտային միջոցի ներքին և արտաքին վայելուչ տեսք:
Հասարակական տրանսպորտի բարեփոխումների արդյունքում էլեկտրականությամբ աշխատող փոխադրամիջոցը նույնպես կթարմացվի։ Երկարաժամկետ հեռանկարում կշահագործվի այլ փոխադրամիջոցների հետ միմյանց փոխլրացնող տրոլեյբուսների 10 նոր երթուղի: