Երևանից 190 կմ հեռավորության վրա գտնվող Այրումը առաջին համայնքն է Վրաստան - Հայաստան ճանապարհին: Այրումի կայարանը նաև երկրում երկաթուղու միակ գործող հսկիչ անցակետն է: Այդ պատճառով Այրումը հաճախ անվանում են Հայաստանի հյուսիսային դարպաս:
Այրումի կայարանը բացվել է դեռ 1892 թվականին՝ երկաթգծի Թբիլիսի - Գյումրի հատվածի հետ։ Քաղաքը ձևավորող երկրորդ խոշոր կառույցի` Այրումի պահածոների գործարանի պատմությունը նույնպես կապված է այս կայարանի հետ:
Պատմում են, որ, Երևան - Թբիլիսի - Մոսկվա երկաթուղով երթևեկելով, խորհրդային հայտնի պետական գործիչ և դիվանագետ Անաստաս Միկոյանը նկատել է Այրումի հարմարավետ աշխարհագրական դիրքը և առաջարկել կառուցել այստեղ պահածոների գործարան։
Մինչ այսօր կայարնի անմիջական հարևանությամբ պահպանվել է հին թաղամասը, որտեղ ապրում էին կայարանի աշխատակիցները:
Այրումի կայարանի պետ Սամվել Օհանյանը ծնվել է կայարանի մոտ գտնվող տներից մեկում: Երկաթգծի ժառանգական աշխատող է: Այս կայարանում են աշխատել նրա պապը, պապի եղբայրները, հայրը: 1974 թվականից Սամվել Օհանյանը նույնպես աշխատանքի է անցել Այրումի կայարանում սկզբից որպես բանվոր՝ հասնելով մինչև տնօրենի պաշտոնի:
«Մեր կայարանը սպասարկում էր ամբողջ նախկին Նոյեմբերյանի շրջանը, Իջևանի կայարանը ավելի ուշ է բացվել: Սկզբից աշխատանքը շատ էր, երբ գործում էր Այրումի պահածոների գործարանը: Օրական 20-30 վագոն դատարկվում ու բարձվում էր: Բերքի ժամանակ օրական 15-20 վագոն միրգ էր ուղարկվում դեպի Ռուսաստան», - ասում է Սամվել Օհանյանը:
1937 թվականից հիմնադրված Այրումի պահածոների գործարանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կառույցներից, որտեղ տարեկան արտադրվում էր 61 մլն. պահածո` հյութեր, ջեմեր, պովիդլոներ, մուրաբաներ և հանրաճանաչ ընկույզի մուրաբան: Այրումը տալիս էր ԽՍՀՄ-ում արտադրվող կոմպոտների 15%-ը:
Գործարանում աշխատում էին Երևանից եկող տեխնոլոգները և ամբողջ Նոյեմբերյանի շրջանի բնակիչները: Ամառային սեզոնին աշխատանքի ծավալի մեծանալուն պես օգնության էին հասնում անգամ դպրոցականները և ուսանողները։
«Գործարանում եռահերթ աշխատում էր 1 800 մարդ, նաև աշխատում էին սովխոզներում: Կարելի է ասել, որ գործարանը աշխատանքով էր ապահովում ամբողջ շրջանը: Ուսանողական տարիներին մեզ նույնպես տանում էին գործարան աշխատելու», - հիշում է Ռուսլան Անտոնյանը, որը 1991-2008թթ. զբաղեցրել է Այրում համայնքի ղեկավարի պաշտոնը:
Այսօր Այրումի պահածոյի գործարանի սեփականատերը Արմեն Սահակյանն է: Արմենը մասնագիտությամբ մարզիկ է, սակայն հոր վաղաժամ վախճանից հետո ստիպված էր զբաղվել գործարանով:
«Հայրս նշանակվել է տնօրեն, երբ գործարանը դեռ պետական էր` 1993 թվականին: Գործարանի 7 հեկտար տարածքում ժամանակին 5 արտադրամաս էր գործում: Այն սեփականաշնորհվել է 1998 թվականին», - պատմում է Արմեն Սահակյանը:
Սեփականաշնորհումից հետո գործարանը փոխել է մի քանի սեփականատեր, սակայն տնտեսական ճգնաժամի, տրանսպորտային շրջափակման, ինչպես նաև Վրաստանի երկաթգծի՝ մասամբ փակ լինելու պատճառով այժմ գործարանը աշխատում է շատ փոքր արտադրական ծավալներով:
Արտահանման երկիրը հիմնականում Ռուսաստանն է, սակայն Արմեն Սահակյանի խոսքով, Ռուսաստանում 2008թ. դեֆոլտը և ռուբլու արժույթի անկումը ազդեցին գործարանի արտադրության ծավալների վրա:
Գործարարը որոշ ժամանակ համագործակցել է տեղական այլ արտադրողների հետ: Արտադրում էին մուրաբաներ վայրաճ մրգերից և հատապտուղներից: Այս պահին կան որոշակի պայմանավորվածություններ ռուսաստանցի ներդրողների հետ, որոնք պատրաստ են վերազինել գործարանը և իրենց վրա վերցնել իրացման կազմակերպումը:
«Գործարանի սարքավորումները հնացել են, հոսանքի ծախսը շատ է, նոր սարքավորումներ են պետք: Նախնական պլանավորում ենք ստեղծել 50-55 աշխատատեղ, ու աստիճանաբար շատացնել այս քանակը: Արտադրելու ենք մուրաբա ու հնարավոր է՝ մսային պահածոներ», - ասում է գործարարը:
Նախկինում երկաթգծի մի մասը մտնում էր անմիջապես գործարանի տարածք, սակայն 2011 թվականին այդ հատվածը փլվել է սողանքի պատճառով: Արմեն Սահակյանի խոսքով, պլանավորվում է վերականգնել այդ հնարավորությունը, ինչը կհեշտացնի արտադրանքի՝ երկաթգծով տեղափոխման գործընթացը:
1991 թվականից 17 տարի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ռուսլան Անտոնյանը փորձել է կազմակերպել պահածոների սեփական արտադրություն Այրումում: Գործարարի խոսքով, նոր սարքավորումներով ու փորձառու մասնագետների օգնությամբ արտադրամասը կարողացել է որակյալ արտադրանք տալ գրեթե երկու տարի՝ 2014-2015 թվականների ընթացքում:
Գործընկերների հետ միասին նույնիսկ նախաձեռնել են սպառողական կոոպերատիվ: Առայժմ հաջողվել է կապ հաստատել տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արտադրանքի սպառումը, դառնալ «կապող օղակ ֆերմերի և վերավաճառողի, գործարանների միջև»:
Ռուբլու արժույթների անհամապատասխանությունը հայ արտադրողին դուրս է մղել ռուսաստանյան շուկայից: «Մեզ թվում էր՝ կարտադրենք, մնացածը` լուծվող հարց է, բայց իրականում սպառման շուկան է ամենաբարդ հարցը: Սկսեցինք կաղալ իրացման հարցերում, ինչը բերեց արտադրութան փակմանը», - խոստովանում է Ռուսլան Անտոնյանը:
Ռուսլան Անտոնյանի համոզմամբ, պետությունը պարտավոր է աջակցել հայաստանյան արտադրողներին արտերկրում իրացման հարցերում, քանի որ այլ կերպ տնտեսությունը չի զարգանա: «Արդեն դարձել է սովորական, որ հողերը չեն օգտագործվում: Սա մեծ աղետ է: Նախաձեռնող մարդիկ դարձել են հատուկենտ», - մտահոգվում է նախկին քաղաքապետը:
Այրումը ժամանակի ընթացքում մի քանի անգամ փոխել է կարգավիճակը: Այսպես, 1960 թվականից եղել է քաղատիպ ավան, իսկ 1995 թվականին «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն դասվել է գյուղական համայնքների շարքին, քանի որ չուներ հող կամ գյուղատնտեսական տնտեսություն:
2006 թվականին Այրում գյուղական համայնքին տրվել է քաղաքի կարգավիճակ, իսկ 10 տարի անց Այրումը դարձել է 8 բնակավայր միավորող խոշորացված համայնք: Այրում քաղաքից բացի համայնքում ընդգրկված են Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Լճկաձոր, Հաղթանակ և Պտղավան գյուղական համայնքները:
Այրումի երաժշտական դպրոց երեխաները մոտակա գյուղերից գալիս են հաճախ ոտքով՝ քայլելով 30-40 րոպե: Դպրոցը գործում է 1998 թվականից, սակայն մինչև հիմա՝ շուրջ 23 տարի չունի տարածք: Համայնքապետարանի հետ կիսում է մանկապարտեզի նախկին մասնաշենքերից մեկը:
50 քմ տարածքում մի կերպ գործում է 4 դասասենյակ, որից մեկում ` սանհանգույցից կտրած փոքրիկ անկյունում, մի կերպ տեղավորվել է դաշնամուրը: Երբեմն դասերի համար օգտագործվում է մանկապարտեզի դահլիճը: Այս տարի դպրոց հաճախում է 63 աշակերտ, աշխատում է 10 մարդ:
Տնօրեն Նելլի Նասիբյանը աշխատում է դպրոցի բացման օրվանից, նախ որպես դաշնամուրի ուսուցչուհի: Նա պատմում է, որ երաժշտական կրթօջախը բացվել է նախկին քաղաքապետի և Սպիվակովի հիմնադրամի աջակցությամբ: Ժողովրդական երաժշտական գործիքների մի մասը մշակույթի նախարարության ծրագրով է գնվել:
Սակայն գործիքները չեն հերիքում, երբեմն երեխաները հերթով տուն են տանում են, քանի որ սեփականը չունեն. դրանք բավական թանկ են: «Գործիքները համայնքապետարանը, որքան կարողացել է, գնել է: Բայց լավ գործիքներ չենք կարող մեզ թույլ տալ: Գնում ենք օգտագործված դաշնամուրներ», - ասում է դպրոցի տնօրենը:
Չնայած դժվարություններին, դպրոցին հաջողվում է ապահովել որակյալ երաժշտական կրթություն: «Իմ մի աշակերտուհին ավարտել է Դիլիջանի քոլեջը, հետո՝ ընդունվել Երևանի կոնսերվատորիա, անվճար հիմունքով: Ունենք դաշնակարուհի, ով նույնպես պատրաստվում է ընդունվել կոնսերվատորիա», - ասում է քանոնի դասատու Քրիստինե Բեջանյանը:
Ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններ չունեն նաև Այրումի համայնքապետարանը և մանկապարտեզը: Այս խնդիրները պլանավորված են լուծել սուբվենցիոն ծրագրերի միջոցով և միջազգային կազմակերպությունների օգնությամբ՝ մոտակա տարիների ընթացքում:
!
Թարմացում. 2020 թվականին վերանորոգվել է Այրումի մանկապարտեզը, ինչպես նաև սկսվել են համայնքապետարանի և քաղաքի երաժշտական դպրոցի համար նախատեսված նոր տարածքի շինարարական աշխատանքները:
~
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: