2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց օրենքի նախագիծ, որի համաձայն գյուղական և քաղաքային բնակավայրերը, որոնք ունեն հազարից ավելի քիչ բնակչություն, պետք է միավորվեն մեկ վարչատարածքային միավորի
կազմում: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի նախաձեռնողները հիմնավորում են օրենքի նախագիծի անհրաժեշտությունը նրանով, որ փոքր համայնքներում բնակիչների վճարած հարկերը բավականաչափ չեն որակյալ հանրային ծառայություններ մատուցելու, ինչպես օրինակ, ճանապարհաշինությունը, մանկապարտեզների և մշակութային կենտրոնների վերանորոգումը, աղբահանությունը կազմակերպելու համար:
Ուստի, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի կազմակերպման արդյունավետության բարձրացման, հետևաբար, հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման համար՝ խոշորացված համայնքները դիտարկվում էին որպես ավելի նպատակահարմար: Ավելին, օրենքը ենթադրում էր քաղաքական համակարգի ապակենտրոնացում, որի արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է տրվեին որոշումներ կայացնելու ավելի մեծ հնարավորություններ, ինչը կխթաներ տեղական ժողովրդավարությունը և կնպաստեր համայնքների
հզորացմանը:
Խոշորացված համայնքը միավորում է մի քանի քաղաքային և գյուղական բնակավայրեր, որտեղ համայնքի ղեկավարն ընտրվում է տեղական ընտրությունների միջոցով: Քանի որ չկա քվոտա յուրաքանչյուր
համայնքից, գյուղական և քաղաքային բնակավայրերում ապրող մարդիկ համաչափ ներկայացված չեն տեղական ինքակառավարման մարմիններում:
Սակայն, գյուղը և քաղաքը ոչ միայն աշխարհագրական միավորումներ են, այլև ենթադրում են սոցիալական և մշակութային համակեցության տարբեր պրակտիկաներ: Այդուհանդերձ, Հյաաստանում խոշորացված համայնքներին առնչվող ուսումնասիրությունները հիմնականում անդրադառնում են կառավարչական և քաղաքական հարցերի
ուսումնասիրությանը: Հետևաբար, առօրեականությանը վերաբերվող հարցերը դեռևս քիչ են հետազոտված:
Հետազոտությունը
նպատակ ունի ուսումնասիրել համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցած/ունեցող սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ փոխակերպումներ: