Որքանո՞վ է բնակարանը Հայաստանում մատչելի

(1) Թվերով ասված․ մատչելիի սահմանումը

Մատչելի բնակարանների ընդհանուր ընդունված բանաձևը ենթադրում է, որ կացարանի վարձակալմանը կամ ձեռքբերմանն ուղղված ծախսերը պետք է կազմեն տնային տնտեսության ամսական տնօրինվող եկամտի 30-35%-ից ոչ ավելին:
Ընդ որում, վարձակալության ծախսերը ներառում են նաև կոմունալ ծառայությունները, մինչդեռ ձեռքբերման նպատակով ծախսերը հիփոթեքի հետ կապված բոլոր վճարումների և սպասարկման վճարների հանրագումարն են:

Այս մեթոդը անթերի չէ. այն հաշվի չի առնում տնային տնտեսությունների չափը և մեկ շնչին ընկնող ծախսերը; ամենացածր եկամտային խմբում տնային տնտեսությունների համար՝ մնացյալ 70 տոկոսը կարող է այնուամենայնիվ բավարար չլինել իրենց ոչ բնակարանային կարիքները հոգալու համար (սա այն պարագայում, եթե իրենց հաջողվի գտնել ընդունելի կացարան իրենց եկամտի 30 տոկոսի սահմաններում); բարձր եկամտով վայրերում բնակարանները հաճախ արժեն շատ ավելի քան միջին եկամտի 30 տոկոսը:

Հաշվի առնելով հայ հասարակության՝ սեփական բնակարանն ունենալու անհերքելի նախապատվությունը (բնակարանների սեփականությամբ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկով՝ 99.8% , ինչպես նաև վարձակալության վերաբերյալ սոցիալական պատկերացումները, վերջինս, շատ դեպքերում, «վերջին հանգրվանն» է՝ սեփականության շուկայի բարձր գներով դուրս մղված ընտանիքների համար։ Վերջին տարիների համեմատաբար բաց աշխատանքային շուկան որոշակիորեն հանդուրժող է դարձրել վերաբերմունքը երկարաժամկետ վարձակալության նկատմամբ, սակայն այն դեռ վերապահված է լավ վարձատրվող հատվածին, ում հասանելի են «էլիտար» շենքերի ավելի թանկարժեք բնակարանները:

2022 թ․ փետրվար ամսվա տվյալներով՝ հանրապետությունում բնակարանի 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գների միջակայքը բավականին լայն է . Լոռու մարզի Թումանյան քաղաքում 22,100 դրամից մինչև մայրաքաղաքի կենտրոնի միջինում 690,550 դրամը։ Այնուամենայնիվ, նախքան եկամուտներն ու բնակարանների արժեքները և դրանց փոխադարձ առաձգականությունը խաչաձև համեմատելը՝ անհրաժեշտ է նշել մի քանի գործոն:

Նախ, եկամուտների վերաբերյալ առկա տվյալները, որոնք հավաքագրվում և տրամադրվում են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից՝ հիմնված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների վրա, ձևավորվում են հայտարարված եկամուտներից և պարտադիր չէ, որ ներկայացնեն փաստացի ազգային միջին եկամուտը:

Եվ երկրորդը, բնակելի միավորների առկայությունը չի արտացոլում դրանց որակը։ Հայաստանի բնակարանային ֆոնդը մեծամասամբ հնացած է, և շատ դեպքերում այն, ինչ համարվում է մատչելի պահանջում է հիմնանորոգում: Բացի այդ, որոշ մարզերում կենսապայմանները, ինչպես նաև սահմանային անվտանգության հետ կապված մտահոգությունները, այն ծանրակշիռ գործոններն են, որոնք ազդում են այդ համայնքներում բնակվելու և վճարելու պատրաստակամության վրա:



(2) Մատչելիությունը միակ գործոնը չէ․ բնակարանային ֆոնդը Հայաստանում
կարդալ ----->>>