Մարթա Գլադկա
«Urban Space» ծրագրի համակարգող
Ողջույն բոլորին, ես Մարթա Գլադկան եմ, «Urban Space» ծրագրի համակարգողը:
Մտահղացում եղավ, որ հարյուր մարդ ներդնի հազարական դոլար, և այդ ընդհանուր գումարով ռեստորան բացվի:
Ռեստորանի համահիմնադիրները հրաժարվում են եկամուտից, սակայն իրավունք ունեն ընտրել ռեստորանի կողմից ֆինանսավորվող նախագծեր:
Ռեստորանն սկսում է գործել, եկամուտ է բերում, որի մաքուր եկամուտը կիսվում է`
80%-ը տրամադրվում է քաղաքի զարգացման նախագծերին, իսկ 20%-ը հատկացվում է ռեստորանին:
Նման աշխատելաոճը կայունություն է ապահովում: Մեկ անգամ դրամ եք ներդնում, այնուհետև այդ գումարն սկսում է գեներացվել ռեստորանի կողմից և հատկացվել այլ ձեռնարկների:
Իրականում, համահիմնադիրներից 60-ը Իվանո-Ֆրանկովսկի բնակիչներ են, իսկ մյուսներն այլ բնակավայրերից են կամ Ուկրաինայի ուրիշ խոշոր քաղաքներից: Բացի այդ, նրանցից մի քանիսն արտասահմանում են ապրում, սակայն հետաքրքրված են Իվանո-Ֆրանկովսկի զարգացմամբ:
Նրանք շատ տարբեր մարդիկ են: 2014 թվականի տվյալներով, նրանց թվում կան ուսանողներ, քաղաքային վարչության աշխատակիցներ, գործարարներ:
Առավոտյան ժամը 6-ին աշխատանքն սկսելու գաղափարը պատահական չէր: Իվանո-Ֆրանկովսկ գալիս են բազմաթիվ զբոսաշրջիկներ: Առաջին գնացքը ժամանում է առավոտյան վեցին: Քաղաքում այնպիսի տեղ չկար, որտեղ կարելի էր այդքան կանուխ սուրճ խմել կամ նախաճաշել:
Առավոտյան ժամը 9-ից շուտ բացվող սրճարան չկար: Առավոտյան 6-ից բացվելու մտահղացումը մեզ անչափ հանրաճանաչ դարձրեց զբոսաշրջիկների մոտ: Այդպես մենք գտանք մեր տեղը: Այստեղ կարող եք գալ և աշխատել, ձեզ անվճար ջուր կտան, կարող եք ոչինչ չպատվիրել:
Շատ հաճախ, որոշակի ժամերին, Urban Space-ը վերածվում է co-working-ի: Տարբեր կազմակերպություններից մեզ պատմել են, որ բազմաթիվ ծրագրեր են հղացել հենց Urban Space- 100-ում:
Մեզ մոտ բաց խոհանոց է. միշտ կարող եք տեսնել, թե ինչպես է պատրաստվում ձեր պատվիրած ուտելիքը: Մի հատվածում վաճառվում են տեղական արտադրության բրենդներ. ռեստորանը նաև այդպես է գումար վաստակում:
Ռեստորանում փոքրիկ բեմահարթակ կա, որտեղ կայացող միջոցառումներն անվճար են թե կազմակերպիչների, թե ունկնդրի համար:
Ռեստորանի տարածքում է տեղակայված Urban Space Radio-ն: Ռադիոխցիկը թափանցիկ է: Ռադիոն պատմում է քաղաքի մասին, իսկ երաժշտությունը հնչում է նաև ռեստորանում:
Յուլիա Կուշնիր,
Urban Space Radio-ի ղեկավար
Հիմա Urban Space Radio-ն ժամանակակից այլընտրանքային ուկրաինական երաժշտության ամենամեծ շտեմարանն ունի:
Մեր առաքելություններից մեկն է երիտասարդ ուկրաինացի երաժիշտների ստեղծագործությունները հնչեցնել մեր եթերում։ Մյուս առաքելությունն է` պատմել քաղաքի ու քաղաքային զարգացման, քաղաքի բնակիչների մասին:
Urban Space Radio-ն սփռվում է Իվանո-Ֆրանկովսկից դուրս: Առաջին տեղում Կիեվն է` ռադիոունկնդրի շուրջ 20 տոկոսով: Երկրորդ տեղում Լվովն է, երրորդում` Իվանո-Ֆրանկովսկը, չորրորդում` Խարկովը:
Մեզ համար շատ կարևոր էր, հեռարձակվելով Ֆրանկովսկից, ընդգրկել Ուկրաինայի լայն լսարանը, և այստեղից բարձրաձայնել ուկրաինական քաղաքների խնդիրների մասին:
Մարթա Գլադկա
«Urban Space» ծրագրի համակարգող
Հարկային առաջին քառորդում արդեն ռեստորանը եկամուտ ունեցավ: Առաջին տարում ռեստորանից նախագծերին հատկացված գումարը փոքր էր` 67 հազար գրիվնա ($ 2 475):
Սակայն հենց հաջորդ տարում գումարն ավելացավ, և ռեստորանի գործունեության 5 տարվա ընթացքում հասավ 2 միլիոն 300 հազար գրիվնայի ($ 84 969): Իվանո-Ֆրանկովսկում իրագործվեց 98 նախագիծ` «Urban Space 100» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:
Տարեկան չորս անգամ համահիմնադիրների հավաք է լինում: Նրանք ծանոթանում են ռեստորանային ձեռնարկության հաշվետվություններին, հարցուփորձ անում աշխատանքի ընթացքի, եկամուտների և ծախսերի, ռեստորանում արվող փոփոխությունների վերաբերյալ:
Ֆինանսական հաշվետվությունը բաց է բոլոր համահիմնադիրների համար: «Urban Space 100» հարթակը միավորեց քաղաքի բնակիչներին: Սա մի հնարավորություն էր սեփական գաղափարներով կիսվելու, դրանք ներկայացնելու և համախոհներ գտնելու համար:
«Urban Space100» հարթակում հաճախ մամուլի ասուլիսներ են տեղի ունենում: Օրինակ, քաղաքային վարչության կամ այլ կազմակերպությունների կողմից: Սա քաղաքային իշխանության, հանրության և գործարար միջավայրի համագործակցության շատ լավ օրինակ է:
Urban Space-ի գաղափարը «Տաք քաղաք» ոչ առևտրական կազմակերպությունից փոխանցվում են իրենց քաղաքի զարգացմամբ զբաղվող այլ հասարակական կազմակերպություններին: Urban Space-ի առաջին ֆրանշիզը` «Urban Space 500» սրճարանը, ստեղծվեց Կիևում: Երևի հասկացաք, որ 500-ը նշանակում է 500 հազար դոլար և 500 համահիմնադիր: