Աշխարհագետը նշում է, որ Դաստակերտի նման բնակավայրը գիտնականները կոչում են «քաղաքային զոհաբերվող գոտի»՝ արդյունահանողների կողմից ստեղծված տարածք։ Գիտական գրականության մեջ «զոհաբերվող գոտին» մի վայր է, որը այլ վայրերում գտնվող շահերի օգտին համակարգված շահագործման պատճառով սպառվել է՝ էկոլոգիական, տնտեսական և սոցիալական առումով։
«Այսօր մենք ականատես ենք լինում քաղաքի և գյուղի միջև սահմանների ջնջմանը, ինչպես նաև քաղաքային անհավասարությունների գլոբալացմանը։ Դաստակերտը հենց այդ սահմանագծում է գտնվում: Այն մի ժամանակ ուներ քաղաքային ենթակառուցվածք և քաղաքային ծագում, բայց նրա խտությունը, տնտեսությունն ու սոցիալական հյուսվածքը այնքան են նոսրացել, որ ոչ մի կատեգորիա լիովին չի կարող դրանք ներառել», - հավելում է Մարիա Գունկոն։
Չնայած տնտեսական պայմաններին՝ Արցախյան պատերազմից և Ադրբեջանում հայերի բռնաճնշումներից հետո այստեղ տեղափոխված ընտանիքների մի մասն առ այսօր ապրում է Դաստակերտում։
«Բարդ է հիմա վիճակը․ այսօր գրեթե աշխատանք չկա, ոչ մի կայուն հնարավորություն չկա, գյուղը դատարկվում է», - նշում է Դաստակերտի բնակիչ Կարինեն /անունը փոփոխված է/, որն այստեղ է տեղափոխվել Ադրբեջանում բռնաճնշումների հետևանքով։
Կարինեն նշում է, որ դեռ 1989 թվականին են արտագաղթել Բաքվից և այստեղ հաստատվել են հողագործությամբ զբաղվելու համար՝ հուսալով, որ մի օր կրկին զարթոնք կապրի հանքարդյունաբերությունը, և Դաստակերտը կվերածնվի։
«Դաստակերտի երիտասարդները հեռանում են՝ աշխատանքային և գյուղատնտեսական հնարավորությունների պակասի պատճառով, քանի որ համայնքը վարելահողեր չունի և սահմանափակվում է միայն տնամերձ հողամասերով։ Մնացածների մեծ մասը ապրում է նպաստների և թոշակների շնորհիվ», - ասում է Կարինեն։