Լոռու մարզի Թումանյան քաղաքին 2016 թվականին միացվել են Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերը։ Պետությունը նպատակ ուներ բյուջեի ավելի արդյունավետ կառավարում իրականացնել: Օրինակ, գումար խնայել գյուղապետարաններում հաստիքների կրճատման հաշվին և ուղղել ռեսուրսները փոքր բնակավայրերի խնդիրները լուծելուն։
Թումանյան համայնքը մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 38կմ, մայրաքաղաքից՝ 150 կմ հեռավորության վրա: Համայնքը գտնվում է Վանաձոր-Թբիլիսի ավտոմայրուղու վրա:
Տեղի բնակավայրերը շրջապատված են անտառներով, որոնք հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով, մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով: Այստեղ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Թումանյան համայնքը մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 38կմ, մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա: Համայնքը գտնվում է Վանաձոր-Թբիլիսի ավտամայրուղու վրա:
Տեղի բնակավայրերը շրջապատված են անտառներով, որոնք հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով, մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով: Այստեղ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
280 բնակիչ ունեցող Շամուտ գյուղի վարչական ղեկավար Բաղիշ Վանյանը համայնքների խոշորացմանը դեմ է եղել և պայքարել, որ գյուղը չմիանա Թումանյանին։ Հիմա արդեն թվարկում է խոշորացման և՛ օգուտները, և՛ վնասները։
«Էն ժամանակ (մինչև խոշորացումը – խմբ․) մենք տարբեր ծրագրերով աշխատանքներ ենք արել, թեկուզ փոքր գումարով, բայց ենթակառուցվածքներ ենք նորոգել։ Ամեն տարի մի բան անում էինք, բայց երևացող, խոշոր բան չէր։ Գիշերային լույսերն էն ժամանակ հիմնահատակ վերացված էին, հիմա կեսն ա, բայց գործում ա, տարեցտարի կավելանա։ Վատն էն ա, որ ամեն բանի համար պըտի գնաս ձորը (Թումանյան)։ Թե չէ իրականում ինձ համար ավելի լավ, որ բյուջեն ընդեղից ա կառավարվում։ Իսկական գլխացավանք էր»,- ասում է Շամուտը շուրջ 20 տարի ղեկավարող Բաղիշ Վանյանը։
Շամուտ գյուղի համայնապատկերը։
Շամուտը ղեկավարող Բաղիշ Վանյանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից շամուտցիների հուշարձանը։
Մինչև խոշորացումը Շամուտի գյուղապետարանը 5 հոգանոց աշխատակազմ է ունեցել։ Գյուղի՝ մոտ 5 մլն դրամի հասնող բյուջեի առյուծի բաժինը հատկացվել է աշխատավարձերին։ Բնակավայրի խնդիրների լուծման համար «ազատ» գումար, ըստ Բաղիշ Վանյանի, ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ է մնացել, որով խոշոր մասշտաբի գործեր անել հնարավոր չէր։
Շամուտում մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Բնակիչները գյուղի առաջընթացն ու կենսակերպի բարելավումը գյուղատնտեսության որևէ ճյուղի զարգացման հետ չեն կապում։
Շամուտի բնակիչ 63-ամյա Մարիետա Վանյանին խոշորացումից հետո կատարված փոփոխություններից նախակրթարանի բացումն է ուրախացրել։ 78-ամյա Հասմիկ Քոչարյանի կարծիքով, գյուղում առաջնայինը երիտասարդների աշխատատեղերի հարցը պետք է լիներ։
Շամուտի տներից մեկում։
Շամուտի բնակիչ Մարիետա Վանյանը։
Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ։
«Անասունը պահում ենք, բայց կարա՞ս ամեն կարիքիդ դեպքում վեր գցես, մորթես։ Հա, լուսավորություն են քաշել, լավ են արել, բայց որ էն վախտ լույս չկար, ապրեինք ո՞չ։ Մեծ կնիկ եմ, իրիկունն էդ ու՞ր տեմ գնա, որ լույս պետք ըլնի»,- ասում է նա։
Շամուտում և Մոտկորի գյուղախմբում միաբերան մեկ խնդիր են մատնանշում՝ անբարեկարգ ճանապարհը:
Թումանյան վարչական կենտրոնից դեպի Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր տանող 34 կմ երկարությամբ ճանապարհի խնդիրը ստվերել է մնացածը։
Գյուղացիները կաթնամթերքն ու մսամթերքը սեփական մեքենաներով են քաղաք հասցնում՝ վաճառելու. ճանապարհի պատճառով գյուղ եկող չկա։ Ամսվա մեջ մի քանի անգամ Ալավերդի կամ Վանաձոր գնալ-գալուց մեքենաները շարքից դուրս են գալիս։ Հետևաբար, եկամտի զգալի մասն ուղղվում է մեքենաների նորոգմանը։ Գյուղի կարևորագույն խնդրի լուծմանը խոշորացումը չի նպաստել:
Թումանյան քաղաքը գյուղերի հետ միացնող ճանապարհը։
Շամուտ գյուղի տարածում առկա է նաև 13-17 դդ. գյուղատեղի։
Խոշորացումից հետո համայնքում տեղադրված աղբամանները։
Թումանյան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում բուժկետները միայն առաջին բուժօգնություն են տրամադրում։ Շտապօգնության մեքենա համայնքը չունի․ Շամուտում կամ Ահնիձորում ապրող հիվանդի համար Ալավերդու բժշկական կենտրոն ուղարկված կանչին առնվազն մեկ ժամ պետք է սպասել։ Դեպքեր են եղել, երբ մինչև հիվանդանոց հասնելը մարդը մահացել է։
«Ես երազում եմ, որ Հայաստանի խոշորացող համայնքները ինքնուրույն և որոշող միավորներ լինեն։ Բայց քաղաքացիական հասարակություն ասվածը գյուղում չկա։ Հետո մարդը վստահ պիտի լինի՝ արդյո՞ք իր ձայնը տեղ կհասնի, թե ոչ», - ասում է Մարցի բնակիչ Նորայր Արզումանյանը։
Մարց գյուղը գտնվում է համանուն գետի ափին։
Մարց գյուղի շրջակայքում կան քսանից ավելի ավեր գյուղատեղիներ։
Մարց գյուղը Ալավերդի քաղաքից գտնվում է 16կմ հեռավորության վրա։
Քարինջում գյուղի բնակչությունը մասնակցել է որոշումների կայացման գործընթացին մինչև խոշորացումը։
«Խոշորացումն էս առումով բացասական ազդեցություն թողեց, քանի որ երևի գյուղապետ ասվածը դեր ուներ։ Հիմա բյուջեն կազմելիս աշխատում եմ զանգեմ, խնդրում եմ, որ գան։ Էն ժամանակ մի հատ հայտարարություն էինք տալիս, անմիջապես գալիս էին։ Ներգրավվածությունը, որ նորից վերականգնվի, շատ լավ կլինի»,- ասում է Քարինջը 10 տարի ղեկավարած Նորիկ Մկրտումյանը:
Նրա խոսքով, փաստաթղթերի և համայնքապետարանի հետ կապված այլ հարցերում բնակիչները ստիպված չեն Թումանյան գնալ։ Գյուղի վարչական կենտրոնում կազմակերպվում է ամբողջ փաստաթղթաշրջանառությունը։
Թումանյանի մաս դառնալով՝ Քարինջում ՏԻՄ-բնակչություն ակտիվ համագործակցությունն է տուժել։
«Եթե էսօր ավագանու նիստ լինի կամ ուրիշ քննարկում, ոչ մեկ չի գնալու տարածության առումով․ գյուղացին իրա անասունի կերակրելը, բան ու գործը լրիվ թողած, վեր չի կենա, գնա, թե մասնակցում ա: Բայց գյուղապետարան գնում էին», - ասում է Քարինջի բնակիչ Մխիթար Մխիթարյանը։
Քարինջ գյուղի համայնապատկերը։
Քարինջի բնակիչ Ատոմ Սարգսյանը:
Քարինջի հին բնակիչների նախնիները եկել են հարևան Մարց գյուղից։
Ծրագրերի իրականացման առումով, ըստ վարչական ղեկավարի, հիմա ավելի շահեկան դիրքում են։ Լուսավորության համակարգի արդիականացում է արվել, ջրագիծ նորացվել, կանգառ կառուցվել, նորոգվել է վարչական կենտրոնի շենքի՝ մանկապարտեզին պատկանող հատվածը։
Մինչև խոշորանալը 600 բնակիչ ունեցող Քարինջում խոշոր աշխատանքներն իրականացվել են պետական ծրագրերով։ 2008 թվականին պետբյուջեից մոտ 35 մլն դրամ ներդրումով հարևան Մարցից Քարինջ է հասել գազը։ Սակայն բնակիչների մեծ մասը գազ չի սպառում․ կապույտ վառելիքը խողովակներով տուն հասցնելը թանկ է։ Հիմնական սպառողը մանկապարտեզն ու դպրոցն են։
Մոտ 2 տարի առաջ «Ամքոր» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ Քարինջում սառնարանային տնտեսություն է հիմնվել, որտեղ հնարավոր է օրական 1,5 տոննա կաթ մթերել: Մինչև հիմա, սակայն, գյուղացիները նաև այս հնարավորությունից չեն օգտվում։ Ասում են՝ կաթը 100-120 դրամով հանձնելը շահավետ չէ, ավելի հարմար է, որ իրենք վերամշակեն։
Լոռվա ձորերի համայնապատկերը Քարինջ գյուղից։
Քարինջի բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ։
Քարինջ գյուղի համայնապատկերը։
Գյուղի խոշոր խնդիրներից համայնքի վարչական ղեկավարն առանձնացնում է մշակույթի տան բացակայությունը: Մշակույթի կենտրոնի շենքը 1988-ի երկրաշարժից է քանդվել։ Այժմ Քարինջը կորցնում է ակտիվ ու ստեղծագործ երիտասարդների ներուժը։ Ըստ Նորիկ Մկրտումյանի՝ հարմար տարածք գյուղում չկա, որտեղ կարող են միջոցառումներ անցկացվել կամ մանկապատանեկան խմբակներ գործել։ Համայնքապետարանը Թումանյանում կազմակերպվող միջոցառումներին ամեն անգամ մեկական գյուղ է ներառում: Այդ նպատակի համար միայն մեկ միկրոավտոբուս ունեն, նշում են Թումանյանի համայնքապետարանում։
Ծրագրերի իրականացման առումով վարչական բոլոր ղեկավարները նշում են, որ շահել են խոշորացումից։ Մինչդեռ գյուղացիները հիմնականում խոսում են խնդիրներից։
Չնայած ներդրումներին ու բարեփոխումներին՝ Քարինջի բնակիչ Ատոմ Սարգսյանը կարծում է, որ մի օր գյուղը որպես միավոր կվերանա։
«Աշխատատեղ, մշտական զբաղվածություն չկա։ Իսկ եթե անասուն ես պահում, խոտհարք չկա, գյուղմթերքի իրացումն է դժվար։ Ամբողջ գյուղում հազիվ 10 տնտեսություն լիարժեք կկարենա գյուղատնտեսությամբ զբաղվի։ Մնացածը խոպան գնալով է տուն պահում։ Մի քանի տարի կգնան-կգան, հետո՝ էլ հետ չեն գա»,- ասում է նա։
Քարինջ գյուղը հիմնադրվել է 1841 թվականին:
Քարինջում բնակվում է 613 մարդ։
Քարինջի խաղահրապարակը։
«Խոշորացման արդյունքում գյուղերը շահել են, քաղաքը՝ կորցրել», - վստահեցնում է 25 տարի Թումանյանը ղեկավարած և 2021 թվականի փետրվարին պաշտոնաթող եղած Լևոն Զավարյանը։ Ըստ նրա՝ մեծածավալ ծրագրերը հենց գյուղերում են իրականացվել։ Հինգ տարվա ընթացքում գյուղական բնակավայրերի սնուցող ջրագծերն են փոխվել, վերանորոգվել է 3 մանկապարտեզ, նոր նախակրթարաններ են բացվել։ Գազաֆիկացում չունեցող գյուղերի նախակրթարաններում արևային կայաններ են տեղադրվել։ Վերանորոգվել են հանդիսությունների սրահներ, լուսավորության համակարգ է անցկացվել։
«Գյուղացիները չեն ընդունում, որ պետք է հարկ վճարեն, ու էդ վճարած հարկերով համայնքում գործ պիտի արվի։ 40-50 միլիոնի պարտք կա, որը անհնար է հավաքագրել», - ասում է Թումանյանի նախկին համայնքապետը։
Թումանյան քաղաքի հրապարակը։
Թումանյանի նախկին համայնքապետ Լևոն Զավարյանը։
Թումանյանի համայնքապետարանի շենքը։
Խոշորացումից հետո Թումանյան քաղաքում մեծ փոփոխություններ չեն եղել․ քաղաքի կենտրոնական հրապարակն է բարեկարգվել, վերանորոգվել է հրդեհված մանկապարտեզի շենքը և այլն։
Լևոն Զավարյանի կարծիքով, խոշորացման գործընթացն արդյունավետ կլինի բնակավայրերի համաչափ զարգացման պայմանով։ Նրա խոսքով, Թումանյանը որպես քաղաք 100 տոկոսով տուժել է խոշորացումից։
Թեև հիմնական ներդրումները գյուղական ծրագրերին են ուղղվում, 1400 բնակիչ ունեցող Թումանյան քաղաքում մինչև տարեվերջ բարեկարգման աշխատանքներ են սպասվում․ 6 փողոցներում տուֆով մասնակի սալարկում է իրականացվելու՝ 34 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Նաև 5 շենքի տանիքներ կնորոգվեն՝ 6,5 մլն դրամ ներդրումով։
Թումանյանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը նախկինում համայնքի ավագանու կազմում է եղել՝ Քարինջ գյուղից։ Երկու տարի առաջ նա հրաժարվել է իր լիազորություններից։
Թումանյան քաղաքի կենտրոնական պուրակը։
Թումանյանի ավագանու նախկին անդամ Մերուժան Խեչոյանը։
Թումանյան քաղաքի բակերից մեկը։
Մխիթարյանը վստահ է, որ միայն ռեսուրսների ճիշտ կառավարման դեպքում կարող է միավորված համայնքը զարգանալ և, որպես օրինակ, նշում է Լոռի Բերդ և Ախթալա համայնքները։
Թումանյանի 2021թ․ բյուջեն 175 մլն դրամ է։ Նախորդ տարվա բյուջեի բաշխումն են հիմք ընդունել: Համայնքն անցած տարվանից ավագանի չունի, նոր բյուջե կազմել ու հաստատել հնարավոր չէ, նաև ֆոնդային բյուջեում առկա 33 մլն դրամը չեն կարողանում ծախսել։ 2020-ին Թումանյանի ավագանու անդամները հրաժարական են ներկայացրել՝ վաղաժամ դադարեցնելով լիազորությունները: Թումանյանում նոր ավագանի կընտրեն սեպտեմբերի 26-ին։
Թումանյանի բնակիչ, ավագանու նախկին անդամ Մերուժան Խեչոյանի կարծիքով, խոշորացման գործընթացը չի կայացել: Մինչդեռ, խոշորացման արդյունքում բյուջեն ավելի ճիշտ օգտագործելու և կառավարելու շանսերը մեծանում են։
Մինչև 1951 թ-ը Թումանյանը կրել է Ձագիձոր, Ձաղիձոր անվանումները։
Թումանյանցիների մեծամասնությունը ժամանակին աշխատում էր հրակայուն աղյուսի գործարանում։
Ժամանակին այստեղ գործել է հիվանդանոց և երեք մանկապարտեզ:
«Մեր բյուջեի 75%-ը դոտացիոն է, 25%-ը՝ սեփական եկամուտ։ Ոչ ոք չի երաշխավորի, որ էդ 75%-ն ամեն տարի կպահպանվի։ Պետությունը մի օր կասի՝ սեփական եկամուտդ ավելացրու, ես չեմ կարող անընդհատ քեզ դոտացիա տամ։ Այլապես խոշորացման տրամաբանությունը կորչում է»,- ասում է Մերուժան Խեչոյանը։
4700 բնակիչ ունեցող խոշորացված համայնքի բյուջեից աշխատավարձ է ստանում 79 մարդ։ Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմը 14 հոգուց է կազմված, ևս 27 մարդ աշխատում է երաժշտական, արվեստի դպրոցներում, կոմունալ ծառայությունում և այլն։ Գյուղերի վարչական ղեկավարների և օպերատորների ընդհանուր թիվը 12 է, 26 հոգի աշխատում է մանկապարտեզներում և կոմունալ ծառայությունում։
«Փաստորեն, համայնքի բյուջեի զգալի մասը շարունակում է ծախսվել աշխատավարձի վրա», - վստահեցնում է Մերուժան Խեչոյանը։
Թումանյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկը։
Թումանյան քաղաքի նորակառույց կանգառներից մեկը։
Թումանյան քաղաքի մասնավոր տները։
Թումանյանի լուծարված ավագանու 9 անդամից 6-ը գյուղական բնակավայրերից էին, 3-ը՝ Թումանյանից։ Ըստ Խեչոյանի՝ գյուղերից ընտրված ավագանու անդամները գրեթե միշտ բացակայել են նիստերից: Վարչական ղեկավարների ներկայությունը ոչինչ չէր փոխում․ համայնքի ղեկավարի կողմից նշանակվող անձանց շահերը համընկնում են։
«Երբ համայնքը խոշորանում է, ինտեգրացիոն պրոցեսները պետք է արագանան։ Այսինքն, Աթանում ապրող մարդն իրեն պետք է Թումանյան համայնքի մի մաս զգա։ Դա անելու համար քայլեր են պետք, օրինակ՝ մարզական, մշակութային միջոցառումներ։ Բայց մենք ոչինչ չենք արել այդ ուղղությամբ։ Ու էսօր էդ ներքին կապի բացակայության պայմաններում կորչում է խոշորացման իմաստը»,- կարծում է Խեչոյանը։
Նրա համոզմամբ՝ գյուղացուն գործընթացի տրամաբանությունը և առավելությունները չեն բացատրել, ուղղակի վարչահրամայական մեթոդներով խոշորացրել են համայնքը։ «Բայց մենք էս ընթացքում գյուղը զարգացնելով կորցրել ենք Թումանյանը»,- ասում է Խեչոյանը։
2021 թվականին պետական բյուջեով Լոռու մարզում 100-120 կմ ճանապարհ է կառուցվելու, որի մեջ ներառված է Թումանյանի գյուղեր տանող 34 կմ երկարությամբ։
Նախագիծը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները: